RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1916, Տպվել է` 220, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԸ ՄԵԶԱՆՈՒՄ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Տարիներ առաջ Ժուռնալիստների միությունը Մամուլի տանը «Բանավեճը մեզանում» թեմայով կլոր սեղան էր կազմակերպել (հոդվածը գրվել է խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ): Ինչ-ինչ նկատառումներով հրավիրվածների թվում էի նաեւ ես: Սեղանի շուրջ տեղավորվելու ընթացքում բոլորն իրար ջերմ բարեւում էին եւ լայն ու բարյացակամ ժպտում: Երկար-բարակ սպասելուց հետո ի վերջո վարողը հայտարարեց, որ հրավիրյալների մեծ մասը ներկա են, ուստի կարելի է սկսել:

Սկզբում մի տեսակ երկակի վիճակ էր. նրանք, ովքեր քիչ թե շատ ճանաչված էին եւ ինչ-ինչ պատճառներով վայելում էին իշխանությունների անթաքույց բարեհաճությունը, դասական կեցվածքով եւ բացարձակ ու անվիճարկելի ճշմարտություններ ասողի տոնով սկսեցին այս ու այնտեղից անիմաստ, օրվա թեմայի հետ հեռավոր կապ անգամ չունեցող հղումներ կատարել եւ հաղթական, բայց իրականում ոչինչ չասող մտքեր արտաբերել: Մյուս` քիչ հայտնի եւ ոչ այնքան սիրված հատվածը մի տեսակ կաշկանդված ու շփոթված փորձում էր մյուսների ուշադրությանը գոնե արժանանալու համար նոր բառաձեւեր օգտագործելով` աչքի ընկնել մոդայիկ դարձած անգլերենախառը արտահայտություններով:

Երկու դաշտում էլ ես ինձ չտեսնելով` պարզապես ասացի, որ մեզանում «բանավեճ» բառի առաջին բաղադրիչը մեզանում միշտ բացակայում է եւ մնում է միայն երկրորդը` վեճը: Աղմուկ բարձրացավ, հատկապես «սիրվածները» քամահարանքով հազար ու մի մեղք վերագրեցին ինձ: Ես ինձանից հիասթափված (որ այս անգամ էլ չկարողացա ուժեղների համակրանքը շահել) հեռացա:

Տաս տարուց ավելի է անցել այդ օրվանից, սակայն ամեն անգամ «բանավեճ» լսելիս ակամա մտաբերում եմ այն օրն ու համեմատություններ կատարում: Դեկտեմբերի 5-ի նախընտրական հեռուստաբանավեճը առիթ դարձավ կրկին այդ թեմային անդրադառնալու եւ մի քանի դիտարկումներ կատարելու:

Առաջին կարեւոր հարցը` այդ օրը կա՞ր քաղաքական բանավեճ: Նախորդ տարիների համեմատ կարելի է համաձայնել, որ բանավեճ իսկապես ունեցանք: Իսկ առաջինը լինելու համար` նաեւ հաջողված: Բայց այ, քաղաքական լինելուց, ցավոք, այն շատ հեռու էր: Ավելի շատ օդում մշտապես կախված էր անհանդուրժողականություն, «սեւերի-սպիտակների» բախում, միմյանց մերժելու անհագ ձգտում, քան այլ բան:

Մասնակիցների մի մասի մոտ նկատելի էր նախապատրաստված լինելու, գրագետ ու տարողունակ խոսք ասելու եւ ժամանակը ռացիոնալ օգտագործելու հանգամանքը: Մի մասն էլ վստահ լինելով իր փորձին ու բառապաշարին, արագ-արագ խոսում էր` իշխանություններին իր հավատարմությունը հերթական անգամ ապացուցելու, խորհրդարանում իրենց էլիտայի համար հերթական անգամ տաքուկ տեղեր ապահովելու, շատ կարեւոր բան ասելու եւ թիմակիցներին դուր գալու խնդիրը լուծեր: Բայց այդպես էլ հին խոստումները կրկնելուց բացի որեւէ նոր բան չասվեց:

Երկրորդ քաղաքական ուժը լինելու մշտականը հերթական անգամ ապահոված պարոն Ծառուկյանն էլ, որն իմ կարծիքով ամենաանմիջականն էր, ու թեեւ «հարվարդներ չի ավարտել», բայց ցավդտանեմներով ասաց այն, ինչ իրեն էր հարմար:

Նախադեպը չունեցող հեռուստաբանավեճը փաստեց նաեւ մի շատ կարեւոր հանգամանք: Գործող իշխանության կողմից անտեսված խնդիրներն արտահայտող ընդդիմություն, որը ժամանակակից քաղաքական համակարգերի կարեւոր բնութագրիչներից է, փաստորեն չունենք: Ընդդիմությունը, որը քաղաքական կյանքի սուբյեկտների դիմադրություն է իշխանության դեմ, որը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ չի իրականացնում իշխող սուբյեկտների որոշումները եւ մեկի քաղաքականության հակադրումն է մյուսի քաղաքականությանը, իսկապես դեռ չկա: Քանի որ իշխանությունն է ընդդիմության միակ բնութագրիչը եւ իշխանությունից դուրս չկա ընդդիմություն, որը կրկնում եմ` առայժմ բոլորովին եւ օբյեկտիվորեն չունենք:

Հայտնի է նաեւ, որ ընդդիմությունը, ինչպես եւ իշխանությունը, ժողովրդից ծնունդ առնող երեւույթ էՙ իր խորքային, ընդդիմադիր պատճառներով ու հիմնավորումներով եւ կոնկրետ իրավիճակում ձեւավորվող երեւույթ չէ, այլ հասարակական կենսական անհրաժեշտություն: Քաղաքական ընդդիմությունը, որն ակտիվ անհատների կազմակերպված խումբ է, որը միավորվում է ընդհանուր շահերի, արժեքների, նպատակների գիտակցումով եւ պայքարում է քաղաքական իշխող սուբյեկտների դեմՙ պետական իշխանական համակարգում դոմինանտ դիրք զբաղեցնելու համար, իսկապես տեսանելի չեղավ: Այն դեպքում, երբ վաղուց հայտնի է, որ դրա գործունեության բացակայության պայմաններում անհնար է պատկերացնել ժողովրդավարական հասարակության կայացումն ու զարգացումը:

Հետո էլ` ժողովրդավարացման գործընթացի (ներկա ուժի որդեգրած հավատամքը) զարգացման աստիճանը որոշվում է մի շարք չափորոշիչներով, որոնցից կարեւորը ընդդիմությունն է: Այնինչ, մայիսին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում բոլոր քաղաքական ուժերը պետք է ընտելացած լինեին նոր քաղաքական իրավիճակին եւ համարժեք քաղաքական գործունեություն իրականացնեին: Սակայն ինչպես ցույց տվեց անցած ժամանակահատվածը (նախորդ 4-5 ամիսները), նրանցից եւ ոչ մեկն այդ ուղղությամբ որեւէ գործողություն չիրականացրեց, իսկ ընդդիմություն ընդհանրապես չձեւավորվեց: Այնինչ տրամաբանական կլիներ, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններում կրած ջախջախիչ պարտությունից հետո ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն անջատվեին վարչապետի թիմից, իրենց հայտարարեին ընդդիմություն եւ սկսեին որոշակի իմիջային փոփոխություններ իրականացնել հաջորդ խորհրդարանում իրենց տեղն ապահովելու, ինչպես նաեւ մանդատների թիվն ավելացնելու նպատակով, որը չարվեց:

Բանավեճի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այն պարագայում երբ 70 եւ ավելի տոկոսը համակրում է Նիկոլ Փաշինյանին եւ իր կառավարությանը, ավանդական երկրորդ ուժը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, նույնպես համակրում է Փաշինյանին, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանըՙ նույնպես, իսկ մյուս մասնակիցները բացահայտ ի ցույց էին դնում իրենց քաղաքական համակրանքըՙ նույնիսկ Արթուր Բաղդասարյանը, ապա ընդդիմության մասին խոսելն անիմաստ է:

Ընդդիմադիր իրական կեցվածք էր որդեգրել թերեւս միայն հանրապետական Վիգեն Սարգսյանը, ում խոսքը սակայն որոշապես ջղային էր: Ավելի շատ նա փորձում էր ինքնապաշտպանվել եւ իր հերթին «ոչնչացնել» գործող իշխանություններին, իսկ այդ մեթոդով հաջողություն ապահովելը միշտ չէ, որ հաջողվում է:

Լավ է, որ ունենք մի վիճակ, ինչը կարելի է համարել ազգային համաձայնություն, կամ շատ բաղձալի ու անիրական թվացող միասնական պատմական վիճակ: Ի դեպ, պատմաբանի դիրքերից կարող եմ վստահեցնել, որ պատմության բոլոր այն կեռմաններում, երբ միասնական ենք եղել, անկախ ուժերի ու հնարավորությունների հարաբերակցությունից, անպայման հաղթել ենք (Վանի 1896 եւ 1915 թթ. հերոսամարտերը, Սարդարապատը եւ այլն): Այսինքն` միասնականությունը շատ հզոր գործոն է աննախադեպ հաջողություններ գրանցելու համար: Իսկ իրական ընդդիմության սաղմերն իմ կարծիքով կձեւավորվեն մեկ-երկու տարի հետո, երբ շոշափելի կլինեն գործող իշխանության ձեռքբերումներն ու բացթողումները...

Կարծում եմ նաեւ, որ բանավեճի այս ֆորմատն այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ինչքան էլ երկար տեւի այն, 10-12 քաղաքական ուժ չեն կարող արդյունավետ ներկայացնել իրենց դիրքորոշումները: Իրականում բանավեճն ավելի իմաստահարուստ կլինի այն ժամանակ, երբ տեղի է ունենում մրցակից քաղաքական ուժերի միջեւ, որոնք ունեն տարբեր դիրքորոշումներ, որոնց հայեցակարգերը բախվում են: Իսկ հիշյալ բանավեճում իրականում ընդամենը երկուսն էին իրար ընդդիմադիր, մեծամասանությունը նույն քաղաքական գծի վրա էին, այսինքն, սատարում էին իշխանությանը, իսկ մնացյալներ հանդես էին գալիս ոչ թե որպես մրցակիցներ, այլ նույն դիրքորոշմամբ տարբեր մարդկանց խմբավորումներ:

Կարծում ենք ձեւաչափը խոցելի էր նաեւ այն առումով, որ քաղաքական առաջնորդներին տրված էր երկու րոպե, իսկ դա շատ կարճ է դիրքորոշում ներկայացնելու եւ քննարկելու համար, քանի որ էքստրեմալ իրավիճակ էր ստեղծում քաղաքական գործիչների համար: Այդպես էլ չհասկացվեցՙ ով ում թիրախն էր եւ ում դաշնակիցը: Միայն պարզ դարձավ, որ հիմնական բախումը տեղի էր ունենում հին քաղաքական ուժի եւ նորի միջեւ, եւ մնացածները կարծես հայտնվել էին ավելի շուտ դիտորդի կարգավիճակում, ինչը իրենց իմիջին, ըստ էության, այդքան էլ օգուտ չէր:

Ակնհայտ էր նաեւ, որ ամենաինքնավստահը Փաշինյանն էր: Քննադատելու մեծ փորձ ունենալով եւ իրեն մրցակցությունից դուրս վիճակում տեսնելով` նա կարողանում էր ավելի հստակ ու նպատակասլաց հանդես գալ եւ ասել այն ամենը, ինչը ծրագրել էր, երբեմն չխորշելով նաեւ գոտկատեղից ներքեւ հարվածելուց: Մի բան, որը չես կարող արձանագրել մյուսների դեպքում: Այսպես օրինակ`այս օրերին երկրում ստեղծված ոչ այնքան ցանկալի սոցիալ-տնտեսական կացության վերաբերյալ տեսական եւ գործնական բավականին իրատեսական առաջարկություններ արեցին Սուրեն Սահակյանն ու Վարուժան Ավետիսյանը: Սակայն դրանք արժեւորեց միայն Փաշինյանը` իր հարցն ուղղելով ոչ այլ մեկի, քան հենց Ս. Սահակյանին: Դա էլ կարծես հույս ներշնչեց, որ 30 մլրդ գողացված երկրում առանց քրեական հետապնդման հետ վերցնել ընդամենը 30 մլն, դրանով մխիթարվել եւ թույլ տալ ոմանց ապականել քաղաքական դաշտը, չի իրականանա: Հույս ունենք, որ հաջորդ տարիներին ջրի երես կհանվեն տնտեսական, քաղաքական եւ գործակալական ապօրինի ցանցերը, կպատժվեն եւ կունեզրկվեն ամենագլխավոր դերակատարները, իսկ «շարքային» թալանչիներին հնարավորություն կընձեռվի փոխհատուցել, որից հետո կարելի կլինի ուշքի բերել երկրի տնտեսությունը, բուժել նրան եւ ազատել վտանգավոր խոցերից:

Ամփոփենք. առաջին անգամ իր թերություններով ու պակասավոր կողմերով հանդերձ, մեզանում իսկապես քաղաքական բանավեճը կայացավ: Հուսանք այն շարունակական կդառնա (վատ չէր լինի որեւէ իրավանորմով այն դարձնել նաեւ պարտադիր) եւ իր ձեւաչափի մեջ կներառի նաեւ մեր կյանքի տարբեր ոլորտներ:

8.12.2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ