RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3596, Տպվել է` 500, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶՎԱՐՃԱԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԳԻՐՔԸ ԿԱ, ԳՐՈՂԸՙ ՈՉ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սահմանադրության համապատասխան հոդվածն ամենեւին էլ չի պարտադրում վարչապետի թեկնածու առաջադրել: Այսինքն կարող են վարչապետի ընտրություններ լինելՙ առանց թեկնածուի, մանավանդ երբ խնդիրը ոչ թե վարչապետ ընտրելն է, այլ խորհրդարանը ցրելը:

Եւ ուրեմն ի՞նչ կարիք կար առաջադրել Նիկոլ Փաշինյանին, հատկապես նրան: Մի՞թե կարելի է ժողովրդի թեկնածուին վարչապետ չընտրել, եւ մի՞թե Ելք-ը, եթե ուզում էր անպայման թեկնածու առաջադրել, այլ տարբերակ չուներ: Օրինակՙ Լենա Նազարյանը, ի՞նչ վատ կլիներ, կունենայիք վարչապետի կին թեկնածու, աշխարհի բոլոր ֆեմինիստական կառույցները կսիրահարվեին մեր երկրին, համաշխարհային մամուլի գլխագրերում կհայտնվեինքՙ որպես կնամեծար երկիր, տիկին Նազարյանն իր կենսագրության մեջ ոսկե տառերով կգրեր, որ 2018-ին եղել է ՀՀ վարչապետի թեկնածու: Ֆորմալ, ուրեմն ֆորմալ: Ի դեպ, երբ Լենա Նազարյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունն առաջադրում է Փաշինյանին ու կոչ արեցՙ չընտրել նրան, Հայաստանի Հանրապետության զոմբի քաղաքացիներից շատերը Ֆեյսբուքում անպատվեցին տիկնոջըՙ հռետորական հարց ուղղելովՙ բա քե՞զ ընտրենք...

Լավ, հանուն ինչի՞ էր այս բեմադրությունը, օրենքի՞, այն նույն օրենքի, որն ամենեւին էլ չի պարտադրում վարչապետի թեկնածու առաջադրել, այլ պարզապես սահմանում է, որ վարչապետ չընտրելու դեպքում նշանակվում են նոր ընտրություններ, եթե այդ դեպքում էլ չի ընտրվում, խորհրդարանը լուծարվում է: Շատ չե՞նք խճճվել Սահմանադրության մեջՙ անտեսելով պարզ մարդկային տրամաբանությունը: Նիկոլ Փաշինյանն այն գործիչն է, որին կարելի է չընտրե՞լ, եթե այո, ապա ինչո՞ւ է պետք նրա ղեկավարած ուժին մեկ ամսից ընտրել, որպեսզի դառնա քաղաքական մեծամասնություն, ինքն էլ մեծամասնության անբեկանելի վարչապետ:

Բայց ամենազավեշտալին այլ տեղ է. ենթադրենք ու Փաշինյանին գործող խորհրդարանն ընտրում է ՀՀ վարչապետ, չէ՞ որ ժողովուրդն ուզում է, որ իր վարչապետը միայն Փաշինյանը լինի, իսկ խորհրդարանն պարտավոր է իրականացնել ժողովրդի նպատակները: Ի՞նչ է անելու Փաշինյանը, մարդկանց հանելու է փողո՞ց, իր իսկ ընտրվելու դե՞մ: Ես ուզում եմ կարդալ կամ լսել այդ տեքստը. Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ինձ ընտրել է ՀՀ վարչապետ, ինչն անթույլատրելի սադրանք է եւ խոչընդոտում է մեր երկրի զարգացմանը: Եւ ուրեմնՙ կոչ եմ անում հավաքվել Ազգային ժողովի դիմաց, որպեսզի ստիպենք ինձ վարչապետ ընտրած դավաճաններին փոխել որոշումը: Մոտավորապես այսպե՞ս...

Տիկին Լենա Նազարյան եւ պարոնայք, մի գաղտնիք բացեմ. գործող Սահմանադրությունը հնարավորություն տալիս էր Փաշինյանինՙ առանց հրաժարական տալու հասնել Ազգային ժողովի լուծարմանը: Սահմանադրությունը նաեւ չի պարտադրում ԱԺ խմբակցություններին վարչապետի թեկնածու առաջադրել: Սա նշանակում է, որ դուք չեք կարդացել ՀՀ Սահմանադրությունը, մանրամասնորեն չեք կարդացել, կամ կարդացել եք ու բան չեք հասկացել, մեկն էլ չկա, որ խորհուրդ տա... Քանի որ ով ձեզ խորհուրդ է տալիս, հռչակվում է սիրո ուժին չհավատացող հերետիկոս:

Ի դեպ, հերետիկոսների մասին: Օրինակ միջնադարյան Իսպանիայում հերետիկոսներին ողջ-ողջ փակում էին եկեղեցական պատերի մեջ, բայց դարեր անց նրանք գրեթե բոլորով սրբացվեցին: Ավելինՙ 1882-ին լույս տեսավ ֆրանսիացի Լեո Տաքսիլիՙ Զվարճալի Աստվածաշունչ գիրքը, որտեղ հեղինակն իր իսկ խոսքով պատասխանում է հարցերին, թե ինչին եւ ինչու չպետք է հավատալ: Ու եթե Աստվածաշունչը, վանքում, հոգեւորականների մեջ մեծացած Տաքսիլի համար կարող է լինել զվարճալի, ապա ինչո՞ւ չենք կարող զվարճանալ Սահմանադրությամբ: Հիմա չէ, երբ հեղափոխականների շարքից դուրս կգա դուխով մեկն ու կասի. «Իմՙ Զվարճալի Սահմանադրություն» գիրքը չի նպաստում օրենքի ամրապնդմանը, այլ կպարզաբանի ընթերցողներին, թե ինչի՞ն ու ինչո՞ւ չի կարելի հավատալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ