RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3665, Տպվել է` 554, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱԿԱՏ-ՃԱԿԱՏԻ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Փոխադարձ կոմպրոմիսների ժամանակը

Նախորդիվ գրել էի, որ վարչապետ Փաշինյանը խորհրդարանի իր ընդդիմադիրներին առաջարկում է քաղաքական ինքնասպանությունՙ հակառակ կողմին թողնելով սեփական մահվան գործիքն ընտրելու «ազատությունը»: Երեքշաբթի օրվա բուռն զարգացումները սակայն ցույց տվեցին, որ ընդդիմությունը բնավ պատրաստ չէ անձնատուր լինելու առաջարկին եւ դեռեւս ի վիճակի է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, առնվազն հետաձգելով մահապատժի ժամը:

Կանոնադրական փոփոխություն մտցնելու այդ քայլը, իմ տպավորությամբ, նախատեսված չէր Փաշինյանի կողմից: Եվ նրա ներվերը տեղի տվեցին ու նա թույլ տվեց, դարձյալ իմ տպավորությամբ, տակտիկական մի քանի սխալ: Առաջինՙ դեկտեմբեր ամիսը խորհրդարանական ընտրությունների պարտադիր ժամկետ նշանակելով: Երկրորդՙ խորհրդարանական երեք կուսակցություններից իր իսկ դեմՙ «հակահեղափոխական» կարգախոսի տակ կուռ ճակատ հարդարելով: Երրորդՙ ավելորդ անգամ զորաշարժի ենթարկելով իր զինանոցի հզորագույն զենքըՙ ժողովրդի ամենաակտիվ զանգվածին: Թեեւ իսկապես տպավորիչ էր ընդամենը 10-15 րոպեում նման բազմությանը խորհրդարանի շրջաբակ բերելը, նաեւ նրանցից ամենաակտիվներին խորհրդարան մուտք գործելու ախորժակը զսպելու Փաշինյանի կարողությունը, սակայն կարծում եմՙ հումպետս վատնվեց այդ զորաշարժը, որը բացի ուժի ցուցադրությունից, ոչինչ չտվեց այսպես կոչված հեղափոխությանը:

(Այստեղ չեմ ուզում արտահայտվել ո՛չ այդ գիշեր պատահած մի շարքՙ երկկողմանի ստահակությունների, ո՛չ կանոնադրական փոփոխությունը վավերացնող պատգամավորների անվանացանկը հրապարակելու հրամանի, ո՛չ էլ կառավարության հինգ անդամների հրապարակային պաշտոնազրկման տեսարանի մասին, որն իմ պատմաբան ընկերներիցս մեկին հիշեցրել էր «պուտչից» հետո նախագահ Բորիս Ելցինի նմանօրինակ քայլը):

Այո, դիրքերը հիմա մնում են նույնը. հակադիր ուժերը լրիվ, կամ գրեթե լրիվ զինավորված խրամատավորվել են միմյանց դեմ: Վարչապետը պահանջում է խաղի իր կանոններով եւ իր հայտարարած ժամկետում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններըՙ նույնիսկ անտեսելու գնով սեփական խոստումները ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին, իսկ այսպես կոչված «հակահեղափոխականները» մերժում են անձնատուր լինել, նույնիսկ սպառնալով հակահարված հասցնել վարչապետի սեփական թեկնածու առաջադրելու խաղադրույքով: Իսկ երկու կողմերը միասին, այս եւ այն կողմից, պատրաստվում են գնդակը տեղափոխել հանրապետության նախագահի դաշտ:

Իրերի այս կացության մեջ, ժողովրդի մոտ, գոնե ժողովրդի մտածող խավերի մեջ, տիրում է ամենալուրջ մտահոգությունըՙ ո՞ւր ենք գնում, ո՞րն է հանգուցալուծումը, ի՞նչ կարող է պատահել հետո:

Վերեւում ասվածը դժբախտաբար չեմ կարող ամրագրել հասարակական կարծիքի ուսումնասիրման կամ վիճակագրական որեւէ տվյալով: Սակայն հասարակության հիշյալ խավի տարբեր ներկայացուցիչների հետ վերջին օրերին ունեցած զրույցներս ընդգծում են կարեւոր երեք դիտարկում.

ա) Խոսակիցներիցս ոչ ոքի մոտ դեռեւս չեմ նկատել նախկինին վերադառնալու կամ նախկինների վերադարձի ամենադույզն ցանկություն: Դա համարվում է անցած փուլ, որի էջը պետք է փակել վերջնականապես:

բ) Ոմանց տեսակետից Նիկոլ Փաշինյանի մենաշնորհային դիրքն ու գործելակերպը վստահություն չեն ներշնչում մեր երկրի կայուն ապագայի հանդեպ. զրուցակիցներիցս շատերը չեն ընդունում ուրիշ շատերի վարկածը, թեՙ «հլա սրանք թող ամրապնդվեն, հետո ամեն ինչ լավ կլինի»:

գ) Իսկ ուրիշներ, ինչ-որ չափով տարված դավադրական տեսությամբ, հարց են տալիս. «Կարծո՞ւմ ես, որ երկրում չկա երրորդ ուժ, որը իր պահին է սպասում ճակատ-ճակատի կանգնածների իզն ու թոզը ջնջելու համար, մերն էլ հետը»:

Արդարեւ, ահարկու պատկեր, որը որքան անհավանականՙ այնքան հնարավոր է, եթե հաշվի առնենք մեր տարածաշրջանում առկա իրավիճակը:

Հուսալին կամ հուսատուն այն է սակայն, որ կողմերը, թեեւ ճակատ-ճակատի, դեռեւս չեն դադարել միմյանց հետ խոսելուց, թեկուզ քննադատելով, երբեմն էլ հայհոյելով իրար: Հասարակության լուռ մեծամասնությունը սակայն ուրիշ բան է սպասում նրանցիցՙ գոնե հիմա լինել իմաստուն եւ փոխադարձ զիջումներով երկիրը դուրս բերել ներկա ճգնաժամից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ