RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 4371, Տպվել է` 637, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ ՀՈՒՅՍԸ

Հ. ԱՖՅԱՆ

Իրավիճակ է փոխվել: Նկատի չունեմ Հայաստանում, որտեղ Շմայս անունով հայտնի Առաքել Մովսիսյանն ինքնակամ ԱԱԾ-ին է հանձնում իր համար անչափ նվիրական «Շմայսեր» ինքնաձիգը, որը հիշատակ էր պահում արցախյան պատերազմից, այլ նկատի ունեմ համաշխարհային ֆուտբոլում: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան իր պատմության մեջ առաջին անգամ չհաղթահարեց խմբային փուլի արգելքը, ավելինՙ գերմանացիները մրցելով Մեքսիկայի, Շվեդիայի եւ Հարավայի Կորեայի դեմ, վերջին տեղը գրավեցին խմբումՙ կարողանալով հաղթել միայն շվեդներին եւ պարտվելով մեքսիկացիներին ու հարավկորեացիներին: Ու չնայած սա գերմանացիների պարագայում աննախադեպ նահանջ է, բայց պարզվում է, որ 1998-ից սկսած աշխարհի բոլոր գործող չեմպիոնները հաջորդ առաջնությանը չեն հաղթահարել խմբային փուլը: Բայց չխառնենք ֆուտբոլը քաղաքականության հետ. ՖԻՖԱ-ն առանց այդ էլ դա անում է:

Թե՞ ով կհաղթի Ռուսաստանումՙ դեռ վաղ է ասել, մանավանդ որ հիմնական ֆավորիտներից եւ ոչ մեկը տպավորիչ հանդես չի գալիս, այն պարագայում, երբ խորվաթներն, օրինակ, հաղթել են բոլոր երեք խաղերում, այդ թվում արգենտինացիներին: Բայց մյուս կողմիցՙ մեզ ի՞նչ, թե ով կհաղթի: Մենք նույնիսկ Մոլդովային ու Լիտվային չենք կարողանում հաղթել, մենք անգամ նորմալ ներքին առաջնություն չունենք ու մեծ հաջողություն կլինի, եթե հաջորդ մրցաշրջանում գոնե 6 թիմ որոշի շարունակել ֆուտբոլ խաղալ Հայաստանում եւ գոնե 6 պատանի որոշի, որ ֆուտբոլին պետք է պրոֆեսիոնալ վերաբերվել, ոչ թեՙ «մի քիչ պարապեմ, հետո իրավաբան դառնամ» սկզբունքով: Եւ ուրեմն Հայաստանում իրավիճակ չի փոխվել, նկատի չունեմ միայն ֆուտբոլում: Այո Մանվել Գրիգորյանը կալանավորված է, այո նրա կին Նազիկը ինքնակամ ներկայացել է իրավապահներին, նրա որդու հանդեպ մեղադրանք է հարուցվել, Էջմիածինն էլ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քաղաքապետուհի պաշտոնակատար ունիՙ ի դեմս շատ երիտասարդ Դիանա Համբարձումյանի, որը հայտարարում է, որ ինքը որեւէ կլանի չի հարում, ապա շեշտում է, որ Էջմիածնում կլանների առկայությունը միֆ է: Այո, մենք արդեն երկիր ենք, որտեղ երկրի ղեկավարը օնլայն պատասխանում է քաղաքացիների հարցերին, որոնք էլ կարող են ուղղակի հարցնելՙ «Ո՞նց ես, պարոն Փաշինյան ջան», իսկ նա էլ կարող է պատասխանելՙ «Երջանիկ եմ, որ ձեզ ծառայում եմ»: Այո, մենք արդեն այնքան ենք սիրում մեր ԱԱԾ-ին, որ այդ գրությամբ շապիկներ ու գլխարկներ ենք կրում, այո «նոր Հայաստանում» Երեւանի Լենինգրադյան փողոցում այլեւս մարմնավաճառ կանայք չեն կանգնում, քանի որ այնտեղ կանգնում են հերթապահ ոստիկանները: Այո, մենք երեկոյան փողոցում հանդիպում ենք քայլող նախագահին, ում հետ կարող ենք ե՛ւ պաղպաղակ ուտել, ե՛ւ սելֆի անել ե՛ւ այո, մենք ականատեսն ենք լինում, թե ինչպե՞ս է նախկին նախագահի թիկնազորի պետը ձեռքի պայուսակից դատարկում կուտակած 120 հազար դոլարն ու միլիոնավոր դրամները, այդքանը զուտ այն պատճառով, որ ձեռքի պայուսակում շատ չէր տեղավորվի: Այո մեր ԱԱԾ-ն պատրաստվում է թեժ գիծ բացելՙ 1-91, որով քաղաքացիները կարող են զանգահարել ու տեղեկություն հայտնել հանցագործության մասին, պայմանով, սակայն, որ այն վերաբերի ազգային անվտանգությանը, ոչ թե օրինակՙ հարեւան Ենոքի նենգ նկրտումներին:

Այո...այո...այո...: Բայց մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, մենք շարունակում ենք դանդաղ մերձենալ Եվրոպայի հետ, մենք շարունակում ենք խոսել Չինաստանի ու արաբական աշխարհի, Չեխիայի եւ Շվեդիայի, Իրանի եւ Վրաստանի,...հետ գործակցության չօգտագործված ներուժի մասին, սակայնՙ միայն խոսել: Մենք շարունակում ենք կուտակային կենսաթոշակային համակարգըՙ արդեն նաեւ պարտադրելով, մենք շարունակում ենք խոսել ԼՂ հարցում փոխզիջումներից եւ մեզ վրա շարունակում են կրակելՙ արդեն նաեւ շարունակական կուտակումներով առաջնագծում: Մեր հարազատները շարունակում են ապրել Հայաստանից դուրսՙ չնայած ցնծում են Հայաստանի վարչապետին իրենց մոտ տեսնելով, մենք շարունակում ենք «Արի տուն» ծրագիրը, «Ես եմը», «Պատիվ ունեմը», «Դիտակետը», «1000 դրամները», բանակի արդիականցումը, աղետի գոտում վագոնաբնակներին բնակարաններով ապահովելու հավերժի չափ դանդաղ ձգվող գործընթացը: Մենք շարունակում ենք հուսալ, որ վաղն ավելի լավ ենք ֆուտբոլ խաղալու եւ գուցե հայտնվենք աշխարհի հաջորդ առաջնությունումՙ Քաթարում, որի հետ նույնպես գործակցության չօգտագործված ներուժ ունենք ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք, ե՛ւ հիմա:

Մենք շարունակում ենք հուսալ, որ վաղն ավելի լավ ենք ապրելու: Այս առումով մենք շատ հուսալի ժողովուրդ ենք եւ արդեն հուսալի իշխանություն ունենք, որը ամեն մարզում 3 փոխմարզպետ է պահում, չնայածՙ հատկապես մարզերում աղքատության մեծ մակարդակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ