RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2894, Տպվել է` 224, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՃԱՐՈՎ ՓԼԱՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ քաղաքական ո՞ր ուժը պետք է հայտնվեր նոր խորհրդարանում, որ ասեինք, թե այնտեղ ազգային գաղափարները հարգող-պատվող եւ դրանց հիման վրա ստեղծված ուժ կա: Մեկ ուրիշ հարց էլՙ անցյալ խորհրդարանում նման ուժ կա՞ր: Ասում են, որ կար, դե այսինքն Հանրապետականըՙ իր նժդեհականությամբ եւ Դաշնակցությունըՙ իր Հայ դատով, անցյալ Ազգային ժողովում խոսում էին բացառապես ազգային հարցերի շուրջ, առաջ էին քաշում միմիայն ազգային գաղափարներ, թույլ չէին տալիս ապազգային օրինագծերի կամ որոշումների ընդունումը, մի խոսքովՙ ազգ էին ներկայացնում: Հիմա, քանի որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն խորհրդարան չեն մտել, մոռանալու ենք, որ հայ ենք, օտարՙ հիմնական արեւմտյան արժեքներ ենք կրելու, ինչ ասես, որ չենք ծխելու, երկնագույն կամ վարդագույն երազներ ենք տեսնելու եւ քնքուշ ժպտալու ենքՙ ամեն անգամ ծիածան տեսնելիս: Մի խոսքովՙ ազգայինը վտանգված է եւ այս մասին շատ լուրջ են խոսում:

Լավ, ենթադրենք ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իսկապես խորհրդարանում հայի նվիրյալ էին, դե ասենք, կյանքում թուրքական հագուստ չէին հագնում, Անթալիա հանգստանալու չէին գնում, չինական կամ վրացական ռեստորաններում տաք-տաք պաղպաղակ կամ օջախուրի չէին ուտում, այլ գերադասում էին ազգային խոհանոցՙ հաճարով փլավի տեսքով: Պատկերացնենք, որ Իմ քայլը, Լուսավոր Հայաստանն ու մանավանդ Բարգավաճ Հայաստանը նույնիսկ իրենց գրասենյակներում իրար հետ անգլերեն են խոսում, եւ ժյուլյեն են ուտում, բա այս պարագայում ժողովուրդը ինչո՞ւ չընտրեց ազգայինը: Երկու տարբերակ կա. կա՛մ ժողովրդի համար ազգայինն այլեւս փուչ կատեգորիա է եւ մենք գերադասում ենք Ռոլանդի երգը Սասնա Ծռերից, կամ էլ ժողովրդի կարծիքով ազգային արժեքներն ամուր պաշտպանված չենՙ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ձեռքերում:

Ես ներողություն եմ խնդրում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հիմնադիրներից ու համակիրներից, որոնք պարզվեցՙ փոքրամասնություն են, չնայած դա կարեւոր չէ, բայց կարծում եմՙ երկրորդ տարբերակն է: Բանն այն է, որ ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն մի ընդհանրություն ունեն, սակայն դա ազգային արժեքներին հավատարմություն չէ: Անփոփոխությունն է: Մարդիկ պարզապես հրաժարվում են փոխվել, ոչ թե արտաքնապես, օրինակՙ մազ ներկելով, կամ կրակելով, ոչ թե բնավորությամբ, քանի որ բնավորությունը փոփոխման ենթակա չէ, այլ դեմքերով: Եթե, օրինակ, Արտաշես Գեղամյանը կամ Հայկ Բաբուխանյանը հեռուստատեսությամբ ելույթ են ունենում եւ Հայաստանի բնակչության մեծ մասը ալիքը փոխում է, ուրեմն այս մարդկանց իր ցուցակում ընդգրկող քաղաքական ուժը ինքնակամ գնում է պարտության: Եթե Հայաստանի բնակչության մեծ մասին թվում է, որ Դաշնակցության հայաստանյան գործիչները ավելի հին են, քան Դաշնակցությունը, ուրեմն այս կուսակցությունը պետք է ընտրությունների գնալուց առաջ բացի երիտասարդների ճանապարհը, որոնք, ի դեպ, շատ գեղեցիկ են եւ հայրենասեր: Չեն անում, չարեցին, ահա՛ եւ արդյունքը: Ժողովուրդը չի հավատում, որ հատկապես Ռուսաստանին բազմահատորյակ ձոնած Արտաշես Գեղամյանն է պաշտպանելու հաճարով փլավի պատիվըՙ ժյուլյենի դեմ ահեղ մարտում: Քաղաքացիների մեծ մասը դաշնակցական որոշ գործիչների լսելիսՙ Պատանի հանդիսատեսի թատրոն է գնում, որ թարմություն տեսնի, որն, ավաղ, այդ թատրոնում էլ միշտ չէ, որ հանդիպում է: Ի վերջոՙ ազգային արժեքներ կրելու համար պարտադիր չէ ալեհեր լինել, ավելինՙ եթե ուզում ես տարածել ազգային արժեքները երիտասարդության մեջՙ ալեհերությունդ նույնիսկ ցանկալի չէ...

Ես չգիտեմ, թե ի՞նչ ազգային հարցեր են հանելու փողոց ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջիկա 5 տարում, մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Չգիտեմ նաեւ, թե քանի՞ մարդ է նրանց լսելու եւ ավելանալո՞ւ է արդյոք նրանց հանրահավաքներում մասնակիցների թիվըՙ նոր կառավարությանՙ անխուսափելի սխալների համապատկերում: Բայց ես գիտեմ, թե ինչու այս երկու ուժը չհայտնվեց խորհրդարանում. նրանցից ոչ մեկըՙ կարգախոսի մակարդակով, չասաց այն, ինչը նույնիսկ Սերժ Սարգսյանն ասացՙ «Ես սխալվեցի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ