RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



170-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3879, Տպվել է` 527, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԿՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳԱԼՅԱՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

170 տարի առաջ` Ճիշտ այս օրը` 1848 թ. հոկտեմբերի 21-ին է ծնվել հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության հիմնասյուներից Մկրտիչ Փորթուգալյանը: Ազատախոհական գաղափարներով եւ անձնվիրությամբ հայոց փրկության նվիրյալն իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց հայ ժողովրդին դարավոր ընդարմացումից դուրս բերելու, օտարի բռնատիրությունից ազատագրելու եւ մարդավայել ապրելու պայքարի գործին: Հայկական հեղափոխության առաջապահ դրոշակակրի կյանքը դարձավ մաքառման ու նվիրումի, նոր սերնդին նորովի ու ազատագրական ոգով դաստիարակելու եւ կոփելու կամավոր առաքելություն:

Պատմագիտական աշխատություններում Մ. Փորթուգալյանին շատ են հիշատակել, սակայն մինչեւ վերջերս որեւէ ամբողջական ուսումնասիրություն գրված չէր նրա մասին: Տողերիս հեղինակի ջանքերի շնորհիվ այդ բացը վերջապես լրացվեց եւ ընթերցողի դատին ներկայացվեցին երկու հիմնարար աշխատություններ` «Արմենիա» պարբերականը ազատագրական պայքարի ակունքներում» (Ե., 2014, 679 էջ) եւ «Մկրտիչ Փորթուգալյանի հասարակական-քաղաքական կյանքը եւ «Արմենիա» պարբերականը» (Ե., 2018, 493 էջ): Շուրջ 1200 էջ գրելուց հետո Մ. Փորթուգալյանի մասին հոդված գրելը եւ՛ շատ հեշտ է եւ՛ անչափ դժվար: Հեշտ է, քանի որ ծանոթ եմ նրա կյանքի ու գործունեության բոլոր ծալքերին: Դժվար է, որովհետեւ կարծես ամեն ինչ ասված է: Չկրկնվելու համար կփորձեմ նրա գործունեությունը դիտարկել համեմատության դաշտում եւ նոր տեսանկյունից:

Նախ` ցավով նկատեցի, որ երբեմն մեզանում մեծարվում եւ շուքով նշվում են այնպիսի գործիչների հոբելյաններ, որոնք հաճախ արժանի էլ չեն հիշվելու: Իսկ Մ. Փորթուգալյանի նման նվիրյալին չհիշեցին նույնիսկ պատմաբաններն ու մամուլի բնագավառի մասնագետները:

Վստահ կարող ենք արձանագրել, որ վերափոխիչ, համախմբող դերակատարություն, ինչպիսին արեւելահայ կյանքում ունեցավ Գր. Արծրունին իր «Մշակով», նույնպիսի եւ ավելի դժվար պայմաններում մեծ գործ կատարեց Մ. Փորթուգալյանը արեւմտահայ կյանքում: Շատ հաճախ թե՛ գործունեության դժնդակ պայմանները, թե՛ նյութականի չգոյությունը, թե՛ միջնադարյան մակարդակում գտնվող մահմեդական շրջափակումն ու համատարած անգրագիտությունը ավելի էին դժվարացնում, շատ դեպքերում Մ. Փորթուգալյանի համար անհնարին էին դարձնում ազգանպաստ գործունեություն իրականացնելը, սակայն անկոտրում կամքը, սեփական ժողովրդի ազատության գործին անմնացորդ նվիրվածությունն ու հավատը նրան մղում էին անհնարինը կատարել:

Դեռ երիտասարդ տարիներից Մ. Փորթուգալյանն աչքի էր ընկնում ըմբոստ եւ ազատատենչ բնավորությամբ: Բնականաբար նա անմասն չէր մնում ժամանակի առաջադիմական շարժումներից, որը չէր կարող վրիպել թուրքական լրտեսների ամենատես աչքից: Այդ պատճառով էլ մշտապես հալածվում էր, իսկ նրա գործունեությունը հանդիպում էր բազմատեսակ խոչընդոտների:

Ի տարբերություն Գր. Արծրունու եւ այլ գործիչների, Մ. Փորթուգալյանը Կ. Պոլսում նախնական կրթությունն ստանալուց հետո նյութական միջոցներ չունենալու պատճառով այնուհետեւ ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է ինքնակրթությամբ:

Տարբեր կեղծանուններով զանազան պարբերականներում տպագրված թղթակցություններում, այնուհետեւ «Մասիս»-ի իր գրած խմբագրականներում Փորթուգալյանը մերկացնում ու դատապարտում էր թուրքական իշխանությունների հարստահարությունները, կոչ անում հայ մտավորականությանը ջանք ու նյութական միջոցներ չխնայել Արեւմտյան Հայաստանում լուսավորություն տարածելու համար: Պոլսահայ առաջադեմ մտավորականների հետ հիմնեց Արեւմտյան Հայաստանի գավառներում ու գաղթօջախներում ուսումնական գործը կարգավորելուն կոչված «Արարատյան ընկերություն հայոցը»: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի եւ Բեռլինի վեհաժողովի հուզումնալից օրերին Փորթուգալյանը շրջեց Հայաստանի եւ Անդրկովկասի հայաշատ քաղաքներում, «Հրանտ» կեղծանունով նյութեր տպագրեց «Մշակ», «Մասիս» եւ այլ պարբերականներում ու հայ ժողովրդին կոչ արեց դուրս գալ զինված պայքարի:

Մ. Խրիմյանի եւ Փորթուգալյանի խորհրդով եւ անմիջական մասնակցությամբ Վանում ստեղծվեց «Սեւ Խաչ» ազատագրական կազմակերպությունը, հիմնեց վարժարաններ եւ միություններ, որոնք դարձան ազգային գիտակցության զարթոնքի հնոցներ: Այս առումով կարեւոր դերակատարություն ունեցան հատկապես Վարժապետանոցն ու 1881-ին Վանում հիմնած Կենտրոնական վարժարանը, որտեղ կրթվեց մի սերունդ, ով հայ իրականության մեջ ստեղծեց առաջին կուսակցությունը: 1885 թ. նա Կենտրոնականի 12 շրջանավարտների հետ հիմնադրեց «Գործակցական Միությունը», որը փաստորեն հանդիսացավ ապագա Արմենական կուսակցության կազմակերպական կորիզը: Թուրքական իշխանությունները չներելով նրա հեղափոխական այդ գործունեությունը` Փորթուգալյանին աքսորեցին Վանից: Խուսափելով մոտալուտ ձերբակալությունից` 1885-ի կեսերին նա ծածուկ հեռացավ երկրից, հաստատվեց Մարսել քաղաքում ու ձեռնամուխ եղավ «Արմենիա» թերթի հրատարակությանը: Թերթ, որը հայ քաղաքական լրագրության առաջնեկներից էր ու մեծ դեր կատարեց մեր ժողովրդի մեջ ազատասիրական ձգտումներ սերմանելու գործում, դարձավ ազատական գաղափարների խոսափողը եւ արդարության սպասող հարստահարյալ արեւմտահայության վիճակի հայելին:

Փորթուգալյանը վախճանվեց 1921թ. «Արմենիայի» գրաշարական սեղանի առջեւ, ծայրահեղ աղքատության մեջ, մինչեւ վերջին շունչը ծառայելով հայ ժողովրդի ազատագրության վեհ գաղափարին: Անշահախնդիր եւ անձնուրաց ծառայության տիպար գործիչը, երբ հարցը վերաբերում էր իր ժողովրդի եւ հայրենիքի գերագույն շահերին, երբեք չընկրկեց որեւէ խոչընդոտի առջեւ:

Աննկուն մարտիկն իր գործունեությամբ արեւմտահայ իրականության մեջ կարողացավ XIX դարի վերջի «ես ապստամբում եմ, ուրեմն ես կամ» քաղաքական բարոյականության հիմնավորողը, նախակարապետն ու սերմանողը դառնալ: Հենց դրա արդյունքում էր, որ հայ ժողովուրդը ձերբազատվելով համատարած ռոմանտիկայից եւ սթափվելով դարավոր ընդարմացումից` ոտքի ելավ ազգային-ազատագրական պայքարի: Պայքար, որի գաղափարախոսության մշակման եւ ազատաբաղձ սերունդ դաստիարակելու առաջամարտիկներից էր Մ. Փորթուգալյանն իր «Արմենիա» թերթով: Թերթը, որը Եվրոպայի հայության եւ եվրոպական հասարակության միջեւ առաջին գաղափարական կամրջողներից եղավ եւ նոր մակարդակի բարձրացրեց հայ քաղաքական միտքը: Թերթ, որի հայաստանակենտրոն մտածողության լավագույն ավանդույթների հաշվառումն իրատեսական քաղաքականության որդեգրման կարեւոր պայման է նաեւ մեր օրերում եւ արժանի բարձր գնահատանքի: Թերթ, որի գործունեության լուսաբանումը նպաստում է նաեւ XIX դարի վերջին քառորդի ու XX դարասկզբի հայ քաղաքական մտքի սայթաքումների լիարժեք ընկալմանը, ինչը եւ կարեւոր է դրանցից խուսափելու առումով:

Մ. Փորթուգալյանն «Արմենիայով» իրեն դրսեւորել էր որպես իրապաշտ եւ լայնախոհ մտավորականի, որի քաղաքական մտածողության մեջ ուրվագծվել էր իրատեսական մարտավարության տեսլականը: Պատահական չէ, որ նրա սաների ստեղծած Արմենական կուսակցության մարտավարությունն ու ռազմավարությունը իրատեսական էին, խոստումնալից եւ առավել արդյունավետ, քանի որ հայոց ազատագրության հնարավորությունը նախ եւ առաջ տեսնում էին սեփական ուժին ապավինելու, հայության համախմբման եւ հիմնավոր նախապատրաստվելու մեջ: Նա նպաստեց հայոց մեջ քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը, այլախոհության ու հանդուրժողականության տարածմանը, լայն տարածում գտած օտարամուտ քաղաքական շարժումների ու գաղափարական հոսանքների հանդեպ ճշգրիտ ու առարկայական դիրքորոշում որդեգրելու եւ դրանց բերած աշխարհաքաղաքացիական հովերից ազգային նվիրական նպատակները պաշտպանելու գործում, որն ամենեւին էլ չի բացառում ազգային ու համամարդկային արժեքների համադրության անհրաժեշտությունը:

Մ. Փորթուգալյանն օսմանյան գաղտնի ծառայությունների մշտական խոչընդոտները, Ռուսաստանի հակասական վերաբերմունքը, ֆինանսական միջոցների սղությունը հաղթահարելու համար դրսեւորեց աներեր վճռականություն, անկոտրում կամք, արիություն ու անսասան հավատ եւ կյանք տվեց իր հոգեզավակ «Արմենիային»: Այնպես որ հանգիստ խղճով կարելի է արձանագրել` Մ.Փորթուգալյան ասելով հասկանում ենք «Արմենիա» թերթ, իսկ «Արմենիա» ասելով Մ.Փորթուգալյան, այսինքն` նրանք մշտապես եղել են մեկ ամբողջություն եւ փոխպայմանավորել միմյանց:

Ամփոփելով նշենք, որ հայոց վերազարթոնքի եւ ազատախոհական մտքի ակունքներում կանգնած Փորթուգալյանը արեւմտահայ ու արեւելահայ ազատագրական շրջանակների առաջին կամրջողը եղավ: Սակայն, ցավոք, ցայսօր թե՛ հայրենիքում թե՛ Սփյուռքում ըստ արժանվույն չի գնահատվել: Վատ չէր լինի, եթե ներկա իշխանություններն արձագանքեն եւ հայ ազատագրական գաղափարախոսի ու մամուլի երախտավորի անունով փողոց, մշակույթի օջախ կամ մեկ այլ կառույց անվանակոչեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ