RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018



Տեղադրվել է` 2018-08-31 13:55:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 4911, Տպվել է` 549, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԻԵՎԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ TANAP-Ի ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Պ.Ք.

Բաքվում կանցլեր Մերկելի եւ նախագահ Ալիեւի համատեղ մամլո ասուլիսի սղագրության հրապարակումից հետո սկսեցին ի հայտ գալ հետաքրքրական մանրամասնություններ, որոնք վերաբերում են ադրբեջանական ռեսուրսների հաշվին Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հեռանկարներին:

Անցյալում Իլհամ Ալիեւը քանիցս հայտարարել է, թե Ադրբեջանը Եվրոպայի համար էներգակիրների միակ նոր աղբյուրն է, որը գտնվում է ոչ այնքան հեռու, ունի մեծ պաշարներ եւ տասնամյակների համար նախատեսված ներուժ: Եթե անդադառնանք միայն գազին, ապա խոսքը Հարավային գազային միջանցքի մասին էՙ Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Անդրանատոլիական (TANAP) եւ Անդրադրիատիկյան (TAP) գազամուղներ, որոնք անցնում են Վրաստանով, Թուրքիայով եւ հասնում Իտալիա:

Ալիեւի դատողությունները զարմացնում էին, քանզի Հարավային գազային միջանցքը նախատեսում է ընդամենը տասը միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի փոխադրում Կասպյան տարածաշրջանում «Շահ-Դենիզ» հանքավայրի երկրորդ հերթի շահագործման շրջանակներում: Մինչդեռ ռուսական «թՈջտՐՏՎ»-ը ներկայումս Եվրոպային մատակարարում է մոտավորապես տասնյոթ անգամ ավելի շատ գազ: Սակայն եվրոպացի, իսկ նրանցից հետո նաեւ բաքվեցի փորձագետները հայտարարում էին, որ հետագայում TANAP նախագծին կարող են միացվել ուրիշ աղբյուրներ, օրինակ Իրանի եւ Թուրքմենիայի հանքավայրեր, ինչը թույլ կտար գազի փոխադրման ծավալները հասցնել մինչեւ 30 մլրդ խորանարդ մետրի:

Սակայն Թեհրանը ներկայումս ենթակա է ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Ինչ վերաբերում է Աշխաբադին, մամլո ասուլիսում Ալիեւը հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Ներկայումս մենք թուրքմենական գազը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղով մատակարարում ենք համաշխարհային շուկաներին եւ միաժամանակ Միջին Ասիայից չոր բեռներ ենք առաքում Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներովՙ վերջերս շահագործման հասցված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով: Սակայն Անդրկասպյան գազամուղի շինարարությունը պետք է առավել շատ հետաքրքրի, իհարկե, գազ արդյունահանողներին, իսկ տարանցիկ երկրներն այստեղ պարտավոր չեն նախաձեռնություն հանդես բերել: Ճիշտ այնպես, ինչպես մենք, որ նախաձեռնեցինք 3500 կիլոմետրանոց խողովակաշարի շինարարությունը, հատկացրինք ֆինանսական խոշոր միջոցներ (ավելի քան 40 մլրդ դոլար): Ուստի, եթե Կասպից ծովի արեւելյան մասից սեփական գազը Ադրբեջանի տարածքով համաշխարհային շուկա հասցնելու առաջարկ հնչի, ապա մենք, իհարկե, կկարողանանք մեծ շահագրգռությամբ քննարկել դա եւ որոշում ընդունել: Բայց այդ որոշումը պետք է լինի ոչ թե մերը, այլ հակառակ կողմինը»:

Այսինքն, Թուրքմենստանը պետք է առաջին հերթին հետաքրքրություն հանդես բերի Կասպից ծովի հատակով գազամուղի անցկացման նկատմամբ, երկրորդ, պետք է ապահովի դրա կառուցումը համապատասխան ներդրումներով: Երրորդ, Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ վերջերս ստորագրված միջազգագրի համաձայն պետք է խորհրդակցություններ անցկացնի Իրանի հետ, ինչը ներկա իրավիճակում խնդրահարույց է թվում: Չորրորդ, Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ներկայումս լուծում է առաջին հերթին թուրքեստանյան ինտեգրման հարցերըՙ առաջին պլան քաշելով Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազամուղի նախագիծը, չնայած որ Աշխաբադի արդյունահանած ամբողջ գազը Չինաստան է առաքվում վարկերի մարման դիմաց: Բացի դրանից, Թեհրանի եւ Աշխաբադի միջեւ 2017 թ. սկզբներին բարդություններ ծագեցին այն բանից հետո, երբ թուրքմենական իշխանությունները դադարեցրին գազի մատակարարումը Իրանի հյուսիսինՙ իրենց որոշումը բացատրելով չվճարված հաշիվներով: Ահա թե ինչու մամլո ասուլիսում Ալիեւը կատարեց կարեւոր ճշգրտումՙ խոսելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի կարեւոր դերի մասին, ինչը համապատասխանում է ստեղծվող իրավիճակին:

Մերկելը Բաքվում հայտարարեց, որ Գերմանիան չի կարող Ռուսաստանին «ո՛չ» ասել էներգամատակարարումների հետ կապված հարցերում: Խոսելով Ադրբեջանից գազի մատակարարումների մասին, նա նշեց, որ Բեռլինը հնարավորություն չունի այդ երկրից գազ ստանալու նույն գնով, ինչ Ռուսաստանից:

Բացի դրանից, ինչպես պնդում է Deutsche Welle ռադիոկայանը, Հարավային գազային հոսքի աշխարհաքաղաքական նշանակությունը միշտ գերազանցել է տնտեսականին, եւ Ալիեւը այդ ուղղությամբ նրբահնար խաղ էր խաղում, որի արդյունքում ստանում է Եվրոպային գազի մատակարարներից մեկի (ըստ որում ոչ այնքան կարեւորի) կարգավիճակ, աշխարհամաս, որտեղ որպես ակտիվ մատակարարներ ներկա են Ռուսաստանն ու Նորվեգիան (37-ական %), Ալժիրը (նվազ, քան 13%), Քաթարը եւ այլ երկրներ (ավելի քան 10%):

Բացի դրանից, նույն ռադիոկայանի տվյալների համաձայն, Մոսկվան ինքն է օգնում, որպեսզի TANAP-ը լցվի գազով, քանի որ ներկա պահին Ադրբեջանի սեփական գազը չի բավականացնում իր ներքին եւ արտաքին բոլոր պարտավորությունների կատարման համար: 2017 թ. վերջերին «թՈջտՐՏՎ»-ը եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) պայմանավորվեցին Ադրբեջանին ռուսական գազի 2006 թ. դադարեցված մատակարարումները վերսկսելու շուրջ:

Նշանակու՞մ է սա արդյոք, թե Բաքուն կհրաժարվի էներգետիկ բլեֆից, թե՞ ակտիվորեն կսկսի տեղաշարժվել դեպի Ռուսաստան, որպեսզի, ինչպես գրում է բրիտանական The Financial Times թերթը, ավելացնի Եվրոպային խոստացած գազի տեղափոխումը TANAP-ով: Հարց է ծագում, թե Ալիեւը ինչպես կձեւակերպի իր խոսքերը, երբ Ադրբեջանը չկարողանա ընդլայնել արտադրական կարողությունները եւ ապահովել Եվրոպային տված խոստումների կատարումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ