RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2636, Տպվել է` 521, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

Պ.Ք.

ԱՄՆ տնտեսական քաղաքականության հետեւանքներ

Նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական վերջին քայլերը ակնհայտորեն թելադրված են Իսրայելի եւ ամերիկյան իսրայելամետ շրջանակների կողմից, գրում է վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը «Ռեգնում» գործակալության կայքում: «Կարծում եմ, որ ամբողջ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը սերտորեն կապված է Իրանի վերաբերյալ նրանց սեւեռուն գաղափարի հետ, որը հակառակ արդյունքը տվեց Սիրիայում, Լիբանանում եւ Իրաքում», ասել է Իրանի արտգործանախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 28-ին «Ալ-Մոնիտոր» հրատարարկությանը տված բացառիկ հարցազրույցում: Նա նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը հակառակ արդյունքը կտա աշխարհի նաեւ այլ տարածաշրջաններում: Մեկնաբանելով դրանից մեկ շաբաթ առաջ Եվրոմիության առաջարկած Իրանի հետ փոխհաշվարկների մեխանիզմը, Զարիֆը հավաստիացրել է, որ վերջինս Իրանին հնարավորություն կտա նվազագույնի հասցնելու ԱՄՆ-ի պատժամիջոցների հետեւանքները:

Զարիֆն ավելացրել է, որ ԱՄՆ-ը իր դաշնակիցների շրջանում ապարդյուն ջանքեր է գործադրել իրանական բալիստիկ հրթիռների ծրագրի առնչությամբ: Այն փաստը, որ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի միջուկային բազմակողմ գործարքից, քիչ հավանական է դարձնում ամեն մի նոր համաձայնագիր: Խոսելով Իրաքի իրադրության մասին, Զարիֆը հայտարարել է, որ այդ երկրում Իրանը եւ ԱՄՆ-ը հետապնդում են հակադիր նպատակներ: «Մեր նպատակը Իրաքի կայունությունն է: Ամերիկացիների գերակայությունը Իրանի դեմ պատերազմն է, բայց դա դատապարտված է ձախողման»: Պատասխանելով այն հարցին, թե ինքը ԱՄՆ-ի հետ շփումների վերականգնմանն ուղղված որեւէ քայլ ձեռնարկե՞լ է արդյոք միջուկային գործարքից Թրամփի դուրս գալուց հետո, Զարիֆն ասել է, թե ինչո՞ւ ինքը պետք է դա անի:

Իր հերթին, Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը , խոսելով Սիրիայի եւ Իրանիՙ որպես ինքնիշխան պետությունների մասին, հայտարարել է, որ իր երկիրը երբեք սակարկությամբ չի զբաղվի Իրանի փոխարեն: Իսրայելին դատապարտելով Սիրիայում իրանցի զինծառայողների ներկայության պատճառով իսրայելցիներիՙ Սիրիային հասցեագրած սպառնալիքների համար, նա ասել է, որ հակաօդային պաշտպանության հ-300 համակարգերը կերաշխավորեն իր երկրի անվտանգությունը իսրայելական վտանգի դեմ-հանդիման: Արտգործնախարարն ավելացրել է, որ Սիրիան իրեն կվերադարձնի Իդլիբի նահանգը խաղաղ կամ այլ միջոցներով:

Վերջին օրերին Ավստրիան եւ Շվեյցարիան հաստատել են Իրանի հետ տնտեսական կապերը շարունակելու իրենց վճռականությունը: Շարունակվում են Թեհրանի կապերը Գերմանիայի հետ: Ճապոնիայի առեւտրի եւ տնտեսության նախարարությունը իր հերթին հաղորդել է, որ, չնայած ԱՄՆ-ի հակաիրանական պատճամիջոցներին, արդեն հինգ ամիս անընդմեջ իրանական նավթի ներմուծման ծավալներն ավելանում են: The Japan Times թերթի տվյալների համաձայն, այս տարվա օգոստոսին իրանական նավթի ներմուծումը տարեկան հաշվարկով ավելացել է 65 տոկոսով: Ներկայումս նավթավերամշակման ճապոնական գործարանների հնարավորություններն ավելին են, քան հակաիրանական պատժամիջոցներից առաջ: Ավելի վաղ Ճապոնիան ԱՄՆ-ին խնդրել էր իրեն չներառել պատժամիջոցների ենթակա երկրների ցանկումՙ նկատի ունենալով նավթավերամշակման ճապոնական գործարանների հարաճուն կարիքները:

Հոկտեմբերի 1-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Իրանը արդեն մերձեցել է Եվրոպայի հետ, եւ որ «նավթ սննդի դիմաց» ձեւակերպումը տվյալ դեպքում անտեղի է, իրենք շարունակում են համագործակցությունը Եվրոմիության, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին իր հերթին հայտարարել է, որ Եվրոմիությունը մշակել է Իրանի հետ գործարար համագործակցության նոր մեխանիզմ, որը մատչելի կլինի երրորդ երկրների համար: Թեհրանում ակնկալում են, որ նոր մեխանիզմը գործի կդրվի նոյեմբերին: Արաքչիի խոսքերով, եվրոպացիներն աշխատում են նաեւ բանկային SWIFT համակարգի վրա, որպեսզի պարզեն, թե հնարավո՞ր է արդյոք դրա աշխատանքը շարունակել Իրանի հետ, թե՞ հարկ կլինի մտցնել ֆինանսական հաղորդակցությունների զուգահեռ համակարգ:

Ինչ վերաբերում է Չինաստանին, Reuters գործակալությունը, դիվանագիտական աղբյուրներ վկայակոչելով, հոկտեմբերի 1-ին հաղորդեց, որ այդ երկրի իշխանությունները չեղյալ են հայտարարել անվտանգության հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հոկտեմբերին նախատեսված բանակցությունները: Դրանցում ամերիկյան կողմը պետք է ներկայացնեին պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Բանակցությունների չեղարկումից ընդամենը մի քանի օր առաջ ՉԺՀ բարձրաստիճան պաշտոյաներից մեկը հայտարարել էր, թե երկկողմ հարաբերություններում ծագած լարվածությունը չի հանգեցնի բացասական հետեւանքների: Միեւնույն ժամանակ, միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Չինաստանը սադրանք է անվանել B-52 ռազմավարական ռմբակոծիչների վերջին թռիչքները Հարավչինական ծովի վիճելի շրջանների վրայով: Այդ ռմբակոծիչները կարող են հանդերձավորվել միջուկային թեւավոր հրթիռներով: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, թե դրանում որեւէ անսովոր բան չկա:

Իսկ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Պեկինին ամբաստանել է նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջակա ընտրություններին միջամտելու փորձերի մեջ: Ի դեպ, Չինաստանը հավակնում է իր հարավային սահմանից շատ ավելի հարավ ընկած շրջանների, որոնց պատկանելությունը վիճարկում են Վիետնամը, Բրունեյը, Ֆիլիպիննեը եւ Մալայզիան: Այդ բոլոր երկրները վեճեր ունեն Հարավչինական ծովի նաեւ ուրիշ փոքր տարածքների առնչությամբ: ԱՄՆ-ը մշտապես միջամտում է այդ վեճերին եւ փորձում է տարածաշրջանում թուլացնել Չինաստանի ազդեցությունըՙ պարբերաբար ռազմանավեր եւ ռազմօդանավեր ուղարկելով նավագնացության անվտանգությունն ապահովելու պատճառաբանությամբ: Վաշինգտոն-Պեկին փոխհարաբերությունները վերջին ամիսներին աչքի են ընկնում մեծ լարվածությամբ, որը պայմանավորված է առեւտրական պատերազմով եւ նորՙ փոխադարձ ներմուծական մաքսատուրքերով:

Չինաստանի նկատմամբ ամերիկացիների ձեռնարկած պատժամիջոցները իսպանական El Pais թերթը համարում է բումերանգ, իսկ առեւտրական պատերազմըՙ կանխիչ միջոց, որպեսզի Չինաստանը ԱՄՆ-ի փոխարեն չդառնա համաշխարհաին տերություն: Ըստ թերթի, ռուսական նորագույն զինատեսակների գնման պատճառով Պեկինի դեմ ամերիկյան պատժամիջոցների ձեռնարկումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ հենց ԱՄՆ-ի համար: Հակաօդային պաշտպանության հ-400 համակարգի եւ «Սու-35» ռազմօդանավերի գնման վերաբերյալ չին-ռուսական գործարքը կնքնվել է 2015 թվականին, այսինքն այն բանից մեկ տարի առաջ, երբ ամերիկացիները սկսեցին ռուսներին մեղադրել ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Հրատարակությունը թվարկում է Ռուսաստանի եւ Չինանստանի դեմ ուղղված ամերիկյան նոր պատժամիջոցների երեք կարեւոր նպատակՙ խոչընդոտներ ստեղծել Չինաստանի ռուսական զենքի վաճառքի ճանապարհին, թուլացնել Ռուսաստանը որպես զենք արտահանող երկիր եւ Հնդկաստանին ու Թուրքիային հեռու պահել ռուսական զենքի ձեռքբերումից: Իսպանական թերթի նշած բումերանգի էությունն ան է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին ու Չինաստանին ակամա դրդում է խորացնել ռազմավարական գործընկերությունը:

Ինչպես նշում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը, այս տարվա օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Ռուսասստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացման դեպքում Մոսկվան իր վրա կվերցնի «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարության հետ կապված բոլոր ծախսերը: Գերմանիայի համար ռուսական գազի մատակարարումները ձեռնտու են եւ չեն ընդհատվել նույնիսկ սառը պատերազմի ժամանակաշրջանում:

Բայց եթե նոր գազամուղը կառուցվի միայն ռուսական կողմի միջոցներով, դա կարող է հարուցել Եվրոհանձնաժողովի առարկությունը, քանի որ նման շինարարությունը խախտում է մրցակցային սկզբունքը: Փոխադրումներն ու մատակարարումը չպետք է իրականացվեն նույն երկրի կողմից: Վլադիմիր Պուտինին դժգոհություն է պատճառում այն, որ տարիներ շարունակ ռուսական գազից օգտվող Գերմանիան սկսել է նավամատույցներ ստեղծել բնական հեղուկ գազի ընդունման համար: Օրերս Թրամփը հայտարարեց, որ չնայած Եվրոպայի եւ ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող էներգետիկ նախագծերի գոյությանը, ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարոթյանը մասնակցող ընկերությունների նկատմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ