RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018



ԻՏԱԼԱԿԱՆ ՄԱՖԻԱ

Տեղադրվել է` 2018-08-31 13:55:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 4998, Տպվել է` 552, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ

Իտալական մամուլից ծաղկաքաղ եւ թարգմանությունՙ ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

Իտալիան Եվրոպայի կարեւորագույն երկրներից մեկն է նաեւ տնտեսական իմաստով: Այդ երկիրն անշուշտ ավելի ազդեցիկ դիրք կունենար, եթե երկրում մի քանի տասնամյակ չմոլեգներ կոռուպցիան եւ վերջինիս առավել վտանգավորՙ մաֆիոզական համակարգը, որի դեմ արյունոտ, երկարատեւ պայքար մղեցին տարբեր իշխանություններ եւ որից ամենաշատը տուժեց երկրի դատական համակարգը, իսկ դատավորները դարձան թիրախ մաֆիոզ տարբեր կառույցների դեմ մղված պայքարի դաշտում:

Ահա այս մասին է շուրջ 10 տարի (1995-2005 թթ.) Իտալիայում դիվանագիտական ծառայություն մատուցած, ընդհուպ ՀՀ դեսպան հանդիսացած, մասնագիտությամբ մաթեմատիկոս, բազմաթիվ թարգմանությունների հեղինակ Գագիկ Բաղդասարյանը: Ստորեւՙ նրա պատրաստած նյութը, որը տարբեր առնչակցությունների անդրադարձներ ունի իր մեջՙ նաեւ մեր իրականության հետ:

ԽՄԲ.

«Մաքուր ձեռքեր» օպերացիան (իտալերենՙ «Mani pulite») հիմնականում 1992-1993 թթ. Իտալիայի ոստիկանության գործողությունների եւ քրեական դատավարությունների մինչ այդ նախադեպը չունեցած ամբողջական շղթա էրՙ իրավապահ մարմիններում եւ քաղաքական համակարգում կազմակերպված հանցավորության (մաֆիայի) ազդեցության վերացմանն ուղղված, մասնավորապես պայքարում էր նախընտրական քարոզչության ֆինանսավորման անօրինականության եւ քաղաքական գործիչների շրջանում տարածված կաշառակերության դեմ: Օպերացիայի արդյունքում բացահայտված եւ Իտալիայի քաղաքական համակարգ ներխուժած համատարած կոռուպցիան մամուլում կոչվեց «Տանջենտոպոլի» (իտալերենՙ Tangentopoli, բառացիորենՙ կաշառքի քաղաք): Այս անունով իտալական մամուլը վերակոչեց Միլանը, որտեղից սկիզբ առավ օպերացիանՙ տարածվելով ամբողջ երկրով մեկ:

«Մաքուր ձեռքեր» արտահայտության ծագումը, սակայն, պատկանում է ավելի վաղ ժամանակի, ավելի ճշգրիտՙ 1975թ. հուլիսի 10-ին, երբ «Իլ Մոնդո»-ին տված հարցազրույցի ժամանակ Իտալիայի կոմունիստական կուսակցության պատգամավոր Ջորջո Ամենդոլան առաջին անգամ օգտագործեց այդ արտահայտությունըՙ պատասխանելով իր կուսակցության դեմ ուղղված քննադատություններին: «Մաքուր ձեռքեր» արտահայտության մերօրյա նեղ իմաստը կապված է այն անվան հետ, որը տրվեց Միլանի դատարանումՙ Հանրապետության դատախազության ձեռնարկած «Տանջենտոպոլի»-ի սկանդալների հետաքննությանը:

Հետաքննությունը համակարգում էր այն ժամանակ տակավին անհայտ, բայց շատ արագ հանրահռչակ դարձած դատախազ Անտոնիո Դի Պիետրոն: «Տանջենտոպոլի»-ն սկսվեց 1992 թ. փետրվարի 17-ին, երբ դատախազ Անտոնիո Դի Պյետրոն ստացավ «Պիո Ալբերտո Տրիվուլզիո» ընկերության նախագահ, Միլանի սոցիալիստական կուսակցության առաջատար անդամներից մեկիՙ Մարիո Կյեզայի ձերբակալման հրամանը: Կյեզան ձերբակալվեց ոմն Լուկա Մանյիից կաշառք ստանալու պահին. վերջինս, հոգնելով շարունակ վճարելուց, դիմել էր ոստիկանություն:

Այդ հետաքննության արձագանքը, երբ ի վերջո տապալվեց «Առաջին Հանրապետությունը», սկզբում ուշադրության էր արժանանում միայն իտալական թերթերի ներքին էջերում, ընդ որում քաղաքականության հետ որեւէ առնչություն չէր նշմարվում: «Ֆինինվեստ» մեդիահոլդինգի հեռուստալուրերում անգամ չէր հիշատակվում այն կուսակցությունը, որի անդամն էր Մարիո Կյեզան: Այդ ժամանակ Իտալիան կառավարում էր «ԿԱՖ» անվանյալ եռյակը. «ԿԱՖ»-ը քաղաքական համաձայնություն կնքած անձանց ազգանունների սկզբնատառերից կազմված հապավում էրՙ Բետտինո Կրաքսի (Իտալիայի նախկին վարչապետ, սոցիալիստական կուսակցության քարտուղար), Ջուլիո Անդրեոտտի (Իտալիայի վարչապետ, քրիստոնեա-դեմոկրատ, ցմահ սենատոր), Առնալդո Ֆորլանի (Իտալիայի նախկին վարչապետ, Իտալիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության քարտուղար): Այդ նույն Կրաքսին բնութագրում էր Մարիո Կյեզային իբրեւ «մեկուսացած սրիկա», որը սակայն որոշեց համագործակցել արդարադատության հետՙ դատախազին ուշագրավ տեղեկություններ հաղորդելով համատարած կոռուպցիայի մասին:

Բացահայտվեցին խոշորագույն քաղաքական գործիչների եւ պետական պաշտոնյաների կապերը մաֆիայի հետ: Օրենքի առջեւ պատասխան տալու հարկադրանքին ի դեմ քաղաքական գործիչներն ի զորու չեղան օգնել մաֆիային: Երկրում լուծարվեց եւ դաշնային կառավարման տակ անցավ կազմակերպված հանցագործության ճիրաններում հայտնված 109 քաղաք: Մաֆիայից առգրավվեցին բազմաթիվ շինություններ, հողեր, գործարաններ: 1992 թվականից ի վեր մաֆիայից առգրավվեց ավելի քան վեց միլիարդ եվրոյի գույք: «Մաքուր ձեռքեր» օպերացիայի արդունքում քաղաքական բեմը ստիպված եղավ լքել իտալացի քաղաքական գործիչների մոտ 80 տոկոսը:

«Մաքուր ձեռքեր» օպերացիա

Ժամանակագրություն (1992 - 2000) .

7.02.1992 - Միլանում դատախազ Անտոնիո Դի Պյետրոն 7 միլիոն լիր (մոտ 3500 եվրո) կաշառք ստանալու պահին ձերբակալում է «Պիո Ալբերգո Տրիվուլցիո» ընկերության նախագահ, Միլանի քաղաքապետի պաշտոնին հավակնող սոցիալիստ Մարիո Կյեզային: Սկսվում է «Մաքուր ձեռքեր» աղմկալի օպերացիան:

22.04.1992 - Ձերբակալվում են ութ ձեռնարկատերեր, բոլորը համագործակցում են իրավապահ մարմինների հետ:

28.04.1992 - Ձերբակալվում են ձախակողմյան դեմոկրատներ Էպիֆանիո Լի Կալցին եւ Սերջո Սոավեն:

1.05.1992 - Մեղադրանք է ներկայացվում Միլանի նախկին քաղաքապետեր, սոցիալիստ պատգամավորներ Կարլո Տոնյոլիին եւ Պաոլո Պիլլիտտերիին:

6.05.1992 - Ձերբակալվում են քաղաքային եւ շրջանային մակարդակի կուսակցական քարտուղարներՙ ձախակողմյան դեմոկրատ Մասսիմո Ֆերլինին եւ քրիստոնեա - դեմոկրատներ Մաուրիցիո Պրադան ու Գանստեֆանո Ֆրիջերիոն: Բանտում է հայտնվում նաեւ «ՖԻԱՏ» խմբին պատկանող «Կոջեֆար» ընկերության գործադիր տնօրեն Էնցո Պապին:

8.05.1992 - Նախկին քրիստոնեա-դեմոկրատ սենատոր եւ «Հյուսիսային երկաթուղիներ» -ի նախկին նախագահ Աուգուստո Ռեձձոնիկոն խոստովանում է, որ մեկ միլիարդ լիր կաշառք ստանալով, այն հանձնել է քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության շրջանային քարտուղար Ջանստեֆանո Ֆրիջերիոյին:

13.05.1992 - Մեղադրանք է առաջադրվում Իտալիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության գանձապահ Սեւերինո Չիտարիստիինՙ մի ձեռնարկատերից 700 միլիոն լիր (2000 լիրը արժեր 1 դոլար) կաշառք ստանալու համար:

23.05.1992 - Պալերմոյում սպանվում են դատավոր Ջովաննի Ֆալկոնեն, նրա կինն ու երեք ուղեկցող գործակալ: Միլանում, բարձրագույն կրթության կեղծ դիպլոմ ունենալու բացահայտումից հետո, ինքնասպան է լինում տեղական առողջապահության աշխատակից, 54-ամյա Ֆրանկո Ֆրանկին:

27.05.1992 - Ծանուցագիր են ստանում ձախակողմյան դեմոկրատ պատգամավոր Ջաննի Չերվետտին եւ սոցիալիստ Ռենատո Մասսարին:

17.06.1992 - Հարցաքննությունից հետո ինքնասպան է լինում սոցիալիստական կուսակցության Լոդիի քարտուղար, 49-ամյա Ռենատո Ամորեզեն:

3.07.1992 - «Ով անմեղ է, թող առաջին քարը գցի»ՙ Կրաքսիի ելույթը Խորհրդարանի ստորին պալատում:

9.07.1992 - Խորհրդարանը թույլ է տալիս քրեական գործեր հարուցել սոցիալիստ պատգամավորներ Կարլո Տոնյոլիի, Պաոլո Պիլլիտտերիի, Ռենատո Մասսարիի, հանրապետական Անտոնիո Դել Պեննինոյի եւ ձախակողմյան դեմոկրատ Ջաննի Չերվետտիի հանդեպ:

14.07.1992 - Ծանուցագիր են ստանում Վենետոյի սոցիալիստների առաջնորդ Ջաննի Դե Միկելիսը եւ ձեռնարկատեր Լուկա Բելտրամի Գադոլան: Միլանում ձեբակալվում է «Տեկինտ» խմբի գործադիր տնօրեն Պաոլո Սկարոնին, քրեական գործ հարուցելու թույլտվություն է հայցվում սենատոր Սեւերինո Չիտարիստիի դեմ:

16.07.1992 - Խոշոր չափի կաշառատվության մեղադրանքով ձերբակալվում է շինարար Սալվատորե Լիգրեստին:

19.07.1992 - Սպանվում են դատավոր Պաոլո Բորսելինոն եւ հինգ ուղեկցող գործակալ:

21.07.1992 - Ինքնասպան է լինում Նովարայի քաղաքապետարանի 39-ամյա աշխատակից Ջուզեպպե Ռոզատոն:

26.07.1992 - Ինքնասպան է լինում Շինարարների ազգային միության փոխնախագահ, 56-ամյա Մարիո Մայոկկին:

2.09.1992 - Ինքնասպան է լինում բազմաթիվ կաշառքներ ստացած սոցիալիստ պատգամավոր Սերջո Մոռոնին: Ստորին պալատի նախագահին ուղղված նամակում նա հայտարարում է, որ գործել է կուսակցության անունից:

15.10.1992 - Ծանուցագիր է ստանում սոցիալիստ պատգամավոր Վինչենցո Բալզամոն, որը հոկտեմբերի 26-ին ինֆարկտ է ստանում եւ մահանում նոյեմբերի 2-ին:

15.12.1992 - Ծանուցագիր է ներկայացվում Իտալիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Բետտինո Կրաքսիին: Նա մեղադրվում է ընդհանուր առմամբ 41 անգամ 36 միլիարդ լիրի չափով կաշառք ստանալու մեջ:

4.01.1993 - Խորհրդարանը անձեռնմխելիությունից զրկում է 12 պատգամավորի, այդ թվումՙ տրանսպորտի նախկին նախարար Կարլո Բերնինիին (քրիստոնեա-դեմոկրատ), քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության գործադիր քարտուղար Սեւերինի Չիտարիստիին եւ սոցիալիստ պատգամավոր Սիսինիո Ձիտոյին:

8.01.1993 - Կրաքսին ստանում է երկրորդ ծանուցագիրը, մեղադրվելով Մոնտալտո դի Կաստրոյի ատոմային Էլեկտրակայանի վերափոխադրման աշխատանքների դիմաց 300 միլիոն լիր կաշառք ստանալու համար:

24.01.1993 - Ձերբակալվում է փախուստի մեջ գտնվող, Միլանի Լինատե եւ Մալպենսա օդանավակայանները սպասարկող «ՍԵԱ» խմբի նախկին նախագահ, սոցիալիստ Ջովաննի Մանցին: Կրաքսին պահանջում է հետաքննություն սկսել բոլոր կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ:

29.01.1993 - Կրաքսին ստանում է երրորդ ծանուցագիրը: Ծանուցագրեր են ստանում նաեւ սոցիալիստ պատգամավորներ Ջաննի Դե Միկելիսը, Պարիս Դել Ւնտոն եւ սենատոր Ջորջո Մոսկոտտին, քրիստոնեա - դեմոկրատներ Բրունո Տաբաչչին եւ Սեւերինո Չիտտարիստին (թվով վեցերորդը):

3.02.1993 - Կրաքսին ստանում է չորրորդ ծանուցագիրը: Նոր ծանուցագրեր են ստանում նաեւ սոցիալիստներ Պաոլո Պիլլիտտերին եւ Ջորջո Գանջին, ինչպես նաեւ քրիստոնեա -դեմոկրատական կուսակցության գանձապահ Սեւերինո Չիտարիստին: Ինքնասպանության անհաջող փորձ է կատարում Հանրապետական կուսակցության Լոմբարդիայի խմբի ղեկավար 51-ամյա Անտոնիո Սավոյան:

7.02.1993 - Իրավապահ մարմիններին հոժարակամ հանձնվածՙ փախուստի մեջ գտնված Սիլվանո Լարինին մեղադրում է Կրաքսիին եւ Արդարադատության նախարար Կլաուդիո Մարտելլիին շվեյցարական բանկում գաղտնի հաշիվներ ունենալու մեջ:

10.02.1993 -Արդարադատության նախարար Կլաուդիո Մարտելլին, ծանուցագիր ստանալով, հրաժարական է տալիս եւ դուրս է գալիս սոցիալիստական կուսակցությունից:

11.02.1993 -Բետտինո Կրաքսին վայր է դնում սոցիալիստական կուսակցության քարտուղարի մանդատը:

13.02.1993 - Ծանուցագրեր են ստանում «ԷՆԻ»-ի նախագահ Գաբրիելե Կալյարին եւ քաղաքական գործիչ Սերջո Կաստելլանին:

17.02.1993 - Ձերբակալվում է Կրաքսիի քարտուղարուհի Էնցա Տոմազելլին:

19.02.1993 - Հրաժարական են տալիս Առողջապահության նախարար Ֆրանչեսկո Դե Լորենցոն եւ Ֆինանսների նախարար, քրիստոնեա-դեմոկրատ Ջովաննի Գորիան: Կեղծ վկայության համար ձերբակալվում է քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության քարտուղար Արնալդո Ֆորլանիի խոսնակ Էնցո Կարրան:

22.02.1993 - Ձերբակալվում է «ՖԻԱՏ»-ի փոխնախագահ Ֆրանչեսկո Պաոլո Մատտիոլին:

25.02.1993 - Կուսակցությունների ֆինանսավորման օրենքի խախտման մեղադրանք է ներկայացվում Հանրապետական կուսակցության քարտուղար Ջորջո Լա Մալֆային, որը հրաժարական է տալիս: Ձերբակալվում է Իտալիայի ֆինանսական աշխարհի ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկըՙ Ջամպյերո Պեզենտին: Կորվինոյում հայտնաբերվում է Կաստելլանիի դին: Մինչ օրս պարզ չէՙ ինքնասպանությու՞ն էր դա, թե՞ սպանություն:

1.03.1993 - Կաշառատվության համար ձերբակալվում է կոմունիստ, ապա ձախակողմյան դեմոկրատ Պրիմո Գրեգանտին:

2.03.1993 - Միկելե եղբոր ձերբակալման լուրը ստանալով, հրաժարական է տալիս Խորհրդարանի Ինստիտուցիոնալ բարեփոխումների երկպալատ հանձնաժողովի նախագահ, քրիստոնեա-դեմոկրատ Չիրիակո Դե Միտան:

5.03.1993 - Նախարարների խորհուրդը քաղաքական որոշում է ընդունումՙ ապաքրեականացնելով կուսակցությունների անօրինական ֆինանսավորման հանցագործությունը, եւ հաստատում է վարչական պատժամիջոցներՙ ստացած կաշառքների եռապատիկ վերադարձ եւ երեքից հինգ տարի պետական պաշտոն զբաղեցնելու արգելք:

7.03.1993 - Հանրապետության նախագահ Օսկար Լուիջի Սկալֆարոն չի ստորագրում որոշումը: Միլանի գլխավոր դատախազ Ֆրանչեսկո Սավերիո Բորելլին «Մաքուր ձեռքեր»-ի բոլոր դատախազների անունից խիստ դեմ է արտահայտվում ընդունված որոշմանը:

9.03.1993 - Ձերբակալվում են «ԷՆԻ»-ի նախագահ Գաբրիելե Կալյարին եւ Նուովո Պինյոնե ընկերության նախագահ Ֆրանկո Չիատտին: Խորհրդարանը տալիս է իր համաձայնությունըՙ քրեական գործ հարուցելու Կրաքսիի դեմ:

11.03.1993 - Իրավապահ մարմիններին հոժարակամ հանձնված Ֆրանչեսկո Պաչինի Բատալյան բացահայտում է «ԷՆԻ»-ի 500 միլիարդ լիր գումարով սեւ ֆոնդերը:

15.03.1993 - Մեղադրանք է առաջադրվում Ազատական կուսակցության քարտուղար Ռենատո Ալտիսսիմոյին, որը մեկ օր անց հրաժարական է տալիս:

30.03.1993 - Ֆինանսների նախարար Ֆրանկո Ռեվիլյոն ծանուցագիր է ստանում եւ հրաժարական տալիս:

5.04.1993 - Ծանուցագրեր են ստանում քրիստոնեա-դեմոկրատներ, նախկին վարչապետ, ցմահ սենատոր Ջուլիո Անդրեոտտին եւ նախկին վարչապետ Արնալդո Ֆորլանին:

12.04.1993 - Վեցերորդ հարկից գցվելովՙ ինքնասպան է լինում Պեսկարայի քաղաքապետարանի պատգամավոր, քրիստոնեա-դեմոկրատ, 43-ամյա Վալերիո Չիրիլլոն:

24.04.1993 - Ադիջե գետը նետվելովՙ ինքնասպան է լինում քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Ռովիգոյի քարտուղար 68-ամյա Ջինո Մացցոլայոն:

29.04.1993 - Ստորին պալատը չորրորդ անգամ քվեարկում է Կրաքսիին անձեռնմխելությունից զրկելու դեմ, ինչին ի բողոք իրենց հրաժարականն են ներկայացնում ձախակողմյան դեմոկրատներ Աուգուստո Բարբեռան, Վինչենցո Վիսկոն եւ Լուիջի Բերլինգուերը եւ բնապահպանության նախարար Ֆրանչեսկո Ռուտելլին :

11.05.1993 - Ձերբակալվում է Իտալիայի կոմունիստական կուսակցության նախկին գանձապահ Ռենատո Պոլլինին:

16.05.1993 - «Օլիվետտի» կոնցեռնի գլխավոր տնօրեն Կարլո Դե Բենեդետտին խոստովանում է կառավարական կուսակցություններին «Իտալական Փոստ»-ի հետ պայմանագիր կնքելու նպատակով 20 միլիարդ լիր կաշառք տալու մասին:

12.05.1993 - Ձերբակալվում է «Արդյունաբերության վերակռուցման ինստիտուտ (ԻՐԻ)»-ի նախագահ Ֆրանկո Նոբիլին:

19.05.1993 - Ձերբակալվում է Ջենովայի քաղաքապետ, ձախակողմյան դեմոկրատ Կլաուդիո Բուրլանդոն:

4.07.1993 - Անտոնիո Դի Պյետրոն հարցաքննում է «ԻՐԻ»-ի նախագահ Ռոմանո Պրոդիին:

13.07.1993 - Ժնեւում ձերբակալվում է «Մոնտէդիսոն» խմբի նախագահ Ջուզեպպե Գարոֆանոնՙ կառավարական կուսակցություններին կաշառք տալու մեղադրանքով:

20.07.1993 - Իր բանտախցում ինքնասպան է լինում «ԷՆԻ»-ի նախկին նախագահ 67-ամյա Գաբրիելե Կալյարին: Կինը վերադարձնում է 6 միլիարդ լիր ստացած կաշառքը:

22.07.1993 - Ժնեւում մայիսի 13-ին ձերբակալված «Մոնտէդիսոն»-ի նախկին նախագահ Գարոֆանոն ցուցմունք է տալիս առ այն, որ ընկերության սեւ ֆոնդերը ստեղծել է «Ֆեռռւցցի» խմբի նախագահ Ռաուլ Գարդինին:

23.07.1993 - 60-ամյա Ռաուլ Գարդինին ինքնասպան է լինում Միլանի իր տանը: Ձերբակալվում են բազմաթիվ անձինք, այդ թվում խոշոր ձեռնարկատերեր Կարլո Սալման, Վիտտորիո Ջուլիանի Րիչչին, Ջուզեպպե Բերլինին եւ Սերջո Կուզանին:

24.08.1993 - Տիցիանա Պարենտին ընդգրկում է Ձախակողմյան ժողովրդավարական կուսակցության գանձապահ Մարչելլո Ստեֆանինիին կասկածյալների ցանկում:

3.09.1993 - Ձերբակալվում է Միլանի դատարանի նախագահ Դիեգո Կուրտոն:

19.09.1993 - Իրավապահ մարմիններին է հանձնվում հետախուզման մեջ գտնվող կոմունիստ Պրիմո Գրեգանտին: Ձերբակալվում է Ձախակողմյան դեմոկրատական կուսակցության պատասխանատու աշխատող Մարկո Ֆրեդդան, որից հետո առաջին անգամ խուզարկության է ենթարկվում նախկին Կոմունիստական կուսակցության գրասենյակը:

20.09.1993 - Ձերբակալվում է Առողջապահության նախարարության աշխատակից Դուիլիո Պոջջոլինին:

28.10.1993 - Սկսվում է Կուզանիի դատավարությունը:

29.10.1993 - Ձերբակալվում է «Սիսդե» գաղտնի գործակալության նախկին պետ Ռիկարդո Մալպիկան:

30.10.1993 - Մեղադրանք է ներկայացվում «Օլիվետտի»-ի նախագահ Կարլո դե Բենեդետտիին: Հարցաքննելուց հետո նրան տնային կալանք է տրվում:

3.11.1993 - Պահուստային ֆոնդերի պատասխանատու Անտոնիո Գալատին հայտարարում է, որ 1982-ից 1992 թ.թ. Ներքին գործերի բոլոր նախարարները, բացի Ամինտորե Ֆանֆանիից, ամսական ստացել են 10 միլիոն լիր:

4.12.1993 - Ազատական կուսակցության քարտուղար Ռենատո Ալտիսսիմոն խոստովանում է Սալմայից փող ստանալը: Նույնն անում է սոցիալ- դեմոկրատական կուսակցության քարտուղար Կարլո Վիցցինին:

7.12.1993 - Ձերբակալվում է «Հյուսիսային Լեգա»-ի գանձապահ Ալեսսանդրո Պատելլին:

17.12.1993 - Կրաքսին, «այդպես էին անում բոլորը» հայտարարելով, խոստովանում է, որ 1987-1990 ժամանակահատվածում Իտալիայի սոցիալիստական կուսակցությունը ստացել է 186 միլիարդ լիր:

5.01.1994 - «Հյուսիսային Լեգա»-ի քարտուղար Ումբերտո Բոսսին խոստովանում է, որ իր կուսակցությունը «Մոնտէդիսոն»-ից գումար է ստացել:

2.02.1994 - Սալման պատմում է Կոմունիստական կուսակցությանը 1 միլիարդ լիր տալու մասին:

11.02.1994 - «Կարիպլո» բանկային hիմնադրամի աշխատակիցներին կաշառք տալու համար ձերբակալվում է Սիլվիո Բերլուսկոնիի եղբայր Պաոլոն: Սիլվիո Բերլուսկոնին խոստովանում է, որ կաշառք է տվել որոշ քաղաքական գործիչների:

21.04.1992 - Բացահայտվում է «Ֆինանսական ոստիկանության» սկանդալի առաջին կաշառքը: Ձերբակալվում է 80 աշխատակից եւ 300-ից ավելի ձեռնարկատեր:

24.04.1993 - «ՖԻԱՏ» խմբի գործադիր տնօրեն Չեզարե Ռոմիտին «Կորրյերե դելլա սեռա» թերթի միջոցով հայտարարում է կուսակցություններին «ՖԻԱՏ»-ի տված կաշառքների մասին:

28.04.1994 - Կուզանին դատապարտվում է 8 տարվա բանտարկության:

13.07.1994 - Կառավարությունը «գողերի փրկիչ» կոչված դեկրետ է ընդունում: Ի բողոք, Միլանի դատախազների խումբը (առանց Բորելլիի) հեռուստատեսությամբ հայտարարում է իր հրաժարականը:

28.07.1994 - Հարկայինի ծառայությանը կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվում է Պաոլո Բերլուսկոնին:

3.10.1994 - Ձերբակալվում եւ խոստովանում է Կրաքսիի շվեյցարական հաշիվները վարող Ջորջո Տրադատին:

21.11.1994 - Սիլվիո Բերլուսկոնին ընդգրկվում է կասկածյալների ռեգիստրում:

23.11.1994 - Վարչական վարույթ է սկսվում Անտոնիո Դի Պյետրոյի հանդեպ:

6.12.1994 - Դի Պյետրոն հրաժարական է տալիս:

Հունվար - Դեկտեմբեր 1995 - Համարյա բոլոր մեղադրյալները դատապարտվում են:

22.11.1995 - Բերլուսկոնին մեղադրվում է Կրաքսիին անօրինականորեն ֆինանսավորելու համար (21 միլիարդ լիր):

Հուլիս 1995 - Ստեֆանիա Արիոստոն պատմում է Բերլուսկոնիի կառավարության նախկին պաշտպանության նախարար Չեզարե Պրեվիտիիՙ Հռոմի դատավորներին կաշառելու մասին:

21.07.1995 - Պաշտոնապես հայտարարվում է, որ նախկին վարչապետ եւ սոցիալիստական կուսակցության առաջնորդ Բետտինո Կրաքսին դիմել է փախուստի:

12.03.1996 - Ձերբակալվում է Հռոմի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռենատո Սկվիլանտեն:

15.09.1996 - Ձերբակալվում են «Պետական երկաութուղիներ»-ի գործադիր տնօրեն Լորենցո Նեչչին եւ բանկիր Պյեռֆրանչեսկո Պաչինի Բատալյան, որը դատապարտվում է 6 տարվա ազատազրկման:

28.01.1998 - Խորհրդարանը դեմ է քվեարկում Չեզարե Պրեվիտիի ձերբակալմանը:

7.07.1998 - Առաջին ատյանի դատարանը դատապարտում է նախկին վարչապետ եւ «Հառաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բերլուսկոնիին կոռուպցիայի համար:

13.07.1998 - Բերլուսկոնին դատապարտվում է 2 տարի 4 ամիս ազատազրկման եւ 10 միլիարդ լիր տուգանքի, իսկ Կրաքսինՙ 4 տարվա ազատազրկման եւ 20 միլիարդ լիր տուգանքի:

19.01.2000 - Համմամետում (Թունիս) մահանում է Բետտինո Կրաքսին:

«Մաքուր ձեռքեր» օպերացիան թվերով

Ներկայացված ծանուցագրերՙ 25400

Կասկածյալների ցանկում ընդգրկված անձինք ՙ 4525

Դատարան ուղարկված գործեր ՙ 3200

Դատական այլ մարմիններին փոխանցված գործեր ՙ 1325

Միլանում հետաքննված 3200 անձանցից.

նախնական դատական նիստերում քննվածներՙ 1688

դատավարության ենթարկվածներՙ 1322

դատապարտվածներ ՙ 661, (345-ը հաշտարարությամբ)

ազատ արձակվածներ նախաքննող դատավորի կողմից ՙ 635, (314-ը ժամկետանց, 242-ը ըստ էության)

նախաքննության ընթացքում կայացված դատավճռներ եւ մեղքն ընդունելու գործարքներՙ 620

այլ դատական մարմինների փոխանցված գործերՙ 443

առ 2003 թ. մայիս անավարտ մնացած գործերՙ 117

դուրս գրված, դատախազություն վերադարձված, միավորված գործերՙ 99

Ինքնասպանություններՙ 31

1992-1993 ժամանակահատվածում հետաքննվել է 1069 քաղաքական գործիչ, այդ թվումՙ 223 պատգամավոր եւ 4 նախկին վարչապետ

«Մաքուր ձեռքեր» օպերացիան իրականացրել են դատախազներ Անտոնիո Դի Պյետրոն, Ջերարդո Դ-Ամբրոզիոն, Գերարդո Կոլոմբոն, Պյեռկամիլլո Դավիգոն եւ Իլդա Բոկկասսինին, Արմանդո Սպատարոն, Ֆռանչեսկո Գրեկոն եւ Տիզիանա Պառենտին: Խումբը համակարգում էր Ֆրանչեսկո Սավերիո Բորելլին: Առաջին քայլերը Միլանում կատարելուց հետո հետաքննությունը տարածվեց Իտալիայի այլ շրջաններում, ինչի արդյունքում փլուզվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայում կայացած եւ տասնամյակներ գոյատեւած կուսակցական համակարգը, որի հիմքում էին քրիստոնեա-դեմոկրատական, սոցիալիստական եւ Կոմունիստական կուսակցությունները: Կուսակցություններից մի քանիսը վերակազմվեցին, մինչդեռ մյուսները անհայտացան: Արդյունքում, քաղաքական մեկնաբանների զգալի մասի կարծիքով, տեղի ունեցավ անցում «Երկրորդ Հանրապետությանը»:

Նկար 2. Բետտինո Կրաքսի

Նկար 3. Մարիո Կյեզա

Նկար 4. 1978 մայիսի 9-ին սպանվեց Իտալիայի վարչապետ Ալդե Մորոն, որի մարմինը գտան մեքենայի մեջ Հռոմի կենտրոնում:

Նկար 5. «Մաքուր ձեռքեր» օպերացիայի գաղափարախոս-կատարող դատախազներ Պյեռկամիլո Դավիգոն, Հերարդո Կոլոմբոն, Հերարդո դ'Ամբրոզիոն, Անտոնիո Դի Պյետրոն Միլանի արդարադատության պալատի միջանցքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ