RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



ԶԱՅՐԱԼԻՑ

Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2893, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞Վ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԻ ՀՈԳԵՈՐՍՆԵՐԻՑ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Դեկտեմբերի 7-ին նրանք անգամ «Շիրակ» գերեզմանոց էին հասել

Աշխարհում այսօր մարդու քաղաքացիական զանազան իրավունքներին ավելացել է այդ անվան ներքո հանդես եկող ինչ ասես: Այդ թվում նաեւՙ այլասերության իրավունք, հավատուրացության իրավունք, որոնք, իհարկե, ներկայացվում են այլ բառերով ու փաթեթավորմամբ, պետություններին, հասարակություններին պարտադրվելովՙ դառնում օրենք, դառնում սպառնալիք... Փառք Աստծո, առայժմ կարծես թե չկա հոգեորսության իրավունք հասկացությունը, մինչդեռ այդ երեւույթը մեզ մոտ էլ շարունակում է ծավալվել:

Ամեն անգամ, երբ փողոցում ինձ կանգնեցնում են իրենց «Եհովայի վկաներ» կոչող հայազգի անձինք, ինքս երկու անգամ եմ զայրանում: Մեկ իրենց վրաՙ հասկանալի պատճառով, մյուսն էլՙ իրենցից հեռանալուց հետո ինձ վրա, որ թեեւ նրանց ինչ ուզում էի ասացի, բայց էլի բավականաչափ խիստ չասացի: Եթե պետությունը որպես պետություն գուցե պարտավորված է օրենքով պաշտպանել իրենց ուզածը դավանելու նրանց իրավունքը, ապա ինձՙ քաղաքացուս ոչ մի օրենք չի կարող, իրավունք չունի պարտադրել ականջ կախել նրանց քարոզին: Իրենք էլ թող գնան իրենց համար դավանեն, ոչ թե իրավունք ունենան այսպես անվերջ հոգեորսությամբ զբաղվելու: Հոգսաշատ Գյումրիում էլ նրանք ոչ միայն որտեղ ասես մարդկանց կանգնեցնում, քաղաքում առվազն երկու-երեք մարդաշատ տեղ իրենց քարոզչանյութերը դրած կանգնում են, այլ նաեւ տների դռներն են թակում, մարդկանց անդորրը խանգարում, մեկին վռնդում եսՙ հաջորդ անգամ մյուսն է գալիս: Ի՞նչ իրավունքով:

Խրախուսվելով այս բարձիթողի վիճակից, մեր բոլոր սրբազան զգացմունքները ոտնատակ տվող այս անձինք օրեր առաջՙ դեկտեմբերի 7-ին, հասել էին անգամ Գյումրու «Շիրակ» գերեզմանոց, իրենց քարոզչությունն էին փորձում դեմ անել երկրաշարժի զոհ հարազատների 30-ամյա անանց վիշտը սգացող մարդկանց...

Ո՞վ կամ ի՞նչը պետք է մեզ վերջապես պաշտպանի նման ոտնձգություններից:

Խմբ. կողմից.- Ամբողջությամբ կիսում ենք մեր թղթակցի զայրույթը ոչ միայն «Եհովայի վկաների», այլեւ քայքայիչ բոլոր մյուս աղանդների նկատմամբ: Այս հարցում պետք է ընդօրինակենք եվրոպական մի քանի երկրներում գործող օրենքըՙ աղանդավորները իրավունք չպիտի ունենան իրենց բրոշյուրներն ու գրքույկները տալու կամ մատուցելու, այլՙ պատի տակ կանգնածՙ իրենց ձեռքին պահելու դրանք. անցորդը եթե ուզենաՙ ինքը կարող է վերցնել դրանք:

Մյուս կողմից, կուզեինք նաեւ լսել, թե գյումրեցին այդ նույն օրը, դեկտեմբերի 7-ին, ինչպե՞ս հանդուրժեց, որ մեր որոշ կուսակցություններ 30-ամյա տարելիցը օգտագործեցին նախընտրական քարոզչություն անցկացնելու համար: Կարծում ենք, որ դա նույնպես աղանդավորություն էր, քաղաքակա՛ն աղանդավորություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ