RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ

Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1424, Տպվել է` 208, Ուղարկվել է էլ.փոստով` 0

G20. ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՎԵՐՋՆԱԽԱՂԸ

Պ.Ք.

ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն երեք ամսով ընդհատեցին առեւտրական պատերազմը

Որոշակի հետեւանքներ ունեցան այն հաղորդումները, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բուենոս Այրեսում G20-ի («Մեծ քսանյակ») գագաթաժողովի շրջանակներում հրաժարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ունենալ Ազովի ծովի մատույցներում ծագած ճգնաժամի պատրվակով: Ի պատասխան, ՌԴ ԱԳՆ աղբյուրները հաղորդեցին, որ «ՌԴ նախագահը ազատ ժամանակը կօգտագործի իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպում ունենալու համար»: Դա առաջացրեց այնպիսի զգացողություն, թե երկու նախագահները Արգենտինայի մայրաքաղաքում կխաղարկեն դիվանագիտական պարտիա, որը շախմատում անվանում են «վերջնախաղ»: Վերջինս ենթադրում է փղի խաղը ձիու դեմ եւ նավակը (Էրդողան) թեթեւ ֆիգուրի (Թրամփ) դեմ:

Շախմատիստները գիտեն, որ վերջնախաղը սկսվում է այն ժամանակ, երբ խաղատախտակի վրա մնում են համեմատաբար փոքր թվով ֆիգուրներ, եւ արքայի (Պուտինի) վրա ուղղակի հարձակումները կոմբինացիոն բարդացումներով անհնար են: Եվ այսօր ահա թե ինչ ունենք խաղատախտակի վրա: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Էրդողանին խնդրել էր «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ բարձրացնել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի թեման: Կիեւը Անկարային նաեւ խնդրել էր փակել Բոսֆորի նեղուցը ռուսական ռազմանավերի առջեւ: Ավելին, գերմանական Bild թերթին տված հարցազրույցում Պորոշենկոն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ էր արել ռազմածովային ուժեր տեղաբաշխել Ազովի ծովում: Այժմ չենք քննարկի Մոնտրյոյի պայմանագրի առանձնահատկությունները եւ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների իրավական ռեժիմի խնդիրը: Խնդիրն ուրիշ է:

Պորոշենկոն իր գործողություններով Էրդողանին դրեց աշխարհաքաղաքական սուր ինտրիգի կենտրոնումՙ ուժեղացնելով Թուրքիայի դիրքերը G20-ի գագաթաժողովում ընդդեմ Թրամփի: Դրա արդյունքում Էրդողանը տեսականորեն հնարավորություն ստացավ իրացնելու ի հայտ եկած առավելությունը, որպեսզի Վաշինգտոնի հետ անցկացվող խաղը հանգեցնի արդեն արձանագրված դիրքերին: Բուենոս Այրեսում Թրամփի հետ հիսուն րոպե տեւած հանդիպման ընթացքում Էրդողանին դա որքանո՞վ է հաջողվել, դժվար է ասել: Բանակցությունները դռնփակ էին, եւ դրանց ավարտից հետո որեւէ հայտարարություն չարվեց: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի փոխհարաբերություններում խնդիրների շրջանակը լայնորեն հայտնի է: Վաշինգտոնը դեմ է Թուրքիայի կողմից ռուսական հ-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից, «Թուրքական հոսքին», եւ առհասարակ երկու երկրների առեւտրատնտեսական ու ռազմատեխնիկական լայն համագործակցությանը, Թուրքիայից պահանջում է միանալ հակաիրանական պատժամիջոցներին: Իսկ փոխարե՞նը:

Օրերս թուրքական Hurriyet թերթը հանդես եկավ սենսացիոն մերկացումներով: Պարզվում է, որ ԱՄՆ-ը Սիրիայում, Եփրատից արեւելք, «ոչ միայն ենթակառույց է ստեղծում քրդական անկախ կազմավորման համար, այլեւ հայտարարել է այդ պետության ստեղծման ժամկետների մասին», ինչը Անկարան հավանական վտանգ է համարում իր տարածքային ամբողջականության համար: Վաշինգտոնն այս ուղղությամբ որեւէ զիջում չի անում, նույնիսկ չնշելով նախապայմաններ, որոնք ձեռնտու կլինեին Թուրքիային: Այդ պատճառով, ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, Անկարան փորձում է իրականացնել խոր ռազմավարական կարգավորում, որպեսզի տեղ զբաղեցնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ուժերի զուգակշռության մեջ: Համենայն դեպս այդպիսին է արտաքին տպավորությունը: Սակայն, ինչպես նշում է դիտորդներից մեկը, կարելի է պարզապես «այո» կամ «ոչ» պատասխանել ծագող հարցերին:

Թուրքիան տեսնու՞մ է արդյոք, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները եւ Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակը կազմում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայության համապատկերի մի մասը, որ արտաքին որոշակի ուժեր փորձում են Անկարային ներքաշել այդ հակամարտության մեջ, ինչպես դա արվեց Սիրիայում: Այո: Թուրքիան հասկանո՞ւմ է արդյոք, որ «Թուրքական հոսքը» հարված է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցմանը, եւ որ Կերչի նեղուցում պատահած դեպքը կարող է կապված լինել «Թուրքական հոսքի» հետ, հարց է տալիս Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում: Պատասխանը դրական է: Անկարան Արեւմուտքից կամ Կիեւից փոխհատուցում կստանա՞ արդյոք Ռուսաստանի հետ իր առեւտրատնտեսական, էներգետիկ եւ ռազմատեխնիկական լայնընդգրկուն կապերի սահմանափակման դիմաց: Ոչ: ԱՄՆ-ը Թուրքիայի համար հարթ ընթացք կտա՞ արդյոք քրդական հարցին: Ոչ: Թուրքիան կհրաժարվի՞ արդյոք Ռուսաստանի հետ դաշինքի արդունքում ի հայտ եկած նոր աշխարհընկալումիցՙ կապված Մերձավոր Արեւելքում կարեւոր եւ գրեթե միակ խաղացողի դերի հետ: Ոչ: Թուրքիան կշարունակի՞ արդյոք վարել ուժերի հավասարակշռության քաղաքականություն եւ օգուտներ կորզել ի հայտ եկող հնարավորություններից: Այո: Սակայն, ինչպես ասել է Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում, «Էրդողանի հետ միշտ եղել են լավ հարաբերություններ, բայց իրավիճակը խախտվեց, եւ թուրքերը սկսեցին կոշտ ձեւով վարվել»:

Ահա թե ինչու Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը, որն արդեն յոթերորդն էր ընթացիկ տարում, որոշակի իմաստով խորհրդանշական էր: Ինչպես նշում է թուրքական Haberturk հրատարակությունը, սերտ հարաբերություններ ունեցող երկու ղեկավարները Արգենտինայից ազդակներ էին հղում ԱՄՆ-ին եւ Եվրոմիությանը, իսկ նրանց բանակցությունները լայնորեն դուրս են գալիս գազի եւ Իդլիբի իրադրության շրջանակներից: Բուենոս Այրեսում նրանք միասնաբար մենակ թողեցին Թրամփին, ով այնուամենայնիվ ստիպված եղավ ոտքի վրա բառեր փոխանակել Պուտինի հետ: Եվ հիմա ամերիկացի որոշ փորձագետներ, մասնավորապես Ջեյսոն Սմարթը, առաջ են քաշում մի վարկած, որի համաձայն արգենտինական պարտիան ծրագրված էր այնպես, որ Ռուսաստանի նկատմամբ հերթական պատժամիջոցները չձեռնարկվեն Ազովի ճգնաժամի կապակցությամբ, ուստի ընտրվեց նման մարտավարություն: Էրդողանն արագորեն «լվաց ձեռքերը»ՙ նորմանդական քառյակին առաջարկելով լուծել Կերչի նեղուցի հետ կապված ճգնաժամի բոլոր հարցերը: Ինչ վերաբերում է Թրամփին, նա չի բացառում ապագայում իր հանդիպումը Պուտինի հետ: Այսպիսով, Թրամփը, ամենայն հավանականությամբ, տանուլ է տվել Պուտինի եւ Էրդողանի արգենտինյան վերջնախաղը:

Ֆրանսիական Le Figaro թերթը արձանագրում է, որ «Մեծ քսանյակի» գագաթաժողովը հաստատեց միջպետական հարաբերություններում տնտեսական վտանգների գոյությունը: Դրանք կապված են տնտեսական աճի շրջափուլի կտրուկ փոփոխման, ԱՄՆ-ի սկսած առեւտրական, արժութային եւ տեխնոլոգիական պատերազմի հետ: «Մեծ քսանյակի» ստեղծումից տասը տարի անց Բուենոս Այրեսի գագաթաժողովը անցկացվեց համաշխարհային տնտեսության եւ աշխարհաքաղաքականության անկման արագացող տեմպերի պայմաններում:

Գագաթաժողովի շրջանակներում անցկացվեց BRICS-ի երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ խոսվեց մասնավորապես Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման անհրաժեշտության մասին: Տվյալ հարցն արժանացավ գագաթաժողովի բոլոր մասնակիցների հավանությանը, ինչը արտացոլվեց ընդունված հռչակագրում: Քննարկման առանձին թեմա դարձավ կլիմայական փոփոխությունների հարցը: Կլիմայի վերաբերյալ Փարիզի 2015 թ. համաձայնագիրը ստորագրած երկրները հաստատեցին, որ փաստաթուղթը անշրջելի բնույթ է կրում, եւ ենթակա է պարտադիր կատարման: Ընդդիմադիրը Դոնալդ Թրամփն էր, որը հաստատեց Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի մտադրությունը: Ըստ որում, պաշտոնական Վաշինգտոնը նշում է, որ ինքը կողմնակից է տնտեսական աճին, էներգառեսուրսների հասանելիությանը, անվտանգության ապահովմանը, օգտագործելով էներգիայի բոլոր աղբյուրներն ու տեխնոլոգիաները, ընդսմին պաշտպանելով շրջակա միջավայրը: Գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվեցին նաեւ համատեղ պայքարել հարկադիր միգրացիայի պատճառների դեմ: Տվյալ կետը հռչակագրի մեջ մտցվեց G20-ի կազմի մեջ չմտնող, բայց մշտական դիտորդ հանդիսացող Իսպանիայի ջանքերով: Հաստատվեց նաեւ առաջիկա երեք տարում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը:

Գագաթաժողովի շրջանակներից դուրս տեղի ունեցան տարբեր երկրների ղեկավարների առանձին երկկողմ հանդիպումներ: Հատկապես կարեւոր է համարվում ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը երկկողմ առեւտրական պատերազմի հետագա ընթացքի վերաբերյալ: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում երկու ղեկավարները պայմանավորվել են 2019 թ. հունվարի 1-ից չմտցնել երկկողմ առեւտրի նոր մաքսատուրքեր: Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ բարձր մաքսատուրքեր սահմանելու մորատորիումը կտեւի 90 օր, եւ այդ ժամանակամիջոցը կօգտագործվի երկկողմ բանակցությունների համար: ԱՄՆ-ը կդադարեցնի ՉԺՀ-ից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի հաստատումը, իսկ ՉԺՀ-ն խոշոր ծավալնեով կշարունակի ամերիկյան գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքների ներմուծումը: Նախագահների հանդիպումը տեւել է երկու ժամից ավելիՙ նախատեսվածից ավելի երկար, հաղորդում է BBC-ն: Թեեւ ԱՄՆ-ՉԺՀ բանակցությունները տեղի ունեցան G20-ի գագաթաժողովի ավարտից հետո, Բուենոս Այրեսում դրանք դարձան կարեւորագույն իրադարձություն, քանի որ ԱՄՆ-ի ու Չինաստանի առեւտրական պատերազմի հետեւանքով կարող են վնասներ կրել բոլոր երկրները: ԱՄՆ-ը չինական ապրանքների մաքսատուրքերի հետագա բարձրացման հարցը պետք է լուծի մինչեւ 2019 թ. ապրիլի 1-ը, երբ նախատեսված է ստորագրել երկկողմ առեւտրի նոր համաձայնագիր:

Եվ վերջապես, պակաս կարեւոր չէ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի միջեւ նոր եռակողմ առեւտրական համաձայնագրի ստորագրումը, որը պետք է փոխարինի 1994 թվականից գործող NAFTA-ին (Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագիր):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ