RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3137, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈԼՏՈՆՆ ԻՆՉՈ՞Ւ Է ԳԱԼԻՍ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ

Պ.Ք.

Տարածաշրջանը Մերձավոր Արեւելքին կապելու փորձեր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլտոնը հայտարարել է, որ ինքը մտադիր է հոկտեմբերի 20-ին աշխատանքային այցելություններ սկսել Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան: Reuter՛s գործակալությունը, նրա խոսքերը վկայակոչելով, մանրամասնում է, որ Բոլտոնը մտադիր է այդ երկրներում հանդիպումներ ունենալ իր պաշտոնակիցների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի առաջ մղի ԱՄՆ շահերը անվտանգությանն առնչվող մի շարք հարցերում:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է որոշ այլ մանրամասնություններ: Մոսկվայում Բոլտոնը հանդիպում կունենա ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Ալեքսանդր Պատրուշեւի հետ, հնարավոր է հանդիպում նաեւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նկատի ունենալով, որ ավելի վաղ Բոլտոնը Մոսկվա էր այցելել Հելսինկիում նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախապատրատելու համար, կարելի է ենթադրել, որ այս անգամ եւս նա կլրամշակի առաջիկա հանդիպման սյուժեն: Մանավանդ որ օգոստոսին Պատրուշեւը եւ Բոլտոնը արդեն հանդիպում են ունեցել Ժնեւում: Բոլտոնի խոսքերով, առաջիկա հանդիպման նպատակը Հելսինկիում Պուտինի եւ Թրամփի սկսած երկխոսության շարունակումն է, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություննների քննարկումը եւ այն, թե որ հարցերում է հնարավոր հասնել առաջընթացի, թե որտեղ դեռ կան խնդիրներ ու տարաձայնություններ:

Բայց այս անգամ ԱՄՆ նախագահի օգնականը Մոսկվայից կմեկնի Անդրկովկաս, որը, նրա խոսքերով, շատ էական աշխարհագրական դեր է խաղում, քանի որ կապեր ունի Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ: Իրավիճակն ուրիշ կլիներ, եթե Բոլտոնը Մոսկվա թռչեր Բաքու, Երեւան եւ Թբիլիսի այցելելուց հետո: Սակայն երեք հանրապետություններում նա կլինի արդեն մոսկովյան բանակցություններից հետո, որոնց ընթացքում ինքը, ըստ երեւույթին, կքննարկի Անդրկովկասի հետ կապված որոշակի, բայց դեռեւս չբարձրաձայնված խնդիրներ, որոնք կապ ունեն նաեւ Մերձավոր Արեւելքի հետ: Ենթադրվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի Իրանը, գուցե նաեւ Սիրիան: Սակայն այդ ուղղություններում ԱՄՆ-ը ստիպված է գործ ունենալ որոշակի առանձնահատկությունների հետ:

Սիրիայի իրադրության կարգավորման հարցում Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան հանդես են գալիս որպես գլխավոր երաշխավորներ: Բացի դրանից, այդ երեք երկրները ներկայումս զանազան պատճառներով ենթարկվում են ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ինչը շատ ուղղություներում մերձեցնում է նրանց դիրքերը:

Ի դեպ, Reuter՛s գործակալությունը հոկտեմբերի 3-ին մեջբերեց ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի այն հայտարարությունը, ըստ որի իր երկիրը որոշել է խզել Իրանի հետ բարեկամության պայմանագիրը: 1955 թ. ստորագրված այդ փաստաթուղթը ուղղված էր երկու երկրների առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը: Պետքարտուղարը Իրանին մեղադրել է ՄԱԿ-ի միջազգային դատարանը քաղաքական եւ քարոզչական նպատակներով օգտագործելու մեջ, ինչպես նաեւ Իրանն անվանել է սպառնալիք Բաղդադում եւ Բասրայում ամերիկյան առաքելության իրականացման համար: Պոմպեոն ավելացրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնություն հատկացնել Թեհրանինՙ միաժամանակ նշելով, որ Իրանի կառավարությունը այդ միջոցները չի օգտագործում երկրի բնակչության կենսապայմանների բարելավման նպատակով: Թեհրանում պնդում են, որ ամերիկյան պատժամիջոցները խախտում են 1955 թ. պայմանագրով նախատեսված երկու երկրների ֆիզիկական եւ իրավական անձանց առավել բարենպաստման ռեժիմի սկզբունքը: Պոմպեոն ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը չի ընդունել այն փաստը, որ իրավունք չունի քննության առնել իրանցիների հայցը:

BBC-ի տեղեկությունների համաձայն, Միջազգային դատարանը ընդունել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է մեղմացնել հակաիրանական պատժամիջոցները: Դատարանը վճռել է, որ պատժամիջոցների ցանկից պետք է բացառնվեն հումանիտար ապրանքները, ինչպիսիք են սննդամթերքը եւ դեղորայքը: ԱՄՆ-ը տվյալ դատարանը իրավազոր չի համարում, քանի որ խոսքը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության մասին է: Հաագայում գործող Միջազգային դատարանի վճիռները համարվում են պարտադրական, բայց դատարանը չունի դրանք ի կատար ածելու միջոցներ: Ի դեպ, անցյալում թե՛ Իրանը, եւ թե՛ ԱՄՆ-ը անտեսել են այդ դատարանի վճիռները: Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միջազգային դատարանի վճիռը հաստատում է ԱՄՆ-ի պատժամիջոցների անօրինականությունը: Հարկ է նշել, որ պատժամիջոցները վերականգնելու Թրամփի մայիսյան որոշումից ի վեր, Իրանի տնտեսությունը բավական տուժել է, իսկ իրանական ռիալըՙ կտրուկ արժեզրկվել:

Սա առաջին դեպքն է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում է ընդունում իր բնորոշմամբ «տնտեսական պատերազմի» առնչությամբ: Դատավճիռը կարելի է միջանկյալ որոշում համարել նոյեմբերին սպասվող հակաիրանական պատժամիջոցների երկրորդ փաթեթի գործադրման նախօրեին: Իրանական կողմի փաստարկն այն էր, որ Բարեկամության, տնտեսական հարաբերությունների եւ հյուպատոսական իրավունքների մասին 1955 թ. պայմանագիրը, որի համաձայն վեճերի քննությունը հանձնվում է Միջազգային դատարանի իրավադատությանը, խախտվել է ամերիկյան պատժամիջոցներով: Թեհրանը նաեւ պնդում է, որ Թրամփի բերած փաստարկները անհիմն են, քանի որ ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար հաստատում է Իրանի հավատարմությունը Վեցյակի հետ կնքած 2015թ. միջուկային համաձայնագրին: Իսկ ամերիկացի փաստաբանները պնդում են, թե Միջազգային դատարանն իրավասու չէ տվյալ հարցում, քանի որ իրանական կողմի հայցը դուրս է 1955 թվականի պայմանագրի շրջանակներից: Պետդեպարտամենտը նշում է, որ սննդամթերքի, դեղորայքի եւ բժշկական սարքավորումների մատակարարումները պատժամիջոցներով արգելված չեն:

Բայց եթե Բոլտոնի տարածաշրջանային այցի ընթացքում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը դառնա Իրանի հարցը, ապա Ադրբեջանն ու Հայաստանը, չնայած ԼՂ հակամատությանը, այնուամենայնիվ չեզոք դիրք կբռնեն եւ կնախընտրեն պահպանել Թեհրանի հետ բարիդրացիական հարաբերությունները: Բացի դրանից, Բաքուն ձգտում է իրականացնել «Հյուսիս-հարավ» նախագիծը, որն իրենից ներկայացնում է մերձբալթյան երկրները Իրանի միջոցով Հնդկաստանին կապելու ծրագիր: Այլ բան է Վրաստանը:

Ինչպես այս կապակցությամբ գրում է թուրքական Yeni a հրատարակությունը, «ԱՄՆ-ը վաղուց փորձում է իր ռազմանավերը մտցնել Սեւ ծովՙ օգտագործելով ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի դաշիքը, որպեսզի Իրանի հետ պատերազմի դեպքում վերջինիս զրկի սեփական աշխարհագրական դիրքի խորությունն օգտագործելու հնարավորությունից»: Հրատարակության կարծիքով, քանի որ այդ ժամանակ Անկարան ԱՄՆ-ին լիովին ենթակա կդառնա McKinsey-ի (նյույորքյան այդ խորհրդատվական ընկերությունից Թուրքիան օգնություն էր խնդրել սեփական տնտեսության վերականգնման համար) միջոցով, Վաշինգտոնն այդ իրավիճակում կփորձի, ինչպես Իրաքի 2003 թ. ամերիկյան օկուպացման ժամանակ, ինչին ուղղակիորեն կապված էր նաեւ Բոլտոնը, Արեւելյան Անատոլիայում ստեղծել սեփական ռազմակայաններ, որպեսզի 63 հազար զինծառայող տեղաբաշխի եւ պահանջի իրեն տրամադրել Սամսուն ու Տրապիզոն նավահանգիստները:

Իրադարձությունների նման ընթացքը կարող է սկզբունքորեն փոխել նաեւ Անդրկովկասի իրավիճակը: Ամերիկացի փորձագետներից շատերի գնահատման համաձայն, այնտեղ «ԱՄՆ-ը սկսել է ազդեցությունը կորցնել Վաշինգտոնի հետաքրքրության նվազման պատճառով»: Ճիշտ է, այստեղ եղել է որոշակի նրբերանգ: Մի ժամանակ այդ նույն փորձագետները անդրկովկասյան էլիտային առաջարկում էին սեփական գաղափարներով մուտք գործել ամերիկյան քաղաքական շուկա:

Սակայն Բաքուն էր, որ սեփական էներգետիկ նախագծերն իրականացնելիս իրեն հռչակել էր Եվրոպայի էներգետիկ անվտանգության գրեթե երաշխավոր, եւ հիմա էլ է այդպես վարվում: Իսկ ո՞րն է արդյունքը: Հնարավոր է, որ Բոլտոնը, հասկանալով որ չի հաջողվի Երեւանին անմիջապես կտրնել ՀԱՊԿ-ից, Ադրբեջանին իր հերթին առաջարկի որոշ գաղափարներ, գուցեՙ կապված նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ: Իսկ առայժմ նա Անդրկովկաս է մեկնում, որպեսզի առավել հստակ պատկերացում կազմի տարածաշրջանի երեք պետությունների քաղաքական ուղեգծերի մասին, ինչպես նաեւ պարզի նրանց դիրքորոշումները Իրանի հարցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ