RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 4782, Տպվել է` 652, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԾՆՎԵԼ Է 1808-ԻՆ ԵՎ ՄԻ ՔԻՉ ՀԻՎԱՆԴ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարոն Մարգարյանը հիվանդացել է: Գուցե մրսել էՙ այս շոգին, ամեն դեպքում մեր հինավուրց մայրաքաղաքի հինավուրց փոխքաղաքապետ Կամո Արեյանը վարեց ավագանու վերջին նիստը եւ հարցին, թե ո՞ւր է Տարոն Մարգարյանը, ասաց, որ որոշ առողջական խնդիրներ ունի: Մինչդեռ քաղաքապետը միայն առողջական խնդիրներ չէ, որ ունի: Վերջին օրերին, հատկապես FAKT TV-հրապարակած տեսաֆիլմից հետո, քաղաքապետ Մարգարյանի հրաժարականը պահանջողներն ավելի շատացան ու նրանց ձայնն առավել վճռական հնչեց: Իսկ FAKT TV-ի ֆիլմը բացահայտում էր Տարոն Մարգարյանի գրեթե ողջ ունեցվածքը, ինչու գրեթե ողջ, քանի որ իրեն առաջին հակակոռուպցիոն հեռուստաալիք անվանող TV-ին խոստացել է, որ առաջին ֆիլմին հետեւելու է երկրորդը, գուցե նաեւ երրորդը, չորրորդը, նայած, թե Տարոն Մարգարյանը որքան է դիզել: Դատելով միայն առաջին ֆիլմիցՙ բավականին շատ: Եթե մի կողմ դնենք քաղաքապետի եւ նրա մոր անուններով գրանցված մի շարք դղյակները, որոնցից մեկն, ի դեպ, շտապ վաճառվում է... 1,5 միլիոն ամերիկյան դոլարով, ապա միայն այն փաստը, որ ամսական 575 հազար դրամ աշխատավարձ ստացող Տարոն Մարգարյանը կրում է 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողության եւ կոկորդիլոսի կաշվից ու ոսկեպատ սլաքներով շվեյցարական Zenit բրենդային ժամացույց, ապա պարզ է դառնում, որ քաղաքապետ Մարգարյանը պետք է ծնված լիներ 1808-ին, որպեսզի մաքուր աշխատավարձով կարողանար ունենար այն ամենն, ինչը հիմա ունի: Ի պատիվ քաղաքապետի ասեմ, որ Մարգարյանն իր ունեցվածքի զգալի մասը օրենքով սահմանված կարգով հայտարարագրել է, բայց եթե Երեւանի քաղաքապետի եռահարկ դղյակն ու հարակից երկհարկանի հյուրատունը (օրինակ սրանք), նախկին իշխանության մոտ որեւէ տեսակի հարցեր չեն առաջացրել, ապա «նոր Հայաստանում» Մարգարյանի մասին այս տեղեկություններն արդեն ԱԱԾ-ում են:

Ուրեմն հենց այս իրադարձությունների ֆոնին Տարոն Մարգարյանը առողջական խնդիրներ ունեցավ ու ներկա չգտնվեց ավագանու նիստինՙ այն վարելու իրավունքը վստահելով Կամո Արեյանին: Սակայն, հարկ է նկատել, որ առողջական խնդիրները չխոչընդոտեցին քաղաքապետին, որպեսզի նա ավագանու նիստի հաջորդ օրըՙ չորեքշաբթի, հանդիպի Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետին, որը պարզվում է Երեւանում է, քանի որ մեր մայրաքաղաքում հունիսի 26-28-ը «Սանկտ Պետերբուրգի օրեր էին»: Ուշագրավ է, որ այդ հանդիպումից նույնիսկ քաղաքապետարանի կայքում որեւէ լուսանկար չկա, այսինքն միայն գրավոր տեքստն է վկայում, որ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան հանդիպել են: Չի բացառվում, որ քաղաքապետարանի լուսանկարիչը հատուկ հրահանգ է ստացել չլուսանկարել քաղաքապետին, որպեսզի նրան շատ սիրող երեւանցիները հանկարծ իրենց սիրելի քաղաքապետին հիվանդ վիճակում չտեսնեն: Ասեմ նաեւ, որ Տարոն Մարգարյան-Աննա Միտյանինա հանդիպմանը հաջորդել է Երեւան-Սանկտ Պետերբուրգ կլոր սեղանը, որին Տարոն Մարգարյանը չի մասնակցել, արդարության համար ասեմ, որ Աննա Միտյանինան եւս:

Այս նույն ընթացքում լուրեր տարածվեցին, որ Մարգարյանը հրաժարական է տվել: Ավելի կոնկրետՙ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ իրենք հստակ տեղեկություն ունեն Մարգարյանի հրաժարականի մասին: Սակայն քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտարարեց, որ քաղաքապետը հրաժարական չի ներկայացրել, ավելինՙ հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ, իսկ այդ հանդիպումից, ինչպես արդեն ասացի, որեւէ լուսանկար չկա, սա այն պարագայում, որ Տարոն Մարգարյանը սիրում է լուսանկարվել իր հյուրերի հետ, օրինակՙ սկանդալային բալերինա Անաստասիա Վոլոչկովայի հետ:

Ի դեպ, արվեստի մասին: Ինչպես հայտնի է, Տարոն Մարգարյանը ոչ միայն 7 թիվն է սիրումՙ հատկապես իրեն պատկանող անթիվ-անհամար մեքենաների վրաՙ որպես պետհամարանիշ, եւ Երեւանն ու երեւանցիներին, ոչ միայն շվեյցարական ժամացույցներ է սիրում ու առանձնահատուկ թուլություն ունի կոկորդիլոսի կաշվի հանդեպ, այլեւ խենթանում է ջազի համար: Սակայն վերջին օրերին երեւանյան որեւէ սրճարանում երեկոյան ժամերին քաղաքապետին ոչ ոք չի տեսելՙ ջազ լսելիս: Իսկ սա արդեն հաստատ ապացուցում է, որ Տարոն Մարգարյանը խնդիրներ ունի եւ ոչ միայն առողջական, եթե իհարկե նա այս ողջ ընթացքում չէր ձեւացնում, թե իսկապես սիրում է ջազը... կամ Երեւանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ