RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4767, Տպվել է` 596, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«Armenia!»-Նՙ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ»

ՆԱԻՐ ՅԱՆ

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» (Armenia!) խորագրով ցուցահանդես: Պայմանավորվածությունը 4 տարի առաջ ձեռք էր բերել Վիգեն Սարգսյանը, որն այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր: Այդ ընթացքում հայաստանյան կողմը նախապատրաստվել է ցուցահանդեսին, թեմանՙ պատմամշակութային ժամանակագրությունը համաձայնեցնելով ամերիկյան կողմի հետ: Ի դեպ, ցուցահանդեսի բոլոր ծախսերը հոգացել է «Մետրոպոլիտեն» թանգարանը, «Հակոբ Գեւորգյան» հիմնադրամը ու եւս 10 մասնավոր հովանավորներ: Մեր պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել:

«Հայաստան» ցուցահանդեսին ներկայացվելու է 140 նմուշ. 34-ըՙ Հայաստանի պատմության թանգարանից, 28-ըՙ մատենադարանից, 20-ը Մայր աթոռ սբ. Էջմիածնից: Մյուս ցուցանմուշները Սփյուռքի գաղթօջախներից ենՙ Լիբանանի Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի, Երուսաղեմի սբ. Հակոբյանց վանքի, Վենետիկի Մխիթարյան միաբանության, Լիսաբոնի «Գալուստ Գյուբենկյան», ԱՄՆ Արեւելյան թեմի, Միչիգանի Ալեք եւ Մարի Մանուկյան եւ Բոստոնի հայկական թանգարաններից:

Ցուցահանդեսն ընդգրկում է 4-18-րդ դարերի հայ մշակույթն ու պատմությունը: Փորձ է արվել հնարավորինս բազմաշերտ ներկայացնել ժողովրդական ժառանգության գանձարանըՙ կիրառական արվեստի նմուշներ, խաչքարեր, հնագույն գրիՙ երկաթագրի պատառիկ, որը թվագրվում է 1-ին դարին, Ավետարաններ, Եղիշեի գիրքը, Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրությանը», Սարգիս Պիծակի մանրանկարչությունը, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տաթեւացու, Դավիթ Անհաղթի դիմանկարները: Ներկայացված են հայ գրչության հիմնական կենտրոններըՙ Սյունիքի, Վասպուրականի, Արցախի, Կիլիկիայի ձեռագրատների նմուշները: Ձեռագրերը եւ մանրանկարներն արված են թե՛ մագաղաթի, թե՛ թղթի վրա: Մայր Աթոռ սբ. Էջմիածնից Նյու Յորք տարված ցուցանմուշները տարբեր ժամանակներում ներկայացվել են Էրմիտաժում, Լուվրում, Կրեմլում, Վատիկանում: Իսկ Մետրոպոլիտենում այդ մասունքները ցուցադրվելու են առաջին անգամ: Ի դեպ, մատենադարանը եւս առաջին անգամ է ներկայացվելու ԱՄՆ-ում: Ցուցադրության կարմիր թելը քրիստոնեությունն է. «Մետրոպոլիտեն» թանգարանից են ցանկություն հայտնել, որ Հայաստանն իրենց հարկի տակ ներկայանա քրիստոնեական մշակույթով: Էջմիածնի թանգարանն այնտեղ ներկայացնելու է Սուրբ Գեղարդի կրկնօրինակը, սբ. Սահակ Պարթեւի Աջը, այլ մասունքներ ու գրքեր:

«Արմենիա» խորագրով ցուցահանդեսի բացումից առաջ նախատեսված է մամուլի ասուլիս. ակնկալվում է, որ միջազգային մեդիադաշտը մեծ հետաքրքրություն կցուցաբերի եւ ակտիվորեն կլուսաբանի ցուցահանդեսը: Ամերիկյան լրատվամիջոցների հետ նախնական պայմանավորվածության համաձայնՙ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ մեր թանգարանների ներկայացուցիչները հարցազրույցներ կտան: «Armenia!» ցուցահանդեսի համակարգողը բյուզանդագետ, մանրանկարչության մասնագետ Հելեն Էվանսն է, որը քաջ ծանոթ է հայ մշակույթին, տարիներ շարունակ աշխատել է Երեւանի Մաշտոցի անվան մատենադարանում:

«Արմենիա» ցուցահանդեսը «Մետրոպոլիտեն» թանգարանում կշարունակվի մինչեւ 2019 թվականի հունվարի 13-ը: Մասնագետներն այս ցուցահանդեսը քաղաքական-դիվանագիտական տեսանկյունից համեմատում են 2007-ին Լուվրում կազմակերպված 2-րդ ցուցահանդեսի հետ: Լուվրում առաջինըՙ դեռեւս 1978-ինՙ եղել է առավել լայնընդգրկուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ