RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3251, Տպվել է` 227, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈՒ ԵՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Երբ հեռավոր 1994թ. սեպտեմբերի 20-ին Բաքվում կնքվում էր, այսպես կոչված, Դարի պայմանագիրը, բոլորը համոզված էին, որ դա շատ երկար ժամանակաշրջանի համար է եւ որ այն բավարար կլինի պետության ծաղկման համար: Այդ պայմանագրի կնքումով Ադրբեջանը փորձում էր արժեւորել իրեն Հարավային Կովկասի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական պայքարում:

Այսինքն դարի պայմանագիրը որոշակի հակառուսական ուղղվածություն ուներ, ինչը հասկանալի կերպով դուր չէր գալիս Մոսկվային, եւ Բաքուն հետագայում փորձելով մեղմել այս իրավիճակըՙ ռուսական Լուկօյլ ընկերությանը վաճառեց Ազերի-Չիրաք-Գյունեշլի նավթադաշտի շահագործման կոնսորցիումի բաժնետոմսերի 10 տոկոսը:

Նկատենք, որ Դարի պայմանագրի համաձայն ստեղծվեց Ադերբեջանի միջազգային օպերացիոն ընկերությունը: Այդ ընկերության կառավարումը ստանձնեց Բրիտիշ Փետրոլիում ընկերությունը: Հետագայում ընկերության բաժնետոմսերը մի քանի անգամ վերանայվեցին, նոր ընկերություններ հայտնվեցին, մասնավորապես ամերիկյան Էքսոն Մոբիլը եւ այլն: 2017թ. արդեն վերակնքված պայմանագրով այս ընկերության բաժնետոմսերի բաշխումը հետեւյալ տեսքն ուներՙ BP 30.37%, SOCAR 25.00%, Chevron 9.57%, INPEX 9.31%, Statoil 7.27%, ExxonMobil 6.79%, TP 5.73%, ITOCHU 3.65 %, ONGC Videsh Limited 2.31%:

Այս ընկերությունից հեռացել էր սաուդական ամենախոշոր նավթային ընկերությունըՙ Aramco-ն փոխարենը իր դիրքերը ամրապնդել էր Բրիտիշ Փետրոլիումը: Սակայն, Հարավային Կովկասի էներգետիկ աշխարհաքաղաքական բաժանումը Դարի պայմանագրի կնքմամբ չավարտվեց: Հետագայում սկսվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը, որը ԱՄՆ քաղաքականության տեսակետից ավելի կարեւոր էր, քանի որ այսպիսով ճանապարհ էր հարթվում դեպի Կենտրոնական Ասիայի նավթով հարուստ պետությունները:

Ընդհանրապես, աջակցելով այս ծրագրինՙ պաշտոնական Վաշինգտոնը հույս ուներ առաջին հերթին դուրս բերել էներգակիրներով հարուստ կասպյան պետություններին ռուսական ազդեցությունից: Ըստ ամերիկացիների Բաքու-Ջեյհան նավթամուղը, իսկ հետագայում նաեւ Բաքու-Էրզրում գազամուղները պետք է այլընտրանք դառնային մերձկասպյան պետությունների համար, որոնք ռուսական ուղղությանը կնախընտրեն նորըՙ Ադրբեջանի տարածքով ձգվող խողովակաշարերը:

Ինչեւէ, Հարավային Կովկասի էներգետիկ աշխարհաքաղաքականության ամերիկյան մեկնաբանության մեջ առանցքային նշանակություն էր տրվում Ադրբեջանին, որը եւ տարածաշրջանի նավթի ու գազի հիմնական արդյունահանողն էր եւ դեպի Կենտրոնական Ասիայի էներգետիկ շուկա դուրս գալու հիմնական ուղին: Այս իրավիճակը էլ ավելի ամրապնդվեց 2000-ականների առաջին տասնամյակում, երբ սկսվեց նավթի գնի աննախադեպ բարձրացում, ինչը Ադրբեջանին ոչ միայն հսկայական եկամուտներ բերեց, այլեւ կարեւորեց նրա դերը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության համակարգում:

Տարածաշրջանի գլխավոր պետության կարգավիճակին ձգտող Ադրբեջանի համար թվում էր, թե ամեն ինչ իդեալական էր դասավորվում ե՛ւ նավթային գերեկամուտներ, ե՛ւ ռազմավարական համագործակցություն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Սակայն, 2010թ.-ին հասնելով նավթի արդյունահանման մաքսիմումինՙ 50 միլիոն տոննա տարեկանի կամ մոտ 1 միլիոն բարել օրականի, Ադրբեջանի նավթի արդյունահանումը սկսեց նվազել:

Սա առաջին ահազանգն էր, որ այդ պետության գերկախվածությունը նավթից ու գազից կարող է վատ հետեւանքներ ունենա նրա համար: Այդ շրջանում Ադրբեջանի տնտեսությունը արդեն իսկ տառապում էր «հոլանդական» կոչվող հիվադությամբ, երբ տնտեսության գերդոլարացումը, նավթի մեծ քանակների արտահանման պատճառով, հանգեցնում էր տեղական արժույթիՙ մանաթի աննախադեպ թանկացմանը, ինչը իր հերթին բերում էր տնտեսության մյուս ճյուղերի ոչնչացմանը:

Ադրբեջանի արտահանման 85%-ը, բյուջեի ձեւավորման 70%-ը իրականացվում էր նավթի ու գազի վաճառքից: Ադրբեջանի էներգետիկ խնդիրները, սակայն, սկսվեցին 2014թ. աշնանը, երբ աննախադեպ կերպով նվազեց նավթի գինը, 120 դոլարիցՙ 2014թ.-ին, 2016թ.-ի ձմռանը հասնելով մինչեւ աննախադեպ ցածրՙ 26 դոլարի:

Հենց այդ շրջանում էր, որ բոլորի համար անսպասելի ադրբեջանական բոլոր ծրագրերից հեռանալու մասին հայտարարեցին եվրոպական երկու նավթագազային հսկաներՙ նորվեգական Ստատօյլը (Statoil) եւ ֆրանսիական ՏՈՏԱԼ (TOTAL)-ը: Հատկապես անակնկալ էր Ստատօյլի հեռացումը, վերջինս Բրիտիշ Փեթրոլիումից (BP) հետո երկրորդ խոշորագույն ներդրողն էր Ադրբեջանի նավթագազային հատվածում:

Ստատօյլը ակտիվ կերպով ներգրավված էր հատկապես գազի արդյունահանման եւ արտահանման ծրագրերում: Վերջինս BP-ի հետ միասին Շահ-Դենիզ կոնսորցիումի եւ Բաքու-Էրզրում գազամուղի հիմնական բաժնետերերն էինՙ 25,5%-ով: Ստատօյլը հանդիսանում էր նաեւ Բաքու-Էրզրում գազատարի, որը շահագործում էր Հարավկովկասյան գազային խողովակաշար կոնսորցիումը, հիմնական օպերատորը:

Սակայն, թվացյալ այս գերեկամտաբեր ծրագրերից վերջինս հեռացավ, նրան միացավ նաեւ ֆրանսիական ՏՈՏԱԼ-ը: Այս իրադարձությունը, էներգետիկ աշխարհաքաղաքագետները բացատրեցին տնտեսական խնդիրներով եւ, որ վերջիններս ի տարբերություն BP-ի չեն զբաղվում քաղաքական խնդիրներով:

Այսինքն կար եկամուտ, նրանք աշխատում էին, չկա եկամուտ` հեռանում էին: Արդեն այն ժամանակ պարզ էր, որ Ադրբեջանից նավթագազային այս հսկաների հեռացումը նախանշում է, որ սկսվել է մի նոր միտում, որը կարող է «վարակիչ» լինել մյուսների համար:

Ստեղծված իրավիճակից օգտվեց բրիտանական նավթային ընկերությունըՙ BP-ն, որը ստիպեց Բաքվին իր հետ նոր պայմանագիր կնքելՙ 2017թ. սեպտեմբերին եւ այդպիսով վերանայել Դարի պայմանագիրը: Արդեն այն ժամանակ պարզ էր, որ Ադրբեջանը կորցնում է իր էներգետիկ առավելությունը եւ կախման մեջ հայտնվում բրիտանական ընկերությունիցՙ «Ազերի-Չիրաք եւ խորքաջրային Գյունեշլի» պայմանագրում նաեւ նշվում էր, որ այս ծրագրի իրականացումը եկամտաբեր կլինի, եթե նավթի միջազգային գինը լինի 55 դոլարից ավելի:

Այսպիսով պարզ դարձավ, որ Կասպից ծովի խորքում գտնվող Ադրբեջանի ամենաեկամտաբեր համարվող նավթադաշտի հումքի ինքնարժեքը մոտ 55 դոլար է մեկ բարելի դիմաց: Այսինքն պայմանագիրը ամրագրում էր, որ այս ծրագիրը կարող է վերանայվել նավթի շուկայական արժեքի փոփոխման դեպքում:

Քանի որ 2018թ.-ից մինչեւ հոկտեմբեր նավթի գինը աճում էրՙ Լոնդոնի բիրժայում Brent տեսակի նավթը հասավ նույնիսկ աննախադեպ 86 դոլարի մեկ բարելի դիմաց, ապա ծրագիրը իրականացվում էր եւ տնտեսապես արդարացված էր, սակայն արդեն նոյեմբերին նավթի գները սկսեցին ընկնել: Դեկտեմբրի 10-ին նավթի գինը Լոնդոնի բիրժայում նվազեց մինչեւ 59,9 դոլարի:

Այսպիսով իրական վտանգ ստեղծվեց, որ այս ծրագրի հետագա իրականացումը կարող է դադարեցվել, եթե նավթի գները շարունակեն անկում ապրել: Այս պայմաններում ծրագրի մեջ ներգրաված ամերիկյան երկու խոշորագույն ընկերություններըՙ Էքսոն Մոբիլը (ExxonMobil) եւ Շեվրոնը (Chevron), որոնք ունեին համապատասխանաբար 6,7% եւ 9,7% մասնաբաժիններ, որոշեցին հեռանալ:

Ամերիկյան նավթագազային այս հսկաների հեռացումը ադրբեջանական ծրագրերից մեկ անգամ եւս հուշում է, այդ պետությունը որպես նավթ արդյունահանող տարածաշրջանային պետություն կորցնում է իր գրավչությունը անդրազգային ընկերությունների համար: Այսինքն, այն ընկերությունները, որոնք նավթի ու գազի արդյունահանման ծրագրերով հետաքրքրված են զուտ բիզնես տեսակետից, վաղ թե ուշ կլքեն այդ պետությունը:

Ադրբեջանի նավթային նախագծերից անդրազգային հսկաների փախուստի պայմաններում Բրիտիշ Փետրոլիումի շարունակական գործունեությունը այդ երկրի տարածքում բացատրվում է նախ եւ առաջ բրիտանական եւ ամերիկյան քաղաքական շահերով: BP-ին համարվում է Արեւմուտքի գլխավոր լոբբիստը Ադրբեջանում եւ միաժամանակ` Բաքվի շահերի առաջ մղողը արեւմտյան մի շարք երկրների մայրաքաղաքներում:

Տեղի ունեցող գլոբալ աշխարհառազմավարական փոփոխությունները հանգեցրել են նավթի դերի նվազմանը էներգետիկ աշխարհաքաղաքականության համակարգում, այս պայմաններում նավթ արդյունահանող մանր պետությունները, ինչպես օրինակ Ադրբեջանն է, սկսում են կորցնել իրենց էներգետիկ առավելությունը եւ ժամանակի ընթացքում դուրս են մղվելու այս գործընթացներից` հայտնվելով լուսանցքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ