RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3089, Տպվել է` 541, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ... ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում հանրային հետաքրքրության հարցեր քննարկվեցին, որոնց շարքին կարելի է դասել նաեւ աշնանացան ցորենի ցանքատարածությունների մեկ հեկտարի դիմաց 60 հազար դրամ սուբսիդավորում հատկացնելը: Նկատենք, որ այն թեեւ ողջ երկրի հացահատիկային տարածքը չէր ընդգրկում, այլ ընդամենը 37 սահմանամերձ համայնքների 4000 շահառուների էր առնչվում, այսուհանդերձ նախաձեռնությունը ողջունելի էր: Գյուղի ու գյուղաբնակի հանդեպ ամեն մեկ ուշադրություն հանրային աջակցության է արժանանում, եթե... եթե այն իրոք տեղին ու ժամանակին է, մասնագիտորեն ու տնտեսապես հիմնավորված, հողի մշակի կյանքն ու աշխատանքը արդյունավետ դարձնելու կոչված: Ունենք չէ՞ փաստեր չփորձարկված ու անորակ սերմերի ու պարարտանյութերի սուբսիդավորում հատկացնելու մասին, որոնք փորձանք են դարձել հողի հազարավոր մշակների համար, պետական գանձարանին էլ չնախատեսված հարյուր միլիոնավոր դրամների վնասների առաջ կանգնեցրել: ՀՀ գյուղնախարարների չափից արագ փոփոխվելու արդյունքում նրանցից որեւէ մեկի պատասխանատվության մասին ընդհանրապես չի խոսվել, թեեւ այդօրինակ ծրագրերի կազմման մեջ իրենց մասնակցությունն ունեն գրեթե անփոփոխ տեղակալներն ու ճյուղային վարչությունների պետերը, այլ պաշտոնյաներ ու կառույցներ:

Այսուհանդերձ վերադառնանք կառավարության նիստում հեղինակիս կողմից առանձնացված հարցին եւ դրա իրականացումը «եթե»-ով պայմանավորելուն: Քննարկման ընթացքում խոսվեց ինչ-որ 300 տոկոս շահութաբերությունից, որը նիստի մասնակից ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տարօրինակ դիտարկման արդյունքում պարզվեց, որ տեխնիկական անճշտություն էՙ քննարկման մակարդակի հասցված: Նման շահութաբերություն տնտեսագիտության թե տնտեսավարման մեջ գրեթե չի հանդիպում, առավել եւս Հայաստանի Հանրապետությունում, եւ հատկապես գյուղոլորտում, ուր անգամ վնասով չաշխատելն է հաջողություն համարվում:

Հարգարժան ֆինանսների նախարարն այդպես էլ պատասխան չստացավ իրեն մտահոգող հաջորդ հարցինՙ ի՞նչ արդյունավետություն է կանխատեսվել ներկայացվող ծրագրի միջին 1 հեկտարի հաշվով: Պատասխանի փոխարեն ՀՀ գյուղնախարարը խոսեց ծրագրի իրականացման արդյունքում նշված 37 համայնքներում նախորդ տարում արձանագրված 2600 հեկտար աշնանացան ցորենի ցանքատարածությունները 3000 հեկտարի հասցնելու ակնկալիքից, այդկերպ հացահատիկի արտադրության ծավալների ավելացումից եւ ներկրումների հնարավոր նվազումից, որը պարզվեց շատ մտահոգիչ է հատկապես հարեւան Վրաստանի կողմից ավտոմոբիլով ցորեն տեղափոխելու արգելքի սահմանման պայմաններում: Ինչ-որ քննարկում շարունակվեց, որին մասնակցեց նաեւ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը , տպավորություն ստեղծելով աջակցել կուսակից նախարարին, ով կարծես դրա կարիքը բոլորովին չուներ: Թե ինչո՞ւ, նշեմ:

Աշնանացան հացահատիկ մշակող 4000 գյուղացիական տնտեսություններին նախատեսված 180 մլն սուբսիդավորվող դրամը 2018-ի պետական բյուջեից կամ կառավարության պահուստային ֆոնդից չէ որ հատկացվելու էր, ոչ էլՙ վարկային կամ գրանտային միջոցներից: Այն վերցվում էր նախորդ, պարարտանյութի ծրագրի 443 մլն դրամի սուբսիդիայի չիրացված ֆինանսամասից, որի համար պահանջվում էր կառավարության համաձայնությունը: Այստեղ է թաղված, ինչպես ընդունված է ասելՙ շան գլուխը: Թե՛ նախորդ, թե՛ ներկա գյուղնախարարներից, նրանց տեղակալներից ու վարչությունների պետերից հանրությունը գրեթե ամեն օր է լսել գյուղացու հանդեպ պետական հոգածությունից, այդ թվումՙ արդեն հիշատակված պարարտանյութի 443 մլն դրամի սուբսիդավորումից, որն այլ բան չէ, քան ֆինանսական օժանդակություն: Պարզվում է դրա առնվազն 182 մլն դրամը, որից 2 մլն դրամը «Հայփոստ»-ի ծառայության դիմաց վճարն է, նախկինում չի ծախսվել, պարզ ասածՙ ծրագիրն ամբողջությամբ չի կատարվել, անգամ կիսով չափ չի իրականացվել: Փոխարենը պատեհ ու անպատեհ առիթներով այդ ահռելի գումարը որպես պետական օգնություն մշտապես է հիշեցվել ու հայտարարվել, երբեւէ ակնարկ անգամ չի արվել տարին տարու վրա հողատարածքների մշակման նվազման, հողօգտագործողների հիասթափության ու նույնիսկ պետական աջակցության պայմաններում պարարտանյութ գնելու անկարողության մասին: Համանման վիճակ է լիզինգով գյուղտեխնիկա ձեռքբերելու հարցում: Այս վիճակը մեկ հիմնական որակում ունիՙ կառավարության հաստատած ծրագրի ձախողում, որի վերաբերյալ նիստում անգամ ակնարկ չարվեց:

Եվՙ ինչքանո՞վ է նպատակահարմար հերթական թե հերթապահ ծրագրի նախաձեռնումը, գրավիչ թե ոգեւորող ինչ անվանում էլ այն ունենա, հնչում է բնականաբար: Հարցը տեղին է, քանզի որեւէ բացատրություն չտրվեց միջին 1 հեկտար հացահատիկային մշակաբույսի ստացման արդյունավետության հարցին: Գյուղնախարարն ընդամենը թիվ հնչեցրեց, որ ծրագիրը կխթանի աշնանացան ցորենի մշակմանը, շահառու 37 համայնքներում նախորդ տարվա 2600 հեկտար ցանքսը կհասնի 3000 հեկտարի: ՀՀ-ում արձանագրվող հեկտարի միջին 2 տոննա բերքատվության եւ նիստում հնչեցված ցորենի կիլոգրամի դիմաց 120 դրամի պարագայում լրացուցիչ հնարավոր 400 հեկտարից ստացվում է 96 մլն դրամի բերք, երբ պետության հատկացումը 182 մլն դրամ է: Ներողամտություն եմ ակնկալում սիրողական մակարդակով արված այս հաշվարկի համար, քանզի նիստի ընթացքում հնարավոր չեղավ պարզել ծրագրի մանրամասները, որը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ամենայն դիպուկությամբ որակեց «սատանան մանրուքների մեջ է» հայտնի արտահայտությամբ:

ՀՀ գյուղնախարարն ասաց, որ ծրագիրը ներառում է 4000 շահառուների, մշակվող տարածքը 3000 հեկտար, միջինըՙ 0,75 հեկտար: Ահա այստեղ է ծրագիրը հաջողելու գաղտնիքը: Գյուղոլորտում, այդ թվում երկիր մոլորակի չորս կողմերում ընդունված մոտեցում կա, որ փոքր համարվող ցանքատարածություններում, որոնց շարքին է դասվում ոչ միայն 0,75 հեկտարը, այլեւ 1-2 հեկտարը, հացահատիկային մշակաբույսեր աճեցնելն արդյունավետ չէՙ կապված գյուղտեխնիկայի օգտագործման ծախսերի հետ: Այդպես էլ պարզ չեղավ, թե հայտարարված 4000 շահառուներից քանիսը մինչեւ 0,5 հեկտար հողակտոր ունեն, ինչքանըՙ մինչեւ 1 հեկտար, հաջորդիվՙ 1,5 հեկտար... մինչեւ սահմանված 7 հեկտարը: Այս անորոշությունն էլ ծրագրի կատարման հանդեպ որոշակի մտահոգություն է առաջացնում: Համոզվել ենք, չէ՞, որ տնտեսության այս ճյուղում հիմնավոր զարգացումներ չեն ընթանում: Հենց թեկուզ ցորենի բերքատվության առումով: 2003-2015 թվականների համար կազմված ու ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրով նախատեսված էր 1 հեկտարի միջին բերքատվությունը հասցնել 2,8 տոննայի, որը մինչ օրս անիրագործելի է մնում: ՀՀ 3 մլն բնակչության պարենային ցորենի պահանջարկը մոտ 450 հազար տոննա էՙ հացի, մակարոն-հրուշակեղենի տեսքով: Երկիր մոլորակի չորս կողմերում վաղուց սովորել են բերքի այս քանակը ստանալ 60-70 հազար հեկտարից, երբ ՀՀ-ում կրկնակի-եռակին է մշակվում, չարդարացված ծախսեր կատարվում, աղքատիկ բյուջեն էլ ավելի աղքատացնում: Եվ մինչեւ երբ հարցը քիչ թե մասամբ տրամաբանված պատասխանի չի արժանանում:

Նիստում նախարար Ա. Մինասյանը ծրագիրը կարեւոր պիլոտային հռչակեց: Թե ինչ է այն նշանակում, անգամ ամենահաս բառարանների օգնությամբ պարզել չհաջողվեց. պիլոտ ամենուր թարգմանվում է օդաչու, որի տեղը օդում սավառնելն է: Այսօրինակ արտահայտությունները շրջանառության մեջ դրած ՀՀ բարձրագույն այրերը, որոնցից հատկապես գյուղնախարարները, այն են արել, որ հաճախակի պետական միջոցներ են ծախսել, իսկ գյուղերը դատարկվել են: Հարցը, թե ինչպես փոխել այս վիճակը, մշտապես է հնչում: Մոտեցումներից հիմնականն այն է, որ անհրաժեշտ է փոքր հողակտորները միավորել, այդկերպ բարձրացնել գյուղտեխնիկայի օգտագործման արդյունավետությունը: Սակայն ինչպես այն իրականացնել, երբ գյուղոլորտում գերակա է համարվում բրոկկոլիի աճեցումը, շինշիլաբուծությունը, երկիրն այլոց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդ դարձնելը:

Պատկեր է ուրվագծվում, որ ներկայացված ծրագրից միայն բյուջետային ֆինանսական պիլոտային ծախս է նշմարվում, որի արդյունավետությունը կհաստատվի 2019-ի բերքահավաքի շրջանում: Պարզ չէ միայնՙ ներկայիս, թե՞ նոր նախարարի պաշտոնավարման պարագայում:

Երեւան

Հ.Գ.- ՀՀ կառավարության երեկվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը քննարկման ներկայացրեց Շենգավիթ վարչական շրջանում Երեւան քաղաքի կողմից նվիրատվության տրված 110 հեկտար տարածքում լոլիկի աճեցման նպատակով ջերմոցային տնտեսություն կառուցելու 133 մլն դոլարի ներդրումային ծրագիրը 45 մլն դոլարով նվազեցնելու մասին: Պատճառները բազմաբնույթ էին, որոնք հուսանք պատկան կառույցը կներկայացնի հանրությանը, քանզի այն առնչվում է խոստացված աշխատատեղերի որոշակի կրճատման հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ