RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



ԿԱՐԾԻՔՆԵՐ

Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2840, Տպվել է` 218, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայաստանում հետընտրական մթնոլորտ է. փողոցում, հասարակական տրանսպորտում, խանութներում ամեն ինչ նույնն է, ոչ մեկի քիթը մի գիշերում չի երկարել, ականջները չեն մեծացել, ձեռքի վրա 6-րդ մատ չի աճել: Արտառոց ոչինչ չկա, ընտրությունների արդյունքներն էլ ոչ մեկի համար անակնկալ չէին: Հասարակությունը ենթագիտակցաբար պատրաստվել էր այս իրավիճակին. անգամ հանրապետականները վստահ էին, որ իշխանությունները ջախջախիչ հաղթանակ են տանելու, բայց որ իրենք անգամ 5 տոկոսի շեմը չեն հաղթահարելու, ամենաչար երազում անգամ չէին տեսնի: Հանրությունն առերես հանգիստ է, մի տեսակ խաղաղված, հետընտրական գործընթացներից ձերբազատված ու ընդարմացած: Իսկ իրականում քաղաքական եզրահանգումների, ապագայի կանխատեսումների, ներքին ու արտաքին մարտահրավերների լուրջ պատկերացումներ ունի հանրությունը, որոնց մասին սոցցանցերում մեկ-մեկ արտահայտվում է, իսկ ավելի հաճախ հետեւություններն իր մտքում անում: Կամաց-կամաց հասանք հետհեղափոխական էյֆորիայից ազատագրվելու, «դուխովը» ժամանակավրեպ համարելու, խոսքից գործի անցնելու հանգրվանին: Իշխանություններն այլեւս չեն կարող պատճառ բռնել, թե խորհրդարանում փոքրամասնություն են, այդ պատճառով էլ օրենսդրական նախաձեռնությունները վիժում են, այլեւս չեն կարող բողոքել, թե ՀՀԿ-ն ներքին դավեր է նյութում ու սեւացնում իրենց: Վերջ, մուրճն էլ է ձեր ձեռքին, զնդանն էլ, պարոնայք եւ տիկնայք:

Եթե մինչ այժմ բոլոր ընտրություններին նախկին իշխանությունների ու հատկապես ՀՀԿ-ի նկատմամբ հանրությունն իր ատելությունն արտահայտում էր ժխտողական քվեով կամ ընտրություններին չմասնակցելով, ապա այս անգամ այդ նույն հանրությունն իր ձայնը «Իմ քայլին» տվեցՙ դարձյալ իր ատելությունն արտահայտելով նախկին իշխանությունների ու հատկապես ՀՀԿ-ի նկատմամբ: Ակնհայտ է, որ ժողովուրդն արդեն սկսել է կշռադադել, նոր իշխանությունների քայլերը, գործունեությունը քննադատել, բայց դրանով հանդերձՙ ժողովրդի մեջ դեռ չի մարել ատելությունն ու վրեժխնդրությունը նախկին իշխանությունների նկատմամբ: Ներկաներին ժողովուրդը քննադատում է որպես յուրայինի, նախկիններինՙ որպես օտարների: Ու եթե անգամ Փաշինյանի կառավարությունից գոհ չէ, երբեք ու երբեք դեմքով չի շրջվի դեպի հանրապետականները: «Իմ քայլին» ձայն տալովՙ հանրությունը նախկին իշխանություններից ու ՀՀԿ-ից 20 տարվա վրեժը հանեց, վերահաստատեց ու սրբագրեց խոր ատելությունն ու մերժողականությունը անխտիր բոլոր նախկինների նկատմամբ, այդ թվումՙ Ռոբերտ Քոչարյանի. այրվեցին բոլոր կամուրջները: Այս ամենից պետք է դասեր քաղեն թե՛ հները, թե՛ նորերը: Փաշինյանը պայքարելու, իշխանափոխության, հեղաշրջման հասնելու ձեւն ինքն է սովորեցրելՙ փողոցներ փակելով, ու պետք է քաջ գիտակցի, որ ինքը եւս ապահովագրված չէ ժողովրդի մերժողական վերաբերմունքից ու ցասումից. վատ աշխատելու, հուսախաբ անելու դեպքում իրեն ու իր կուսակցությանը նույնն է սպասվում: Անցյալի փորձնՙ ապացույց. ով ժողովրդի ուսերի ու գլխի վրայով եկել է իշխանության, նույն ճանապարհով, բայց արդեն հետդարձի տոմսով, զրկվել է իշխանությունից: Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը կորցրածներն այլեւս երբեք չեն վերադառնում քաղաքականություն, նրանց երկրորդ շանս չի տրվում: Չնայած մեծ ջանքերին, նոր կուսակցություններ ստեղծելու միջոցով քաղաքականություն վերադառնալու ճիգերինՙ նրանց նկատմամբ հանրության վստահությունը չի վերականգնվում, սխալներից դասեր քաղելու նրանց մղումների ազնվությանը ժողովուրդը չի հավատում: Օրինակները քիչ չենՙ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արթուր Բաղդասարյան, Հրանտ Բագրատյան եւ խոշոր ու մանր քաղաքական այլ ֆիգուրներ:

Նոր իշխանությունները հանրապետականների թիմին մեղադրում էին իրականությունից կտրված լինելու, զուգահեռՙ ժողովրդի կյանքի հետ չխաչվող մեկ այլ իրականությունում ապրելու մեջ: Իսկ եթե նորե՞րը եւս կորցնեն իրականության զգացողությունն ու ադեկվատությունը, հանրային ֆետիշացումից երես առնեն: Դրա նախադրյալները եւս կան: Օրինաչափ է. հասարակության տարբեր շերտեր կրթամշակութային, գիտակցական տարբեր մակարդակներ ունեն: Ունենք իրականությունը ճիշտ ու սառը գնահատող, ապագայի կանխատեսումների ռեալ պատկերացում ունեցող, ինքնախաբեությամբ չզբաղվող եւ «Նիկո՜լ ջան, ոտիդ տակի փոշին լինեմ» գոռացող հասարակական շերտեր: Օրինաչափ է, որ այդ շերտերն ապրում են կողք-կողքի եւ նույն երեւույթի նկատմամբ բոլորովին տարբեր գնահատական ու ընկալումներ ունեն: Օրինաչափ է, որ ոչ ադեկվատները խանգարում են ադեկվատներին, բայց ապրում նրանց ստեղծած սոցիալական նախադրյալների ու արժեհամակարգի հաշվին: Արդեն դեկտեմբերի 10-ին սոցցանցերում պտտվում էին Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջՙ Աննա Հակոբյանի նկարներըՙ թագավորի ու թագուհու հանդերձանքով եւ թագովՙ «Շնորհավոր, արժանի թագավոր ու թագուհի» վերտառությամբ: Աբիսողոմ աղան կասեր. «Ինքզինքս չէի կարծեր, թե այսչափ կարեւոր անձ մը եղած եմ»: Իսկ եթե Փաշինյանը ժողովրդի ուսերին նստած էլ մնա՞:

Հարնության շրջանում քաղաքական փոփոխությունների արձագանքը տարբեր է: Հանրային տրամադրությունների ամենախորքային դիտարկումները ներկայացնում ենք հարցախույզի ձեւաչափով:

Էրիկ Ասոյան, տնտեսագետ .- Ես աշխատում եմ փոքր կազմակերպությունում. վերջին կես տարվա ընթացքում մեր եկամուտները նվազել են, որովհետեւ ներդրումներն են պակասել: Եթե նախկինում վիճակը ծանր կայուն էր, ապա այսօր անորոշ է: Քաղաքական փոփոխությունները հաստատուն դառնալու համար ժամանակ են պահանջում, բայց ոչ մի հուշող բան չկաՙ ինչքա՞ն սպասենք: Որպես տնտեսագետՙ լավ եմ գիտակցում, որ առաջիկայում շոշափելի աճ չի լինի: Ժամանակավոր կառավարությանը շուտով կփոխարինի հաստատուն համակարգը: Բայց ի՞նչ է փոխվելու դրանից, երբ նույն մարդիկ են, իսկ նրանց արած գործը մենք այս 8 ամսում տեսանք: Նոր իշխանությունները մասնագիտական ռեսուրս չունեն. սա ինձ շատ է անհանգստացնում: Նույն ջահելները կառավարությունից տեղափոխվելու են ԱԺ, իսկ կառավարություն մտնելու է անփորձ ջահելների մի ուրիշ խումբ: Հիմնովին քանդված տնտեսություն ունենք. ոչ հների, ոչ նորերի նկարած թվերին մի՛ հավատացեք: Իմ ձեռքի տակ 3 երիտասարդ տնտեսագետ է աշխատում: Հազիվ եմ պահում նրանց. 120 հազար դրամ աշխատավարձով ինչքա՞ն աշխատեն:

Ռուսլան Մադոյան, տաքսու վարորդ .- Ես 20 տարի տաքսի եմ քշում. իմ ձեռքին ղեկն է եղել, ղեկն էլ կմնա: Բայց օրինակ մեկ տարի առաջվա ու հիմիկվա տրամադրությունս չես համեմատի, էլի: Առաջ հետս խոսել չէր լինում, առավոտից երեկո հանրապետականներին հայհոյելով ավտո էի քշում, հիմաՙ չէ: Դրանց դարը պրծավ: Երեկ թաղի տղերքով գնացել ենք ընտրության: Ոնց որ ուսներիցս քար ընկած լիներ, քար չէ, է՜, ժայռ: Գնացել ենք ու մեր ուզածին ընտրել: Իսկ առաջ ընտրություններին ես ու տղերքը առավոտվա 8-ից մինչեւ երեկոյան 8-ը մարդ էինք տանում ընտրատեղամաս: Ճիշտ է, այդ օրը լավ փող էինք աշխատում: Ի՞նչ ասեմՙ արել եմ, ընտրակաշառք չեմ վերցրել, բայց մի օրում 100-150 կմ քշել եմ, իմ փողն առել: Գիտեի, որ փող տվողը հանրապետականներն էին: Բայց դե եթե ես հրաժարվեի, մեկ է, իմ փոխարեն մեկ ուրիշ տաքսիստի էին կանչելու: Հիմա մեր գլխին մեղր ու կարագ չեն թափում, եկամուտս քչացել է, բայց մի օր հաստատ լավ է լինելու: Մի Նիկոլ է, մի ժողովուրդ: Նրա համար էլ հեշտ չի ախր:

Նանա Սաղաթելյան, սոցմասնագետ .- Իմ ընտանիքը «Իմ քայլին» է ընտրել: Բայց գիտե՞քՙ ինչու. որպեսզի ո՛չ ասենք ՀՀԿ-ին: Ես կուզեի, որ նախկին կուսակցություններից ոչ մեկը չանցներ ԱԺ: Չկարծեք, թե ամուսինս, ես ու երկու չափահաս երեխաներս գոհ ենք Փաշինյանի դրած կադրերից: Մենք դրսում ենք ապրել, լավ կյանքի համը տեսել ենք, բայց իրավիճակի բերումով վերադարձել ենք Հայաստան: Ժողովրդավարական երկիր դառնալու շանսերն այսպես որ գնա, նվազելու են: Եթե ժողովուրդն իր երկրում իրեն պաշտպանված ու կայուն չզգա, հեռանալու ելքեր է փնտրելու: Իսկ ժողովուրդը երկար սպասել չի կաող: Ասեմ ավելինՙ ժողովուրդը երկու պատճառով է ընտրել «Իմ քայլին»ՙ մերժել հին իշխանություններին, նրանցից մեկընդմիշտ ազատվել, եւ «այո» ասել Փաշինյանին, որովհետեւ նրան հաջողվեց երկիրն ազատել Սերժ Սարգսյանից: «Իմ քայլին» ձայն տալովՙ ժողովուրդն իր շնորհակալությունն է հայտնել Փաշինյանին. ես այսպես եմ կարծում: Փաշինյանին է ընտրել, ոչ թե իր կուսակցությանը. դրանք տարբեր բաներ են: Ժողովուրդը անձին է ընտրել, ոչ թե նրա թիմին: Իհարկե, սա աբսուրդ է: Բոլորս ենք հասկանում, որ իշխանությունը միայն Փաշինյանով չի սահմանափակվում: Նրա թիմն է ղեկավարելու երկիրը, իսկ թե ինչպես է այդ թիմը ղեկավարել մինչեւ հիմա, տեսել ենք, գիտենք: Ժողովուրդը գոհ չէ, բայց հույսը չի կորցրել, նորից հնարավորություն է տալիս Փաշինյանին: Աստված չանի, որ հուսախաբ լինենք: Ժամանակ տանք...տեսնենք ինչ կլինի: Դժվար է լինելու:

Սոս Առաքելյան .- Միահեծան իշխանություն է ձեւավորվում: Օրենքն ասում է, որ Աժ-ում պետք է 30 տոկոս ընդդիմություն լինի: Եթե չունենք ընդդիմություն, ուրեմն շատ շուտով իշխանությունն ինքնաոչնչացման է գնալու: Արտախորհրդարանական ընդդիմություն կլինի, իհարկե: ՀՀԿ-ից բացի շուտով այլ ուժեր էլ կընդդիմանան Փաշինյանի ձեւավորած կառավարությանը: Այնպես որ, եթե ԱԺ-ում կոշտ ընդդիմություն չունենք, ԱԺ-ից դուրս կունենանք: Բայց դա լավ է. զսպաշապիկ, վերահսկող պետք է անգամ ամենակատարյալ իշխանությանը: Ես հենց քաղաքագիտություն ու կառավարում եմ ուսումնասիրում. եւ որոշել եմ մեր երկրի օրինակը գիտական թեզի թեմա դարձնել: Կարծում եմՙ շատ հետաքրքիր աշխատանք է ստացվելու: Բայց կուզեի, որ իմ թեզն անհետաքրքիր լիներ, փոխարենը ժողովրդի կյանքում հետաքրքիր ու լավ փոփոխություններ լինեին: Նոր որակի բեւեռներ են պետք մեր քաղաքական դաշտում: Այլապես ճահճացումն անխուսափելի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ