RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 6995, Տպվել է` 1458, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹԱՎՇՅԱ ԿՈՇԻԿՆԵՐԻ» ՀՈՏԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած բազմաթիվ դեմ կարծիքներին, Մշակույթի նախարարությունը, գուցե անձամբ նախարարը, հնարավոր է վարչապետի բարձր հովանու ներքո, Հայոց պատմության թանգարանում բացեց «թավշյա հեղափոխության» վերաբերյալ ցուցադրություն: Նախարար Մակունցը շտապեց հայտարարել, որ ցուցադրությունը չի լինելու մշտական, այսինքն մի քիչ ցույց տան ու հավաքեն, դե այսինքն Նիկոլ Փաշինյանի այն կոշիկները, որոնք նա չի հանել Գյումրիից Երեւան ճանապարհին, նույն Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, որը, հիշում ենք, երրորդ «գործող անձն» էր Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան պատմական հանդիպման ժամանակ: Չի բացառվում, որ ցուցասրահում հայտնվի այն օճառը, որով ամեն առավոտ Հայաստանի ճանապարհներին ու փողոցներում լվացվել է Նիկոլ Փաշինյանը, կամ որով լվացվել են Նիկոլ Փաշինյանի դիմաց, որպեսզի նա տեսնի, թե ովքեր են իր կողքին քայլում, տեսնի ու հիշի... Մի խոսքովՙ Հայոց պատմության թանգարանում զուգահեռաբար բացվեց երկու ցուցադրություն, մեկըՙ «թավշյա հեղափոխություն», մյուսըՙ նվիրված ապրիլյան պատերազմին: Ըստ որոշ տեղեկությունների, առաջինին ավելի շատ մարդ է հետեւել, քան երկրորդին, բայց դա հավանաբար այն պատճառով, որ «հեղափոխությանն» ավելի շատ մարդ է մասնակցել, քան «պատերազմին», ընդ որումՙ նշանակություն չունի, թե ո՞ր հեղափոխությանը, կամ ո՞ր պատերազմին. երկուսն էլ աղետ են, բայց առաջինին մասնակցելը շահեկան կարող է լինել:

Հիմա, քանի որ «թավշյա հեղափոխությունն» արդեն ցուցադրվում է թանգարանում, նշանակում է, որ այն լավագույնն էր, ինչը տեղի ունեցավ մեր կյանքում վերջին տարիներին: Ու եթե հաշվի առնենք, որ Հայոց պատմության թանգարանում ես գոնե չեմ հիշում ցուցադրությունՙ նվիրված արցախյան պատերազմին ու շարժմանն առհասարակ, կնշանակի «թավշյա հեղափոխությունն» ավելի նշանակալից դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ, քան արցախյան պատերազմը: Ընդ որումՙ սա ապացուցում է ոչ միայն թանգարանային ցուցադրությունը, այլեւ Հայաստանի նորՙ ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների ելույթների տեքստերը: Վարչապետից սկսած մինչեւ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետի տեղակալն իրենց ելույթներում պարտադիր շեշտում են «թավշյա հեղափոխության» կարեւորությունը հայկական պետության, աշխարհասփյուռ հայության զարգացման ու բարգավաճման գործում:

Ավելին, կան պաշտոնյաներ, որոնց կարծիքով մինչեւ «հեղափոխությունը», երբ Հանրային հեռուստաընկերությունը լրատվական թողարկման ժամանակ 20-25 րոպե Սերժ Սարգսյանն էր ցուցադրում, իսկ հիմա 20-25 րոպե Նիկոլ Փաշինյան է ցուցադրում, կնշանակի բոլորս սկսել ենք լավ ապրել, սիրով ապրել, օրը մեկուկես կոռուպցիոներ բացահայտել ու «Սասնա ծռերից» 2 ամբաստանյալ բաց թողնել, որ գնան ազատ քաղաքականությամբ զբաղվեն, ընտրություններին մասնակցեն: Ի դեպ, Հայոց պատմության թանգարանում չեն պատրաստվո՞ւմ մի առանձին հերոսական ցուցադրություն բացելՙ նվիրված «Սասնա ծռերին»... Չնայած սա կարող է հակապետական համարվել, քանի որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Ծռերն» ինչ ասես, որ չէին ասում ներկայիս վարչապետի հասցեին, անգամ վռնդում էին նրան... Հիմա էլ, չնայած, ինչ լավ բան ասես, որ չեն ասում. իրավիճակ է փոխվել:

Ու մինչ այս նոր իրավիճակում շատերս փորձում ենք գտնել սերը, Եր-անը փորձում է գտնել քաղաքապետի «ժողովրդական» թեկնածուի: Այն, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում վարչապետից, մածունից, թանից, լավաշից, պանրից, հեքիաթներից ու ավանդույթներից բացի նաեւ քաղաքապետը պետք է «Ժողովրդական» լինի, չի քննարկվում: ՀՀԿ-ն, որը մի մութ անկյունում ձեռքերը ծալած նստածՙ իբր անհաղորդ հետ-ում է, թե ինչպես են նորերը արմատախիլ անում կոռուպցիան, չի պատրաստվում մասնակցել երեւանյան ընտրություններին: Ծառուկյանը դեռ չի հայտարարել, թե ի՞նչ է անելու Ծառուկյանը, իսկ Զարուհի Փոստանջյանը միշտ է ուզում դառնալ Երեւանի քաղաքապետ ու կարծես թե միշտ էլ ուզելու է, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ աստիճանաբար լրջացող լուրերիՙ պատրաստվում է քաղաքապետի պաշտոնում առաջադրել «Սուպեր մամային», ներողությունՙ «Կարգին Հայկոյին», ներողությունՙ Հայկ Մարությանին, որը բոլորովին վերջերս մտավ ՔՊ ու հայտարարեց, որ մտադիր է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ: Համ էլ միայն Հայկ Մարությանը կարող է Երեւանը դարձնել «Կարգին քաղաք», այնպես որ էլ ոչ մի «Ալա Բալա Նիցա» ու «Սուպեր մամա». սուպեր վարչապետի կողքինՙ սուպեր քաղաքապետ: Իհարկե հնարավոր է, որ վարչապետ Փաշինյանը փոշմանի, ինչի հետեւանքով էլ ՔՊ-ն փոշմանի ու Հայկ Մարությանն այդպես էլ չառաջադրվի Երեւանի քաղաքապետի պաշտոնում ու շարունակի զարգացնել հայրենական կինեմատոգրաֆը, որի արդյունքում էլ նոր ֆիլմ թողարկվիՙ «թավշյա հեղափոխության» մասին, ինչպես Մարությանի բոլոր ֆիլմերըՙ կոմեդիա ժանրում, բայց այդ մասին այս պահին միայն մի հոգի գիտիՙ Նիկոլ Փաշինյանը: Հա, առաջ էլ ամեն ինչ միայն մի հոգի գիտերՙ Սերժ Սարգսյանը, հիմա էլ մի հոգի գիտիՙ Նիկոլ Փաշինյանը: Պարզապես Սերժ Սարգսյանին ժողովուրդը չէր սիրում, Նիկոլ Փաշինյանին այնքան է սիրում, որ պատրաստ է Հայոց պատմության թանգարում մոտիկից տեսնել այն կոշիկները, որը նա օրեր շարունակ չի հանել:

Դուք չգիտեմ, բայց ես գերադասում եմ չսիրել պետության ղեկավարին, քան այնքան խոնարհվել, որ զգացվի կոշիկի հոտը: Կա միջի՞ն ինչ-որ բան, իհարկե կա, պարզապես չխոնարհվողներին անվանում են Սերժին կարոտածներՙ ստիպելով որ... Չէ, կարոտել կարելի է այն հարազատներին, որոնք արտագաղթել են մինչեւ «թավշյա հեղափոխությունը» եւ շարունակում են արտագաղթել դրանից հետո:

Հ ԱՖՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ