RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 3134, Տպվել է` 524, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ Է ՊՈՒՏԻՆԸ ՄԵԿՆՈՒՄ ԲԱՔՈՒ

Անդրկովկասում սպասվում են մեծ փոփոխություններ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կայցելի Բաքու: Այդ տեղեկությունը հաստատեց ՌԴ նախագահի միջազգային գործերի գծով օգնական Յուրի Ուշակովը :

Սեպտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինը Սոչիում արդեն հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Կողմերը ստորագրել էին տնտեսական եւ քաղաքական բնույթի 17 փաստաթուղթ, ընդունել էին հուշագիր «ճանապարհային քարտեզների» գաղափարների վերաբերյալ, որը կազմում է մինչեւ 2024 թվականն ընդգրկող համատեղ գործողությունների գլխավոր ուղղությունների ծրագիրը: Քննարկվել էին ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ միջազգային իրադրությանն առնչվող հարցեր: Այդուհանդերձ, Բաքվում երկու նախագահները պետք է լրամշակեն այն հարցերը, որոնց շուրջ կողմերը համաձայնության էին հասել կամ չէին հասել Սոչիի հանդիպման ժամանակ: Կալաշնիկովը չի մասնավորեցրել, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը: Տվյալ հարցերի գոյությունը վկայում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ինտենսիվության մասին, որոնք ընդգրկում են ռազմատեխնիկական համագործակցությունը, էներգետիկան, եւ, ինչը շատ հավանական է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Ճշմարտությունն այն է, որ Մոսկվա-Բաքու հարաբերությունները զարգանում են առանց բարդությունների. ակտիվորեն զարգանում է տնտեսական համագործակցությունը, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասել է 2,5 մլրդ դոլարի, ինչը կրկնակի գերազանցում է Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի հետ միասին վերցրած Ռուսաստանի առեւտրի ապրանքաշրջանառությանը: Զարգանում է երկկողմ համագործակցությունը ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում:

Վերջերս Մերձկասպյան տարածաշրջանի հինգ երկրները ստորագրեցին Կասպյան միջազգագիրը, որը ինչպես Մերձկասպյան պետությունների, այնպես էլ մասնավորապես Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիվանագետների համատեղ աշխատանքի արդյունքն է: Հնարավոր է նաեւ իրականացնել հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծումը, եթե հաջողվի պահպանել քաղաքական կայունությունը ինչպես բուն Իրանում, այնպես էլ նրա շուրջը: Դա ուղղակիորեն առնչվում է Բաքվին, որը իրադարձությունների բացասական զարգացման դեպքում կարող է հայտնվել աշխարհաքաղաքական մեծ վտանգների դեմ-հանդիման:

Պատահական չէ, որ Ալիեւի Սոչի կատարած այցի նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում լայն բանավեճ սկսվեց ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության շուրջ: Եվ սա այն դեպքում, երբ Բաքուն պայմանագրային ռազմական հարաբերություններ ունի Անկարայի հետ, թեեւ նրան չի հաջողվում որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստան-Թուրքիա դաշինքում, որի անդամները հանդես են գալիս որպես ինքնաբավ կողմեր:

Սակայն Մերձավոր Արեւելքում իրավիճակն արագորեն փոխվում է, եւ Ադրբեջանի առջեւ ծառանում է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթի փոփոխման հարցը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Տարասովի կարծիքով Մոսկվան տվյալ դեպքում չի խաղարկի երեւանյան խաղաքարտը եւ շեշտը կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վրա: Այլ բան է, եթե այս ուղղությամբ Մոսկվան տվյալ ուղղությամբ սկսի խթանել Բաքվի քայլերը, որպեսզի ընդլայնի հակամարտության կարգավորման մասնակիցների կազմը Ստեփանակերտի ներգրավման միջոցով:

Այս տարի լրացավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրման տասը տարին: Դա փաստորեն դարձավ 1997 թ. ստորագրված երկկողմ պայմանագրի շարունակությունը: Սոչիում երկու նախագահների ընդունած համատեղ հայտարարության մեջ հաստատվեց հիշյալ պայմանագրերի հիման վրա համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Ռուսաստանն ու Ադրբեջանը անկասկած Անդրկովկասում մնում են կարեւոր գործընկերներ:

Լուրջ բարդություններ կան նաեւ տարածաշրջանային անվտանգության համակարգի կառուցման գործումՙ նկատի ունենալով ընդհանուր առմամբ Մերձավոր Արեւելքում եւ մասնավորապես Սիրիայում ու Իրանում տեղի ունեցող գործընթացները: Ամենքը հասկանում են, որ Իրանի կացության ամեն մի ապակայունացում կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Ադրբեջանի եւ ամբողջ Անդրկովկասի վրա: Այլ բան է, եթե Բաքուն ձգտի նվազագույնի հասցնել տարածաշրջանում նկատվող բացասական գործընթացները, դառնա զարգացման իրական հենակետ:

Վերջապես, չի կարելի աշխարհաքաղաքական լայն համատեքստում անտեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ պատճառով ռուս-ադրբեջանական ակտիվ երկխոսությունը, հյուսիսում «թեժ կետ» չունենալու Իրանի ցանկությունը զսպիչ գործոններ են դառնում այդ ուղղությամբ վտանգավոր զարգացումներ թույլ չտալու համար: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանում տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողով, որտեղ շատ բաներ կարող են հստակեցվել, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Աչքի է զարնում եւս մեկ կարեւոր առանձնահատկություն: Ռուս-ադրբեջանական երկխոսության աշխուժացման պայմաններում, որը զարգանում է առեւտրատնտեսական եւ այլ համատեղ նախագծերի շուրջ, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նկատվում է Անդրկովկասի ուղղությամբ սեփական հնարավորությունների սպառում: Պատճառն ակնհայտ է. Անկարան ինքը սահմանների երկայնքով բախվում է երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող մի ամբողջ շարք աշխարհաքաղաքական խնդիրների եւ զգում է Ռուսաստանի աջակցության կարիքը: Ուստի Մոսկվա-Բաքու ակտիվ երկխոսությունը Անկարայում առայժմ չի ընկալվում որպես Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության թուլացմանն ուղղված գործողություն: Միեւնույն ժամանակ Անկարան մեծ ուշադրությամբ հետեւում է իրադարձությունների զարգացմանը:

Հայտնի է դարձել, որ Պուտինի ադրբեջանական այցի նախօրեին Բաքվում կլինի նախագահ Էրդողանը, որպեսզի մասնակցի Նուրի փաշայի գլխավորած Կովկասյան բանակի կողմից Բաքվի ազատագրման 100 ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքիայի նախագահը վերջին անգամ Ադրբեջան այցելել էր այս տարվա հուլիսին: Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշն կնքած Անկարան այս ու այն կողմ է նետվում Իդլիբի խնդիրը լուծելու համար:

Թեհրանում սեպտեմբերի 7-ին Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպման ժամանակ Էրդողանը պահանջեց զինադադար հաստատել Սիրիայի այդ նահանգում: Իսկ հետո նա հայտարարեց, որ մտադիր է եւս մեկ անգամ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, իսկ այժմ հանդես է գալիս Իդլիբի ռազմական գործողությանը միանալու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային ուղղված կոչերով: Դա փոխզիջումների ձախողման խաղ է, միանգամից մի քանի աշխարհաքաղաքական հարթակներում գոյություն ունեցող բարդությունների ցուցադրություն:

Հեռանկարային առումով մեծ է այն բանի հավանականությունը, որ ադրբեջանական ուղղությամբ տարածաշրջանում Իրանի մրցակից Թուրքիայի շահերը կարող են փորձաքար դառնալ Անկարա-Թեհրան փոխհարաբերություններում: Մոսկվան եւ Բաքուն դա լավ տեսնում են եւ հիանալի հասկանում: Ահա թե ինչու երկարաժամկետ համագործակցությանն ուղղված նրանց փոխադարձ քայլերը կարող են ունենալ շատ կարեւոր նշանակություն: Անշուշտ տվյալ դեպքում չպետք է մոռանալ տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր դաշնակից Հայաստանի շահերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ