RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2550, Տպվել է` 212, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՎԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Հայկական մաֆիան» ու նրա «մասնագետները»

«Հայկական մաֆիայի» մասին պարբերաբար լրատվություն տրամադրող գերմանական լրատվամիջոցներից MDR- ը չորեքշաբթիՙ դեկտեմբերի 19- ին հրապարակել է Լուդվիգ Քենդցիայի եւ Աքսել Հեմմերլինգի հոդվածը, որի գլխավոր նորությունը հետեւյալն էՙ Կարլսռուհեի դաշնային դատարանը նույն օրը որոշում է կայացրել, որ մասնակիորեն մերժում է Էրֆուրտի երկրամասային դատարանի 2017- ի վճիռը: Տիգրան Ս. նորից պիտի ներկայանա Էրֆուրտի դատարանՙ այս անգամ մահափորձի կասկածանքով:

Մեր թերթի էջերում բազմիցս արծարծել ենք գերմանական ԶԼՄ- ներում վերոհիշյալ լրագրողների «հայկական մաֆիայի» մասին հետաքննության մանրամասները, որ ի թիվս այլ դեպքերի, առավելաբար հենվում է Էրֆուրտի հայտնիՙ ծեծկռտուքով, հրազենի կիրառմամբ, հակամարտ երկու կլանների բախման միջադեպին,« որից 10 րոպե էլ չանցածՙ Տիգրան Ս. հեռախոսով եղբորը հաղորդել է, թե կրակել է իրենց հոր ոտքին: Եղբոր հեռախոսն այդ պահին լսել է ոստիկանությունը», գրում է MDR- ը եւ շարունակումՙ Տիգրանը դատարանին ժամանակին վստահեցրել է, թե եղբորն այդպես է հաղորդելՙ նրան հատուցման հետագա գործողություններից զերծ պահելու նպատակով: Դատարանը հավատ է ընծայել այդ բացատրությանը, սակայն դատախազությանը այն չի բավարարել: Այժմ Էրֆուրտի երկրամասային դատարանի մեկ ուրիշ պալատ հիշյալ գործը պիտի վերաքննիՙ ականատեսների ցուցմունքները նորից հավաքել- ունկնդրելով: Բացառված չէ, որ ականատեսները շատ բան մոռացության մատնեն:

MDR- ը հիշեցնում է, որ խոսքը 2015- ի մայիսին, 11 մեղադրյալների դեմ սկսված դատավարության մասին է, որն ընթանում էր ոստիկանության ուժեղ հսկողության ներքո: Այդ ժամանակ Տիգրանը մեղադրյալի աթոռին չէր, նա Հայաստան էր փախել, այնուհետ նորից Գերմանիա վերադարձել, իրազեկում է MDR- ը:

«Հայկական մաֆիայի» մասին մեկ ուրիշ հոդված էլ նույն օրըՙ դեկտեմբերի 19- ին հրապարակել է գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD- ն իր մարզական լրահոսում: Ըստ վերոհիշյալ աղբյուրի, կեղծ գործարքների կիրառմամբ խաղադրույքներ կատարելու համաեվրոպական ցանցում նկատելի մասնակցություն ունի «հայկական մաֆիան»: Կազմակերպված հանցավոր խմբավորումների մեջ «ամենավտանգավորներից մեկը» համարվող միջազգային առումով հայտնի քրեական այս խումբըՙ «հայկական մաֆիան» կենսունակ է նաեւ Գերմանիայում, ձեւակերպում է ARD- նՙ ծանուցելով, թե այդ խմբի անդամների ոչ օրինական բիզնեսի մասն է կազմում ֆուտբոլի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, թենիսի մեջ կեղծ խաղադրույքներ կատարելն ու դրանից եկամուտներ ստանալը: ARD- ի հիշյալՙ ծավալուն հրապարակման հեղինակ Բենիամին Բեսթը հաղորդում է, թե իրենց լրատվություն փոխանցած անձը, օր, ժամ մանրամասնող, փաստեր բացահայտող հետաքրքրական տեղեկագիր-ցուցակ է տրամադրել, ըստ որի Գերմանիայում «հայկական մաֆիայի» անդամների կատարած 28 խաղադրույքներից յուրաքանչյուրն իրականություն է դարձել 3 օրվա ընթացքում:

Խաղադրույքներ են կատարվել Հայաստանում ֆուտբոլային խաղերի, ֆուտբոլի ասիական գավաթի, թե՛ տղամադկանց, թե՛ կանանց պրոֆեսիոնալ թենիսի, Ռուսաստանի ձեռքի գնդակի եւ բասկետբոլի մրցություններում: «Հայերը խաղադրույք են դնում տարբեր մարզաձեւերում: Նրանք կապ ունեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, բասկետբոլիստների, թենիսիստների, ձեռքի գնդակ, վոլեյբոլ խաղացողների հետ, հաճախ մարզիկները Արեւելյան Եվրոպայից են, թեեւ այլ երկրներից էլ կան», գրում է ARD-ի հոդվածագիրըՙ նշելով նաեւ, թե մարզիկներին կաշառելու, կեղծ գործարքների մեջ «գերմանահայկական մաֆիայի» ակտիվ դերակատարման, մարզիկներին Գերմանիայից ֆինանսավորման մասին փաստում է նաեւ ֆուտբոլի կեղծ խաղադրույքների հարցում ճանաչված փորձագետ Միշայել Բահրսը : ARD- ին տեղեկություններ տրամադրած անձը, որի անունը գերմանական լրատվամիջոցը չի բացահայտում, պարզաբանել է «հայկական մաֆիայի»ՙ կեղծ գործարք կատարելու մեխանիզմը: Նրանք սովորաբար խաղադրույք են կատարում ոչ մեծ մրցելույթների մեջ, ընտրում նվազ վարձատրություն ստացող մարզիկների: Կեղծարարությամբ զբաղվողների բջջային հեռախոսներին փոխանցվում է փակ հաղորդագրություն, խաղադրույքը կատարվում է անանուն: «Մաֆիան շաբաթական վեցանիշ ապօրեն եկամուտ է ապահովում», գրում է ARD- ի մեկնաբանը:

Մեզ համար ամենաուշագրավը գերմանական լրատվամիջոցին տեղեկություններ փոխանցած անանուն աղբյուրիՙ «հայկական մաֆիայի» «մասնագետի» հետեւյալ նկարագրությունն էՙ «Գերմանիայի հայերը կապ ունեն Բելգիայի հայերի հետ: Կեղծ գործարքների, մեքենայությունների հարցում տեղեկություններ են փոխանակում: Ամռանը ոստիկանության հատուկ գործողությունների, շուրջկալների ժամանակ մի քանի շաբաթ կապը դադարեցրել էին: Այժմ, ինձ տեղեկացրել են, թե ամեն ինչ առաջվա նման շարունակվում է: Երկու- եկեք ամիս հետո ամեն ինչ վերականգնել են, մի գլուխը կտրում ես, երկու նորը գոյանում է», գրում է ARD- ն: Այս հոդվածները պատահաբար, թե՞ բարեբախտաբար հրապարակվել են այն օրը, երբ «Էկոնոմիստը» Հայաստանը տարվա երկիր ճանաչեց:

Անցյալ երկու շաբաթներին գերմանական մամուլը շատ գրեց մեր երկրում խաղաղ իշխանափոխության, ազատ, թափանցիկ խորհրդարանական ընտրությունների, շախմատի ու ՏՏ- ի ոլորտում մեր ներուժի մասին: Վարչապետ Փաշինյանի միջոցով դրական հերոս դարձավ մեր երկիրը: Դեռ գարնանը գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքի թղթակիցը Երեւանում իշխող տրամադրությունը, ոչ ավել, ոչ պակասՙ հեքիաթ համարեց: Հենց այդտեղ էլ հաղթել ենք դեւին: Իսկ արտերկրում դրա գլուխների ու դրանց աճի մասին դեռ պիտի կուռ փաստեր հրապարակեն: Պահանջենք:

Խմբ. կողմից.- Պետք է մի առանձին հետաքննություն էլ անցկացնել գերմանական մամուլի այս արտակարգ սրված հետաքրքրության դրդապատճառների մասինՙ դեպի հայանուն օրինազանցներ: Գերմանիայում կան նման հազարավոր խմբեր: Ո՞րն է դրդապատճառը դրանցից «հայկականը» առանձնացնելու: Ադրբեջանաթուրքական գործակալները որեւէ դեր չունե՞ն այդ բոլորի մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ