RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3644, Տպվել է` 493, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՔԻԼԼԵՍ, ԹԵ՞ ՊՅԵՐՈ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Նախամարդու քարանձավից մինչեւ այսօր մարդկությանը հուզող հավերժական հարցերից է, թե ո՞վ է կերտում... պատմությո՛ւնը: Երեւի մինչեւ ժամանակների վախճա՛նն էլ այս հարցն իր սպառիչ պատասխանը չստանա: Ուսանող տարիներին մեզ սովորեցնում էին, թե ըստ մարքսիզմի դասականներիՙ բոլոր դեպքերում մարդկային հասարակության պատմությունը կերտում են... ժողովուրդնե՛րը: Այդ տեսակետից ամենահամոզիչը թվում էր ռուս մարքսիստների նախահայր Գերոգի Վալենտինովիչ Պլեխանովի «Անհատի դերը պատմության մեջ» աշխատությունը: Սակայն տարիների հետ Պլեխանովի քարոզած գաղափարների հմայքը գնալով նվազել է իմ աչքում: Ես աստճանաբար հակվել եմ այն տեսակետին, թե ժողովուրդները իրականում ոչի՛նչ էլ չեն վճռում այս մոլորակում: Նրանք, այո՛, պատմական գործընթացներին իրենց ավել կամ պակաս ակտիվ մասնակցությամբ ձեւ ու կերպարանք, կշիռ ու ազդեցիկություն են հաղորդում այս կամ այն պատմական իրադարձությանը: Սակայն իրենք առաջնորդվում են ոչ թե դասակարգային գիտակցությամբ, ինչպես ասում էր Պլեխանովը, այլՙ սովորական մարդկային բնազդներով կամ զգացմունքներով: Իսկ այդ բնազդների կամ զգացմունքների արթնացման գործում վճռական դեր են խաղում տվյալ պատմական պահին ժողովրդական զանգվածներին առաջնորդելու առաքելությունն ստանձնած անհատ գործիչնե՛րը:

Հետեւաբար, կարելի է պնդելՙ պատմությունը կերտում են ոչ թե ժողովուրդները, այլՙ նրանց ծոցից դուրս եկած անհատնե՛րը: Նրանց անձնական որակներըՙ կամքը, վճռականությունը, շրջահայեցությունը, անշահախնդրությունը կամ ընչաքաղցությունը, պաշտոնաբաղձությունը կամ պաշտոնների նկատմամբ անտարբերությունը, զանգվածներին առաջնորդելիս ապրած բերկրանքի զգացումը, իբրեւ թե հանուն ժողովրդի ու պետության պատասխանատվություն ստանձելու պատրաստակամությունը կամ դրանից խուսափելու վախկոտությունը, զանգվածների հմայվածությունից գլուխները կորցնել-չկորցնելու ունակությունը եւ բազմաթիվ այլ բաներ անպայման ուղղորդու՛մ են ժողովրդական զանգվածներին, ձեւ ու կերպարանք են հաղորդում նրանց խոշոր ընդվզումներին: Այլ խոսքովՙ առաջացնում են աննկարագրելի խանդավառություն, որ հատկապես այս օրերին մեզանում շատ է հոլովվում օտարալեզու էյֆորիա բառով: Դա գինովության պես մի բան է, որը վաղ թե ուշ անցնում էՙ շատ հաճախ ուղեկցվելով դառը հիասթափությամբ: Ասածիս ենթատեքստն այն է, թե Նիկոլ Փաշինյանը այս պահին հայաստանյան իրականության մեջ հայտնված պատմության կերտո՛ղ է: Արժանի՞ է նա իր իսկ գլխավորած հեղափոխության առաջնորդի դերին, թե՞ ոչՙ ցույց կտա ապագան: Եթե կարողանա խուսափել հեղափոխության զոհը դառնալու տխուր հեռանկարից, որովհետեւ գրեթե բոլո՛ր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, ապա նա մեր երկրի պատմության մեջ կմտնի որպես մեծագույն հերոսներից մեկը: Եթե չկարողանաՙ կկորցնի ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարի պաշտոնը, այլեւ... համաժողովրդական հեղինակությունը: Վերջինը հնարավոր կլինի հատկապես այն դեպքում, եթե փորձի ամեն գնով կառչել իշխանությունից:

Փաշինյանը գրագե՛տ երիտասարդ է, ուստի նրան խորհուրդ կտայի մի՛ անգամ եւս ընթերցել մեծն Չարենցի «Աքիլլես, թե՞ Պյերո» պոեմը: Անձամբ ես շատ կուզենայի, որ նա կարողանա՛ր խուսափե՛լ Պյերոյի ճակատագրից: Խոսքը նրա նկատմամբ իմ անձնական համակրանքի կամ հակակրանքի մասին չէ՛: Վաղո՜ւց արդեն հաղթահարել եմ ղեկավարներին համակրանք-հակակրանքներով վերաբերվելու միամտությունը: Խոսքն այն մասին, է, որ այս պահին անձամբ ի՛նքն է վարում մեր պետական նավը: Եվ բոլորիս պետք է, որ նա այդ նավը... չտանի՛ դեպի խոչ ու խութեր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ