RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018



Տեղադրվել է` 2018-08-31 13:55:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 5563, Տպվել է` 569, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈՒ Է ՊԵՏՔ, ՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԻ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ՌԱԿ ԿՎ անդամ

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունից, որը արդի պատմագիտության մեջ հավանաբար կմտնի «Թավշյա հեղափոխություն» անվամբ, անցել է 100 օրից ավելի, եւ գործող վարչապետը այն նշել է մեծ ցույց կազմակերպելով: Սակայն, հեղափոխական ալիքի արդյունքում ստեղծված էյֆորիան անցնում է եւ ժամանակն է գործող վարչապետին եւ նրա կառավարության գործունեությունը գնահատել ըստ արժանվույն:

Մինչ այդ, սակայն, այսպես կոչված հեղափոխության պատճառների մասին: Հայաստանում վերջին 10 տարիներին հատկապես ստեղծվել էր մի մթոլորտ, որը կարելի էր գնահատել գորշ ու գաղջ բառերով: Պատճառը Հայաստանում տնտեսական ու քաղաքական զարգացումների բացակայությունն էր, չնայած դրա մասին, գործող իշխանությունները, խոսում էին անընդհատ, բայց իրական առաջընթաց չկար:

Հայաստանում վաղուց էր հասունացել արմատական փոփոխություններիՙ բարեփոխումների անհրաժեշտությունը ու կարծես թե այդ ճշմարտությունը հասկանում էին բոլորը, սակայն վերեւից սկսված բոլոր նախաձեռնությունները կա՛մ ձախողվում էին, կա՛մ նույնիսկ դրա հաջողության դեպքում հավատ չէին ներշնչում բնակչությանը:

Գործող կառավարության, իսկ նախագահական համակարգի պայմաններումՙ նախագահի ինստիտուտի հանդեպ վստահության ցածր մակարդակը թույլ չէր տալիս նույնիսկ տեսնել այն փոքր առաջընթացը, որը երբեմն-երբեմն, այնուամենայնիվ, տեղի էր ունենում, ու դա բնական էր:

Խորը ճահիճի մեջ հայտնված պետությունը ժամանակ առ ժամանակ ճիգեր էր գործադրում դուրս գալ անվստահության, գորշության, կրիմինալի այդ գաղջից, սակայն որպես կանոնՙ անհաջող: Այդ փորձերը շատ հաճախ նման էին այն նախաձեռնությանը, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, որը ղեկավարեց հենց գործող վարչապետը: Այսինքն սա կոռուպցիայի դեմ պայքարի փորձ չէր, այլ ավելի շուտ հիշեցնում էր դրա ծաղրու-ծանակը, երբ պետությունում գլխավոր կոռուպցիոներից մեկի համարում ունեցող անձն էլ որոշում էր, թե ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ:

Այս գորշությունը չէր կարող լցնել ոչ մի բան եւ նույնիսկ Կարեն Կարապետյանի վարչապետության հաջողված շրջանը չէր կարող փոխել այն գույները, որոնք գերիշխում էին Հայաստանում: Հայտնի հոլիվուդյան ֆիլմի օրինակովՙ այդ ժամանակաշրջանի Հայաստանում տիրապետում էին գորշության 50 երանգները:

Անհուսության այս իրավիճակը հանգեցրել էր նրան, որ Հայաստանից տարեկան տասնյակ հազարներով մարդիկ էին հեռանում, ու այդ հեռացողների մեծ մասը բավականին ապահովված մարդիկ էին, սակայն վերջիններս ոչ մի հեռանկար չէին տեսնում Մայր հայրենիքում եւ նախըտրում էին բռնել գաղթի ճանապարհը: Ինչպես ընդունված էր ասել, մարդիկ ոտքերով էին քվեարկում եւ հեռանալովՙ իշխանություններին հասկացում, որ բավարարված չեն ստեղծված իրավիճակից:

Ու այս իրավիճակը էլ ավելի խորացավ, երբ հայտնի դարձավ, որ սահմանադրական փոփոխություններիՙ նախագահականից խորհրդարանական համակարգի անցումը ընդամենը փորձ էր երկարաձգելու Սերժ Սարգսյանի իշխանությունը: Իշխանությանը այլեւս չհավակնելու նախկին նախագահի խոստման խախտումը կարելի է ասել վերջին կաթիլն էր, որ լցրեց համբերության բաժակը:

Սա էր պատճառը, որ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «մերժիր Սերժին» շարժումը մեծ արձագանք գտավ ՀՀ բնակչության շրջանում, վերջիններիս փոփոխության ակնկալիքները եւ իշխանափոխության ցանկությունը իր արտահայտությունը գտավ զանգվածային շարժումներով: Արդյունքները հայտնի են եւ ժողովրդական շարժման ճնշման տակ Նիկոլ Փաշինյանի նշանակումը վարչապետի պաշտոնում հույս ներշնչեց, որ կսկսվի արմատական բարեփոխումների ժամանակաշրջանը:

Նկատեմ, որ այդպիսի դրական սպասելիքներ, որ կային հեղափոխությունից անմիջապես հետո, վաղուց արդեն չէր եղել Հայաստանում: Վարչապետ Փաշինյանը վայելում էր բնակչության ճնշող մեծամասության, ըստ որոշ աղբյուրներիՙ 86%-ի լիակատար աջակցությունը եւ փաստորեն քարդ-բլանշ ուներ սկսելու բարեփոխումների լայն գործըթաց, այդ թվուն նաեւ ոչ ամբոխահաճո, երկրում առկա իրավիճակը իսկապես փոխելու համար:

Այս առումով անցած 100 օրերը որոշ չափով հիասթափեցնող էին, եւ Փաշինյանի ստեղծած կառավարությունը, գոնե կողքից ականատեսի տպավորությամբ, մեծ դժվարությամբ է գլուխ հանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակից: Ստեղծված վիճակի պատճառներից մեկը, հավանաբար կոռուպցիայի դեմ պայքարի մասսայականացումն էր, ինչը հեղափոխության առաջին շրջանում բնակչության մի զգալի հատվածի պահանջն էր ու կուլ գնալով այդ պահանջինՙ հայկական ԶԼՄ-ները ամեն օր սերիալի նման ցույց էին տալիս այս կամ այն նախկին բարձրաստիճան չինովնիկի ձերբակալության տեսարանները:

Սա իհարկե որոշ ժամանակ կարող է դեռ զվարճացնել բնակչության մի մասին, սակայն ժամանակն է լրջագույն կերպով ձեռնամուխ լինել պետության տնտեսական զարգացման ռազմավարության մշակմանը: Ուշացնել ոչ միայն չի կարելի, այլ արդեն դառնում է վտանգավոր. տնտեսական զարգացման վերջին ամիսների ցուցիչները այդ աճի դանդաղում են ցույց տալիս, մի բան, որը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ:

Ի դեպ վերջին շրջանում կառավարությանը ստարող ԶԼՄ-ները առաջ քաշեցին հեղափոխություն-հակահեղափոխություն թեզը, հատկապես պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի ակտիվությամբ, սակայն չմոռանանք, որ այդ ակտիվությամբ ՀՀ-ն «պարտական» է հենց գործող իշխաություններին: Նկատենք, որ իրականում Հայաստանում հակահեղափոխական ոչ մի կենտրոն չկա, սակայն այս կեղծ թեզը, ինչպես եւ ձերբակալությունների շուրջ կազմակերպված PR-ը նպատակ է հետապնդում շեղել բնակչության մի զգալի հատվածի ուշադրությունը կառավարության անընդունակությունից իրական տնտեսական քաղաքականություն իրականացելու:

Հայաստանը առաջիկա մի քանի տարիներին պետք է ձգտի երկնիշ տնտեսական աճ գրանցել, որպեսզի գոնե երեք տարի անց այն սկսեն զգալ հանրապետության բոլոր բնակիչները: Տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը», ինչը հանգեցրել է պետությունում, Սփյուռքում եւ ընդհանրապես միջազգային ասպարեզում ՀՀ-ի մասին դրական իմիջի ձեւավորմանը, պետք է վերածել իրական առավելությանՙ նպաստելու համար ներդրումների ավելացմանը, տուրիզմի զարգացմանը եւ առաջատար տեխնոլոգիաների առաջ մղմանը:

Այսինքն «թավշյա» իրավիճակը, դրական սպասումները եւ ակնկալիքները պետք է վերածվեն իրական առավելության ու նպաստեն պետության զարգացումը: Այս առումով Փաշինյանի կառավարության իրական դաշնակիցները կարող են լինել ոչ թե նրանք, ովքեր միանշանակ իրենց աջակցությունն են հայտնում նրան, այլ նրանքՙ ովքեր մտահոգ հնարավոր զարգացումների ոչ բարենպաստ սցենարներից քննադատության են ենթարկում այդ կառավարությանը:

Պարադոքսալ թող չհնչի, սակայն այսօր վարչապետի իրական դաշնակիցները ոչ թե «Նիկոլ-Նիկոլ» գոռացողներն են, այլ նրա կառավարությունը քննադատողները, որոնք այն իրականացնում են երկրի ապագայով մտահոգ եւ ցանկությամբ ցույց տալ այն սխալներն ու թերությունները, որոնք առկա են նրա գործունեության մեջ: Մտահոգիչ է նաեւ այն, որ երկրում չկա իրական ընդդիմություն. ՀՀԿ-ի փաստացի անգործության պայմաններում նոր ընդդիմություն, որը կապ չունենա նախկին իշխանությունների հետ, գոյություն չունի:

Առանց չափազանցության կարելի է պնդել, որ «թավշյա հեղափոխություն» կոչվածը այն լավագույնն է, որ տեղի է ունեցել Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում, հետեւաբար չի կարելի թույլ տալ, որ այն դրական էներգիան, որը կուտակվել է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, զուր կորչի: Այսօրվա կառավարությունը հանձին վարչապետ Փաշինյանի պետք է փորձի բյուրեղացնել եւ դրական հուն ուղղել այդ էներգիան, այլ ոչ թե վատնել հեղափոխություն-հակահեղափոխություն կեղծ թեզի առաջմղման վրա:

Նոր կառավարության հաջողությունը Հայաստանում ժողովրդավարության կառուցման համար իրականացվող կարեւորագույն ու վճռական քայլ կլինի, հետեւաբար պետության ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու համար կարեւոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հաջողությունը, քանի որ այն կարող է սկիզբ դնել պետության զարգացման նոր տեսլականի ձեւավորմանը: Իսկ այդ սատարումը կարելի է ու պետք է իրականացնել առկա սխալների ու թերությունների մատնանշման ու սուր քննադատության միջոցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ