RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



ՄՏԱՀՈԳԻՉ

Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1247, Տպվել է` 245, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՀԲԸՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԱԼՎԱԾՔ

ՌԱԿ Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթի 16 նոյեմբերի համարից իրազեկ դարձանք եւս մի ցավալի իրականությանՙ Կանադայի Տորոնտո քաղաքի ազգային նշանակության կարեւորագույն կալվածքըՙ ՀԲԸՄիության Ալեք Մանուկյանի անվան գեղեցիկ համալիրի մի մեծ հատվածը հանվել է վաճառքիՙ առանց խորհրդակցելու նույն համալիրում գործող Սբ. Երրորդություն եկեղեցու հոգաբարձության եւ Կանադահայոց թեմի առաջնորդի հետ: Որպես վաճառող հանդես է գալիս ՀԲԸՄ-ի Արմեն-Օնտարիո մասնաճյուղի վարչությունը, որը համասեփականատերն է հիշյալ կալվածքի:

Այս կապակցությամբ, ինչպես տեղեկացնում է նույն թերթը, նոյեմբերի 11-ին Սբ. Երրորդություն եկեղեցում, մտահոգ եւ հուզված բազմահարյուր հայրենակիցները, թեմի հոգեւոր առաջնորդ Աբգար եպս. Հովակիմյանի, համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչների գլխավորությամբ, այդ թվումՙ եկեղեցու կառուցման հանձնախմբի ատենապետ Արա Պոյաճյանի ներկայությամբ անցկացրել են հանրային քննարկում:

Ընդվզման պատճառը, ինչպես ասվեց, համալիրի մասնակի վաճառման որոշումն է եղել: Հատկապես այնՙ որ այդ որոշումը ՀԲԸՄ-ը միակողմանի է տվել, առանց նախօրոք գնման առաջարկություն անելու համասեփականատիրոջՙ եկեղեցու հոգաբարձությանը, ինչը նախապայման է նման գործարքներում: Մանավանդ որ, արդեն, համալիրիՙ ՀԲԸՄիությանը պատկանող մասը վերջինս վարձակալության է տված եղել ինչ-որ պակիստանցիների, որոնք տեղավորվել են շենքի սրահներում, դահլիճներում եւ խաղահրապարակներում: Այսինքն, ըստ ելույթ ունեցողներից ոմանց, շենքի այդ հատվածն արդեն հայկական տեսակետից անգործածելի է դարձվելՙ վաճառքի գործընթացն սկսելուց առաջ: Եվ արդեն նույնինքն ՀԲԸՄ Արմեն-Օնտարիո վարչության նամակում նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել օտարՙ Centennial College-ի հետ համալիրի այդ խոշոր հատվածը վաճառելու շուրջը, իսկ եթե եկեղեցին ցանկանում է ինքը ձեռք բերել այն, պարտավոր է 3 ամսվա ընթացքում վճարել 8,5 միլիոն դոլար: Պայմանաժամՙ որն անբավարար է այդքան խոշոր գումար հանգանակելու համար:

Համենայնդեպս, համայնքային նույն ժողովում որոշվել է գրավոր դիմել ՀԲԸՄ-ի տնօրենների ժողովի նախագահ Պերճ Սեդրակյանին հետս կոչելու վաճառքի որոշումը, իսկ անկարելիության պարագայումՙ նվազեցնել վաճառքի գինը եւ ավելի երկար ժամանակ տրամադրել հանգանակության համար:

Հատկանշական է, որ չսպասելով նամակի պատասխանինՙ Կանադայի թեմի առաջնորդ Աբգար Սրբազանը հենց տեղում, փաստորեն նախաձեռնելով դրամահավաքի արշավը, սեղանի վրա է դրել իր եպիսկոպոսական մատանիները, թանկարժեք պանակեն եւ ասան (եպիսկոպոսական գավազան) որպես առաջին լումա...

Տեղեկացնենք ընթերցողներին, որ ՀԲԸՄ Ալեք Մանուկյան հոյակապ համալիրը կառուցվել է 1980-85 տարիներին, նյութական ու բարոյական հովանավորությամբ մեծ բարերար, Ազգային հերոս Ալեք Մանուկյանի եւ օրհնությամբ Ամենայն հայոց հայրապետ Վազգեն Ա կաթողիկոսի: Համալիրում գործում է Սբ. Երրորդություն եկեղեցին եւ գործել են ՀԲԸՄ երիտասարդական կենտրոնն ու Զառուկյան վարժարանը:

Մյուս կողմից, զարմանալի զուգադիպությամբ, օրերս ստացանք մտահոգիչ եւս մի տեղեկություն, կրկին ՀԲԸՄիությանը առնչվող, այս անգամ Պարսկաստանիցՙ Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթից: Թերթը ահազանգում է, որ Իրանի մայրաքաղաքում վերջին 50 տարիների ընթացքում ինքնավարման սկզբունքով գործող ՀԲԸՄ-ի զույգ դպրոցներըՙ «Մարի Մանուկյան» աղջկանց եւ «Նվարդ Գյուլբենկյան» տղաների միջնակարգ դպրոցները, որոնք ցարդ չեն գտնվում ՀՅԴաշնակցության վերահսկողության տակ գտնվող Թեհրանի Թեմական խորհրդի ղեկավարած դպրոցների ցանցում, դեռեւս անհայտ հանգամանքներում ենթադրաբար փոխանցվելու են վերջինիս: Որպես նախաքայլ, կարդում ենք «Արաքս» շաբաթաթերթում, ՀԲԸՄ-ի տարածաշրջանային տնօրեն Վազգեն Յակուբյանը Թեհրան կատարած իր բազմակի այցերից մեկում «շնորհքին վտարել է» Իրանում Բարեգործականի երկար տարիների նախագահուհի Աստղիկ Բաբայանին, վերջինից վերցնելով վերոհիշյալ դպրոցաշենքերի կալվածային փաստաթղթերը: Շաբաթաթերթը, որն այս առիթով հիշեցնում է Կիպրոսի Մելգոնյան մեծահռչակ դպրոցը փակելու եւ դպրոցաշենքը վաճառքի հանելու տասնամյա պատմությունը, ենթադրում է, որ վերոհիշյալ վարժարանների փոխանցումը Թեհրանի հայոց առաջնորդարանինՙ «քաջալերելու եւ նպաստելու է Իրանում ՀՅԴ-ի կամայական ձգտումներին»:

Բոլոր պարագաներում ենթադրում ենք, նաեւ ակնկալում, որ մեր ազգային-մշակութային-կրթական մեծագույն կազմակերպությանՙ Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավարությունը ի վերջո հանդես կգա համապատասխան բացատրություններով, որին մեր թերթը պատրաստ է ընդառաջ գնալ լայն լուսաբանմամբ եւ, ի հարկին, մեկնաբանությամբ: «ԱԶԳ»

Նկար 1. Համալիրի ընդհանուր տեսքը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ