RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



ՏԵՍԱԿԵՏ

Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3532, Տպվել է` 534, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐՎԻ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հայաստանի խորհրդարանիՙ Ազգային ժողովի լուծարման մասին հոդվածը սկսել էի գրել դեռ մինչեւ վերջին իրադարձությունների սկսվելը, սակայն, ինչպես ասում ենՙ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ պարզ դարձավ, որ ներքաղաքական սահող ճգնաժամը կտրուկ սրվեց` վերածվելով հրաժարականների ու փաստացի հետհեղափոխական կառավարության լուծարման: Այն, որ զարգացման այս սցենարը հնարավոր էր, պարզ դարձավ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ մասնակցած ընտրողների ձայների մոտ 82%-ը:

Պարզ էր, որ փաստացի գործող քաղաքական ուժի համար կարեւոր էր կապիտալիզացնել այս աննախադեպ հաջողությունը եւ նոր ընտրությունները կայացնել ոչ թե հաջորդ տարի գարնանը կամ ամռանը, այլ մոտակա մի քանի ամիսներին: Այդ մասին նաեւ ոչ ուղղակիորեն հայտարարեց վարչապետը, որը դեռ Նյու Յորքում գտնվելու ընթացքում շեշտել էր, որ Երեւան գալուց հետո սկսելու է բանակցություններ ԱԺ խմբակցությունների հետ:

Սակայն, անկախ վերջին զարգացումներից, դեռ 5 ամիս առաջ պարզ էր, որ ներկա Ազգային ժողովը իր կազմով եւ քաղաքական ուժերի դասավորությամբ չի արտահայտում այն տրամադրությունները, որոնք առկա էին հասարակության մեջ եւ, հետեւաբար, այն չի կատարում իր հիմնական գործառույթըՙ չի ներկայացնում ՀՀ քաղաքացիներին եւ այսպիսով կորցրել է իր ներկայացուցչական ֆունկցիան: Նման իրավիճակը ստեղծվել էր, այսպես կոչված թավշյա հեղափոխության, իսկ իրականումՙ հեղաշրջման արդյունքում, երբ 20 տարուց ավելի իշխող քաղաքական ուժի փորձըՙ սահմանադրորեն լեգալացնել իր իշխանությունը, հանդիպեց բնակչության բնական դժգոհությանը, իսկ քանի որ այդ դժգոհության գլխավոր արտահայտողը Նիկոլ Փաշինյանն էր, նա էլ ղեկավարեց սկսված շարժումը:

Երկրում ստեղծվեց քաղաքական մի իրավիճակ, երբ խորհրդարանում փոքրամասնություն ունեցող քաղաքական ուժը համաժողովրդական շարժման արդյունքում ստիպեց Ազգային ժողովին վարչապետ ընտրել այդ շարժման առաջնորդին: Սակայն, պարզ էր, որ այս իրավիճակը երկար պահպանվել չէր կարող եւ իրավիճակը հանդարտացնելու ու երկիրը զարգացման կայուն հունի տանելու համար հարկավոր է, որ նույն իրավիճակը արտահայտվի նաեւ խորհրդարանումՙ նոր ընտրությունների միջոցով:

Ընտրությունների հարցը պետք է դրվեր դեռ այն ժամանակ, երբ պարզ էր, որ երկրում իրավիճակ է փոխվել ու նոր պառլամենտըՙ քաղաքական ուժերի իր դասավորությամբ համահունչ չէ ստեղծված իրավիճակին: Երեւանում ավագանու ընտրությունները, սակայն, բացահայտեցին մեկ այլ ճշմարտություն, որ Հայաստանում քաղաքական դաշտը ամայացած է եւ փաստացի երկրում չկան քաղաքական ուժեր, որոնք կարող են գործել ըստ ստեղծված իրավիճակի:

Սա պատճառ հանդիսացավ, որ շատերը կարծիք արտահայտեն, թե ստեղծված իրավիճակում նոր ընտրությունների անցկացումը կհանգեցնի մեկ քաղաքական մենաշնորհից մեկ այլի անցման, ինչը չի բացառում նաեւ նախկին սխալների կրկնությունը: Այսինքն, ՀՀԿ-ական գերիշխանությանը կգա փոխարինելու ՔՊ-ի իշխանությունը, կամ նրա շուրջ ձեւավորված ինչ-որ դաշինք, որը այս պահին էական չէ:

Նկատենք, որ այս մոտեցման մեջ կա ճշմարտություն, հատկապես, երբ հետեւում ես նոր կառավարության աշխատանքին ու վերջինիս կատարած բազմաթիվ սխալներից հասկանում, որ գործ ունենք թերեւս գործադիր իշխանության ամենադիլետանտ կազմի հետ: Սակայն, անկախ նրանց սխալներից ու դիլետանտիզմից, նախկինների 20-ամյա իշխանությունից, եւ նրա ստեղծած վարչա-բյուրոկրատական կոռուպցիոն համակարգից մարդիկ այն աստիճան են դժգոհ, որ անցումային այս հանգրվանում պատրաստ են հանդուրժել նաեւ ներկաների ոչ կոմպենտենտությունը:

Սակայն, անկախ ամեն տեսակի վախերից, պետք է ընդունենք, որ Հայաստանի համար գերական ներքաղաքական կայունությունն է ու պատասխանատվությունը, ինչը միայն կարող է նպաստել պետության զարգացմանը, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են, ինչը պետք է իրականացնել օր առաջ:. Ամեն տեսակի մտահոգությունները, թե կկրկնվի Երեւանի ավագանու ընտրությունների պատկերը, էական չեն, քանի որ, ամայացած քաղաքական կուսակցությունների պարագայում սպասել այլ արդյունքիՙ անիմաստ է.

Արհեստական կերպով հույսով սպասել, թե մի քանի ամիս հետո կհայտնվեն քաղաքական նոր ուժեր, անիմաստ է, քանի որ կուսակցություններ, խոսքը իրական գաղափարախոսական ուժերի մասին է, մի քանի ամսում չեն ծնվում: Եթե անցած 27 տարիների ընթացքում գաղափարական կուսակցությունները չեն կայացել, ապա այն հնարավոր չի լինի իրականացնել ընդամենը մի քանի ամսում;

Նոր Ազգային ժողովի ընտրությունը եւ այնտեղ գործող վարչապետին սատարող ուժերի հայտնվելը կհստակեցնի եւ կայունություն կմտցնի հայաստանյան քաղաքական իրականության մեջ: Արդեն ստեղծված նոր իրավիճակում կառավարությունը կդառնա լիարժեք կերպով պատասխանատու իր իրականացրած տնտեսական, սոցիալական, քաղաքական փոփոխությունների համար:

Այս պայմաններում դուրս կմղվի հեղափոխական-հակահեղափոխական թեզը եւ կառավարությունը ստիպված կլինի ականջալուր լինել այն քննադատություններին, որոնք կհնչեն նրա հասցեին ու կվերանա սեւերի ու սպիտակների բաժանման մերժելի գործելաոճը: Կարծում եմ, այս պայմանները հնարավորություն կտան զարգացնելու իրական քաղաքական-գաղափարական բանավեճՙ փորձելու կայացնել իրական քաղաքական ուժերին, որոնք կմիավորվեն գաղափարների, այլ ոչ փողի քսակի կամ լիդերների շուրջ:

Հայաստանում օր առաջ պետք է վերջ տալ անցումային այս իրավիճակին, քանի որ այն բացասաբար է ազդում թե՛ պետության իմիջի, թե՛ տնտեսության եւ թե արտաքին քաղաքականության վրա: Ստեղծված լարված իրավիճակի ձգձգումը ու անորոշությունը ձեռնտու չէ պետության շահերով մտահոգ իրական քաղաքական ուժերին ու պետք է նաեւ սկսել նոր քաղաքական ընդդիմության ստեղծման գործընթացը, որը երկրում իրական ժողովրդավարության հաստատման հիմնական պայմանն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ