RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3652, Տպվել է` 490, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԾԱՏԵՐԵՐԻ՞, ԹԵ՞ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Երեւանի նորընտիր քաղաքապետի թեկնածությունն առաջադրածները լինեն, թե նրա գլխավորած ավագանու ցուցակին կողմ քվեարկածները, արդեն երկմտանքի մեջ են. ճի՞շտ էր արդյոք դերասանական յուրօրինակ կերպարով հանրությանը հայտնի Հայկ Մարությանին ամենայն հայոց քաղաքապետ դարձնելը: Շրջապատիս տասնյակ երեւանաբնակ ներկայացուցիչներ ընտրել բառը չեն օգտագործում, քանզի սեպտեմբերի 23-ի ընտրություններին նրա օգտին ձայն տվեց Երեւանի ընտրական ձայնի իրավունք ունեցողների ընդամենը 33 տոկոսը, կամ առավել պարզ ասածՙ 3-ից 1-ը: Թե ինչքանով է այս ցուցանիշը բնորոշում ընտրություն կոչվածը, դժվար է միանշանակ գնահատական տալ, եթե հատկապես նկատի ունենանք, որ այն որեւէ աղերս չունի ձայն բազմաց-ի հետ:

Օրեր առաջ դիմումնագրությամբ քաղաքականություն մտած Հայկ Մարությանի կուսակցական գնահատականը քաղաքագիտական շրջանակներին վստահելով, ցանկանում եմ մտահոգությունս հայտնել նրան որպես հաջողակ գործարար ներկայացնելու փորձերի առիթով, քանզի նրա բնակարաններ ու ավտոմեքենաներ ունենալը հենց այդպես էլ բնորոշվեցՙ մարդն իր աշխատանքով ինչ-որ բանի հասել է: Այսուհանդերձ շրջապատիս շատ ներկայացուցիչներ նաեւ այն կարծիքին են, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը առաջնահերթը հանրությանն անմնացորդ ծառայելու միջոց է: Այնպես որ այն փաստարկումները, որից շահարկման նախանշաններ են նշմարվում, թե հաջողության հասածը կարող է լավագույն արդյունքների հասնել նաեւ հանրային գործունեությունում, մասամբ է արդարացված, քանզի Երեւանում կան հազարավոր հաջողակներ, որոնց ստեղծածն ու ունեցվածքը բազմապատիկ ավելին են, կենսափորձն էլ քննություն բռնած:

Հենց վերջինիս առումով է, որ ցանկանում եմ մտորումներս հայտնել Հ. Մարությանիՙ վերջին 5 տարիների թանկացումների պայմաններում քաղաքային տրանսպորտի գնի չփոխվելու մտքի շուրջ: Սպասում էի, որ քաղաքապետը նախընտրական շրջանին հատուկ հեղափոխական ոճով կշարունակիՙ չի թանկացել, որովհետեւ այն արդեն իսկ շատ բարձր է: Ավաղ չասվեց, որն էլ հասկացվեց ուղեվարձի բարձրացման ուղղակի ակնարկ: Անշուշտ այս մոտեցումը կարելի է վիճարկել, սովորականի պես ասել, թե խոսքը ճիշտ չի հասկացվել, կոնտեքստից կտրված է եւ նման բաներ: Բայց որ ժողովրդական խոսքում ասվում էՙ հասկացողին կես քյուֆթան էլ է հերիք, դա էլ է անվիճելի: Այնպես որ մի պահ ընդունենք, որ քաղաքապետի շրջապատը, նրա առավել նեղ թիմակիցները դեռ չեն հասցրել Հայկ Մարությանին բավարար թե լավագույնս տեղեկացնել, թե գնա-շահութա-գերշահույթային ինչ միջավայր է տիրում քաղաքային տնտեսության այս ոլորտում: Բայց շարքային երեւանցի որեւէ մեկը տեղյակ է, որ ուղեւորափոխադրող գծեր բացելը, դրանք պահել- պահպանելը առանց զոռբայության ու անգամ կրակոցների չի լինում, դրանք երբեմն անսպասելի պաշտոնաթողությունների են հասցնում, անգամ զոհերով են ավարտվում: Արդյունքում ոնենք մի վիճակ, երբ գծատերեր անվանվողներն առանձնանում են իրենց շքեղ ու շռայլ ապրելաձեւով եւ ունեցվածքով, տանկեր հիշեցնող ավտոմեքենաներով, արաբական շեյխերին ու արեւմտյան գերաստղերին հատուկ առանձնատներով, որպիսիք իհայտ եկան նախորդ քաղաքապետի միլիոնավոր դոլարներ արժեցող տների տեսքով: Մեր համաքաղաքացիները լավ են հիշում, թե ընդամենը մեկ տասնամյակ առաջ Ավանի բազմահարկերից մեկի որերորդ հարկում էր ապրում պաշտոնաթող Տարոն Մարգարյանը:

Թե որտեղից հայտնվեցին այդ միլիարդավոր դրամները, երեւանյան հանրությունը լավագույնս է տեղյակ: Նաեւ այն ուղեւորափոխադրող երթուղայինների գերշահույթներից, որոնց տիրապետել են դրանց տերերը: ՀՀ շարքային երեւանցիս մեկ անգամ չէ որ հրապարակավ հարց է ուղղել բոլոր աստիճանների ՀՀ իշխանություններին, որոնց թվում Երեւանի քաղաքապետարանին, թե ինչ են լինում այն 15000-ական դրամները, որոնք երթուղայինների վարորդների հայտարարությունների համաձայն որպես օրվա պարտադիր պլան են մուծում: Այս իրոք ահռելի գումարի հազիվ 10 տոկոսն է հարկը, մնացածը գծատիրոջ ներդրումից սպասվող շահույթն է, որը որոշակի ժամանակահատված անց, ըստ բիզնեսի տրամաբանության, պետք է գերշահույթի կամ էլ ներդրումների վերածվի: Քաղաքապետարանը, իր տրանսպորտի վարչությունը համապատասխան վերահսկողություն իրականացնելու փոխարեն մշտապես գծատերերի մամլո ասուլիսների տեսքով ահաբեկել են ուղեւորներին, թե բիզնեսի այս ոլորտում շահ ու շահույթ չկա, անգամ իրենց ընտանիքների կանանց ոսկեղենն են գրավադրել, որ բանկերից վարկեր վերցնեն, երեւանցիներին մի կերպ սպասարկեն: Շատ հաճախ նաեւ կոնկրետ ժամկետներ են նշվել, թե երբ Երեւանը տրանսպորտային կոլապս կապրի, ուղեւորափոխադրումը կդադարի: Չարաբաստիկ կանխագուշակումներն այդպես էլ չարդարացան, քանզի շարունակվեց հարյուր հազարավոր ուղեւորների վերջին դրամները գրպանելու անհագուրդ ցանկությունը: Այն մեզանում սահման չունի, չափ չի ճանաչում: Այնքան, որ երթուղայինի մեկ ուղղությամբ ուղեւորաքանակը, հեղինակիս բազմաթիվ դիտարկումների արդյունքում, կազմել է միջին 25-ի սահմանում, գծատերերի նշած 7-8-ի դիմաց, շրջապտույտըՙ 50 ուղեւոր, երբ ցույց է տրվում հազիվ 15-ը: 9-10-ժամյա աշխատանքի արդյունքում ստացվում է 6 շրջապտույտ, հավաքվող գումարըՙ 30 հազար դրամ, որի կեսն արդեն հիշատակված գումարն է, մնացածըՙ մեքենայի վառելիքի ու պահպանման ծախսը եւ վարորդի 7-8 հազար դրամ տուն տարածը: Որ մինչ երեկոյան ժամը 20-ը նշված գումարը հիմնականում հավաքվում է, վարորդներն իրենց գործն ավարտված են համարում եւ սպասարկումը դադարեցնում, փաստ է, որի հաստատումն են երեկոյան ժամերի ուղեւորափոխադրումների իսկական շիլաշփոթը: Ցերեկային ժամերի 10-15 րոպե տեւող ընդմիջումները ժամը 20-ից հետո կազմում են 30-40 րոպե, մարդկանց կուտակումների հանգեցնում, բացարձակ քաոս ստեղծում:

Տարօրինակորեն թե ցավալիորեն քաղաքապետարանի պատասխանատուները լռում են, շարունակում անտեսել մամուլի ահազանգերը: Ի՞նչպես արձագանքեն, երբ շատ դեպքերում դրանք իրենց բիզնեսներին են վերաբերում, մութ գործերին, այդ թվում վարորդներին աշխատավարձեր չվճարելուն: Տեղին է նաեւ հիշել նախորդ քաղաքապետի այն հայտարարությունը, թե 200000 դրամ աշխատավարձով ավտոբուսի վարորդների են աշխատանքի հրավիրում, իսկ արձագանքողներ չկան: Չե՛ն էլ լինի, քանզի ամսվա կտրվածքով երթուղայինների վարորդները դրանցից ավելին են տանում, յուրաքանչյուր օրվա ավարտին: Նաեւ հենց այս պատճառով, երբ Տ. Մարգարյանը որոշում կայացրեց բարձրացնել ողեւորափոխադրավարձը, առաջիններից մեկն այդ նույն վարորդները դժգոհեցին, անգամ գործադուլի կոչեր հնչեցին: Պարզ մի պատճառով: Ընտանիքում չորս չափահաս ունենալու պարագայում նրանցից յուրաքանչյուրի ուղեւորածախսը, 50 դրամ նարձրանալու դեպքում, ամիսը կազմում է նվազագույնը 2500 դրամ, ընտանիքինը 10000 դրամ: Վարորդները պարզել էին, որ իրենց տուն տանելիք գումարն այս պայմաններում գծատերերն անգամ 1000 դրամով չէին ավելացնելու: Ահա այսպիսի բաներ: Եվ հարցըՙ հիմա ու հանկարծ ի՞նչ է փոխվել, որ նարընտիր քաղաքապետը խոսում է ուղեվարձից, դրա թանկացման ակնարկից, հնչում է ինքնաբերաբար:

Չէ՞ որ դեռ թարմ են վերլուծաբանների ու փորձագետների այն հաշվարկների տպավորությունները, ըստ որոնց համակարգը կարող է նվազագույն շահույթով աշխատել 70-75 դրամ ուղեվարձի պայմաններում, իսկ 100 դրամը գործարար այս ոլորտը հեռու է պահում որեւէ խնդրից: Անշուշտ երեւանցին երազում է առավել որակյալ տրանսպորտային սպասարկման մասին, երբ մեքենայի շարժիչի աղմուկը չի զայրացնի, նստատեղերն առավել հարմարավետ կլինեն, ավտոմեքենաները պարբերաբար կմաքրվեն-կլվացվեն, վարորդները պատշաճ տեսքով ու հագուկապով կլինեն ու նման բաներ: Թե երբ կլինի այսօրինակ ուղեւորատար տրանսպորտային համակարգ Երեւանում, դժվար է անգամ երազել: Այնպես որ առաջնորդվելով «անճարն է կերել բանջարը» սրախոսությամբ, հաշտվում է այսօրվա տխուր իրականության հետ, վճարում այսօրվա շահույթ ապահովող 100 դրամը: Այ, երբ իրողություն դառնան իշխանության, այդ թվում քաղաքապետարանի նախընտրական շրջանում տված խոստումները, երեւանցիներն ինքնակամ կմասնակցեն ի նպաստ մայրաքաղաքային տրանսպորտի բարեփոխմանն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելուն: Ինչքան շուտ գա այդ ժամանակը, այնքան լավՙ բոլորիս համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ