RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1155, Տպվել է` 227, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԵԼԱՆԵԼԻ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Վերակենդանացող սառը պատերազմի թեժ կետերից մեկը գտնվում է Սիրիայի տարածաշրջանում: Խորհրդային ժամանակներում մերձավորարեւելյան բոլոր հակամարտությունները ունեին գաղափարախոսական հակվածություն, սակայն կայսրության անկումից հետո կրոնը քաղաքականացվեց եւ ռազմականացվեց, որպեսզի սնուցեր աղանդավորական բռնությունը տարածաշրջանում:

Մերձավոր Արեւելքը աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի գերտերությունների համար, պայմանավորված նավթի առկայության եւ Իսրայելի անվտանգության հանգամանքներով: Տեխնիկական նորագույն սարքավորումների օգնությամբ կեղծ լուրեր տարածելու ներկա դարաշրջանում որեւէ հակամարտություն կարելի է ներկայացնել իրականությունից բացի ցանկացած տեսանկյունից:

Արաբական գարունը Մերձավոր Արեւելքում նախաձեռնվեց իբր տարածաշրջանում ժողովրդավարություն հաստատելու նկատառումներով: Երբ այդ գարունը ավերեց Իրաքը, Լիբիան, Սիրիան եւ մի փոքր հարավում գտնվող Եմենը, մարդիկ հասկացան, որ տարածաշրջանի որեւէ կայուն երկիր սպառնալիք էր որոշ գերպետությունների իշխանամոլական ծրագրերի համար: Այդ իրավիճակի հեգնական տարրերից մեկն այն էր, որ Մ. Նահանգները վահաբիզմի ծայրահեղական կրոնական գաղափարախոսությամբ զինված Սաուդյան Արաբիայի բռնատիրական թագավորությանն էր վստահել «ժողովրդավարություն» հաստատել Սիրիայում:

Սիրիական հակամարտությունը, փախստականների աննախադեպ արտահոսքով, ոչ միայն ավերեց ամբողջ երկիրը, այլ իր հետեւանքներն ունեցավ նաեւ հարեւան երկրներիՙ Հորդանանի եւ Լիբանանի տնտեսությունների վրա, առաջացնելով քաղաքական հակադարձություններ նաեւ արեւելյան Եվրոպայում եւ Գերմանիայում:

Ներկայիս սիրիական մարտադաշտում բազմաթիվ մեծ ու փոքր ուժեր գործի են անցել «կառավարելու», ճիշտ կամ սխալ ձեւով, շարունակվող պատերազմը: Գլխավոր դերակատարներն, անշուշտ, Մ. Նահանգներն ու Ռուսաստանն են, որոնց հետեւում են Իրանը, Թուրքիան, Իսրայելը եւ որոշ չափով նաեւ Ծոցի պետությունները: Նրանցից յուրաքանչյուրն իր արջի ծառայությունն է մատուցում հայտարարելով, որ «օգնում է սիրիացի ժողովրդին», մինչդեռ իրականում հետապնդում է իր նեղ, անձնական շահը:

Երբ Մոսկվան փորձում էր իրեն վերագտնել Խորհրդային կայսրության փլուզումից հետո, Արեւմուտքը հրահրեց բալկանյան եւ մերձավորարեւելյան արյունահեղ պատերազմները, գործի դնելով անհեռատես մի քաղաքականություն: Բայց երբ Սիրիա ներխուժեցին վարձկանները, անմիջական սպառնալիք ստեղծելով Ռուսաստանի զինվորական եւ տնտեսական բնագավառների համար, ապա Մոսկվան որոշեց վերջ դնել այդ ամենին եւ միջամտել: Այնուհետեւ Իրանի եւ Թուրքիայի շահերի համընկնումը ստիպեց նրանց եւս մասնակցել: Արդյունքում Սիրիայի հակամարտությունը վերաճեց սառը պատերազմի յուրահատուկ մի լաբորատորիայի, որտեղ յուրաքանչյուր մասնակից հետամուտ է լինում ապահովելու իր շահերը:

Վաշինգտոնի իսկական նպատակը Սիրիայում իշխանափոխության հասնելն էր: Հլու-հպատակ եւ կիսագրագետ լրատվամիջոցների օգնությամբ հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում սեւացնել, վատաբանել որեւէ առաջնորդի, որպեսզի հետագայում կարելի լինի արդարացնել ռազմական ներխուժումը նրա երկիր, ինչպես պատահեց Իրաքում եւ Լիբիայում:

Մ. Նահանգները, այնուհետեւ, լավ գիտակցելով, որ Մոսկվան մինչեւ վերջ պաշտպանելու է Ասադի իշխանությանը, շարժական թիրախն ուղղեց ISIS-իՙ իսլամական պետության վրա:

Ռուսաստանն այսօր ընդարձակ ռազմաբազա ունի Թարթուսում (Սիրիա): Իրանը ռազմական եւ քաղաքական ներկայություն ունի Սիրիայում, Իսրայելի դեմ ուղղված իր «Հզբոլլահ» ստորաբաժանումով: Մ. Նահանգներն էլ է այնտեղՙ փոփոխական նպատակներով: Իսկ Իսրայելն իր ներկայությունը ապահովում է ժամանակ առ ժամանակ ռմբակոծելով Սիրիայի տարածքը, մինչ վարչապետ Նաթանյահուն վստահորեն հոխորտում է, որ Իսրայելը Գոլանի բարձունքներում կմնա հավիտյան: Ինչ վերաբերում է Թուրքիային, նա էլ Օսմանյան երազանքներ փայփայելով փորձում է արեւելյան Սիրիայից մի կտոր հողատարածք կորզել:

Սիրիայի տարածքի մեծ մասը վերանվաճվել է ISIS-ից եւ ներկայիս գտնվում է կառավարական ուժերի հսկողության ներքո, ստեղծելով կիսաբնականոն պայմաններ փախստականների վերադարձի համար: Բայց Սիրիայի ապագան դեռեւս անորոշ է: Գերտերությունների համար հակամարտությունը փակուղի է մտել:

Այդուհանդերձ, հակամարտության ընթացքում Մոսկվան եւ Թուրքիան, ի հեճուկս Արեւմուտքի, դարձել են տարօրինակ գործընկերներ: Թուրքիան ամերիկյան պատժամիջոցներին ձեռնոց նետելով ընդլայնել է արտահանումները դեպի Ռուսաստան, եւ Ռուսաստանից գնել S-400 տիպի ծանր հրետանի: Իր հերթին Մոսկվան ավարտին է հասցրել «Turkstreamgas» խողովակաշար կառուցելու ծրագրի ամրագրումը, որով բնական գազ է մատակարարվելու Եվրոպային: Մեհմետ Օգուտչուն ՙ Բոսֆորի էներգաակումբի գլխավոր տնօրենը, «մեծ հաջողություն» է համարել այդ խողովակաշարի շինությունըՙ հակառակ ծրագիրը խոչընդոտելու ամերիկյան ջանքերին: «Այդ ծրագիրը ամրապնդելու է առեւտրական եւ ռազմական հարաբերությունները Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, որովհետեւ ստեղծելու է փոխադարձ կախվածություն», ասել է նա: 2011-ին սկսած սիրիական պատերազմի հետեւանքով մինչ օրս սպանվել են 360 հազար քաղաքացիներ: Երկրի ներսում տեղահանվել են բազմաթիվ մարդիկ, ուրիշներ դարձել են փախստական եւ ողողել Թուրքիան (3 միլիոն մարդ), Լիբանանը (2 միլիոն), Հորդանանը (1 միլիոն) եւ Եվրոպան:

Չնայած երկրի տարածքի մեծ մասը արդեն ազատագրվել է Ասադի եւ ռուսական զորքերի կողմից, չի կարելի ասել, որ պատերազմն ամբողջապես ավարտված է: Նոյեմբերի 28-ին եւ 29-ին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում փորձում էին վերջնական համաձայնության հասնել: Այս երեք երկրների ջանքերի շնորհիվ զգալիորեն նվազել է բռնությունը տարածաշրջանում:

Սակայն ISIS-ը դեռեւս Դեր Զորում է, նավթով հարուստ այդ շրջանում, որը նաեւ պատմական նշանակության վայր է հայերիս համար: Թուրքիան Աֆրինում է եւ մարտնչում է տեղի քրդական ուժերի դեմ, իսկ Մ. Նահանգները Մանբիջում է պաշտպանելու համար քրդական YPG զորքերին, որոնք ամենաարդյունավետ ձեւով կռվում էին ISIS-ի դեմ:

Սիրիայի հարցով ամերիկացի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին նշել է, որ Ամերիկայի «տեղական գործընկերը 2014-ից ի վեր եղել է PKK-ի ճյուղավորումը կազմող PYD/YPG-ն, որին մենք չենք բնորոշել որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչպես կատարել էինք PKK-ի դեպքում»:

Բայց կարծես Ամերիկայի տարածաշրջանային այդ քաղաքականությունը շրջադարձ է ապրում: Հաշվի առնելով, որ Անկարայի դիրքորոշմամբ Սիրիայում ապրող քրդերը նույնպես ահաբեկիչներ պետք է որակվեն, Ջեֆրին իր հայտարարությունն ավարտում է հետեւյալ կերպ. «Մ. Նահանգների գործողությունները Սիրիայում չէին կարող իրականացվել առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության, համակարգման եւ համագործակցության»: Սա նշանակում է, որ Մ. Նահանգները մտադիր է քրդերին լքել ճակատագրի քմահաճույքին եւ այդ պատճառով էլ որոշ քրդեր ապաստան են որոնում Ասադի վարչակարգում:

Սպիտակ տունը, պետքարտուղարությունը եւ Պենտագոնը հակասական հայտարարություններ են արել Սիրիայի վերաբերյալ: Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը շուտով հեռանալու են Սիրիայից: Ազգային անվտանգության խորհրդական Բոլթոնը նշել է, որ ամերիկյան զորքերը չեն թողնելու Սիրիան մինչեւ իրանյան զորքերն ու իրենց ստորաբաժանումները չհեռանան այնտեղից: Իսկ Պենտագոնը վստահ չէ, թե Իրանին եւ նրա համախոհներին վերացնելը Ամերիկայի պաշտոնական դիրքորոշումն է: Միջազգային անվտանգության հարցերով զբաղվող պաշտպանության մի փոխքարտուղար հավաստել է, որ Մ. Նահանգները չի անջատում ISIS-ի դեմ ուղղված ջանքերն Իրանի դեմ իրագործված քաղաքականությունից:

Մինչ սիրիական հակամարտությունը մոտենում է իր ավարտին, այդ երկրից տեղահանված հայերը տատանվում են վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը: Հայաստանում ապաստան գտած մոտ 22 հազար սիրիահայերից քչերն են պատրաստվում Սիրիա վերադառնալ: Մի մասը որոշել է վերջնականապես հաստատվել հայրենիքում, իսկ մի մասն էլ Հայաստանը դիտարկում է որպես տարանցիկ «կիսակայարան», որտեղից հայկական անձնագրեր ստանալուց հետո կկարողանան տեղափոխվել Արեւմուտք:

Պատերազմից առաջ մոտ 80 հազար հայեր էին ապրում Սիրիայում, որտեղ վայելում էին առանձնաշնորհյալ կարգավիճակ, քանի որ երկրի քաղաքականությանը չէին խառնվում եւ որպես արհեստավարժ մասնագետներ, առեւտրականներ եւ ջանասեր գործարարներ նպաստում էին երկրի տնտեսության զարգացմանը:

Նրանք նաեւ հայկականության, հայապահպանության վերջին ամրոցն էին անառիկ պահում սփյուռքյան այլ համայնքներին տալով գրագետ ու պատրաստված առաջնորդներ, գրողներ եւ կղերականներ: Սերդար Կուրուչու անունով մի հետազոտող «Ալ Մոնիտոր» թերթին հայտնել է, որ մինչ բազմաթիվ էթնիկական խմբավորումներ Սիրիայից փախչելով Թուրքիայում են ապաստան գտնում, ինքը հարցրել է մի սիրիահայի, թե ինչո՞ւ հայերը եւս Թուրքիա չեն գալիս, որն այնքան մոտիկ է սահմանին: Պատասխանը եղել է. «Այո, Թուրքիայի սահմանը շատ մոտիկ է, բայց իրական կյանքում այն չափազանց հեռու է մեզանից»:

Այս պատասխանը նշանակում է ոչ միայն հիշել Հայոց ցեղասպանությունը, այլեւ հիշել մեր ժամանակների ավերումը Դեր Զորի հուշահամալիրի եւ Քեսաբի (Սիրիա) կոտորածը թուրքերի եւ նրանց համախոհների կողմից:

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը զգուշացրել էր հայերին չեզոք դիրք պահել սիրիական հակամարտությունում: Բայց պարզվում է Նիկոլ Փաշինյանը տարբեր քաղաքականություն է որոշել վարել: Հայաստանը, նաեւ Սերբիան, պատրաստվում են մարդասիրական առաքելությամբ մի զինվորական քանակակազմ ուղարկել Սիրիա: Հայաստանը նախկինում մարդասիրական օժանդակություն (հագուստ, սնունդ) ցուցաբերել էր Սիրիային, բայց այս անգամ զինված ուժերն էլ են ընդգրկված:

Չնայած Երեւան կատարած իր այցի ժամանակ Բոլթոնը նախազգուշացրել էր Հայաստանին, որ չմիջամտի, ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հաստատել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են եւ առաքելությունը շուտով կիրականացվի:

Հայաստանը իրավամբ պարտավոր է նման մարդասիրական աջակցություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին եւ Սիրիայում բնակվող հայկական համայնքին:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm.Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ