RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2018-11-02 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1420, Տպվել է` 198, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀՈՐԴՈՐԸ, ԲՈԼԹՈՆԻ ԱՅՑԸ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՐՑԵՐ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Երեքուկես տարի Երեւանում պաշտոնավարելուց հետո, Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը փոխանակ վառ հիշողություններով անաղմուկ երկիրը թողնելուՙ գերադասեց սադրիչ ակնարկներ անել:

Իր պաշտոնավարության ընթացքում հիշարժան փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում: Երկիրը դարձավ ավելի ակնառու միջազգային թատերաբեմում, եւ ներքին զարգացումները մի նոր դարաշրջան բացեցին հատկապես թավշյա իշխանափոխությունից հետո:

Ամեն մի երկիր, անկախ տարածքի չափից, իր դերակատարությունն ունի ապահովելու եւ պահպանելու գերտերությունների ռազմավարական հավասարակշռությունը, հատկապես կովկասյան տարածաշրջանում, որը դարձել է պայթյունավտանգ:

Իր հրաժեշտի առթիվ դեսպան Միլզը հարցազրույց տվեց EVN Report-ին (https://evnreport.com /politics/u-s-ambassador-mills-i-leave-inspired-and-hopeful), որտեղ անդրադարձավ իր պաշտոնավարության ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներին: Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա խոսքերը, մեղմ ասած, դառնահամ նստվածք թողեցին Հայաստանի բնակչության շրջանում: Լրատվամիջոցները, Հայաստանում թե սփյուռքում, բուռն կերպով արձագանքեցին նրա խոսքերին, մինչեւ անգամ անձնական վիրավորանքներ հղելով նրան: Անշուշտ, միամտություն կլիներ այդ խոսքերի համար պատասխանատվությունը բարդել դեսպանի վրա: Կարիք չկա ուղերձի փոխարեն ուղերձը տեղ հասցնողին մեղադրել: Մենք ունենք նախադեպ, երբ իր նախորդներից Ջոն Էվանսը կորցրեց իր պաշտոնը եւ խորտակեց իր դիվանագիտական կարիերան լոկ «ցեղասպանություն» բառն արտասանելու համար: Պատմությունն, ի վերջո, կարդարացնի նրան անշուշտ, բայց ներկայիս նրան օգնել չի կարող:

Քաղաքական նման հայտարարությունները զգուշորեն մշակվում են ավելի բարձր ատյաններումՙ Պետքարտուղարությունում եւ անհատ դիվանագետներին է թողնվում դրանց ձեւակերպումները: Հիմնականում, Միլզի առաքելությունը փոխանցելն էր այդ ուղերձը հայ ժողովրդին, ինչքան էլ տհաճ լիներ այն: Նրան հաջորդող Լին Տրեյսին նույնպես չի կարողանալու շեղվել այդ սցենարից:

Չարաբաստիկ այդ հարցազրույցի ընթացքում պրն. Միլզն ասել էր. «Զարմացած էի, որ Հայաստան գալուց հայտնաբերեցի, որ հայերից շատերը վճռակամորեն դեմ էին վերադարձնելու գրավյալ տարածքներըՙ որպես հակամարտության կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մաս: ...Երկար ժամանակ է, ինչ իմ կառավարության համոզմամբ այդ տարածքները խլված էին, որպեսզի հետագայում փոխանակվեին խաղաղության հաստատման դիմաց: Այդ պատճառով էլ զարմացած էի, որ դրան կողմնակիցներ այլեւս չկան»:

Տարածքային զիջումների հարցը առաջինը բարձրաձանեց, ի դեպ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՙ ներկայիս վարչապետի պաշտոնակատարի ուսուցիչը, մենտորը: Բայց այդ մոտեցումը նրան պաշտոնազրկեց, եւ ժողովուրդը դեմ գնաց կարգավորման նման բանաձեւի: Հայաստանը կարողացավ մարտադաշտում գրավելով ռազմավարական բարձունքներ եւ ապա նաեւ Ղարաբաղի պատմական սահմաններից դուրս գտնվող որոշ տարածքներ (թվով յոթը), 1994-ի մայիսին հրադադար պարտադրել Ադրբեջանին:

Շուշի քաղաքի մերձակայքում ծվարած Քարին Տակ գյուղում ոչ մի ընտանիք չկար, որ կորցրած չլիներ ընտանիքի անդամներից մեկին: Ազերիների բանակը հրթիռներ էր տեղացնում անխտիր ամբողջ բնակչության վրա: Այդ պատճառով էլ Ղարաբաղի ժողովուրդը հրաժարվում է մի թիզ հող անգամ զիջել թշնամուն:

Տեր-Պետրոսյանը դեռ հավատում է, որ ճկունության պակասը կարող է միայն առաջնորդել պատերազմի, բայց ժողովրդի մեծամասնությունը այլ կարծիքի է, հատկապես 2016-ի ապրիլյան բլիցկրիգից հետո: Հետանկախության սերունդը շատ ավելի գիտակցական մոտեցում է ցուցաբերում անվտանգության հարցերին եւ հավատացած է, որ Հայաստանի անվտանգությունը ղարաբաղյան սիգապանծ լեռներում է: Ռազմավարական ճիշտ քայլ կլինի հայերով բնակեցնել այդ տարածքները եւ ոչ թե զիջել թշնամուն:

Այս օրերին նախագահ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելեց Մոսկվա: Բոլթոնը մեղմ դիվանագետի համբավ չունի եւ նրա Հայաստան այցելությունից որեւէ լավ բան չպետք է ակնկալել: Այդ այցելությունը նախ զուգադիպում էր Մ. Նահանգների նախագահի բավականին կոշտ հայտարարությանը, որ Ամերիկան շարունակելու է հարստացնել իր միջուկային զինանոցը ի հեճուկս Ռուսաստանի եւ Չինաստանի հորդորներին կամ սպառնալիքներին: Բնականաբար, սա էր Բոլթոնի առաքելության հիմնաքարը:

Մինչ Թրամփը քաջատեղյակ է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահները ընկրկվողներից չեն, Բոլթոնի դեպի հարավՙ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան այցելությունները կարող են նորանոր խնդիրներ առաջացնել ադ տարածաշրջանում: Նրա գլխավոր նպատակը, վստահաբար, ամեն գնով Իրանին պարփակելն էր, մեկուսացնելը:

Որոշ մեկնաբաններ հավատացած են, որ զինանոցը հարստացնելու Թրամփի կոչերը պայմանավորված են առավելապես ներքին, եւ ոչ թե արտաքին, գործոններով: Առաջիկայում սպասվող միջանկյալ ընտրությունների նախաշեմին Թրամփի խորհրդատուները ստիպել են նրան ավելի ագրեսիվ դիրքորոշում ընդունել պատգամավորական աթոռների կորուստներ չունենալու համար:

Բնականաբար, նման դիրքորոշումը ձեռնտու է ռազմա-արդյունաբերական համակարգին, որին նախագահը մեծ նշանակություն է տալիս, ինչպես պարզվեց Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում, այլախոհ լրագրողի սպանությունից հետո:

Միլզն ու նրա հաջորդը նույն քաղաքականությունն են շարունակելու Կովկասում: Դեսպան Միլզը ենթադրում էր, որ Մադրիդյան սկզբունքներում հիմնական տարրերից մեկը տարածքների վերադարձն է: Բայց միայն մեկ տարր առանձնացնելով նա, ըստ երեւույթին, քանդում էր ամբողջ համաձայնագիրը, որն ունի նաեւ այլ բաղադրիչ տարրեր: Եթե համաձայնագիրը «տարածք խաղաղության դիմաց» սկզբունքին է վերաբերում, ապա որտե՞ղ է մյուս բաղադրիչ տարրը, որ պահանջում է Ղարաբաղի բնակչության անվտանգությունը ապահովել այդ ռազմավարական տարածքների հանձնումից հետո:

Դեսպանը նշում է, որ զարմացած էր իմանալով, որ հայկական կողմը պատրաստ չէ զիջելու այդ տարածքները: Հարց է առաջանում. ինչո՞ւ նա զարմացած չէր, երբ ազերի նախագահը բազիմցս կրկնում էր իր ագրեսիվ սպառնալիքներն ուղղված ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի դեմ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վստահված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, երեքՙ Մ. Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ: Մինչ օրս ընդունված գործելակերպն այն է, որ նրանք հանդես են գալիս համագործակցված, միացյալ հայտարարություններով: Այժմ, Միլզի միակողմանի հայտարարությունը ցույց է տալիս, որ Մ. Նահանգները փորձում է խախտել հաստատված գործելակերպը:

Եվ ոչ պակաս կարեւոր է նաեւ նշել, որ Միլզի դիրքորոշումը կողմնապահություն դրսեւորելով խրախուսում է Իսրայելից Ադրբեջանի 5 միլիարդ դոլարի արժողությամբ զենք ձեռք բերելը եւ պատրաստակամությունըՙ թույլատրելու, որ Իսրայելը լրտեսի Իրանին եւ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի տարածքը օգտագործի Իրանի վրա հարձակվելու համար:

Ինչ վերաբերում է Իրանին եւ գուցե նաեւ Ռուսաստանին, Միլզը անպատեհ ուղերձ է հղել Հայաստանին ասելով. «Ի վերջո, մենք ցանկանում ենք, որ Հայաստանն իր ուրույն արտաքին քաղաքականությունը վարիՙ հիմնված այն սկզբունքի վրա, որ Հայաստանն ինքնավար պետություն է եւ պետք է ինքնուրույն որոշումներ ընդունի իր եւ իր ժողովրդի շահերին համապատասխան»: Նույն ոգով նա խորամուխ է լինում Իրանի հարցի մանրամասնությունների մեջ եւ սուր որակումներից («Իրանը ահաբեկչություն արտահանող երկիր է», «Իրանյան չարիքը Սիրիայում», «Հեզբոլլահ» եւ այլն) հետո, կոչ է արել Հայաստանին համարձակություն ունենալ եւ քննադատել Իրանին: «Բայց, ասել է նա, եթե ցանկանում ենք, որ ձեր ձայնը լսելի դառնա նաեւ համաշխարհային հանրությանը, ապա պատրաստ պետք է լինեք որոշ պատասխանատվություն կրել»:

Միլզի խորհուրդները հավասարազոր են կրկնակի ինքնասպանության. հրաժարվել ազերի տարածքներից առանց խաղաղության եւ անվտանգության շոշափելի երաշխիքների, թշնամանալ Իրանի հետ, որովհետեւ «մենք ցանկանում ենք լսել նաեւ ձեր ձայնըՙ որպես համաշխարհային հանրության բաղկացուցիչ մասի»ՙ անտեսելով այն հանգամանքը, որ Իրանը ծայրահեղ պարագաներում մեր միակ անմիջական կապն է արտաքին աշխարհի հետ, ինչպես ցույց տվեցին 2008-ի ռուս-վրացական պատերազմի օրերը:

Այո, Հայաստանն ու Արցախը պետք է օգտագործեն պաշտոնական բոլոր միջոցները իրենց ձայնը լսելի դարձնելու համար, բայց սփյուռքահայերի, մասնավորապես ամերիկահայերի, պարտքն է անվերապահորեն արձագանքել: Իսկ արդյունավետ կերպով արձագանքելու եւ հակազդելու համար անհրաժեշտ է, որ համայնքը քաղաքականացվի: ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները սարերի ետեւում չեն: Ոչ մի կուսակցություն կամ առաջադրված թեկնածու ցարդ չի հայտնել իր դիրքորոշումը Հայաստանի կամ Ղարաբաղի հարցի շուրջ Պետքարտուղարության թունոտ քաղաքականության վերաբերյալ: Միայն հայերը կարող են եւ պարտավոր են իրենց ձայնը բարձրացնել կազմակերպված եւ համախմբված ձեւով ի պաշտպանություն իրենց շահերի: Օտար խմբավորումներ պաշտպանում են իրենց նախնյաց հողերի շահերը: Եթե սփյուռքը որեւէ նշանակություն ունի Հայաստանի համար, այն պետք է որ Հայաստանի արտաքին քաղաքականության մասնակիցն ու շարունակողը լինի աշխարհի հեռավոր երկրներում:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ