RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 5068, Տպվել է` 534, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ՈՐ ՀԱՅԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ»

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Երեք տարի առաջ էր, 2015-ի նոյեմբերը: Խոր աշնանային մելամաղձոտ օր: Այդ օրը Բրյուսելում հուժկու քամին շուրջպար էր բռնել ոչ միայն դեղնավուն -դալուկ տերեւների հետ, այլ մերթընդմերթ, արտասովոր զայրույթով, համատարած տերեւաթափ էր խոստանում: Մռայլ էր երկինքը, ամպերը սեւ, իսկ քամին հորդառատ անձրեւի ձայնակցությամբ անդադար մռնչյունով նույն երգն էր համառորեն զնգացնումՙ իրեն ենթարկելով, ճկելով ու սրբելով հանդիպակաց ծառուկանաչ: Այդ օրը քամին իր կանոններն էր պարտադրում ոչ միայն բուսական աշխարհին, այլ նաեւ մարդկանց : Գազանային շաչյունով կամակոր քամին սողոսկում էր մինչեւ ոսկորներդ, հարվածում դեմքիդ, շունչդ կտրում, իսկ հեռանալուց արցունքոտում աչքերդ, ակամայից ստիպելով կուչ գալ, գլխիկոր քայլելՙ ցրտին խոնարհվելով:

Այդ օրը, սակայն քամուն հակառակ, գերհզոր մի ուժ ցնցեց Բրյուսելը:

Նույն օրը Բրյուսելի «Ֆորե Նասիոնալ» համերգասրահում Շառլ Ազնավուրի համերգն էր լինելու :

Բելգիայի տարբեր անկյուններից Բրյուսել էին եկել Մեծն Շառլի երկրպագուները: Դեռ ամիսներ առաջ, չնայած բարձր գներին, տոմսերն արդեն սպառվել էին: Լեփլեցուն էր դահլիճը, մթնոլորտըՙ խանդավառ: Ճիշտ ժամը ութին լույսերը մարեցին եւ բեմահարթակին հայտնվեց փոքրիկ, բայց գերհզոր մի լույս , իսկ երբ երգչի ձայնը հնչեց, ուրախության ճիչերից ու ծափահարություններից դահլիճը պայթեց: Զնգուն ձայնի արձագանքներն հուժկու արագությամբ թնդացրին դահլիճի պատերն ու հզոր արագությամբ տարածվեցին նաեւ դահլճից դուրսՙ միանալով աշնանային մռնչուն քամուն, որն իր երգն էր երգում դեռ առավոտից:

«Ամեն անգամ Բելգիայում ինձ տանն եմ զգում», ասել է Շառլ Ազնավուրը հարցազրույցներից մեկում : Այդ օրը բեմահարթակին նա իր տանն էր : Երկու ժամ տեւողությամբ համերգին նա նույնիսկ հինգ րոպե դադար չվերցրեց : Անասելի եռանդով , լեցուն գերհզոր էներգիայով երգիչը կլանել էր հանդիսատեսին : Մթնոլորտն այնքան ջերմ ու անմիջական էր , ասես միջավայրը հայկական լիներ : Երկժամյա համերգը կարծես ակնթարթ տեւեց:

Համերգի ավարտին Շառլ Ազնավուրը ռուսական «Կալինկան» երգեց եւ... պարեց երիտասարդական ավյունով: Անսպառ էներգիայովՙ Ազնավուրը չէր զգում հոգնածություն եւ իր վարակիչ էներգիան փոխանցել էր նաեւ հանդիսատեսին : Բոլորը հոտնկայս ծափերով ձայնակցում էին երգչին: Համերգի վերջում մարդիկ չէին ուզում դուրս գալ դահլիճից: Անվերջանալի ծափահարություններով փորձում էին, մի քանի վայրկյան ավել վայելել Մեծն Շառլի ներկայությունը:

Համերգից հետո բացառիկ հնարավորություն ունեի անձամբ հանդիպելու Շառլ Ազնավուրին: Հանդիպման սրահում էին նաեւ Բելգիայի արտգործնախարարը, քաղաքական, մշակութային էլիտան: Անհանգիստ տագնապով, վայրկյաններն էի հաշվում, թե երբ եմ խոսելու Շառլի հետ: Մտքումս նախապատրաստում էի հոգուս խոսքերը: Տարօրինակ հուզմունք էր պատել ինձ: Օդը կարծես չէր բավարարում, եւ զգացի, որ չեմ կարողանում այլեւս սպասել: Դանդաղ քայլերով մոտեցա սրահի դռանը եւ ճիշտ այդ պահին դուռը բացվեց: Դիմացս հանկարծ հայտնվեց ինքըՙ Շառլ Ազնավուրը: Դեմառդեմ հայացքս սառել էր նրա դեմքին, անթարթ աչքերով նայում էի նրա աչքերին, բայց բառերս կապվել էին լեզվիս եւ չէի կարողանում խոսել: Վայրկյաններ անց ֆրանսերենով բարեւեցի ու ասացի, որ հայ եմ: Նա կտրուկ ընդհատեց, չթողեց խոսքս շարունակեմ, եւ հայերենով հարցրեց. «Եթե հայ եք, ինչո՞ւ հայերեն չեք խոսում»: Զարմանքից քարացել էի եւ ուզում էի ասել, որ մեր շուրջը բոլորը ֆրանսախոսներ են, եւ բելգիական հասարակության մեջ ընդունելի չէ, մայրենի լեզվով խոսել հայրենակցիդ հետ, եթե շուրջդ ոչ ոք հայերեն չի հասկանում: Բայց մտավախություն ունեի, որ նա իմ խոսքերս կարող էր որպես դիտողություն ընկալել եւ լռեցի: Այդ պահին Շառլ Ազնավուրը մեղմիկ ժպիտով, դարձյալ հայերենով դիմեց ինձ, ասելով «Դուք ո՞ր հայերենով եք ուզում ձեզ հետ խոսեմ, արեւմտահայերենո՞վ, թե՞ արեւելահայերենո՞վ»: Ես դարձյալ լուռ էի, ասես բառերը բերանումս սոսնձվել էին եւ չէի հասկանում ինչու եմ այդչափ կաշկանդվել: Չէի պատկերացրել, որ ժամանակի այդչափ սղության պայմաններում մեր խոսակցության շեշտը դրվելու է հայերենի վրա: Մեր շուրջը, բոլորը հետեւում էին մեր զրույցին, եւ տեսնում էին, որ միայն Շառլն է ինձ հետ ՛խոսում, իսկ ես լուռ հետեւում էի նրա խոսքերին, պահվածքին ու մտածում, թե որքան եռանդ, ուժ ու ջերմություն, հայրենասիրություն է խտացված այդ փոքրիկ մարմնում : Երկու ժամ անդադար համերգից հետո, չնայած հոգնածությանն ու գերզբաղվածությանը, այդուհանդերձ նա կարեւորում է ինձ հետ հայերենով խոսելը : Ներկաները համբերատար սպասում էին մեր զրույցի ավարտին: Բոլորն էլ ցանկանում էին Շառլի հետ խոսել, նկարվել, բայց նա միայն իմ հետ էր խոսում ու փորձում էր հայերեն բառեր կորզել ինձանից : Գուցե զգում էր հոգուս տագնապը, որ իր մեծության առաջ ես կաշկանդվել եմ ու փորձում էր ինձ հանել այդ վիճակից : Իմ Լռությունը Շառլ Ազնավուրին համբերությունից հանեց եւ նա մի քիչ վրդովված ասաց. «Չեմ սիրում, տանել չեմ կարողանում, որ հայը հայերեն չգիտի, հայերեն չի կարողանում խոսել: Դուք հայ եք եւ պետք է հայերեն խոսեք»: Այդ պահին միանգամից նույն տոնով, հայերենով հակադարձեցի, մի քանի անգամ կրկնելով , որ փայլուն հայերեն գիտեմ: Մեծ ժպիտ ու գոհունակություն հայտնվեց Շառլի դեմքին: Խոր շունչ քաշեց , հանգստություն եկավ հայացքին, նրա հանգստությունը փոխանցվեց ինձ. մենք երկուսով միայն հայերեն էինք խոսում, անասելի հպարտություն էի զգում նրա կողքին:

Երկուշաբթի օրը Շառլ Ազնավուրը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Նա այլեւս մեզ հետ չէ: Նրա մահվան գույժը փոթորկվող սեւ ալիքի պես ողողեց աշխարհը: Եվրոպայի բոլոր լրատվամիջոցները խոր վշտով էին արձագանքում: Նույն օրը Բելգիայի եւ Ֆրանսիայի մետրոյի կայարաններում եւ հասարակական վայրերում միայն նրա երգերն էին հնչում:

Նա հեռացավ կյանքից յուրաքանչյյուրիս մեջ թողնելով իրենից խորհուրդ : Իր հարցազրույցներց մեկում Շառլն ասում էր. «Կյանքում ամեն ինչ իմ դեմ է գործելՙ իմ արտաքինը, մարդկանց արհամարհանքը, հեգնանքը, բայց ես չեմ կոտրվել, պայքարել եմ ու հաղթահարել»:

Շառլ Ազնավուրն ինչպես իր կենդանության օրոք, այնպես էլ մահվանից հետո, աշխարհին Հայաստանը ճանաչել տվեց: Ամբողջ շաբաթ հեռուստաէկրանից նրան նվիրված հատուկ հաղորդումներով Հայաստանն էր ներկայացվում:

Նա Բելգիայի Շառլերուա քաղաքի պատվավոր քաղաքացի էր: Նոր էր վերադարձել Ճապոնիայից եւ պատրաստվում էր երեք շաբաթից, հոկտեմբերի 26-ին, Բրյուսելում կայանալիք համերգին, բայց ճակատագիրը այլ կերպ տնօրինեց:

Հավերժ փառքի դափնին կրող, հայության պարծանք Շառլ Ազնավուրը համարվում է Ֆրանսիայի եւ երկրագնդի ամենաերկար կարիերա ունեցող երգիչը: Նրա մահվան օրը Եվրոպայի երաժշտական խանութներում կայծակնային արագությամբ սպառվեցին նրա բոլոր դիսկերը: Մինչ օրս ավելի քան 180 միլիոն երաժշտական ալբոմ է վաճառվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ