RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1207, Տպվել է` 224, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՇՔԵՂ ՊԱՆՆՈՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին

Արամ Խաչատրյանի 115- ամյակին նվիրված բեռլինյան համերգին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Բեռլինի Ժանդարմենմարկտ հրապարակի կենտրոնական կառույցըՙ կլացիստական ոճի Կոնցերտհաուսը, որ թարգմանաբար նշանակում է համերգների պալատ, նոյեմբերի 28- ին ժամը 20- ին իր անվան երկու բաղադրիչին համարժեք հյուրեր ունեցավ: Առաջին անգամ պաշտոնական այցով Գերմանիա ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու նրա տիկին Նունե Սարգսյանը, ԳԴՀ պետական բարձրաստիճան ղեկավարների հետ երկօրյա, իրար հաջորդող հանդիպումներից հետո, ներկա եղան Արամ Խաչատրյանի 115- ամյակին նվիրված համերգին: Բեմում դիրիժոր Էդվարդ Թոփչյանն էր իր ղեկավարած Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբով, մենակատարըՙ աշխարհում ճանաչված անունՙ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը : Ծրագիրն արդեն այնքան գեղեցիկ էր կազմված, որ պատշաճում էր օրվա տոնական առիթինՙ «Սպարտակ» բալետի սյուիտը, « Ջութակի կոնցերտը», իսկ ընդմիջումից հետոՙ Շոստակովիչի հինգերորդ սիմֆոնիան: Եթե հիշենք, որ 20- րդ դարի մեծագույն երեւույթներից մեկիՙ Արամ Խաչատրյանի 100- ամյակին նվիրված համերգը մեկնարկեց 2002- ի նոյեմբերի 4- ին հենց Բեռլինից, Արամ Ղարաբեկյանի ղեկավարած Հայաստանի կամերայինի նվագախմբի, 13- ամյա Նարե Արղամանյանի տպավորիչ ելույթով, բայց սակավաթիվ հանդիսատես ամփոփող Պալե ամ Ֆեսթունգսգրաբեն սրահում, իսկ ներկա դասականըՙ Էդվարդ Միրզոյանը հիացմունքի հետ ափսոսանք հայտնեց, թե «այդ սրահը չափերով չի համապատասխանում Խաչատրյանի մեծ մասշտաբներին», ապա նկատելի կդառնա, որ 115- ամյակին նվիրված խաչատրյանական տոնը Կոնցերտհաուսում նշելը նախՙ կգոհացներ երջանկահիշատակ Միրզոյանին, իսկ մեզ կարտոնի արձանագրել, թե «այս մասշտաբները» հայ- գերմանական վերընթաց հարաբերությունների վկայությունն են:

Բացի հայ համայնքի պատկառելի ներկայությունից, Խաչատրյանի երաժշտությունն ու դրա շքեղ գունապնակը կերտած մեր երաժիշտ կատարողների վարկը համերգասրահ էր բերել Բունդեսթագի պատգամավորների, ԳԴՀ կառավարության ներկայացուցիչների, դիվանագետների, եւ որ ամենակարեւորն էՙ երաժշտություն սիրող գերմանացիների:

Տեղի սղության պատճառով այս շարադրանքում ստիպված կոճկում եմ համերգից ստացած ապրումներիս, հույզերիս նկարագրությունը փոխանցելու գայթակղությունը, խոստանալով դրանք հյուսելՙ հաջորդ համարում: Փոխարենը ներկայացնում եմ համերգի առաջին բաժնից հետո նախագահ Արմեն Սարգսյանի հետ մեր կարճառոտ զրույցը:

Գերմանական OWC արտաքին տնտեսությունները հետազոտող հրատարակչությունը ՀՀ նախագահի Գերմանիայում գտնվելու փաստը նկատի ունենալովՙ նրա մասին պատմող անդրադարձը վերնագրել է «Շաբաթվա մարդը»: Հրատարակչությունն իհարկե չի վրիպումՙ «ֆիզիկայի պրոֆեսորը ԵՄ գիտակ է համարվում» բնորոշման մեջ, բայց համերգին ներկա իմ բազմաթիվ հայ եւ գերմանացի զրուցակիցներ հավելում ենՙ փայլուն բանակցող է, երկխոսության վարպետ, մարդկային հարաբերություններ կառուցելու նուրբ ճարտարապետ, գիտակ, բազմաշերտ հիշողության տեր: Մեր զրույցին հետեւածները կվկայենՙ ֆիզիկայի պրոֆեսորը հրաշալի երաժշտագետ է նաեւ: Ահաՙ համոզվիր եւ դու, սիրելի ընթերցող: «Խաչատրյանը Ձեր կյանքում ի՞նչ դեր է ունեցել»:

- Շատ մեծ դեր: Խաչատրյանը ամենամեծ հայ երգահանն է, մարդ է, որով աշխարհը, եւ ոչ միայն Եվրոպան, ճանաչում է մեզ: Կարծում եմ աշխարհի լավագույն ռոմանտիկ կոմպոզիտորներից մեկն է: Խաչատրյանով կարող ենք հպարտ լինել, քանի որ աշխարհի շատ մայրաքաղաքներում, եթե վերցնենք դասական FM- ները, առնվազն 15- 20 տոկոսը Խաչատրյան է, որովհետեւ ամենագեղեցիկ երաժշտությունն ունի, ե՛ւ «Գայանեն», ե՛ւ «Սպարտակը», եւ՛ «Ջութակի կոնցերտը»: Խաչատրյանը իմ կյանքում ունի մեծ դեր, քանի որ նա առիթ է դարձել, որ ժամանակին ծանոթանամ Դավիթ Օյստրախին, որ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտի» առաջին կատարողն է եղել, այդ կատարումը եղել է Լոնդոնում, տեղի ֆիլհարմոնիկի հետ, Լոնդոնի ֆիլհարմոնիայի կոնցերտմայստերն այն ժամանակ Մանուկ Բարիկյանն էր: Այդ կոնցերտը կատարելու համար մոտավորապես 2- 3 ամիս ապրել է Լոնդոնում: Եվ շատ սիրված է եղել նաեւ Բրիտանիայի վարչապետի կողմից, որը շաբաթը մեկ նրան հրավիրել է Դաունինգ փողոց 10ՙ ընթրիքի, քանի որ դասական երաժշտության եւ Խաչատրյանի ամենամեծ սիրահարներից է եղել: Շարունակե՞մ:

- Սերգեյ Խաչատրյանի մասին ի՞նչ կասեք:

Նրան ճանաչում եմ իր շատ փոքր տարիքից, Եվրոպայում իր առաջին համերգներից մեկն ունեցել է Լոնդոնում, այդ համերգը կազմակերպել է իմ կինը:

- (Հեքիաթագիր Նունե Սարգսյանը) մի հեքիաթ իրականություն է դարձրել:

- Այդ հեքիաթն իրականություն կդառնար անկախ մեզանից յուրաքանչյուրիցս, որովհետեւ Աստծո կողմից տրված հսկայական տաղանդ է եւ հանճարեղ ջութակահար:

- Նոյեմբերի 27- ին այցելեցիք գերմանական Կարմիր խաչ: Քարվաճառցի սպանված տղայի ծնողները դեմ են, որ Բաքվում հայ գերիների կյանքը փրկեն Ստեփանակերտում բանտարկված ադրբեջանցի մարդասպաններին փոխանակելու միջոցով: Նրանց հույսը Կարմիր խաչն է: Խոսք եղա՞վ դրա մասին:

- Կարմիր խաչի հետ հանդիպման նպատակը նախ եւ առաջ շնորհակալություն հայտնելն է այն հսկայական աշխատանքի համար, որ 30 տարի առաջ Գյումրիի երկրաշարժից հետո գերմանական Կարմիր խաչը ցուցաբերեց Հայաստանին, Գյումրիին եւ Սպիտակին: Փրկեցին ոչ թե 1, այլ տասնյակ, հարյուրավոր կյանքեր: Իմ պարտականությունն էրՙ որպես երկրի նախագահ շնորհակալություն հայտնել իմ եւ Հայաստանի, ընդհանրապես հայ ժողովրդի անունից: Ինչ վերաբերում է այդ գործին, դա առանձին դեպք է, որին ես հետեւում եմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ