RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2857, Տպվել է` 218, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՅՑ ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ

Հ. ԱՖՅԱՆ

Դուք ճանաչո՞ւմ եք Աննա Հմայակի Մելիքբեկյանին, իսկ Միքայել Պետրոսի Քացախյանի՞ն: Եթե ոչ, ապա ասեմ, որ տիկին Մելիքբեկյանը ՕԵԿ-ից է, պարոն Քացախյանըՙ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունից: Երկուսն էլ մասնակցում էին խորհրդարանական վերջին ընտրություններին, ռեյտինգային թեկնածուներ էինՙ ազգը փրկելու, հուսով եմՙ հստակ ծրագրերով, ցանկությամբ, կամքով...Մի խոսքով: Երկուսն էլ չեն ընտրվել, բայց կարեւորը դա չէ, այլ այն, որ պարոն Քացախյանին ընտրել էՙ 9, տիկին Մելիքբեկյանին 6 մարդ: Պատկերացնում եք չէ՞, մարդը քաղաքական ուժ է ներկայացնում, ռեյտինգայինով առաջադրվում է, այսինքն ինչ-որ մարդիկ կան, որոնց վրա հենվում է, պարտադիր չէՙ ընտրվելու համար անհրաժեշտ թվով մարդիկ, բայց գոնե տասնյակների հասնող: Եւ վե՞ց, ի՞նը... Տիկնայք եւ պարոնայք, դուք բարեկամ, հարազատ, մտերիմ, ընկեր, լավՙ գոնե ծանոթ վարսահարդար կամ դզող-փչող չունե՞ք: Գոնե երկու հարսանիքի չեք մասնակցե՞լ, այնտեղ առնվազն տասը նոր ծանոթություն չեք հաստատե՞լ, ձեր մորաքրոջ, քեռու, հորեղբոր, հորաքրոջ տղաներն ու աղջիկները գոնե 8-ական ընկեր չունե՞ն... Փաստորեն չունեն, եւ դուք էլ չունեք: Բայց հույս ունեքՙ նախանձելի չափով: Հո հենց այնպես չե՞ք դրել ձեր թեկնածությունը, դրել եքՙ պատգամավոր դառնալու հույսով, հատուկ այդ առիթով գեղեցիկ հագնված գնացել եք ձեր ընտրատեղամասն ու քվեարկելՙ ինքներդ ձեզ, որը հինգըՙ վեց դառնա, ութն էլՙ ինը:

Իրականում 9 մարդ ընտրել է ոչ միայն պարոն Միքայել Պետրոսի Քացախյանին, այլեւ նույն ՔԺՎԿ-իցՙ Սուսաննա Չկալովի Ստեփանյանին, Ստեփան Արտաշեսի Քերոբյանին եւ ՕԵԿ-իցՙ Գոհար Մանուկի Մելքոնյանին: Եւ սա խիստ հատկանշական երեւույթ է. բանն այն է, որ Հայաստանում շատերս մեր տեղը չենք գտնում, մեր սահմանները չենք զգում, իրավիճակին չենք տիրապետում: Պետք է քայլելՙ քայլում ենք, պետք է խոսելՙ չենք լռում, պետք է գրելՙ գրում ենք, պետք է առաջադրվելՙ առաջադրվում ենք: Կապ չունի, թե քանի՞ ընկեր ունենք, կամ որքան դրամ: Մենք անհատ ձեռներեց ժողովուրդ ենքՙ քաղաքականապես, տնտեսության մեջ, մշակույթում, նույնիսկ ֆուտբոլում: Մեզ թվում է, որ Իտալիայի հավաքականին կարող ենք հաղթել, բայց Լիխտեյնշտեյնին անգամ չենք կարողանում: Ու ինչուների մասին չենք մտածում, ինչո՞ւ մտածենք, ամպերից անդին երազանք ունենք, գետնի ամենատակը հասնող արմատներ, այս առումով աշխարհի ամենաբարձրահասակ ազգն ենք, ամենագեղեցիկը, թիկնեղը, գանգրահերը, խարտյաշը, բարին, հյուրասերը, ավանդապաշտը, քրիստոնյան, ամենա՛ն: Դրա համար էլ բոլորս կարող ենք պատգամավոր լինել, պատգամավոր քննադատել, լրագրող լինել, նրան ծախված կոչել, բոլորս ճիշտ ենք, միայն Սերժ Սարգսյանն էր սխալ, չնայած նա էլ ճիշտ էր, քանի որ խոստովանեց, որ սխալվել է:

Աննա Հմայակի Մելիքբեկյանը, Միքայել Պետրոսի Քացախյանը, Սուսաննա Չկալովի Ստեփանյանը, Ստեփան Արտաշեսի Քերոբյանն ու Գոհար Մանուկի Մելքոնյանը առանձնահատուկ չեն: Մեզանից են, նույն ցավն ու խինդն ունենք, հավակնությունների դեմ անզոր, հնարավորությունների դիմացՙ կույր: Այդպես չէ՞, իհարկե այդպես չէ, շուտով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կընտրվի Հայաստանի ներկայացուցիչը, ՀԱՊԿ-ը համատեղ զորախումբ կուղարկի հայ-ադրբեջանական սահման, որի ահից Իլհամ Ալիեւը դեսպանատուն կբացի Ստեփանակերտում, Բրյուսելից եվրոների հոսք կլինի դեպի մեր տնտեսություն, բայց Ռուսաստանը զուգահեռաբար անվճար զենք ու գազ կտա, Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի ղեկավարին եւ կհիշի, թե ինչ էր որոշել Վուդրո Վիլսոնը, Էրդողանը քրդերի ցեղասպանություն կանի, որպեսզի մեր հողերը դատարկ վերադարձնի... Մի խոսքով: Մենք այս ամենով ենք ապրում, այսքան ծանր: Բայց հիմա, ասում են, նոր Հայաստան է սկսվել, որտեղ բոլորը կարող են պատգամավոր դառնալ, ու ես անկեղծ չգիտեմՙ դա լա՞վ է...:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ