RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2018-09-16 18:33:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 2177, Տպվել է` 522, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾԱՄՈՐԻ ԱԷԿ. 40-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՓԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏՃԱՌԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՍՍՀ Մեծամոր բնակավայրում գտնվող ատոմային էլեկտրակայանի նախագծումը մշակվել է Հայաստանի Հանրապետության հռչակումից երկու տասնամյակ եւ ավելի տարիներ առաջՙ 1969 թվականին: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, երկրորդըՙ 1980-ին, երբ բրեժնեւյան կառավարման հանգիստ տարիներ էին: Առերեւույթ, պարզվում է, քանզի ընթերցելով նշանավոր գիտնական եւ պետական գործիչ Ֆադեյ Սարգսյանի «Կյանքի դասերը» հուշագրությունը, համոզվում ենք, որ վերեւներում ամեն ինչ չէ որ հանգիստ ու խաղաղ էր: Հեղինակը գրում է. «Ես չեմ կարող հայկական ատոմակայանի շինարարության տեղի ընտրության ամբողջ մեղքը բարդել այն ժամանակվա ղեկավարների վրա, քանի որ գիտեմ, որ այդ բնագավառում երկրի առաջատար մասնագետները կարող էին «ապացուցել» նրանց, որ ատոմային էլեկտրակայանը կատարելապես անվտանգ է, եւ շինարարության առավել նպատակահարմար տեղը հենց Մեծամորն է: Նախարարների խորհրդի այն ժամանակվա նախագահ Բադալ Մուրադյանն ինձ մանրամասն պատմել է ամեն ինչՙ նշելով, որ Անտոն Քոչինյանի մոտ վերջնական որոշումն ընդունվել է ԽՍՀՄ Ատոմային էներգետիկայի կոմիտեի նախագահ Ա. Պետրոսյանցի «համոզիչ» զեկուցումից հետո»:

Թե ինչ նկատի ունի հարգարժան այրը ատոմակայանի տեղադրման վայրը թեմա դարձնելով եւ համոզիչ արտահայտությունները չակերտներով ներկայացնելով, կարելի է ամենատարբեր կարծիքներ հայտնել: Որ երկիր մոլորակի յուրաքանչյուր պետություն ուզածդ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջ ունի եւ 1970-ականների ՀՍՍՀ-ն այս առումով բացառություն չէր, դա պարզ է: Այլ է հետեւյալը. 1980-ին ՀՍՍՀ-ում հիդրո, ջերմո եւ ատոմային կայաններն արտադրել են 13,5 մլրդ կվտ ժամ էլհոսանք, դրա մոտ 3 մլրդ-ը արտահանվել է, երբ Մեծամորի ԱԷԿ-ի թողարկածը կազմել է 4,3 մլրդ կվտժամ: Ստացվում է 1,3 մլրդ կվտժամի լրացուցիչ պահանջարկ, որի էլ առնվազն 300-400 մլն կվտժամը կայանի կողմից սեփական կարիքների նպատակով օգտագործածն է: Եվ հարցը, թե ինչքանով էր արդարացված ջերմամիջուկային էլեկտրահզորության տեղադրումը մի վայրում, ուր «բոլոր շինությունները կառուցվել էին սեյսմիկայի տեսակետից 6 բալի հաշվարկով այն դեպքում, երբ կողքին 9 բալանոց ճեղքվածքն էր, այն ժամանակ արդեն հայտնի: Բավական է ասել, որ հայկական ատոմակայանի արտադրական հրապարակի շուրջը 50 կմ-անոց գոտում ապրում էր մոտ երկու միլիոն մարդ, ընդ որում տեխնիկական ջրամատակարարման աղբյուրը ատոմակայանից հեռու էր 7 կմ եւ արդհրապարակից 100 մետր ցած: Ջուր մղելու համար անհրաժեշտ էր ապահովել պոմպակայանի անխափան էլեկտրամատակարարումը եւ հուսալի աշխատանքը»:

Ֆադեյ Սարգսյանի հուշերի «էներգետիկայի եւ վառելանյութի հիմնախնդիրները» ենթավերնագրի մասում առավելագույն մանրամասնությունով նշվում է, որ նախատեսված էր ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարությունը նույնքան կարողությամբ, բայց շահագործման անվտանգությունը բարձրացնելու լրացուցիչ լուրջ միջոցառումներով: Հիմա պարտադրված եմ նոր մեջբերում անել: «Առաջին անգամ ե՛ւ Կարեն Դեմիրճյանի, ե՛ւ իմ մեջ կասկածներ ծագեցին, երբ մենք Ալեքսեյ Կոսիգինի հետ մտերմաբար զրուցում էինք երկրորդ հերթի շինարարության մասին: Նա ուղղակի հարցրեց. «Իսկ պե՞տք է արդյոք Հայաստանին, հաշվի առնելով նրա աշխարհագրական առանձնահատկությունները, կառուցել ատոմակայանի երկրորդ հերթը նախատեսված տեղում, հին նախագծով»: Եվ խորհուրդ տվեց նորից մտածել ինչպես հարկն է, հետո վճռել»:

Ստացվում է, որ ամենաբարձր մակարդակներում անհանգստության ինչ-որ նախանշաններ եղել են, մտահոգություն է հայտնվել, որոնք ընդունված չէր բարձրաձայն հնչեցնել, քանզի դրանց հիմնավորումները նվազագույնս էին հնարավոր եւ շատ զգույշ քննարկելի: Ասենք, ինչու չէր նպատակահարմար կայանը կառուցել ՌՍՖՍՀ-ի հարավային ընդարձակ տարածքներում եւ առավել պակաս կորուստներով էլհոսանք մատակարարել այլ ժամային գոտում գտնվող Ուկրաինա: Ատոմակայաններ չկային միջինասիական հանրապետություններում, Բելոռուսական ՍՍՀ-ում, իսկ ահա դրանք տեղադրվեցին ՆԱՏՕ-ին սահմանակից անդրկովկասյան տարածքներից միայն ՀՍՍՀ-ում եւ մերձբալթյան Լիտվական ՍՍՀ-ում: Հեղինակն ընդամենը սիրողական մակարդակով դիտարկումներ է կատարում, հետեւությունների փորձերը թողնում ընթերցողին:

Այսուհանդերձ վերադառնանք բուն ասելիքին: Ֆադեյ Սարգսյանի հուշերում կարդում ենք. «1986 թվականի հունվարի19-ին, այսինքն Չերնոբիլի ողբերգությունից առաջ, ԽՄԿԿ քաղբյուրոն Սմոլենսկի ատոմային էլեկտրակայանի հարցի քննարկման ժամանակ մեր նախաձեռնությամբ որոշում ընդունեց բազմակողմանիորեն ստուգել հայկական ատոմակայանի վիճակըՙ աշխատանքի անվտանգության տեսակետից եւ ստուգման արդյունքներից ելնելով կազմել գործողությունների արմատական ծրագիրՙ ինչպես վարվել հայկական ատոմակայանի հարցում: Բացահայտվեց տագնապալի մի պատկեր: Մենք հասկացանք, որ չի կարելի սպասել»: Ինչպես ընդունված է ասելՙ ջինը բաց էր թողնվել, այն հարկավոր էր նվազագույն կորուստներով կառավարել: Երեւան է հրավիրվում ԽՍՀՄ պետատոմհսկողության նախագահ, ակադեմիկոս Վ. Սիդորենկոն, որին առաջարկվում է ստեղծել տագնապալից իրավիճակը հանգուցալուծելու կոչված պաշտոնական իրավասու հանձնաժողով: Արդյունքում մասնագետները հանգում են այն եզրակացության, որ հայկական ատոմակայանը անվտանգության տեսակետից չի համապատասխանում գործող նորմերին ու կանոններին: Հանձնաժողովի ակտը ԽՍՀՄ պետատոմհսկողություն եւ Հայկական ՍՍՀ նախարարների խորհուրդ է ուղարկվում 1986 թվականի ապրիլի 24-ին, այսինքնՙ Չերնոբիլի աղետալի վթարից երկու օր առաջ:

Մեծամորի ԱԷԿ-ի փակման կառավարական որոշումներից մեկը թվով 8 հիմնավորումներ ունի, որոնցից վերջինի կապակցությամբ Ֆ. Սարգսյանը հիշում է. «Գործարկվող կաբելը հրավտանգ էր, ընդ որում մինչեւ հայկական ատոմակայանի հրդեհը պահեստի կաբելն անցկացվել էր հիմնականի հետ մի խրամուղիով, իսկ թե դա որքան վտանգավոր է, ես համոզվեցի 1982 թվականի կաբելի բռնկման ժամանակ: Մենք ինչքա՜ն մոտ էինք մեծ աղետին: Կարելի է ասելՙ հրաշքով փրկվեցինք»: Ահա՛ այսպիսի փաստեր:

Հրաշքով փրկվելուց հետո եւս 7 երկար ու ձիգ շարունակվող տարիներ պահանջվեցին, մինչ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը նամակ հղեց ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո եւ սրությամբ դրեց Հայաստանում տեղակայված Մեծամորի ԱԷԿ-ը անհապաղ փակելու հարցը: ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմանը համապատասխան ԽՍՀՄ նախարարների խորհուրդը Ն. Ռիժկովի գլխավորությամբ որոշեց 1989 թ. փետրվարի 22-ին դադարեցնել 1-ին բլոկի, մարտի 18-ինՙ 2-րդ բլոկի շահագործումը: Ահա ողջ պատմությունը, միայն փաստեր եւ ուրիշ ոչինչ:

Համառոտ այսպիսին է ՀՍՍՀ կառավարության երկարամյա ղեկավար, անվանի գիտնական Ֆադեյ Սարգսյանի պատումը Մեծամորի ԱԷԿ-ի փակման դրդապատճառների եւ ժամկետի շուրջ, որոնց հետ չհամաձայնվելը, առավել եւս խեղաթյուրելը, պարզապես ազնիվ չէ, եթե այլ գնահատական չհնչեցնենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ