RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2950, Տպվել է` 230, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՆԻ ՄԵՐԺՈՒՄ, ԱՆՑԱԹՈՒՂԹ` ՆՈՐԵՐԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո բավական հետաքրքական էր կառավարության հետընտրական առաջին նիստը: Այն խոսակցությունների ֆոնին, թե իշխանության են եկել արեւմտամետ ուժեր, որոնք կարող են դրսի պատվերները սպասարկել, Հայաստանի կառավարության վերջին նիստին տեղի ունեցավ տրամագծորեն հակառակ բան. «Ով որ ուզում է Համաշխարհային բանկի հանձնարարականներն ավելի շուտ կատարել, թող գնա աշխատի Համաշխարհային բանկում, կառավարության անդամը պետք կատարի վարչապետի հանձնարարականը», բարկացավ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ` ԾԻԳիզմի, ՊՈԱԿիզմի, հիմնադրամիզմի մտայնությունն այսուհետեւ բացառելու մասին հերթական անգամ հավաստելով եւ այդ ուղղությամբ իր հանձնարարականները չկատարողներին «էսօրվանից թող վեշերը հավաքեն» սեպելով: Խոսքն այն մասին էր, որ նախարարություններին զուգահեռ նույն գործառույթներն իրականացնող ԾԻԳ-երում «ատկատ» ու կոռուպցիա է, նրանք տասնակի բարձր եւ չհիմնավորված աշխատավարձեր եւ եկամուտներ են ստանում:

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց ԾԻԳ-երի գործունեությունը համակարգող Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործունեությունը դադարեցնել` նրա գործառույթները փոխանցելով ֆինանսների նախարարությանը: Ի դեպ` այդ կենտրոնի փակման վերաբերյալ մտահոգություններ էր ներկայացրել Համաշխարհային բանկը, ու երբ այդ մասին խոսվում էր` Փաշինյանը հիշեցրեց, որ նախ կարեւոր են Հայաստանի կառավարության պահանջներն ու ծրագրերը, եւ սա պետք է մատչելի նկարագրել ՀԲ-ին, որին նույնպես պիտի ձեռնտու լինի կոռուպցիայի ու «ատկատի» աղբյուր ԾԻԳիզմի ավարտը: Փաշինյանը պետական կարեւորության հարցերում ինքնուրույնության հայտ է ներկայացնում այսպիսով արտաքին, թեկուզեւ` դոնոր կառույցներին, թե՞ պարզապես ուզում է ազատվել իրականում ԾԻԳ-երում տեղավորված նախկին իշխանության մորաքույր-քեռի- աներձագ կադրերից, որոնք նախարարությունների աշխատակիցների համեմատ աստղաբշխական գումարներ են ստանում ու թաղված են կոռուպցիայի մեջ: Դեռ հստակ ասել հնարավոր չէ, բայց սա վատ մեկնարկ չէ:

Դեկտեմբերի 9-ի ուղերձները

Վերադառնանք, սակայն, դեկտեմբերի 9-ի դարակազմիկ ընտրությանը, որով վերջնականապես Հայաստանը մտավ պատմության նոր փուլ` փակելով բեւեռացմամբ, ընտրակեղծարարությամբ, կոռուպցիայով, օլիգարխիայով ու դատական չարդարադատության բազմաթիվ դրսեւորումներով հագեցած անցյալի դուռը, եւ բացելով մի դուռ, որից այն կողմ դեռ պարզ չէ, թե ինչ է:

Փոփոխությունների ցանկությամբ տոգորված մարդկանց գերակշիռ մասը խորհրդարանում ուզեցավ տեսնել այն ուժին, որին ղեկավարում է փողոցային պայքարի արդյունքում հին իշխանություններին տուն ուղարկած Նիկոլ Փաշինյանը: Սա հայերի մեծ մասի ընտրությունն է` ինչ որակում էլ տան տարբեր մեկնաբաններ այդ ընտրությանը: Անկախ այն բանից, թե ընտրողի գերակշիռ ձայնը ստացած ուժն ու նրա լիդերն ինչ արդյունավետությամբ կկարողանան նյութականացնել ընտրողի քվեն եւ ստացած հսկայական լեգիտիմությունը, կհաջողե՞ն, թե՞ ոչ իրենց հայտարարած տնտեսական հեղափոխության մեջ` ընտրողն արեց առավելագույնը, որ նրանից պահանջվում էր` մերժեց հինը եւ անցագիր տվեց նորերին:

Սակայն ընդհանուր առմամբ, որքան էլ պարադոքսալ, սա նաեւ մերժումն էր կուսակցությունների, որը, կարելի է ասել, հետընթաց է քաղաքական առումով: Բոլոր երկրներն անցել են այն ուղով, որ վերջում հանգել են իրար փոխարինող երկու-երեք կուսակցությամբ կառավարման համակարգերի: Սակայն հայերը, փաստորեն, նորից տեղապտույտում հայտնվեցին, քանի որ հոգնել էին իրենց ոչինչ չտված կուսակցություններից ու, 1990 թվականի նման, ընտրեցին իրեն կուսակցութուն կամ դաշինք անվանած, իրականում միայն հանրության փողոցային պայքարը գեներացրած, բայց դասական առումով կուսակցություն լինելուց դեռ շատ հեռու խմբի: Սա կրկնությունն է 1990 թվականի` չէինք ուզենա հիշել դառը փորձը, երբ ՀՀՇ-ն այնպիսի տրանսֆորմացման ենթարկվեց, որ արդեն 1994-ին ուներ հուժկու ընդդիմախոսություն, կուսակցություն ու մամուլ էր փակում, մարդկանց քաղբանտարկյալ դարձնում` երկիրը հետ նետելով որդեգրած ժողովրդավարությունից: Առայժմ կրկնվել է վաղեմի անցյալի բարի մասը` իշխող նոր ուժը ժողովրդի զգալի մասի հաստատուն քվեն է ստացել (ընտրության մասնակիցների 70 տոկոսից ավելի քվե), ունենք բարձր լեգիտիմությամբ իշխանություն, ու չէինք ուզի, որ կրկնվեր անցյալի չար մասը, երբ այդ ուժը, իշխանությունից արբեցած` դեգրադացվեց, սկսեց թույլ տալ սխալ-սխալի հետեւից եւ կորցրեց ազդեցությունը: Համենայնդեպս` անցյալի դասերը սովորելու համար են, հուսով ենք ներկայումս իշխանության եկած նորերն այդ դասերը կյուրարցնեն` ի շահ բոլորիս:

Ես համաձայն չեմ, թե 48 տոկոսից ավելին ընտրության նվազ մասնակցություն է` համացանցում առաջին իսկ շահարկումներին այդ թեմայով արձագանքել եմ, մի անգամ էլ «Ազգ»ում կրկնեմ. Հայաստանում 2,5 միլիոն ընտրող չի կարող լինել, քանի որ հազիվ այդքան ռեալ բնակիչ լինի, մնացածը վաղուց արտերկրում են` դուրս չգալով գրանցումից եւ պահելով քաղաքացիությունը. հենց իմ ընտանիքի` ընտրական տարիքի վեց ընտրողից չորսն արտերկրում են: Եթե այս հարաբերակցությամբ նայենք` ընտրության մասնակիցների թիվը տարբեր գնահատականներով կարող է մոտենալ 65-70 տոկոսի: Տեսեք ինչ ռեալ (պաշտոնական) թվեր կան` 350 հազար աշակերտ, 500 հազարի չափ թոշակառու, 400-450 հազարի չափ գրանցված աշխատողներ եւ նախակրթական տարիքի երեխաները, որոնք դպրոցական տարիքի երեխաների մեկ չորրորդը հազիվ թե լինեն: Ով մնաց` պետական գաղտնիք-բանակի թվակազմը, սեւ աշխատող որոշակի թվով բնակչություն, դե գումարեք, եւ կհասկանաք, որ մենք ճիշտ ենք: Ուզում եմ ասել` սա չէ, որ պետք է արգումենտ դարձնեն նոր իշխանությունների ընդդիմախոսները, մանավանդ` բազմաթիվ այլ անհանգստացնող միտումեր կան, որոնց վրա ներկա իշխանության ընդդիմախոսները հարկ է որ բեւեռվեն, քանի որ խորհրդարանում, որպես այդպիսին, իրական ընդդիմություն չի լինելու:

Նշենք, սակայն, որ էյֆորիայով, թե իր կյանքը փոխելու պարզ ցանկությամբ, թե ինչպես` «Իմ քայլին» ժողովուրդն իր ձեռքով է տվել քվեն, որպես անցյալի իշխանության անհամարժեքության գնահատական` ՀՀԿ-ին ներս չթողնելով խորհրդարանի շեմից: Միայն այն, որ իմ թաղում ես տեսա դռներն ազատ ընտրատեղամասեր, երբ ողջ կրիմինալը մտել էր ծակուծուկերը, երեւութապես ամեն ինչ խաղաղ, ազատ ու քաղաքակիրթ էր, նշանակում է ինչ-որ նոր բանի սկիզբ: Սովորաբար նոր իշխանությանը գովերգողները բազմաթիվ այլ դրական բաներ մատնացույց կանեն, բայց լրագրողի գործն ավելի ստվերները տեսնելն է, հատկապես , որ ձեւավորվելիք խորհրդարանը, ուր երկրորդ ուժը ԲՀԿ-ն, իսկ երրորդ ուժը` «Լուսավոր Հայաստանն» է, դժվար է անվանել այն մարմինը, որտեղ հենց սահմանադրությամբ որպես հակակշռման մեխանիզմ դրված է 30 տոկոսանոց ընդդիմություն ունենալու հնարավորությունը:

Հարցրեք ուզած հայ մարդուց` համարո՞ւմ է նա ընդդիմություն ԲՀԿ-ին ու «Լուսավոր Հայաստանին», ուժերիՙ որոնք անցյալ վեց ամիսներին նախարարներով ներկայացված էին հեղափոխական կառավարությունում, եւ կստանաք «Ոչ» պատասխանը: Եւ եթե այդ ուժերը հայտարարեն իրենց ընդդիմություն լինելու մասին, ծածկեն ԱԺ ընդդիմադիր կորպուսը, ունենան մեկ փոխնախագահ, հանձնաժողովներին փոխնախագահներ եւ այլն, դրանից բացարձակապես չի բխում, որ նրանք ընդդիմություն են: Ու նրանց խորհրդարան անցնելը կախված չի եղել նաեւ Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունից, որը իր ղեկավարած դաշինքի քարոզչությունն իրականացնելիս ակամա ակնարկել է, որ հենց այդ ուժերը պիտի լինեն խորհրդարանում:

Ինստիտուցիոնալ կառույցներ ունեցող ՀՅԴ-ի (առհասարակ` ավանդական կուսակցություների)` խորհրդարանում ներկայացված չլինելը կարելի է համարել հենց նոր իշխանությանը ներկայացող վտանգ կամ մարտահրավեր, քանի որ Սփյուռքի զգալի մասին է այդպիսով վերաբերմունք ցույց տրվում (Տեր-Պետրոսյանը կասեր` նարինջ ուտողներին): Իսկ ընդդիմության դեր ստանձնած ՀՀԿ-ի` մի մազ պակաս խորհրդարան չանցնելն արդյոք վերջին պահին ինչ-որ էական պատճառով նախնական մտադրվածության փոփոխություն է նշանակել, թե՞ ընթացքից, քարոզչության ազդեցությամբ է բան փոխվել`սա եւս բացահայտումների կարիք ունի: Որովհետեւ, ճիշտ է, իրոք մարդիկ ընտրելու ազատություն են ունեցել, սակայն ընտրողի էլ, տեղական պաշտոնյաների տրամաբանությունն էլ ակամա ուղղորդվել-ազդեցություն են կրել մեկ մարդու` Փաշինյանի տրամադրվածությունից, նրա ասած ամեն խոսքից ու ցանկություններից: Կամ էլ միգուցե հենց այդպես ի սկզբանե նախատեսված է եղել` ՀՀԿ-ին ընդհանրապես շարքից հանել, որովհետեւ եթե հետ գնանք ու հիշենք այն խոսակցությունները, թե ովքեր են կանգնած եղել ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» ստեղծման ակունքներում եւ ինչպես էին մտադիր փոխանցել իշխանությունը, միգուցե ինչ-որ սցենար պարզ լինի: Բոլոր դեպքերում` հանրությունն այդպիսի նյուանսների մեջ չէր կարող խորանալ ու չի խորացել, նա իրոք ընտրել է մեկ մարդու` Փաշինյանին, այդ առումով վերջինս կրում է ահռելի պատասխանատվություն իր եւ իր թիմի համար` չփոշիացնելու ընտրողի քվեն, չձախողելու տնտեսությունը, եւ եթե ինտրիգներ եղել են-կան-կլինեն, դրանք եւս հաղթահարելու:

Մի քանի հետընտրական նկատառումներ

105-ի փոխարեն նոր պառլամենտը կունենա 132 պատգամավոր: Աշխատավարձերով, գործուղումներով, այլ հարակից ծախսերով դա տարեկան մեր ծակ բյուջեին վնասելու է մոտավորապես 500 միլիոն եւ ավելի դրամով: Այսինքն` ի՞նչ, «Իմ քայլի» համար քի՞չ է կայուն մեծամասնությունը, նրան հարկավոր է բացարձա՛կ մեծամասնությո՞ւն, որ չմնա ոչ «Լուսավորի Հայաստանի», ոչ ԲՀկ-ի հույսին, որ բարձր քվե պահանջող եւ պետության համար կարեւորագույն որոշումները մեկ ուժի քվեով որոշի: Բոլշեւիզմը հենց սա է:

Բելառուսին հավան չեք` համարյա 10 անգամ ավելի բնակչությամբ երկիրն ընդամենը 110 պատգամավոր ունի, մեզ պե՞տք է այսպիսի ծախսատար խորհրդարան: Առաջարկում ենք «Իմ քայլին» սեփական որոշմամբ մնալ կայուն մեծամասնության շրջանակում եւ սահմանափակվել խորհրդարանի հին թվակազմով:

Մի ուրիշ խնդիր է «Իմ քայլի» ցուցակը, որտեղ հենց առաջին հարյուրակում, մի շարք բանիմաց ու արդեն ճանաչելի-ընդունելի անունների կողքին կան բազմաթիվ «բառադի» մարդիկ. կուզեինք հենց «Իմ քայլի» ներսում գնահատեին սեփական ուժերը, եւ նրանք, ովքեր իրենց պատրաստ չեն զգում պատգամավորական կամ կառավարման ոլորտի աշխատանքի, ինքնուրույն ինքնաբացարկներ ներկայացնեն` այդպիսով առավել ունակներին թողնելով խորհրդարան: Սա տարբերակ է, որպեսզի Ազգային ժողովի առաջին նիստերի հենց առաջին ելույթներից չլինեն այնպիսի բացահայտումներ, որոնք սպասվում են պարզապես ցուցակն ուսումնասիրելու արդյունքում: Քանի որ Փաշինյանի թեւի տակով են անցնելու խորհրդարան, ապա չարժե սեփական անտեղյակությամբ եւ անհամարժեքությամբ հետո ոտք պահել նրան, դա այնքան էլ ազնիվ չի լինի:

Եւ վերջապես` այժմ կարեւորվելու է արտախորհրդարանական ընդդիմության դերը, որը դատելով առաջին հապշտապ հայտարարություններից, կցանկանային ստանձնել շատերը: Խոստովանենք, հիմա, քան առավել, ամենահեշտ գործը լինելու է ընդդիմախոսելը: Ինչու, քանի որ անփորձ նորերից ամեն մեկը, մինչեւ սովորի աշխատել, բազմաթիվ սխալներ ու թերասացություններ է թույլ տալու, որոնցից կառչելը մեկից մեկ է: Անգամ առանցքային մի քանի հարց կա, որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը, բերանը չբացած` հակադարձումներ է ստանալու, ինչպես որ հայ-թուրքական հարաբերությունների մասին Փաշինյանի վերջին բարձրաձայնմանը հաջորդեց, ահա մեկը` Արա Պապյան. «Եթե ժողովուրդն է նոր Հայաստանում ամեն ինչ որոշում, կուզեի իմանալՙ որտե՞ղ է ժողովուրդը որոշել, որ «Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել»: Ընդհանրապես`առաջին հապշտապ հայտարարություններով դուրսը մնացած քաղաքական ուժերն ինչ ասես առաջարկում են` էլ զուգահեռ խորհրդարան ստեղծել, էլ միավորված ինչ- որ կառույց ձեւավորել: Ընդ որում` ով ասես հավակնում է միավորողի դերին` մի մեքենայոմ տեղավորվող քաղաքական ուժերից սկսած մինչեւ մի կին ատամնատեխնիկ... Կարծում եմ` մեկ-երկու ամսից արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտն ու նրա գործառույթները կհստակվեն, նոր կառավարության կազմմանը զուգահեռ: Հիշեցնենք` խորհրդարանից դուրս են մնացել «Սասնա ծռերը», ՀՅԴ-ն, «Մենքն» ու ՀՀԿ-ն, սրանք որոշակի քվեներ ունեցող ուժերից են:

Ընթերցողի սիրած իրազեկումներից

Մեր մամուլը վաղուց է ընթերցողին վարժեցրել այն մասնավոր հետաքրքրությանը, թե ով-որտեղ կնշանակվի, ով ինչ պաշտոնի է հավակնում: Երեկ երեկոյան դրությամբ հայտնի էր, որ Աժ նախագահ կդառնա Արարատ Միրզոյանը , փոխնախագահներ` Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը , ինչպես նաեւ ընդդիմադիր հատվածից Նաիրա Զոհրաբյանը : «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի հավանաբար Արայիկ Հարությունյանը :

Նշենք, որ այս անգամ վարչապետ չի ընտրվի Ազգային ժողովում, այլ խորհրդարանական մեծամասնության թեկնածուին ԱԺ լիազորություների սկզբնավորումից հետո վարչապետ է նշանակելու Հայաստանի նախագահը: Վարչապետն էլ հնգօրյա ժամկետում նախագահին առաջարկում է փոխվարչապետներ ու նախարարներ, նա էլ եռօրյա ժամկետում նշանակում է նրանց, չնշանակելու դեպքում էլ դիմում է Սահմանադրական դատարան: Կառավարությունը, կազմվելուց հետո, քսանօրյա ժամկետում ծրագիր է ներկայացնում Ազգային ժողով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ