RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3529, Տպվել է` 492, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՒՄ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԵՏՔ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետայի» անկախ ռազմական տեսության մեջ կարդալով վերլուծական մի հոդված Հայաստանում տեղակայված ռուսական 102 ռազամական բազայի մասին, ակամայից վերհիշեցի Ժիրայր Սեֆիլյանի մի հարցազրույցը «Էպիկենտրոնում»: Ասես հոդվածը գրված էր հենց ի պատասխան Սեֆիլյանի հարցապահանջների: Բանն այն է, որ քաղաքագետն անվերապահ պահանջում էր ռուս սահմանապահներին փոխարինել հայ զինվորականներով, դուրս հանել Հայաստանից ռուսական ռազմաբազան եւ առհասարակ վերջ տալ ռսի «օրհնված ոտի» ներկայությանը հայոց երկրում եւ այլն: Ապշահար Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե, լավ, ռուսներին վտարելով Հայաստանից եւ դրանով նրան եւս դարձնելով մեզ թշնամի, ի՞նչով պիտի դիմակայենք 80 միլիոնանոց Թուրքիային եւ 10 միլիոնանոց Ադրբեջանին, Սեֆիլյանը պատասխանեց, թե մենք դրա համար պոտենցիալ ունենք, դա մեր... արժանապատվությունն է: Մոտավորապես այսպես:

Եթե իրեն նման հակառուսական դատողություններ թույլ տար պարզ մի մարդ, ապա կարելի էր նրա նկատմամբ ներողամիտ լինել: Բայց երբ նման պրիմիտիվ, կեղծ հայրենասիրական կարծիքներ է արտահայտում իրեն քաղաքագետ համարող, կուսակցական շինարարության մասնակից մեկը, ապա դա առնվազն քաղաքական կարճամտություն է:

Ահա եւ, այս կարգի քաղաքագետների համար տեղին կլիներ ծանոթանալ նաեւ մյուս կողմի մոտեցումներին: Սիրո՞ւմ ես դու Ռուսաստանը, ռուսներին, թե՞ ոչ. դա ոչ մի նշանակություն չունի, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի իրական անվտանգությանը, քաղաքական անողոք իրողություններին:

Տալով ռուսական ռազմաբազայի քանակական ու տեխնիկական բնութագրերը, թերթը նշում է, որ չնայած նա որպես մեկ խմբավորում չի միավորված Հայաստանի զինուժի հետ, սակայն նրանց միջեւ գոյություն ունի սերտ համակարգում, կանոնավոր կերպով անցկացվում են համատեղ զորավարժություններ, ինչն օգտակար է երկու կողմի համար էլ: Այդուհանդերձ ռազմակայանի գործունեությունը խիստ բարդ է աշխարհաքաղաքական բնույթի մի շարք պատճառների բերումով: Հայաստանը, շեշտում է թերթը, Ռուսաստանից կտրված է Վրաստանով, որը լիովին թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, կտրված է նաեւ Ադրբեջանով, որը լիովին թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ: Ընդսմին, Ադրբեջանի զինված ուժերի պոտենցիալը տվյալ պահին նույնիսկ ավելին է, քան Հայաստանի, ԼՂՀ-ի եւ 102 ռազմաբազայի պոտենցիալը: Ճիշտ է, վերապահում է անում թերթը, հայկական եւ ռուսական կողմերն ուժեղ են իրենց ռազմական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակով: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի դաշնակից եւ Հայաստանի թշնամի Թուրքիայի զինված ուժերը գերակշիռ առավելություն ունեն ռուս-հայկական ուժերի նկատմամբ: Եվ այդ այն պարագայում, երբ պատերազմի դեպքում վերջիններիս մատակարարումը աշխարհագրական, ռազմաքաղաքական առումով դժվարին խնդիրների առջեւ կկանգնեցնի:

Ահա եւ, հավաստում է թերթը, նշյալ հանգամանքների ուժով 102 բազան ունի ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական նշանակություն: Այն տեղաբաշխված է Թուրքիայի սահմանի մոտ եւ հանդես է գալիս որպես երաշխիք այն բանի, որ այդ երկիրը Ադրբեջանի կողմում չի խառնվի Լեռնայի Ղարաբաղի համար նոր պատերազմի դեպքում, եթե այդպիսին տեղի ունենա: Անշուշտ ռուսական ռազմաբազան իր կարողությամբ չի կարող դիմակայել թուրքական բանակին, սակայն Հայաստանի վրա նրա հարձակումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կնշանակի հարձակում հենց Ռուսաստանի վրա, այսինքն, երաշխավորվում է, որ Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի Թուրքիայի դեմ: Պարզ է, որ ռուսական բանակը մարշ չի կատարի մինչեւ Անկարա, սակայն նա կկանխի թուրքերի կողմից Հայաստանի նույնիսկ մասնակի օկուպացումը: Հազիվ թե Ռուսաստանը պատերազմի մեջ մտնի ընդդեմ Ադրբեջանի, եթե իհարկե չշոշափվի բուն Հայաստանի տարածքի հարցը: Սակայն Ադրբեջանի հետ հարցերը ի վիճակի են ինքնուրույն լուծել Հայաստանի եւ ԼՂՀ-ի բանակներըՙ պատրաստության մակարդակի գերազանցության եւ պաշտպանական հզոր դիրքերի հաշվին: Ճիշտ է, ինչքան ավելի ինտենսիվ է զինվում Ադրբեջանը, այնքան նվազում է վստահությունը Հայաստանի հաղթանակի նկատմամբ, հավելում է թերթը:

Այսինքնՙ ռուսական 102 ռազմաբազան Հայաստանի բուն գոյության երաշխիքն է: Այլ խոսքով ասած, անսեթեւեթ արձանագրում է լրատվամիջոցը, Ռուսաստանի համար իր ռազմաբազայի գոյությունը Հայաստանում աշխարհաքաղաքական հավակնությունների հարց է, Հայաստանի համարՙ գոյատեւման հարց: Եվ Հայաստանի իշխանությունները դա հիանալի են հասկանում: Թեեւ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ նրա սահմաններից դուրս ակտիվորեն հրահրվում են հակառուսական տրամադրություններ: Ռուսական ռազմաբազայի հեռացումը Հայաստանի համար հավասարազոր կլինի ինքնասպանության, սակայն համաշխարհային պրակտիկան, ցավոք, ամբողջ հանրությունների ինքնասպանության բավարար օրինակներ ունի:

Ժամանակին Հայաստանի քաղաքացիները, վերհիշում է թերթը, ակներեւ լիովին պիտի գիտակցեին, թե ինչ, մեղմ ասած, ոչ դյուրին իրավիճակում կհայտնվի անկախ Հայաստանը: Եվ հենց նման իրավիճակում էլ հայտնվեց: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Այսօր Մոսկվան ու Երեւանը գտնվում են աշխարհաքաղաքական միանգամայն տարբեր կատեգորիաներում եւ համապատասխանաբար լուծում են միանագամայն տարբեր մակարդակների խնդիրներ: Եվ ռուսական թերթը վերջում երկիմաստ հարց է տալիս (այդ թվում նաեւ հավանաբար սեֆիլյանականներին)ՙ հասուն եւ գիտակից հայերը պետք է սթափ նայեն իրողություններին եւ հասկանան, թե ռուսական 102 ռազմական բազան ավելի շատ ո՞ւմ է պետք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ