RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2269, Տպվել է` 212, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉՀԵՏԵՎԵՆՔ ՎԱՏ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյան-Լուկաշենկո հակասությունների ֆոնի վրա Վլադիմիր Պուտինը ներքուստ համակրանք է տածում առաջինի նկատմամբ: Եվ բանը նրանց «ջերմ» ողջագուրանքի մեջ չէ, որին ականատես եղանք ԵԱՏՄ-ի նիստի բացումից առաջ: Հատկապես վերջին ժամանակներս չափից դուրս ագրեսիվ ու հախուռն է Բելառուսի ղեկավարը բելառուսա-ռուսական հարաբերություններում հօգուտ իր պետության նորանոր շահաբաժիններ կորզելու մաքառումներում: Եվ դա ակնհայտորեն դրսեւորվեց նաեւ Եվրասիականի բաց նիստի ժամանակ, երբ բազմաթիվ լրագրողների ներկայությամբ Լուկաշենկոն «սկզբունքային» բանավեճի մեջ մտավ Պուտինի հետ էներգակիրների հարցում: Թեեւ դա չխանգարեց Բատկային, որ նա, իր իսկ խոստովանությամբ, փակ նիստի ժամանակ ներողություն խնդրի ռուսաց ղեկավարից իր անզուսպ պահվածքի համար: Ասել է թե արդեն տեւական ժամանակ Պուտինն ինքն էլ է, ինչպես ասում են, կրակն ընկել իր էքսցենտրիկ գործընկերոջ ձեռքին:

Չասենք, թե բելառուսները ատում են Լուկաշենկոյին, ինչպիսի երեւույթ դեռ վերջերս առկա էր Հայաստանում: Ոչ, իհարկե: Պարզապես նրանք հոգնել են Բատկայից, ինչ էլ որ լինի, վերջինս թեւակոխել է իր իշխանապահության երրորդ տասնամյակը: Ռուսական թերթերից մեկի արտահայտությամբ, Բելառուսում թեեւ առայժմ չի հայտնվել «սեփական Փաշինյանը», սակայն երկրի քաղաքական կյանքը սկսել է ճեղքվածքներ տալ:

Որոշ ռուս քաղաքական վերլուծաբաններ Բելառուսի համար ուրվագծում են իրադարձությունների մի սցենար, որը թերեւս պետք է իսպառ բացառել Հայաստանի համար: Ի տարբերություն ուկրաինացիներին, բելառուսները հավասարակշիռ, հանգիստ ազգ են: Հիմնականում խոսում են ռուսերեն (ժամանակին այդպես էր նաեւ ուկրաինայում): Բայց ահա անսպասելիորեն թե սպասելիորեն Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, սպորտի նախարար Սերգեյ Կովալչուկը տարբեր միջոցառումների ժամանակ սկսել են խոսել... բելառուսերեն: Թվում է ինչ արտառոց բան կա այստեղ, երբ բարձրագույն չինովնիկները ձգտում են խոսել իրենց մայրենի լեզվով, որն, ի դեպ, շատ քիչ է տարբերվում ռուսերենից: Բայց ոչ, ներկա իրավիճակում սա հնչում է որպես երկրի ուկրաինատիպ «բելառուսացման» ազդանշան: Երկիրը նոր լիդերների, փոփոխությունների կարիք է զգում եւ ընդդիմության հետ մեկտեղ չինովնիկներն էլ են ձգտում խարխլել պետության ղեկավարի աթոռը: Թիմը կազմալուծվում է, եւ Լուկաշենկոն ինքն էլ է զգում դա ու դառնում ավելի դյուրագրգիռ: Անգամ Փաշինյանի նկատմամբ, որը «դաշնակցին» զգուշացնում է իր թշնամուն զենք մատակարարելու անխոհեմության մեջ:(*)

Բայց արդյո՞ք բելառուսացումը կարող է այդքան վտանգավոր լինել Լուկաշենկոյի ու երկրի համար: Հայտնի է, որ նացիոնալիզմի որդը ընդունակ է շատ արագ վերածվելու համաճարակի, ու առավել եւսՙ եթե այն սնվում է Ռուսաստանին մեկուսացնելու մոլուցքով տարված Արեւմուտքից: Ժամանակին խառնելով ու ապակայունացնելով Վրաստանն ու Ուկրաինան, ամերիկացիներն ու եվրոպացիները նույն սցենարով կգործեն նաեւ Բելառուսում: Ի դեպ, Ռուսաստանից ավելի շատ զիջումներ կորզելու նպատակով նույնիսկ Բատկան է երբեմն դիմում արեւմտամետ շանտաժներին: Վերհիշենք, Ուկրաինայում ազգայնականներն հենց սկզբից երկրի ուկրաինացման պայքարի դրոշ դարձրին լեզվի հարցը, օրենքից դուրս հայտարարելով ռուսերենը: Եվ ինչպես ռուս փորձագետներն են կանխատեսում, Բելառուսն էլ է փորձում բռնել «ինքնիշխանության» հաստատման այդ ճանապարհը: Լուկաշենկոյի քթի տակ արդեն ձեւավորվում է բելառուսախոս իշխանության նոր կենտրոն պետության երկրորդ դեմքիՙ վարչապետի գլխավորությամբ: Եվ մեծ է հավանականությունը, որ այդ «փափուկ» քաղաքականությունը վաղ թե ուշ վերածվի հակառուսականի:

Բայց ինչ կշահի Բելառուսը, եթե հետեւի Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակին: Ոչինչ, չի էլ հասցնի «եվրոպականանալ»: Եվ գլխավոր խոչընդոտը կլինի Ռուսաստանը: Կրկին վերհիշենք պատմության դասըՙ մեծ պետությունների մեջ հրեշտակներ չկան, եւ Ռուսաստանը նրանցից մեկն է, փոքր պետությունները պիտի իմաստուն լինեն նրանց զոհը չդառնալու համար: Ինչ շահեց Վրաստանը իր անհավասարակշիռ ռուսատյացությամբՙ կորցրեց սեփական տարածքի 20 տոկոսը: Պատկերացրեք, աստված մի արասցե, ինչ-ինչ պատճառներով Հայաստանը կորցներ Տավուշի մարզը, կամ Սյունիքը, կամ Սեւանի ավազանը: Միտքն անգամ սահմռկեցուցիչ է: Գիտե՞ք ինչ է ասել Վրաստանի ներկայիս նորընտիր նախագահ ֆրանսավրացուհի Սալոմե Զուրաբիշվիլին արտգործնախարար եղած ժամանակ, երբ առաջին անգամ հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ. «200 տարի Ռուսաստանը ճնշել-կեղեքել է Վրաստանը: Իսկ հիմա եկենք խոսենք»: Ի՜նչ սկզբունքայնություն, ի՜նչ համարձակություն: Ո՞ւմ ես սպառնում, եւ ի՞նչով... ՆԱՏՕ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումների կապակցությամբ ռուսական մամուլում ափսոսանք են հայտնում, որ ժամանակին լսեցին Բուշի եւ Սարկոզիի խնդրանքները եւ չգրավեցին Թբիլիսին:

Իսկ ի՞նչ շահեց Ուկրաինան: Անվերադարձ կորցրեց Ղրիմը, փաստացիՙ Դոնբասը: Ռուս հայտնի պետական գործիչներ արդեն հայտարարություններ են անում Դոնեցկն ու Լուգանսկը որպես ռուսական դաշնային պետական միավորում ճանաչելու մասին: Ավելին, հայտնի է, որ Ուկրաինայի նկատմամբ տարածքային պահանջներ ունեն Լեհաստանը, Ռումինիան, Հունգարիան, Սլովակիան (Ռուսաստանի մասին էլ չենք ասում): Նշյալ տարածքները Ուկրաինային է միացրել Ստալինը 1939-1946 թվականներին: Եվ ինչ եք կարծում, ինչ դիրքորոշում կգրավի Ռուսաստանը այս պարագայում: «ԽՍՀՄ-ը արդեն վաղուց գոյություն չունի: Այդ դեպքում, կիեւցի պարոնայք, վերադարձրե՛ք այն, ինչ դուք ծածկամտորեն յուրացրիք խորհրդային տերության քայքայման ժամանակ, վերադարձրե՛ք գողացված հողատարածքները: Դրանք լեհական չորս մարզեր են, Ռումինիայի տարածքի մեկ երրորդը, ողջ Անդրկարպատները, որտեղ հունգարներ են ապրում: Վերադարձրե՛ք, այսուհետ մի պահեք գողացված բարիքը: Դուք ուզում եք ուկրաինական կայսրություն ստեղծել հարեւան ժողովուրդների հաշվի՞ն: Պետք է վերականգնել պատմական արդարությունը»: Ասեք, որ նացիոնալիստական «Զավտրա» թերթի այս պաթետիկ ոգեկոչումը պետական մոտեցում չէ, որ Ռուսական կայսրությունը անհրաժեշտության դեպքում չի պաշտպանի նշյալ եվրոպական պետությունների անթաքույց նկրտումները ընդդեմ Ուկրաինայի:

Պատրանքներ չպիտի լինեն: Եթե Բելառուսն իրոք օրինակի Ուկրաինային, ապա ռուսները նրա դեմ կգործեն նույն անողոքությամբ:

Մենք չսխալվենք:

*) Խոսքը «Պոլոնեզ» հրթիռահրանոթային համակարգի մասին է: Խմբագրության կողմից ավելացնենք, որ այդ զինատեսակը, որը կրկնօրինակված է չինական զինանոցից, Բելառուսն ստեղծել է հենց Բաքվի փողերով: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ