RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-09-16 18:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 5030, Տպվել է` 555, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՀԱԿԱԿՇԻՌ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Իրավացի էին այն մարդիկ, ովքեր ժամանակին, երբ խորհրդարանում քննարկվում-ընդունվում էր նոր կամ նորացված Սահմանադրության նախագիծը, զգուշացնում էին դրա վտանգավոր հետեւանքներից: Նրանց մտավախության թիրախը իշխանության տարբեր թեւերի միջեւ հակակշիռների սկզբունքի խախտման, վարչապետի իրավասություններիՙ խորհրդարանի նկատմամբ գերազանցման փաստերն էին: Ու մինչ Հանրապետական կուսակցությունը առարկողներին փորձում էր լռեցնել պետական համակարգի իբր եվրոպականացմամբ, իսկ Դաշնակցությունըՙ խորհրդարանական վարչաձեւի առավելություններով, «Ելք» դաշինքի լիդերները անխնա քննադատում էին նախագիծը եւ, կարծեմ, հենց Նիկոլ Փաշինյանն էր շրջանառության մեջ դնում «սուպերվարչապետ» բնութագրականը, որը հետագայում, երբ Սերժ Սարգսյանը դրժելով պաշտոն չստանձնելու մասին իր խոստումըՙ սկսեց հագնել իր վրա ձեւված-կարված վարչապետական կոստյումը եւ դա քիչ համարելով կողոպտեց հանրապետության նախագահի Սահմանադրությամբ շնորհված փետուրներն անգամ, շատերը համաձայնվեցին վերոհիշյալ բնորոշմանըՙ «սուպերվարչապետ»:

Ինչպես գրել եմ սրանից առաջՙ քաղաքականության մեջ, ի տարբերություն միջանձնային հարաբերությունների, ներողամտություն չի՛ լինում. սխալը վաղ թե ուշ պատժվում է, հաճախՙ դաժանորեն: Եվ եղավ այն, ինչ որ եղավ:

Այս տողերը չեն գրվում հետնյալ թվով մատուցվող պայծառատեսությամբ: Դեռեւս այն օրերին, երբ Սերժ Սարգսյանն ու իր հլու-հնազանդ կուսակցությունը պատրաստվում էին ըմբոշխնել թյուրքմենբաշիական հանրապետության վայելքները, մեր թերթը իր խմբագրի եւ աշխատակիցների գրչով բազմիցս զգուշացնում էր երկրին սպառնացող մենիշխանական վտանգներից: Թող թույլ տրվի ինձ այստեղ վկայակոչել այդ ուղղությամբ գրածս հոդվածներիցս մեկի վերնագիրըՙ «Խորհրդարանական, թե՞ վարչապետական հանրապետություն, կամ գուցե միապետակա՞ն» («Ազգ», 16 մարտ, 2018 թ.): Այդ հոդվածում առանձնացրել էի միապետական դրության գլխավոր եւ ճակատագրական երկու վտանգներըՙ մեկը արտաքինՙ միապետի անձնական կյանքի հեշտ խոցելիության, մյուսը ներքինՙ պետական համակարգի կործանման սպառնալիքներով:

Դժբախտաբար նույն վտանգները, առավել շեշտված, այսօր կախված են մեր պետության գլխին: Քաղաքական հեղաշրջումից (ես միշտ խուսափում եմ «հեղափոխություն» բառից, որը բոլորովին այլ սահմանում ունի) արդեն անցել է ճիշտ հինգ ամիս, որը բավարար ժամանակ է ստեղծված նոր իրավիճակը գնահատելու, դեպի մոտակա ժամանակներ կանխատեսումներ անելու համար: Նույն զգեստը այժմ Նիկոլ Փաշինյանի հագին է եւ... հաճույքով վայելում է այն: Սերժ Սարգսյանի լճացման ժամանակաշրջանին հաջորդել է նոր վարչապետի հախուռն, աղմկոտ, անզուսպ եւ անհակակշիռ մենիշխանության ժամանակաշրջանը: Ներքին եւ արտաքին ճակատների վրա, պետական վարչարարության եւ տնտեսական անորոշությունների մթնոլորտում տիրապետողը բռնոցին էՙ դրան անմիջապես հաջորդող կապիտալի թռնոցիով, որի մասին անձամբ զգուշացրել էի դեռ ապրիլի վերջերին: Բացի սեփական դիրքերի ամրապնդման քայլերից, որոնցից մեկն էլ լինելու է սեփական օգտագործման քաղաքապետի ընտրությունը, որի համար մեր բազմազբաղ վարչապետը ծախսում է այնքան ժամանակ ու եռանդ, չխնայելով անգամ սեփական նյարդերն ու ունկնդիրների թմբկաթաղանթները, որ ժամանակ չի մնում պետականաշինական աշխատանքներով զբաղվելու: Մինչդեռ բոլորը, ճանապարհները փակող գյուղացիներից սկսած մինչեւ պետական գրատեսչությունների, անգամ արդարադատության մարմինների ղեկավարներ, ակնկալում են հենց նրա՛, միայն վարչապետի՛ խոսքը, կարգադրությունը, հրահանգը, որպեսզի «քայլ անեն»:

Վերջինի վերաբերյալ ամենաթարմ օրինակը ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցությունն էր, որ, ինչպես հայտնի է, մի տեղ ընդհատվեց վարչապետի կարգադրությունը իմանալու խոսակիցների փոխադարձ խոստումով, որն ըստ ինձ այդ գայթակղալից դրվագի ամենացավալի պահն էր: Երկրորդը, որի վրա ոչ ոք ուշադրություն առայժմ չի դարձնում, նույնիսկՙ Փաշինյանի ամենակատաղի ընդդիմախոսները, այն է, որ բացահայտումից անմիջապես հետո ազգային ու պետական անվտանգության այդ երկու պատասխանատուները հրաժարական պետք էր տված լինեին ոչ թե իրենց փողոցային խոսակցության եւ տգեղ որակումների, այլ պարտականության մեջ թերանալու համար: Այսօր, ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, ամբողջ աշխարհի երկրներն են գաղտնալսում միմյանց, բարեկամ թե թշնամի: Հիշողություններում տակավին թարմ է նախորդ տարվա միջազգային գայթակղությունը, երբ բացահայտվեց, որ Գերմանիայի կանցլերի բջջային հեռախոսային զրույցները գաղտնալսում են ամերիկյան համապատասխան մարմինները: Կարելի փութով փակված այդ սկանդալի պայմաններում գերմանացի հարկատուներն ու մամուլը հանգստացան միայն այն ժամանակ, երբ Անգելա Մերկելի կարգադրությամբ պաշտոնազրկվեցին նրա կապի անվտանգության պատասխանատուները: Մինչդեռ մեր պարագայում...

Եթե Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը չեն կարողանում պաշտպանել իրենց սեփական կապի անվտանգությունը, ի՞նչպես են պաշտպանելու վարչապետի եւ այլ պատասխանատուների խոսակցությունները գաղտնալսումներից:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ նրանց պաշտոնազրկելու, նույն երեկոյան իր ջրագրգիռ ելույթում սպառնաց գաղտնալսողների՛ն հայտնաբերել ու կոխել YouTube-ի մեջ: Ներկա ընթացքով կարող ենք բոլորս հայտնվել tube-ում, վարչապետն էլ մեզ հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ