RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018



ՎՏԱՆԳ

Տեղադրվել է` 2018-11-24 03:30:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 3200, Տպվել է` 269, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԸ ԹԻՐԱԽՈՒՄ

ՄԱՐԱՏ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով վերլուծաբան

Նոյեմբերի սկզբին գերմանական լրատվամիջոցները տպագրեցին հոդվածներ վերնագրելով դրանք «Հայկական մաֆիան տեսադաշտում»: Հետաքննություններ վարել են ե՛ւ իրավապահները, ե՛ւ լրագրողները: Ինչպես նշում է «Ազգ»ը իր 2018 թ. նոյեմբերի 9-ի համարում, լրատվամիջոցների հրապարակումներում մեծ նորություններ չկան եւ կասկածյալների նկատմամբ ապացույցներն անբավարար են: Սակայն նույն թերթը նշում է, որ մաֆիայի գործունեության պարագիծը ենթադրաբար հասցնելով ՀՀ դիվանագիտական շրջանակներ, փաստորեն նոր ուշագրավ ենթաէջ է բացվում Գերմանիայում հայկական մաֆիայի գործում: Դիպուկ է ասված:

Միգուցե եթե ժամանակին ճիշտ կադրային քաղաքականություն վարվեր, այդ թվում եւ ՀՀ ԱԳՆ-ում, այսօր Հայաստանը կխուսափեր իր վարկանիշին խփող այս աղմկահարույց ցնցումներից: Ո՛ւշ է, հարկավոր է արդեն հետեւություններ անել: Բայց ես չեմ ուզում որեւէ մեկին դասեր տալ, կամ նույնիսկ խուրհուրդ տալ. կարծում եմ, մեր երկրում դասերի եւ խորհուրդների կարիք գրեթե ոչ ոք չունի, եւ այս «հիվանդությունը» Հայաստան երկրում ծնվեց անմիջապես Խորհրդային Միության փլուզումից հետո եւ ավելի խոր արմատներ գցեց հասարակարգի բոլոր օղակներում:

Ինչեւիցէ, ուսումնասիրելով բաց աղբյուրներից մի քանի նյութեր (ուրիշ նյութեր ես վաղուց արդեն չեմ ուսումնասիրում)ՙ կապված գերմանական առեղծվածի հետ, իսկույն հիշեցի 2018 թ. հունիսի վերջին Իսպանիայում հայ համայնքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Հունիս-հուլիս ամիսներին Իսպանիայի Մարբելյե քաղաքի (Մալագայի նահանգ, Անդալուզիայի ինքնավար միություն) համանուն ռեստորանում ձերբակալվեցին մի քանի հոգի, որից հետո իսկական որս սկսվեց այսպես կոչված «հայկական մաֆիայի» դեմ: Իսպանիայի ազգային ոստիկանությունը, թմրանյութերի դեմ պայքարի վարչության հետ միասին, Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Մուրսիում, Ալիկանտայում եւ այլ քաղաքներում բնակվող հայերի տներում, մասնավոր հաստատություններում իրականացրին 75 խուզարկություններ, ավելի քան 130 մարդ կալանվորվեց, այդ թվում եւ «օրենքով գողեր»: Ըստ բաց աղբյուրների, խուզարկությունների արդյունքում հայտնաբերվեցին կեղծ փաստաթղթեր, զենք, զինամթերք, մեծ քանակությամբ մաքսանենգ ծխախոտ եւ կանխիկ հարյուր հազար եվրո: Ոչ մի խոսք թմրանյութերի մասին:

Այդ մասին խոսվում եւ գրվում էր երկար ժամանակ: Ցավոտ հարված էր, ինչ խոսք:

Ինձ ծանոթ մի դիվանագետ, որ երկար ժամանակ աշխատել էր Իսպանիայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունում եւ լավ գիտե ե՛ւ Իսպանիան, ե՛ւ այնտեղ բնակվող հայ համայնքը, հաստատապես պնդում էր, որ այդ ամենը շինծու էՙ «եփվել է թուրք-ադրբեջանական խոհարարների» ձեռքով (որոնք բավականին ուժեղ դիրքեր ունեն այդ երկրում) եւ այդ ոստիկանական օպերացիան ուռճացրած արդյունքներ է ցույց տալիս:

Ինչ-որ տեղ իհարկե կարելի է զարմանալ, որ թմրանյութեր չեն հայտնաբերվել (իսկ օպերացիային մասնակցում էր մասնագիտաված դեպարտամենտ) եւ հայտնաբերվել է ընդամենը 100.000 եվրո կանխիկ գումար (եթե իհարկե ինչ-որ նկատառումներով իսկական թվերը չեն բարձրաձայնվում): Էլ ի՞նչ մաֆիա, ի՞նչ թմրանյութերի բիզնես, եթե ընդամենը 100.000 եվրո է ի հայտ գալիս: Ծիծաղելի է, բայց նորից եմ նշում, միգուցե խուզարկությունների իրական արդյունքները չեն հրապարակվել:

Հա՜, չմոռանամ ընդգծել, որ այնտեղ, որտեղ որսում են մաֆիային, փնտրում են թմրանյութեր, կեղծ փաստաթղթեր, զենք-զինամթերք, հետեւում եւ պարզաբանում են էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներին, էմիգրանտներին եւ տեսադաշտում են հայտնվում դեսպաններ կամ դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ (նկատի ունեմ Գերմանիայի իրադարձությունները), միայն ազգային ոստիկանությամբ եւ թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտով չես պրծնի, այդ գործերում անպայման խառն է տեղի հակահետախուզությունը, գուցե եւ հետախուզությունը, մի խոսքովՙ հատուկ ծառայությունները: Իսկ եթե խառնվում են այդ ծառայությունները, ուրեմն գործը ստանում է քաղաքական բնույթ: Առավել եւս, եթե տեղեկատվության ստացման գործում խառն է նաեւ ոչ միայն տեղի հատուկ ծառայությունը, այլ նրա որեւէ գործընկեր:

Ինձ համար, որպես հայորդու, մի քիչ դժվար է հասկանալ. ի՞նչպես է, որ հայերը, որոնք շատ արագ ինտեգրվում են հյուրընկալող երկրի հասարակությանը եւ կյանքի մեխանիզմներին, դառնում են այդ երկրի օրինապաշտ քաղաքացիներ (ընդ որում, շատ դեպքերում, ավելի օրինապաշտ, քան Մայր հայրենիքում), հանկարծ կազմում են հանցավոր խմբավորումներ, մաֆիա, տեղի են ունենում սպանություններ, ռեկետ, հայտնաբերվում թմրանյութեր, կեղծ փաստաթղթեր, անօրինական միգրացիա եւ այլն եւ այլն: Մի խոսքովՙ խնդիրներ են ստեղծում այդ պետության համար, անվստահություն ներշնչում տեղի բնիկ հասարակությանը իրենց նկատմամբ:

Կոնկրետ Իսպանիայում եւ Գերմանիայում ապրում են համապատասխանաբար 50.000-անոց եւ 40.000-ից ավելի հայ համայքներ: Առաջինները տեղաբախշված են Իսպանիայի Մալագա նահանգում, Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Մուրսիում, Սեւիլիայում:

Հայ-իսպանական առաջին հարաբերությունները ստեղծվել են դեռեւս Խաչակրաց արշավանքների ժամանակ: Իսպանիայում ապրող հայերը հիմնականում արտագաղթել են Հայաստանից:

Հայ-գերմանական հարաբերությունները նույնպես ստեղծվել են շատ վաղուց, դեռեւս 12-13-րդ դարերում: Այսօր հայերը այնտեղ տեղաբաշխված են Մյունխենում, Շտուտգարտում, Քյոլնում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում:

Ե՛վ այս երկրներում ե՛ւ այլ վայրերում հայերը աշխատում են ամենատարբեր ոլորտներում, սկսած գիտությունից, վերջացրած առողջապահության եւ արդյունաբերության ոլորտներով: Նրանք աշխատասեր, գիտակ, օրինապաշտ մարդիկ են: Հուսով եմ, որ առանձին հանցավոր խմբավորումներըՙ մաֆիան չի փչացնի դարերով կերտած մեր իմիջը: Սակայն պետք է լինել պրագմատիկՙ այսօր աշխարհում գլուխ է բարձրացնում ծայրահեղականությունը, քսենոֆոբիան, իսլամաֆոբիան, արմատականությունը, ահաբեկչությունը, ուրեմն մաֆիոզ խմբավորումները նույնպես կակտիվանան:

Մեկ անգամ չէ, որ Հայաստանի համապատասխան մարմինները համագործակցելով այլ հատուկ ծառայությունների հետՙ կանխել են կազուսային իրավիճակներ, ապացուցելով մերոնց արհեստավարժությունը, ցուցաբերելով մերոնց պատվախնդիր լինելը:

Սակայն վերադառնանք մեր հիմնական խնդրին:

Ինձ հիմա հանգիստ չի տալիս մի հարց: Ե՞րբ եւ ո՞րն է լինելու հաջորդ թիրախը հայ համայնքում: Թերեւս Ֆրանսիայի համայնքը (լավ թիրախ է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո), Ռուսաստանիՙ մեծաթիվ համայնքը (ի դեպ Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ), միգուցե Մերձավոր Արեւելքի երկրներից մեկի համայնքը:

Ձեզ հետաքրքրում է, թե ո՞ւմ եմ ուղղում այս հարցը: Հարցս ուղղում եմ Սուլթանով Օրհան Սեդյարին: Եթե ընթերցողին հետաքրքրում է, բացատրեմՙ Սուլթանով Օրհանը մեր հարեւան Ադրբեջանի հետախուզության պետն է (համենայնդեպս առանձին հետախուզական կառույց ստեղծելուց հետո նա՛ էր ղեկավարում):

Պրոֆեսիոնալ կրթություն ունի: Եվրոպական երկրներից մեկիՙ տրադիցիաները պահպանած հետախուզական լավ դպրոց է ավարտել: Հավաքել է իր շուրջը մտքի գեներատորներ (որը շատ կարեւոր է հատուկ ծառայության համար) եւ աշխատում է, հաշվարկելով մեր խոցելի կետերը: Մեկ անգամ չէ, որ «ակտիվ միջոցառումներ» է անցկացրել («ակտիվ միջոցառումը» հետախուզական տերմին է):

2004 թվականից մինչեւ 2015 թվականի հոկտեմբերը Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Մահմուդով Էլդար Ահմեդ օղլին:

Այդ տարիների ընթացքում, այդ նախարարությունը վերածվել էր մի մեծ, մաֆիոզ, կոռումպացված կառույցի եւ, չնայած Հայաստանը, հայ ժողովուրդը, Սփյուռքը նրանց համար միշտ եղել են թիվ 1 թշնամին, բայց ժամանակ չունեին թշնամիով զբաղվելու, հիմնական խնդիրը փող «աշխատելն էր», ինչքան հնարավոր է շատ:

2015 թվականի հոկտեմբերի 17-ին նախագահական հրամանագրով Իլհամ Ալիեւը պաշտոնից հեռացրեց Մահմուդովին, քրեական գործեր հարուցվեցին, հետաքննություն սկսվեց Ազգային անվտանգության նախարարության ղեկավարության նկատմամբ, ոմանք կալանավորվեցին: Բայց դա մեզ համար արդեն էական չէ, էականն այն է, որ նույն թվականի դեկտեմբերին արդեն ստեղծվեցին 2 նոր կառույցներՙ Պետական անվտանգության ծառայությունը եւ Արտաքին հետախուզության ծառայությունը: Համապատասխանաբար ղեկավարներ նշանակվեցին Մադաթ Գուլիեւը եւ Օրհան Սուլթանովը: Երկու անկախ ծառայություններ ստեղծվեցին նաեւ Նախիջեւանում: Նախագահ Ալիեւը պահանջեց նրանց բոլորից լուրջ, համակարգված, արդյունավետ եւ վճռական աշխատանք տանել թիվ 1 թշնամու դեմ:

Մնում է հասկանալ, թե ինչպես է կատարվում այդ հանձնարարությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ