RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 9495, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԻՆՁ ԱՍՏՎԱԾԱՑՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ. ՀԻՎԱՆԴԻ ԿՅԱՆՔՆ ԱՍՏԾՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է». ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՍԻՐԻԱՀԱՅ ԲԺԻՇԿ ՄՀԵՐ ՍՈՒՍԱՆԻ

Հարցազրույցըՙ ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

«Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ճանաչված բժիշկ-սրտաբան Մհեր Սուսանիի հետ ունեցած իմ հարցազրույցի ընթացքում ամենից տպավորիչը, թերեւս, բավականին բարդ վիրահատություններ կատարած, բազմաթիվ կյանքեր փրկած Սուսանիի ընդգծված համեստությունն էր եւ բժշկիՙ իր մասնագիական կոչման ու պարտքի հանդեպ դրսեւորված պատասխանատվության, խղճի, ազնվության զգացումը:

- Բժի՛շկ, Ձեր մասին վաղուց եմ լսել. ասում ենՙ հրաշքներ եք գործում, անգամ դանակահարված սրտեր եք վիրահատել եւ մի նոր կյանք պարգեւել այդ հիվանդներին:

- Ես հրաշքներ չեմ գործում, ես իմ պարտքն եմ կատարում, իսկ մարդու ճակատագիրն Աստված է գրում:

- Ի՞նչ է նշանակում Ձերՙ Սուսանի ազգանունը:

- Մեր գերդաստանի մեծերը հրաշքով փրկվել են 1915թ. Հայոց ցեղասպանությունից եւ հաստատվել Սիրիայում, ուր նրանց գրանցելիս արաբները հարցրել են ազգանունը եւ, մերոնք, արաբերեն չիմանալով, կարծել են, թե հարցնում են իրենց ծննդավայրի անունն ու պատասխանել ենՙ Սասունից ենք... Արաբներն էլ, իրենց հերթին, անշուշտ չտիրապետելով հայերենինՙ հասկացել ենՙ Սուսանի եւ այդպես գրել մերոնց ազգանունը: Սուսանիներ շատ կան Սիրիայում. մեր իսկական ազգանունն Ավագյան է: Վերջերս պետությունն ասաց, որ փոխենք մեր ազգանունը եւ վերականգնենք իսկականՙ Ավագյան ազգանունը: Հորեղբորս ընտանիքը կարողացավ փոխել Սուսանի ազգանունը, քանի որ քիչ էր նրանց թղթաբանությունը, նույն այդ թղթաբանությանՙ շատ եւ խճճված լինելու պատճառով մենք չկարողացանք փոխել:(*)

- Ի՞նչ հիշողություններ ունեք Սիրիայից:

- Ես ծնվել եւ ապրել եմ Հալեպում: Մենք շատ մեծ համայնք ունեինք, որն ասես մի փոքրիկ Հայաստան էրՙ եկեղեցիներ, ակումբներ, դպրոցներ: Շուրջբոլորը հայեր էին. եթե դպրոց չգնայինք, շուկայի հետ չշփվեինք, արաբերեն չէինք սովորի: Հայերն աշխատում էին գիշերուցերեկ: Նրանք միշտ էլ հարգված են եղել Սիրիայում: Այնտեղ թողել եմ բազմաթիվ հիշողություններ, սակայն դա, ի վերջո, իմ երկիրը չէր:

- Անդրադառնանք Ձեր մասնագիտական կողմնորոշման մանրամասներին. բժիշկ դառնա՞լն է եղել Ձեր երազանքը:

- Ես երազել եմ դառնալ ռազմական օդաչու, սակայն հայրս դեմ էր եւ ասաց, որ ինքը չի ստորագրի թղթերը (Սիրիայում մինչեւ 18 տարեկաններին դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է նաեւ ծնողների համաձայնությունը): Երազել եմ նաեւ բժիշկ դառնալ, սակայն, չզարմանաք, հայտնվեցի Սիրիայի բարձրագույն ֆիզիկայի ինստիտուտի ատոմային էներգետիկայի բաժնումՙ մինչեւ որ կդասավորվեին սիրիական բանակում ծառայությանս հետաձգվելու թղթերը եւ Հայաստանից էլ կստանայի Բժշկական ինստիտուտ ընդունվելու հետ կապված փաստաթղթերս: Ես Սիրիայում էլ դիմել էի բժշկական ինստիտուտ, սակայն 4 միավոր չբավարարեց եւ չընդունվեցի: Մեկ տարի Հայաստանում սովորեցի նախապատրաստական բաժնում, որից հետո 1987-88-ից մինչեւ 1994-ը սովորեցի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Նպատակս չէր, որ Հայաստանում սովորեի եւ մնայի այստեղ, նպատակ ունեի գնալ Ամերիկա: Մինչեւ թղթերս պատրաստվեին, հանդիպեցի հայտնի սրտաբան Հրայր Հովակիմյանին, ով առաջարկեց մասնագիտանալ «Նորք-Մարաշ» կենտրոնի մանկական բաժանմունքումՙ առանց վարձատրվելու: 4 տարի մասնագիտացա մանկական սրտաբանության վիրաբուժության գծով, 4 տարի էլՙ մեծերի: Ավարտեցի 8-տարյա իմ համագործակցությունը, մասնագիական հմտություններս: Դրանից հետո որոշել էի գնալ Դուբայ, որտեղից հրավեր ունեի: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում չէի ուզում մնալ, որովհետեւ այնտեղ կառավարման մեթոդներն ինձ դուր չէին գալիս. հենց այդ ժամանակ ինձ հրավիրեցին բարձր տեխնոլոգիաներով հագեցած եւ լավագույն մասնագետներով համալրված «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ինձ խոստացան չխանգարել, ապահովել աշխատանքային նորմալ պայմաններ եւ այդպես էլ եղավ ու... արտերկիր մեկնելուս ծրագրերն առկախ մնացին:

- Ետ գնանք ուսանողական տարիներ. Դուք սովորել եք բժշկական համալսարանում, ուր ուսումնական գրականությունը հիմնականում ռուսերենով էր. ինչպե՞ս հաղթահարեցիք այդ խոչընդոտը:

- Այո՛, հիմնականում մասնագիտական գրականությունը ռուսերենով էր, եւ մենքՙ ռուսերենին չտիրապետողներս, օգտվում էինք արաբերեն գրականությունից: Ասեմ, որ հիմա էլ հայերենով գրեթե գրականություն չկա, ավելի շատ անգլերենով է: Այսօր միջազգային լեզուն անգլերենն է դարձել, եւ մասնագիտական գրքերն անգլերենով են հրատարակվում, որը, ըստ իս, ճիշտ է, քանի որ միջազգային մակարդակով բժշկական բոլոր նորություններն անգլերենով են լինում:

- Հարգելի՛ հայրենակից, Ձեր գերդաստանում բժիշկներ եղե՞լ են:

- Ո՛չ: Ասեմ, որ Սիրիայում առանձնապես ընդունված չէր բարձրագույն կրթություն ստանալը. հիմնականում արհեստների ու առեւտրի ճանապարհով էին գնում: Իմՙ գրեթե բոլոր ընկերներն արհեստով էին զբաղվում, ինձանից շուտ ամուսնացան, ինձանից շուտ տուն սարքեցին ու հարստացան... Այն ընտանիքները, որոնց երեխաները բարձրագույն կրթություն էին ստանում, մեծ հպարտություն էին ապրում: Այդպիսի հպարտություն էի ապրում նաեւ ես: Մենք 6 եղբայր ու մեկ քույր ենք, սակայն միայն ես բարձրագույն կրթություն ստացա:

- Դուք Ձեր գերդաստանի միա՞կ բժիշկն եք:

- Ո՛չ, կինսՙ Եվա Կրասնիկովան եւս բժիշկ է նույն հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի բաժնում, մեծ աղջիկս էլ որոշել է բժիշկ դառնալ:

- Դժվար մասնագիտություն եք ընտրել եւ առավել եւսՙ դժվար մասնագիտացումՙ կապված մեր օրգանիզմի շարժիչ ուժիՙ սրտի հետ. մեծ պատասխանատվություն է, չէ՞. երբեւէ չե՞ք զղջացել:

- Երբե՛ք: Այս գործի մեջ կա նաեւ ֆիզիկա, որը, ինչպես վերեւում ասացի, ես ուսանել եմ ի սկզբանե. բժշկությունն ինձ համար ամբողջությամբ մաթեմատիկական տրամաբանություն է, հեմոդինամիկա, հիդրավլիկա...

- Ավելի շատ սրտի ինչպիսի՞ խնդիրներով եւ ի՞նչ տարիքի մարդիկ են դիմում:

- Դիմում են տարբեր խնդիրներով, տարբեր տարիքի մարդիկՙ փոքրերից մինչեւ 91 տարեկանները, դիմում են սրտի բնածին եւ ձեռքբերովի արատներով հիվանդներ: Սրտի հիվանդությունները շատանում ենՙ կապված սոցիալական վիճակի հետ. աղքատությունը խթանում է այդ հիվանդությունների երիտասարդացումն ու շատացումը, քանի որ թե՛ դեղորայքն է թանկ, թե՛ վիրահատությունները:

- Հայաստանում գումարվել են Սրտաբանների համահայկական համաժողովներ, որոնց կազմակերպիչներից եք նաեւ Դուք. ի՞նչ տվեցին այդ համաժողովներըՙ բացի փորձի փոխանակումից:

- Այո՛, այդ համաժողովների կազմակերպիչներից եմ նաեւ ես: Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողովը (2009թ.), որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Ակցիա առողջությունՙ Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունների կողմիցՙ Առողջապահության նախարարության եւ ՀՀ նախկին վարչապետի հովանու ներքո, իր շուրջն էր հավաքել աշխարհի լավագույն սրտաբաններին, ովքեր, բացի փորձի փոխանակումից, հանդես եկան խորհուրդներով, արտահայտեցին կարծքիներ: Ինչպես նշեց Սրտաբանների եվրասիական կոնգրեսի նախագահ ֆրանսիացի սրտաբան Փոլ Բարագանըՙ Ֆրանսիայում սրտանոթային հիվանդությունների մահացության տոկոսն իջել է, եւ այժմ առաջնային տեղ են գրավում քաղցկեղային հիվանդությունները: ԱԱՀՖ-ի նախագահ Ավետիս Մատիկյանն էլ ասաց, որ 12 տարի շարունակ Հայաստանի բոլոր սրտաբաններն անխտիր կերպով վերապատրաստվել են Փոլ Բարագանի մոտ, որոնց թվում եղել է Հրայր Հովակիմյանը, ինչպես նաեւՙ ես եւ «Նորք-Մարաշ» կենտրոնի բոլոր սրտաբանները: Այժմ սրտաբանությունը Հայաստանում այնքան է զարգացել, որ շատ երկրներից են գալիս այստեղ բուժվելու:

- Սրտի բոլոր տեսակի վիրահատություններիՙ բնածին, ձեռքբերովի արատների, իշեմիկ հիվանդությունների գնային քաղաքականությունը շա՞տ է տարբեր:

- Ես գնային քաղաքականությանը չեմ խառնվում, իմ գործն եմ անում: Ասեմ, որ բնածին արատների համար Ամերիկայի հետ այսօր ունենք նոր ծրագիր: Բնածին արատներով Հայաստանում տարեկան ծնվում է 100-150 երեխա, նրանց համար պետպատվերի որոշակի տարիք կա: Ավելի շատ դիմում են ձեռքբերովի արատներով, փականային, իշեմիկ, ճնշման հետեւանքով առաջացած խնդիրներով:

- Ունեցե՞լ եք անհաջող ելքով վիրահատություններ:

- Իհարկե՛, սա ամենաբարդ օրգանի վիրահատությունն է, անկանխատեսելի: Ես հավատում եմ աստվածային ուժի շարժմանը, բայց Աստված ասում էՙ հույսդ դիր ինձ վրա, սակայն տրամաբանիր...

- Ի՞նչ կասեք բժշկի կարգավիճակի մասին:

- Բժշկի եւ գործարարի եկամտահարկերը չպետք է նույնը լինեն. կոպիտ ասածՙ եթե բժիշկը ստանում է 2 միլիոն դրամ աշխատավարձ եւ նրանից պահում են 500-600 հազար եկամտահարկ, չպետք է մոռանալ, որ 65 տարեկանից բժիշկն այլեւս չի կարող վիրահատել, անցնում է թոշակի. այդ եկամտահարկից ինձ ի՞նչ ծառայություն են մատուցում: Հուսանք, որ այս նոր կառավարությունը դրական փոփոխություններ կանի նաեւ այդ ոլորտում, թե չէՙ բժիշկը պետք է զզվի եւ թողնի գնա այն երկիր, որտեղ նրան պատշաճ կերպով վարձատրում եւ ապահովում են ծերության ժամանակ:

- Սովորաբար, մարդիկ, առավել եւսՙ հայերը, առողջական խնդիրներով բժշկի են դիմում այն ժամանակ, երբ, ինչպես ասում են, դանակը ոսկորին է հասնում:

- Ասեմ, որ եղել են այդպիսի դեպքեր, սակայն հիմա պատկերը փոխվել է: Եթե մի 10 տարի առաջ շերտազատված աորտա էինք վիրահատում, հիմա ավելի շատ անեւրիզմա ենք տեսնում (լայնացած աորտա): Դա նշանակում է, որ հիմա ե՛ւ տեխնիկան է ավելի զարգացած, ե՛ւ բժիշկներն են ավելի կատարելագործված, ե՛ւ մարդիկ են իրենց նկատմամբ ավելի ուշադիր: Շատացել է դիագնոստիկան, եւ փոխվել է մարդկանց մտածելակերպը:

- Կարողանո՞ւմ եք տուն գնալուց հետո մոռանալ աշխատանքային հոգսերը:

- Անկեղծ ասեմՙ ոչ. եթե ցանկանամ էլ, չեմ կարողանա:

- Ձեր աշխատանքում եւ կյանքում ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

- Լինել բարի ու ազնիվ, ինչ որ անում ես, գեղեցիկ անես. սրանք իմ ընտանիքից ինձ փոխանցված արժեքներ են, որոնք կրում եմ ամբողջ կյանքումս:

- Դուք սրտեր եք բժշկում, վիրահատում, իսկ ինչպե՞ս է աշխատում Ձե՛ր սիրտը...

- Տարին 2 անգամ ես ստուգվում եմ. գո՛հ եմ, լա՛վ է աշխատում սիրտս:

- Բժի՛շկ Սուսանի, սրտի խնդիրներ չունեցող մարդիկ նույնպե՞ս պետք է այցելեն սրտաբանին:

- Այո՛, տղամարդիկՙ 40-ից հետո, կանայքՙ 50-ն անց տարիքում: Տարին գոնե մեկ անգամ պետք է այցելել սրտաբանին:

- Տարիներ շարունակ հայրենադարձներին ուղղել եմ իմ ավանդական դարձած հարցըՙ ի՞նչ ասել է Ձեզ համար Հայրենիք...

- Հայրենիքն ինձ համար տուն է, ուր պետք է մեծանան իմ երեխաները: Չէի ցանկանա, որ նրանք մեծանան օտար միջավայրում: Ավելի լավ է, որ ամեն հայ ապրի իր տանը, ոչ թեՙ հարեւանի: Արտերկրից աշխատանքի շատ հրավերներ եմ ունեցել, նաեւՙ շատ ճոխ պայմաններով, բայց գերադասում եմ ավելի քիչ ունենալ, սակայնՙ իմ Հայրենիքում:

*) Սուսանիներըՙ սասունցի հացթուխները Հալեպում հայտնի էին 1915-ի ցեղասպանությունից դեռ շատ առաջ: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ