RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4310, Տպվել է` 533, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Երիտասարդությանս օրերին որպես լրագրող ահաբեկչության ենթարկվելու պատճառով, լրագրողների դեմ կատարված բռնության ամեն մի դեպք ցավալի հիշողություններ է արթնացնում իմ մեջ:

Լրագրողների երկու կատեգորիա գոյություն ունիՙ պալատական եւ առաքելական: Պալատականները հանգիստ, ապահով կյանք են վայելում, քանի որ ոչ ոք չի ցանկանում նրանց խանգարել: Նրանց վարձում են իշխանությունները, որոնց քաղաքականությունն էլ իրենք պաշտպանում են: Այդ պատճառով էլ նրանց կարծիքները ոչ մի ազդեցություն չեն թողնում հասարակության վրա:

Երկրորդ կատեգորիայի լրագրողները արհեստավարժ անձնավորություններ են, որոնք ունեն որոշակի առաքելություն եւ պարտականության զգացում: Նրանք նվիրված են իրենց կոչումին եւ ճշմարտությանը, որը նրանց համար ծառայում է որպես ուղեցույց: Նրանք քաջ գիտակցում են, թե որքան վտանգավոր է իրենց ճանապարհը, բայց համառորեն շարունակում են իրենց գործունեությունը:

Քաղաքակիրթ երկրներում օրենքը պաշտպանում է նրանց, սակայն շատ հաճախ այդ օրենսդրությունը բավականաչափ պաշտպանություն չի կարողանում ապահովել, եւ այդ պատճառով էլ նրանք բռնության եւ կտտանքների են ենթարկվում, կամ սպանվում: Երբեմն պարզվում է, որ նրանց ողբերգական մահվան ետեւում կանգնած են իշխանությունները:

Վերջին օրերին, համարյա միաժամանակ, մամուլի ուշադրության կենտրոնում են լրագրողների դեմ կատարված բռնությունների մի քանի դեպքեր:

Դրանցից մեկը բուլղարացի 30-ամյա լրագրող Վիկտորիա Մարինովայի պարագան է, որի գազանաբար անշնչացած մարմինը հայտնաբերվել է գետափնյա մի այգում: Մարինովան Ռումինիայի սահմանին մոտիկ գտնվող բուլղարական Ռուսե քաղաքում փոքրիկ մի հեռուստակայանի տնօրենն էր: Հավանաբար նա հետաքննում էր Բուլղարիայում Եվրոմիության հատկացրած գումարների չարաշահումները եւ անկասկած ընկել էր քրեականորեն պատժելի հետքի վրա, երբ հանկարծակի ընդհատվեց նրա կյանքը:

Հաջորդը Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Խաշողջիի պարագան է, որ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո, այնտեղից դուրս չի եկել: Նրա հանդեպ որեւէ լուրջ մեղադրանք չի ներկայացված, բայց կացությունը որեւէ լավ բան չի խոստանում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր քարտուղար Օդրի Ազուլեյը սահմանված կարգի համաձայն ամեն անգամ դատապարտում է լրագրողների սպանությունը կամ անհայտացումը: Բայց պատկերը խիստ մտահոգիչ է: Այդ կազմակերպության վիճակագրական տվյալներով «2006-2016 թվերին սպանվել են 868 տեղացի եւ 62 օտարազգի լրագրողներ, որոնցից 60-ը կանայք են, 870-ըՙ տղամարդիկ»:

Եվրոխորհրդարանի պատգամավոր, Գերմանիայի կանաչների կուսակցության անդամ Սվեն Գիգոլդը նշել է, որ Մարինովայի սպանությունը պետք է մտահոգի ամբողջ Եվրոպային, քանի որ խորհրդավոր սպանությունները մեկը մյուսի հետեւից շարունակվում են Եվրոմիության անդամ երկրներումՙ նախ Մալթայում ( Դաֆնի Կարուանա Գալիզիա ), հետո Սլովակիայում ( Ժան Կուսիակ ) եւ ապա Շվեդիայում ( Կիմ Ուոլ ): Դրանց գալիս է լրացնելու Սաուդյան Արաբիայի լրագրողի անհայտացումը, որն անկասկած քաղաքական արձագանքներ է առաջացնելու, հաշվի առնելով, որ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները արդեն իսկ խաթարված են այն օրից, երբ Ռիադը փորձեց շրջափակման մեջ պահել Քաթարին, իսկ Թուրքիան բռնեց վերջինիս կողմը: Թեեւ, բարեբախտաբար, ավելի ուշ երկու երկրները համաձայնության եկան միասնական ջանքերով հետաքննելու այդ քստմնելի ոճրի մանրամասները:

Նույնիսկ Մ. Նահանգներն է մտահոգված: «Աղոթում եմ, որ լրագրող Ջամալ Խաշողջին ողջ լինի» թվիթերյան իր էջում գրառել է Ֆլորիդայից հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն ավելացնելովՙ «բայց եթե հաստատվի այս խիստ մտահոգիչ լուրը, ապա Մ. Նահանգներն ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է լրջորեն արձագանքի դրան, եւ ես Սենատում քննարկելու եմ հակադարձման բոլոր հնարավոր տարբերակները»:

Մնում է սպասել եւ տեսնել, թե ինչ կարող է սենատորը անել, երբ Մ. Նահանգները հատուկ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ: Այդ երկրի արքայազն Մոհամմեդ Բին Սալմանը , որն իր երկրի իսկական բռնապետն է դարձել, վերջերս տնային կալանքի տակ է վերցրել գրեթե բոլոր իշխաններին եւ նրանցից 100 միլիարդ դոլարի տույժ պահանջել բաց թողնելու համար: Հաջորդ օրն իսկ 110 միլիարդ դոլարի արժողությամբ ռազմական համաձայնագիր է ստորագրել Մ. Նահանգների հետ:

Հաշվի առնելով, որ Ամերիկայի ռազմական արդյունաբերության համակարգը ամեն տարի ավելի արդիական զինամթերք է արտադրում, էլ որտե՞ղ, եթե ոչ արաբական անապատներում կարող է դրանք «բեռնաթափել»: Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ 500 միլիոն դոլարի արժողությամբ մեկ զինատեսակի մասին խոսելիս, նախագահ Թրամփը կատակով նշել է. «Անշուշտ ձեզ համար սա ընդամենը գրոշներ արժի»: Նման հարաբերությունների կոնտեքստում մարդկային կյանքը պետք է որ գրոշից էլ պակաս արժենա: Թուրքիան այս հարցին ավելի լուրջ է մոտենում, եւ նախագահ Էրդողանը երդվել է «անձամբ» հետեւել գործընթացին:

Այդուհանդերձ, Էրդողանի ձեռքերը լրագրողների արյան մեջ է թաթախված: Նա աշխարհում լրագրողներին ամենադաժան կտտանքների ենթարկողներից մեկն է, եւ այդ մասնագիտության տեր մարդկանց պաշտպանության մասին խոսելը նրա կողմից պարզապես ցինիզմի հավասար դրսեւորում է:

Դեռ վերջերս, երբ Գերմանիայում էր, նա զգուշացրել էր, որ մամլո ասուլիսին չի մասնակցի, եթե դրան ներկա է լինելու նաեւ թուրք ճանաչված լրագրող Ջան Դունդարը : Վերջինս, որ Գերմանիայում է ապրում այժմ, թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր մինչեւ այն ժամանակ, երբ Էրդողանը պաշտոնազրկեց բոլոր անկախ լրագրողներին եւ բանտարկեց նրանց: Դունդարը ավելի քան հինգ տարվա ազատազրկման էր ենթարկվել, եւ նույնիսկ մահափորձիՙ վճռի արձակման օրը: «Երկու ժամվա ընթացքում երկու մահափորձ տեղի ունեցավ. մեկըՙ ատրճանակով, մյուսըՙ դատական: Սա ապացուցում է, որ լրագրությունն է ընդհանրապես դատական քննության ենթարկված», նշել էր նա այդ ժամանակ:

Նրան պետական գաղտնիքը բացահայտելու մեջ էին մեղադրել, որովհետեւ իր թերթը գրել էր, որ ապացույցներ կան, որ Էրդողանը զենք է մատակարարում Սիրիայի ահաբեկիչներին:

Էրդողանի կառավարությունն իր «խորքային պետությունն» ունի, որ հետապնդում եւ սպանում է լրագրողներին: Հրանդ Դինքը այդ պետության հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորման զոհերից մեկն էր:

Առերեւույթ, Էրդողանը իբր քանդել է «Էրգենեկոն» անվան տակ գործող այդ խորքային պետությունը, բայց նա դրա փոխարեն իր սեփական խմբավորումն է ստեղծել: «Էրգենեկոնից» ազատվելու ջանքեր գործադրելուց, նա ձերբակալեց մեծ թվով բարձրաստիճան զինվորականների եւ քաղաքացիական ծառայության մատուցողների, այդպիսով չեզոքացնելով իրեն սպառնացողների խմբավորումները: Դա էր իր հիմնական նպատակը, եւ ոչ թե իրավունքների կամ արժեքների հանդեպ ունեցած մտահոգությունը:

Նախկին այդ խորքային պետությունը, որ համագործակցում էր կառավարական անվտանգության մարմինների հետ, ծայրահեղական «Գորշ գայլերին» էր օգտագործում իրականացնելու համար քաղաքական սպանություններ: Աղմուկ բարձրացրած այդ կարգի հայտնի դեպքերից էր ականավոր լրագրող Աբդի Իփեքջիի սպանությունը: Իփեքջին, որ պաշտպանում էր Թուրքիայում փոքրամասնությունների շահերը եւ կոչ էր անում հաշտվել Հունաստանի հետ, սպանվեց 1979 թվի փետրվարի 1-ին: Ծայրահեղ ազգայնամոլական «Գորշ գայլեր» խմբավորման երկու անդամներՙ Օրալ Չելիկն ու Մեհմետ Ալի Ագչան ձերբակալվեցին: Վերջինս դատապարտվեց ցմահ բանտարկության, բայց ընդամենը վեց ամիս բանտարկվելուց հետո փախավ բանտից կարեկից բանտապահների օգնությամբ: Հետագայում (1981-ին) նրան ուղարկեցին սպանելու Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ին: Ինչպե՞ս կարող էր այդ ոճրագործը փախչել բանտից, սահմանն անցնել իր հետ ունենալով ատրճանակներ, եթե չվայելեր կառավարության պաշտպանությունը:

Թուրքիայի հաջորդական իշխանությունները ոճրագործներին ոչ միայն պատշպանություն եւ զինամթերք են տվել, այլեւ միաժամանակ ատելության մթնոլորտ ստեղծել լրագրողների հանդեպ, որպեսզի իրենց ոճրագործությունները ընդունելի լինեն հասարակության կողմից:

Մեղադրելով Էրդողանին եւ կառավարամետ լրատվամիջոցներին իր դեմ նման ատելություն ստեղծելու մեջ, Դունդարը նշել է. «Շատ լավ գիտենք, թե ով կոնկրետ ինձ թիրախ դարձրեց: Դա սադրանքի արդյունք է: Եթե որեւէ մեկին թիրախ ես դարձնում, նման բան է տեղի ունենում»:

Այդ թիրախակալված ատելությունն է, որ զգետնեց նաեւ Հրանդ Դինքին: Նրան սպանեցին թուրքական քրեական օրենքի թիվ 301 հոդվածը ոտնահարելուՙ «թրքականությունը անպատվելու» համար: Կառավարության կողմից հայ լրագրողի հետապնդումը զուգորդվում էր նրա դեմ լրատվամիջոցների սանձազերծած ատելության հետ: Նրան սպանեցին 2007-ի հունվարի 19-ին: Ոճրագործը Օգյուն Սամասթն էր, որ սպանությունից հետո, ըստ հաղորդագրությունների, գոռացել էրՙ «ես անհավատին սպանեցի»: Դինքի հուղարկավորությանը մասնակցեցին բազմաթիվ կառավարական-պետական այրեր, բայց Էրդողանն իր ասելով պատճառ ուներ չմասնակցելու, որովհետեւ պետք է ներկա գտնվեր Բոլու լեռան թունելի բացման արարողությանը:

Դինքի սպանությունը դարձավ ամենահայտնի իրադարձությունը Աբդի Իփեքչիի սպանությունից հետո: Բազմահազար մարդիկ մասնակցեցին հուղարկավորությանը: Արարքը դատապարտող մի հսկայական ալիք բարձրացավ ամբողջ Եվրոպայով մեկ:

Մինչ Էրդողանն «անձամբ զբաղվում է» Խաշողջիի գործով, Թուրքիայի բանտերում փտում են հարյուրավոր լրագրողներ, եւ շատ շատեր էլ սպանվումՙ նրա անվտանգության մարմինների կարգադրությամբ: Վերջին լուրերի համաձայն, անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի մարմինը գտել են մասնատված Թուրքիայի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:

Սակայն, ի հեճուկս անբարենպաստ պայմանների, սպառնալիքների եւ վտանգների, արհեստավարժ լրագրողները շարունակում են հավատարիմ մնալ իրենց կոչումին, այն էՙ բացահայտել ճշմարտությունը, հասարակությանը տեղեկացված պահել եւ կառավարություններին էլՙ հաշվետու:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ