RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 4811, Տպվել է` 667, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՊԸ» Է ԳՈՐԾԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոռուպցիոն բացահայտումներին հետեւելով, այդ մասին հրապարակումների տակ հազարավոր գոհ գրառումները նայելով` մարդու միտքը գնում է ուրիշ բանի հետեւից: Արդյոք այն մարդիկ, որոնց գոհացնում է, որ կառավաrությունն ուզում է վերադարձնել թալանվածը, եւ որոնք դատապարտում են թալանողներին, իրենք ա՞յլ նյութից են կառուցված: Արդյոք մի երկրում, որտեղ մտավորականը տարին տարվա վրա ավելի ու ավելի է ստորադասվել, իսկ մարդու ամենահարգված տեսակը համարվել է «շուստրին», իրենց գերարդարամիտի տեղ դնող ու ամենօրյա բացահայտումներով հոգին հանգստացնող մարդիկ հնարավորություն ստանալու դեպքում պատրա՞ստ են չգողանալ, իրենց ազգականներին պաշտոններով ու եկամտով չապահովել, նույն կերպ չքամել երկիրը սեփական գրպաններ, ինչպես մինչեւ հիմա է եղել: Չէ որ դա՛ են տեսել, դա՛ են ներծծել շրջապատից եւ էկրաններից, դրա՛ն են հարմարեցված եղել պետական կառույցներն ու անգամ օրենսդրությունը: Ինչի՞ հիման վրա պիտի հավատամ, որ սոցիալական ցանցերում կոռուպցիոներին ու թալանչուն կախաղան հանող, անզուսպ լինչող մեր քաղաքացիները հենց պաշտոն ունենան` նույն «շուստրիությունը» գործի չեն դնելու, ու տարիների վատ դաստիարակությունն ու ավադույթն իրենց սեւ գործը չեն անելու: Եթե ամեն ինչ այդքան պարզ ու հեշտ լիներ, ապա ժամանակին էլ կգտնվեին թալանողի ու կոռուպցիոների ձեռքը բռնող մարդիկ, անգամ` սեփական ընտանիքներում: Օրինակ` Տարոն Մարգարյանի մայրը` տիկին Սուսաննան, կբռներ նրա ձեռքն ու կասեր.«Որդիս, կանգ առ, սիրուն չի սովածների ու անտունների երկրում անծայր կալվածքներ, հաշիվը կորցրած տներ ու մեքենաներ իրենով անելը»: Գեներալ Մանվելի կին Նազիկը ոչ թե ֆսֆսալով տղամարդկանց հավասար կթաքցներ թալանը, այլ կասեր. «Մանվել, երեխեքի տեր ենք, ուրիշի, մանավանդ` հայ զինվորի հացը տուն մի բեր` կուլ չի գնա, ուր մնաց, թե մարսվի»:

Եթե տղամարդիկ (նրա՛նք էին մեծ մասամբ Հայաստանում գործի գլխին , հետեւաբար` կոռուպցիայի գլխին կանգնածները եղել) գայթակվում էին` միթե նրանց մայրերը, կանայք ու դուստրերը գոնե չէին կարող նրանց հետ պահել երկիր կողոպտելուց: Չգիտեմ: Շատ եմ վախենում, մտածում եմ, որ դեռ երկար մենք ներսի՛ց պիտի փոխվենք, որ ագահությունը նենգ գազանի պես թաքնվում է շատերի ներսում: Որ նախ հասարակությունը պետք է փոխվի, դաստիարակվի ու կրթվի, նոր երկիր դառնանք: Իսկ բացահայտումները կմնան վիրահատության գործողությունների նման բան, միայն տվյալ պահին օգնող` եթե հետագա թերապիա չենք անելու ու դիետա չենք պահելու:

Ասացեք, մի՞թե վիրավորական չէ տեսնելը, որ երկրի թիվ մեկ դեմքին պահպանող ԱԱԾ բարձրաստիճան սպան ու պաշտոնյան (Վաչագան Ղազարյանը) պահպանել եւ տռզացրել է նախ իր գրպանը: Վիրավորական է այդ որակի պահապան ունենալը: Վիրավորական է էդ ուղեղով ԱԱԾ-ական ունենալը, երբ իրեն այնքան անպատժելի է համարել մինչեւ երկու օր առաջ, որ օրը ցերեկով բանկից կանխիկացրել է միլիոնավոր դոլարներ. բարոյականություն չուներ` հա, ուղե՞ղ էլ չուներ` հասկանալու դրան հետեւելիք իրադարձությունների հերթագայությունը: Դրա՞նք են մեր երկրում անվտանգություն ապահովել, իսկի իրենց քայլերը ճիշտ չեն հաշվարկում, էլ ո՜ւր մնաց... Եթե, ինչպես տվյալ պահապանն է ասում, գումարն իրենը չէ` էլ ավելի վիրավորական է, նշանակում է` ղեկավարինն է, այդ դեպքում այդպիսի ղեկավարը, ով իր անվտանգության պետի քայլերից տեղյակ չէ, կամ տեղյակ է ու թույլատրել է, բա ոնց էին, Տեր Աստված, երկիր ղեկավարում, բանակցում, երկրի անվտանգության երաշխավոր հանդիսանում: Բարոյականության մասին, որպես էկզոտիկ կենդանու, անիմաստ է անգամ խոսելը, զուտ քայլեր հաշվելու մաթեմատիկայով չգիտեն` ինչին ինչ է հաջորդում: Իսկ բրոյականության մասին չարժե, իրոք, խոսել, բացահայտումների բովանդակային պարունակությունն այդպիսի ռոմանտիկ խոսակցություն այլեւս չի թույլատրում:

Էլ ավելի քստմնելի պատկերների վրայից վարագույրի ապագա հետքաշումները վախենամ ավելի սաստկացնեն բոլորիս վիրավորանքը: Ինչ է պարզվում (նույնիսկ ինձ համար, երբ թվում էր, թե ամեն ինչ խորքից գիտեմ). պետության մեջ գոյություն է ունեցել մասնավոր պետություն, իրական պետության գումարներն ու ռեսուրսները հոսել են այդ «Պետություն ՍՊԸ»-ի բաժնետերերի գրպանները` ձեռնունայն թողնելով իրական պետությանն ու նրա ժողովրդին: Միթե հնարավոր էր այս աստիճանի նեխած բարքեր ու ագահություն:

Այս է պատճառը, որ տասնյակ տարիներ իշխանությունները երբեք իրական բարեփոխումներ չեն ձեռնարկել, այլ միայն արտաքին մի քանի ատրիբուտի ապահովմամբ ու թյունինգով, ինչպես ասում են, միշտ խաբս են տվել, իրականում մեկ մտահոգությւոն ունենալով` պաշտպանել «Պետություն-ՍՊԸ»-ի եւ նրա բաժնետերերի շահերը:

Իմանալ-չհայտնելու հոդվածը հիմա ժամանակավրեպ է դառնում կարծես: Տարիներով ամեն ինչի մասին ԶԼՄ-ները գրել են` չիմանալ հնարավոր չէր: Մեկ ճշտում կարող է լինել` նրանց գրածը տասն անգամ պակաս ու նվազ է եղել հիմա բացահայտվողից: Որ ղեկավարին էլ պատասխանատվության կանչես` «ատկատ» է բացվելու եւ հիմա ընդունված «Ես տեղյակ չեմ եղել»-ը այլեւս անընդունելի է: Երկու պատասխան կա. ա) «Մասնակից եմ եղել», բ) «Մասնակից չեմ եղել, բայց դեմ գնալ չէի կարող»:

Վստահ եմՙ ամեն լրատվամիջոց կարող է հիմա հանել իր անցյալ հրապարակումները եւ դնել կոռուպցիայի դեմ պայքարի սեղանին` որպես ապացույց, կոնկրետ դեպքերով եւ վերլուծաբար: Անհետեւանք խոսել ենք փաստորեն, իսկ «Պետություն ՍՊԸ»-ի մասնակից մի քանի հոգին իրենց դրել էին ամենակարողի տեղ ու ականջալուր չէին լինում մեզ` մտահոգներիս, անգամ աշխատում էին քննադատող լրագրողներին անտեսելով վրեժ լուծել:

Ահա, «Ազգի» ընդամենը հինգ հրապարակումից մեջբերումներ` վերջին հինգ տարվա միայն իմ հեղինակածներից. սխալ էի՞նք:

02-11-2013, «Ազգ», թիվ 189, «Նավը ծանծաղուտում» հրապարակումից.

«Օդում են մնացել մենաշնորհները կամ օլիգարխիզացիան զսպելու, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու, աշխատատեղեր ստեղծելու խոստումները, անգամ ստվերը նոր բյուջետային տարում չեն պատրաստվում կրճատել` չնեղելու համար բիզնես միջավայրը: Մինչդեռ ժողովուրդը սպասում էր, որ ի վերջո քայլեր կարվեն ռեսուրսների այդքան մեծ կենտրոնացումը մի խումբ անձանց ձեռքից մի փոքր ապակենտրոնացնելու, հովանավորյալներին միայն ուղղվող երկրի կենսատու երակների` ավելի լայն շերտերի ուղղորդելու առումով, քանի որ ներկա բարքերը փակել են սովորական հայի ճանապարհը մի գործ սկսելու, մի ինչ-որ միջին եկամտի աղբյուր գտնելու, ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: Շուկաները փակող եւ այնտեղ սեփական այգու բարիքը վաճառող մարդուն դուրս մղող «Երեւան-սիթիներին» զարկ տալով մի՞թե սովորական հայ մարդը կապրի, եւ ո՞ւմ է պետք այդ տիպի «քաղաքակիրթ» առեւտուրը, որի դեպքում 300-դրամանոց խաղողը 600 դրամ է, 200 դրամանոց խնձորը` 800 դրամ: Կամ ինչո՞ւ հասարակ այգեպանն իր բերքը սիթիներին հանձնի ջրի գնով, իսկ մեկ-երկու տարի այդպես անելուց հետո` վաճառի եղած-չեղածն ու հայդե` Ռուսաստան: Ինչո՞ւ փակել բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում աղքատ մարդուն կերակրող շուկաները (Փակ շուկան, Էրեբունի շուկան եւ այլն)` երեսպաշտական պատճառաբանություններով, եւ տեղը մեծ ու անխիղճ սուպերմարկետներ կառուցել, որտեղ, հազար անգամ աչքովս եմ տեսել, խանութների անվտանգության աշխատակիցերը հին շորերով մարդկանց կարող են ներս չթողնել, քանի որ հավանաբար ենթադրում են, որ այդ դասի մարդը գրպանում անգամ այդ տեսակ խանութից հաց գնելու փող չի ունենա»:

Դրանից մեկ տարի անց` 16-05-2014-ին լույս տեսած «Ազգի» թիվ 12 համարում, «Եթե Աստված վերահսկիչներ ուղարկեր Հայաստան» հրապարակման մեջ ասված է .

«Բայց այս նույն տարիներին, երբ գոյացան մեր օլիգարխները, գոյացավ նաեւ մեր երկրի 4 միլիարդ դոլարից ավելի (ոչ պաշտոնական հաշվարկներով` շատ ավելի) պարտքը, ու հենց այն տարիներին, երբ Հայաստանը վարկերով էր բյուջե լցնում: Եթե մի հնարով Աստված իր անաչառ վերահսկիչներին ուղարկի Հայաստան, նրանք ոչ թե ընտրովի, այլ հավասարաչափ ուսումնասիրելով կգտնեն, որ ամեն վարկի վրա ձեռք են տաքացրել մեր կառավարիչներին ու մեծահարուստներին մոտ կանգնած շրջանակները` չլուծելով վարկի նպատակադիր խնդիրները, բայց կլորացնելով պետության պարտքը: Այդ վերասկիչները կգտնեն, որ օլիգարխների միջոցները գոյանում են պետության օդանցքները մյուս մարդկանց համար փակելով, քվոտայով մենաշնորհված բիզնես ոլորտով, լայն հասարակությանն անընդհատ խաբելու բոլոր հնարավոր ձեւերն օգտագործելով, համենայնդեպս` մեր երկու տասնյակի չափ ամենամեծ օլիգարխների անցյալը մի թեթեւ քննելուց հենց այդ եզրակացությանը կարելի է հանգել: Բայց կա քարերը նետելու եւ հավաքելու ժամանակը»:

Թիվ 35, 25-09-2015, «Ազգ».«Հարգելի հեռուստադիտողի վերածված քաղաքական դասը» .

«Մինչ հայոց քաղաքական դասը շարունակում է ծուլորեն քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը ու նոր անհարմարություններ է նկատում այնտեղ, ասենք այնպիսի, որ վարկանիշային քվեարկությունների արդյունքում նորից կուսակցական ցուցակների անցումային տեղերում հայտնվելու են տարածքային հզորներն ու փողատերերը (այսինքն` համամասնական կարգը բովանդակությամբ վերածվելու մեծամասնական կարգի), համամասնական կարգին կողմ շատերն էլ չեն նկատում, թե տարբեր հարցերում ինչպես են կրճատվում քաղաքացու անմիջական իրավունքները...»:

Թիվ 44, 25-11-2016շ «Ինչպես բիզնեսից ազատել խորհրդարանը» .

«Ինչ իդեալիստ եմ, չէ՞, ուրիշները գործով են զբաղվածՙ խոսափող են մտցնում օլիգարխների քիթը, որ հետո կա՛մ զվարճանան, կա՛մ հարստանան, ես պապից ավելի պապական եմ, ու դեռ մտածում եմ` ոնց ազատել խորհրդարանը բիզնեսից: Խոստովանենք, դա Հայաստանի պայմաններում հնարավոր չէ, որքան էլ սահմանադրությամբ արգելված լինի գործարարներին խորհրդարան գնալ: Դա միգուցե աշխարհի շատ խորհրդարանների պարագայում էլ հնարավոր չէ, բայց մեծ երկրներում ամբողջ եղանակը չէ, որ այս կարգի պատգամավորները եւ կառավարողներն են ստեղծում, եւ շատ երկրներում բանական հաշվեկշիռն այս առումով պահպանվում է: Մեր տիպի փոքր, անռեսուրս երկրում մեր ողջ կյանքն է օլիգարխապատվել, մեր կյանքի էությունը դարձել է այնպիսին, որ բոլոր ոլորտներում փողն է գործ անում:

Միգուցե ՀՀԿ-ում մի օր մտորելու են, թե ոնց անեն, որ օլիգարխներ չտանեն խորհրդարան: Չէ, իսկապես, իսկի իդեալիստ էլ չեմ: Զարմանք բան, ՀՀԿ-ականներին դուր է գալի՞ս, որ խորհրդարանում մի քանի տարի նստում են ու ձայն չեն հանում, կամ եթե ձայն են հանում` մի լավ խայտառակ են անում հարազատ կուսակցությանն այնպես, որ հետո մի քանի հոգի էլ պետք է մեծ ջանքերով այդ խայտառակության քարը ջրհորից հանեն: Կամ դուր է գալի՞ս, որ սեփական բոյով մեկ կամ բիզնեսի չափերով մեկ օրենքներ են ձեւում-սեփական բոստանը ջրում, իսկ երկրի ու ժողովրդի բոստանը չջրված է մնում»:

Թիվ 23, 16-06-2017, «Մանր ժամանակներ» .

«Նկատո՞ւմ եք` ոչ ոք այլեւս չի խոսում համակարգային փոփոխություններից, տնտեսության 70 տոկոս ստվերից, օլիգարխիական պետության վնասներից: Միգուցե այդ խնդիրներն արդեն չկա՞ն, լուծվել են: Կամ էլ ուղղակի միգուցե չկան այդ խնդիրների մասին խոսողները, իսկ ավելի ստույգ` հանուն ինչ որ բանի, ասենքՙ խորհրդարան անցնելու, կերակրաման ունենալու այդ մասին խոսողները: Նրանց հարցերը լուծեցին, նրանց ուղարկեցին տուն, իբր` անիմաստ շատ աղմկեցիք, հիմա թեման փոխվում է, այլ թեմա եւ այլ տիպի աղմկողներ են պետք, ավելի երիտասարդ ու ավելի ուսյալ, որոնց խոսքը համեմված է տանելի իրոնիայով, ինտերակտիվ շոուի տարրերով, նոր տեխնոլոգիական ժամանակին համապատասխան: Թոզփչոցի»:

Այս, եւ սրանից ավելի թունդ զգուշացումներ ենք արել մեկուկես տասնամյակ` տողերիս հեղինակը, մեր լրատվամիջոցի մյուս հեղինակները, շատ ԶԼՄ ներ: Ի պատասխանՙ խուլուհամրի վերաբերմունք կամ արհամարհանք ենք ստացել:

Այս բոլորից հետո եղավ այն, ինչ եղավ. բացահայտում բացահայտման հետեւից, Շմայսը զենք է հանձնում, կալանավորում են գեներալ Մանվելին ու իր կնոջը, Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատից Վաչագան Ղազարյանինՙ միլիոնները ձեռքին, Սաշիկ Սարգսյանին են բերման ենթարկում, Տարոն Մարգարյանի ու նրա շրջապատի անծայրածիր ու անհասկանալի ծագումնաբանության ունեցվածքը ներկայացնում աղքատ ժողովրդինՙ նրա հրաժարականի սպասումը սնելով...

Ինչ էլ տեղի ունենա մոտիկ օրերին` մեղադրեք միայն ու միայն ձեզ, հարգելի նախկիններ: Սա դասՙ մտքում նոր «Պետություն ՍՊԸ» ստեղծելու ցանկություն փայփայողներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ