RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 3154, Տպվել է` 555, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՅՖՈՐԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Հայաստանը առաջին երկիրը չէ, որտեղ տեղի է ունենում իշխանափոխություն հեղափոխություն անվան տակ: Արդյոք այն կարելի է կոչել հեղափոխություն, թե՞ միայն կարող ենք խոսել հեղաշրջման մասին, սա քաղաքագիտական հարց է, որի պատասխանը որպես կանոն տալիս է պատմությունը, իսկ այդ պատասխանի տրամաբանությունը կախված է այն հարցից, թե արդյոք այդ գործընթացները հաջողվեցին, թե՞ մենք ձախողումների ականատեսն ենք:

Հեղափոխական գործողությունները տարբեր պետություններում զարգանում են տարբեր սցենարներով, եւ երբեք չենք կարող գտնել միանման երկու իրադարձություն: Սակայն, չնայած այդ տարբերությանը, կան նաեւ օրինաչափություններ, որոնք մեծամասամբ կրկնվում են այդ հեղափոխությունների ընթացքում եւ որոնք հնարավորություն են տալիս հասկանալ, թե զարգացման ի՛նչ հնարավոր սցենարով կգնան գործընթացները նաեւ Հայաստանում:

Հայաստանում շարունակվող «թավշյա» գործընթացները տարբեր զարգացումներ են ապրում, ինչպես ասում են, իրադարձությունները շատ ավելի արագ են զարգանում քան շատերը սպասում էին: Սակայն, իրականում այս գործընթացները օրինաչափ են ու բազմաթիվ անգամ են դիտարկվել աշխարհի տարբեր պետություններում այնտեղ տեղի ունեցած փափուկ կամ բռնի հեղափոխությունների արդյունքում:

Առաջին դիտարկումը այն է, որ ժամանակը անցնում է եւ հեղափոխական էյֆորիան նվազում, ինչը, նկատենք, բնական գործընթաց է, նախկին իշխանություններից ազատվելու բնակչության հսկայական զանգվածի ձգտումը բավարարված է: Այժմ արդեն հարկավոր է իրականացնել բարեփոխումների այն քայլերը, որոնք կնպաստեն հասարակության կենսամակարդակի բարձրացմանը, կյանքի որակի փոփոխությանը եւ այլն:

Սա որեւէ հեղափոխության աքիլլեսյան գարշապարն է, քանի որ իշխանության գալուց հետո պարզվում է, որ հեղափոխություն իրականացնելը մի բան է, իսկ երկիր կառավարելը` լրիվ այլ: Ու ամենասարսափելինՙ պարզվում է, որ արագ բարեփոխումների մասին խոստումները սին են ու դրանք իրականացնելը հետընթացսՙ առանց նախապատրաստվելու ու առանց «կորուստների» անհնար է:

Սակայն, բացի բարեփոխումների ակնկալիքից, թերեւս առաջին սպասումը «թալանվածը հետ բերելու» լոզունգն է: Միջին վիճակագրական սպառողը համոզված է, որ դա իր բարեկեցության արագ կարգավորման հիմնական ու արագ ուղին վերցնելն է ուրիշից ու բաժանելը բոլորի մեջ:

Պատմությանը հայտնի են տասնյակ դեպքեր, երբ հեղափոխությունները ուղեկցվել են նախկին իշխանավորների զանգվածային գնդակահարությամբ եւ նրանց ունեցվածքի թալանով, սակայն, որպես կանոն, այն սովորական քաղաքացիներին չի հարստացրել, իսկ անկայունության ու անկարգությունների շրջանն էլ հանգեցրել է զանգվածային աղքատության: Հետեւաբար թիվ մեկ խնդիրըՙ ի՞նչպես թույլ չտալ անկայունություն պետությունում, ինչը, հատկապես կապիտալիզմի դարաշրջանում, ֆինանսական հոսքերի արտամղման եւ ներդրումների կասեցման հիմնական պատճառն է լինում:

Ինչեւէ, հեղափոխություններից հետո արագ ու արդյունավետ բարեփոխումների բացակայությունը հանգեցնում է նրան, որ այդ գործընթացում հաջողություն չգրանցած հեղափոխականները սկսում են փնտրել մեղավորների: Ու դա առաջին հերթին նախկին իշխանություններն են, որոնք, ըստ նոր իշխանություններիՙ «սաբոտաժ» են կազմակերպում:

Ինչպես գիտենք, հայկական իրականության մեջ արդեն հնչել է «սաբոտաժ» բառը, հետեւաբար սպասելի էր, որ իշխանությունները չստացված քաղաքական ու հատկապես տնտեսական քաղաքականության մեջ մեղավորներին փնտրելու են իրենցից դուրս: Նախկին իշխանությունների դեմ պայքարը հեղափոխականները տարբեր ժամանակներում եւ պետություններում տարբեր կերպ են իրականացրելՙ գլխատել են, գնդակահարել են կամ, լավագույն դեպքում, բանտարկել:

Սակայն, «հեղափոխական» անհաջողությունները որպես կանոն այսքանով չեն բավարարվել եւ նույնիսկ նախկին իշխանությունների դեմ «պայքարը» երկար ժամանակ չի կարող շեղել բնակչության ուշադրությունը այն փաստից, որ երկրում տնտեսական ու քաղաքական առաջընթաց չկա: Այս պայմաններում աշխատում է հաջորդ օրինաչափությունըՙ արդեն նախկին հեղափոխականները սկսում են «դավաճաններ» փնտրել յուրայինների մեջ ու որպես կանոն «հաջողում»:

Ֆրանսիական հեղափոխության հայտնի առաջնորդ Ժորժ Դանտոնի հայտնի «հեղափոխությունը խժռում է իր զավակներին» արտահատությունը ակտուալ է մինչ օրս: Հիշենք մեր հարեւան Վրաստանը, որտեղ տեղի ունեցած «վարդերի հեղափոխության» առաջնորդ Սաակաշվիլին արդեն տեւական ժամանակ գտնվում է փախուստի մեջ, իսկ նրա դեմ իր իսկ պետությունում մի քանի քրեական գործեր են հարուցված, որոնցից մեկով նա նույնիսկ 7 տարվա ազատազրկման է դատապարտված հեռակա կարգով:

Հեղափոխությունները աշխարհում իրականացվում են որպես կանոն այն պետություններում, որտեղ խաթարված է արդարության ու հավասարության կարեւորագույն սկզբունքը: Որպես աջակցություն հեղափոխությունների փողոց է դուրս գալիս պետության առաջադեմ երիտասարդությունը եւ մտավորականությունը: Սակայն սա այս գործընթացի առաջին արարն է, արդեն հաջորդիվ մենք որպես կանոն արձանագրում ենք անհաջողություններ ու դրանց պատճառները այլ տեղ փնտրողների երկարատեւ մի շղթաՙ «ամեն ինչում ուրիշներն են մեղավոր» կարգախոսով:

Սեփական սխալներում «թշնամիներին» մեղադրելուՙ նրանց միֆականացնելու, ու այդ միֆերի դեմ անընդհատ պայքար մղելու մոլուցքի մեջ, արդեն նախկին հեղափոխականները հենվում են ամբոխի վրա, որին, ինչպես դասականն է ասում, հարկավոր է «հաց եւ բեմադրություն»: Բեմադրական այդ պայքարի ականատեսն ենք Հայաստանում այսօր նաեւ մենք, եւ արդեն սկսվում է գործողությունների երկրորդ արարը, երբ կսկսեն մեղադրել նախկին յուրայիններին եւ աջակիցներին:

Սակայն հանուն ճշմարտության հարկավոր է նշել, որ ոչ բոլոր հեղափոխություններն են ավարտվում աղետով, շատ նախկին հեղափոխականների հաջողվում է խուսափել վատ վերջաբանից: Օրինակ Ֆիդել Կաստորն ստեղծեց սեփական տոտալիտար համակարգը, իսկ չեխական հեղափոխության առաջնորդ Վացլավ Հավելը ուղղակի հրաժարվեց իրական իշխանությունից, համաձայնելով ստանձնել միայն Չեխիայի նախագահի պաշտոնը, որը խորհրդարանական համակարգում սիմվոլիկ նշանակություն ունի:

Հետեւելով հայկական հեղափոխության առաջնորդիՙ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության գործելաոճին, ցավով կարող ենք նշել, որ նրանք կատարում են այս սխալները, որոնք արդեն կարելի է ասել դասական են դարձել: Թշնամիներ փնտրելու մոլուցքը պետք է փոխարինվի իրական քայլերի քաղաքականության. խոսքը հատկապես տնտեսական բարեփոխումներ իրականացնելու մասին է:

Հայաստանը հատկապես պետք է զգույշ լինի իր արտաքին քաղաքականությունը իրականացնելիս` չհայտնվելու համար մեկուսացման մեջ, շրջապատված թշնամի պետություններով: Տարածաշրջանի աշխարհառազմական իրավիճակը բարդանում է, ոչ նպաստավոր է նաեւ զարգացման տնտեսական վեկտորը:

Ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում ակնկալել լուրջ ներդրումներ հնարավոր չէ, ինչը նշանակում է, որ նորօրյա հեղափոխականները ուզեն թե չուզեն վարկեր պետք է վերցնեն միջազգային ֆինանսական կառույցներից: Ֆինանսների ու ներդրումների բացակայության պայմաններում հետհեղափոխական ներքին գզվռտոցըՙ ամեն ինչում եւ ամենուր թշնամիներ փնտրելու մոլուցքը կարող է հանգեցնել նրան, որ ֆինանսական արտահոսքը, որը այսօր նկատվում է, էլ ավելի արագանա:

Հեղափոխական էյֆորիան անցնում է, եւ այս պայմաններում այն պետք է փոխարինվի իրական ու գործնական քայլերով, ինչը կնպաստի բնակչության համախմբմանը, այլ ոչ պառակտմանը, կբերի կայունություն ու հստակություն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանը պետք է ամեն ինչ անի խուսափելու համար հետհեղափոխական զարգացումներիՙ արդեն դասական դարձած վատագույն սցենարներից: Էյֆորիային եթե փոխարինի հիասթափությունը, ապա այն կլինի ավելի կործանարար, քան նախկին իշխանավորների ձախողումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ