RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



ԹՅՈՒՐՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2761, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Պ.Ք.

Արեւելքն ու Արեւմուտքը բաժանվում են Անդրկովկասում

Երբ ընթացիկ տարվա փետրվարի սկզբներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության վեցերորդ համագումարում հայտարարեց, թե Երեւանի խանությունը, Զանգեզուրը եւ Գեյչեն իրենց պատմական հայրենիքն են, եւ այդ մասին պետք է իմանա ինչպես Ադրբեջանի երիտասարդ սերունդը, այնպես էլ ողջ աշխարհը, եւ որ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ տարածքներ, ռուսաստանցի փորձագետներից շատերը այդ խոսքերը կապեցին Ադրբեջանում սկսված նախագահական արշավի եւ արմատական ազգայնականներին հաճոյանալու ձգտման հետ:

Իսկ Հայաստանը դրանք որակեց որպես տարածքային նկրտումներ եւ կտրական անհամաձայնություն արտահայտեց: Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ զգուշավոր հայտարարությամբ. «Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի եւ հարեւան Հայաստանի փոխհարաբերությունները անչափ լարված են, եւ տվյալ հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը»: Սակայն, ընդհանուր առմամբ, Ալիեւի ելույթը ընկալվեց որպես մի դրվագ, որի շնորհիվ նա հաղթեց ապրիլի 11-ի վաղաժամկետ նախագահական ընտրություններում:

Բայց դրանից հետո արդեն Թուրքիայում, այս անգամՙ խորհրդարանի եւ նախագահի վաղաժամկետ ընտրությունների կապակցությամբ, հայկական խաղաքարտը սկսեց օգտագործել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը : Մայիսի 14-ին Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնում նա հայտարարեց.

«Թուրքիան հանդես է գալիս Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում խաղաղության եւ անվտանգության պահպանման օգտին: Հայաստանը ընդհանուր պատկերից դուրս մնացող միակ պետությունն է: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի իշխանությունները հանդես կգան խնդրի հստակ ընկալմամբ»:

Ելույթը տեղի ունեցավ այն բանից մի քանի օր անց, երբ Հայաստանում իշխանությունը փոխվեց եւ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը , որը հայտարարեց Անկարայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին: Ի պատասխան, սկզբում Էրդողանի վարչակազմի անանուն ներկայացուցիչը հայտարարեց, թե դա անհնար է առանց Ադրբեջանի «օկուպացված տարածքի» ազատման: Ապա ի հայտ եկավ վարչապետ Բինալի Յըլդրըմի այն հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանին ընդառաջ գնալ երկխոսության հաստատման նպատակով, եթե Երեւանը իսպառ հրաժարվի Անկարայի նկատմամբ թշնամանքից ու տարածքային հավակնություններից: Թեպետեւ, ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Երեւանի պաշտոնական փաստաթղթերից որեւէ մեկում նման պահանջներ չեն առաջադրվում:

Դատելով ըստ ամենայնի, Անկարան Երեւանի նկատմամբ զգուշավոր հետախուզության դիրք է բռնելՙ վախենալով թուրքական պետության մասնատումից: Ավելին, նախագահ Էրդողանը Արցախի Հանրապետության «ազատման» հարցը առաջին անգամ ներառել է կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության նախընտրական ծրագրում: Տվյալ փաստաթուղթը հատկանշական է նաեւ նրանով, որ այնտեղ Թյուրքական խորհրդի գաղափարը վերականգնելու մտադրություն է արտահայտվում, որի շնորհիվ Թուրքիան կարող է ամրապնդել կապերը Կովկասի եւ Թուրքեստանի ժողովուրդների հետ:

Եվս մեկ թարմ փաստ: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն DimTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «անսպասելիորեն» հայտարարեց. «Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական երկրներ են: Մենք մշտապես հետաքրքրվում ենք Ադրբեջանի խնդիրներով: Ես նաեւ Ադրբեջանի արտգործնախարարն եմ, եւ այդ մասին գիտե իմ եղբայր Էլմար Մամեդյարովը: Երբեմն ես կատակում եմ նրա հետՙ ասելով, որ ինքը կարող է արձակուրդ գնալ, քանի որ միեւնույն էՙ ես աշխատում եմ: Եղբայրների փոխհարաբերությունները պետք է հենց այդպիսին լինեն»: Այդ խոսքերը սովորականից մեծ հետաքրքրություն առաջացրին, քանի որ ավելի վաղ Թուրքիայի ղեկավարները հայտարարություններ էին արել ի պաշտպանություն Բաքվի, բայց այսպիսի անկեղծություն այդ հայտարարություններում չէր եղել:

Վերջապես ջրի երես դուրս եկավ Անկարայի քաղաքականության պսակը: Թուրք քաղաքագետ, Անկարայի TOBB համալսարանի պրոֆեսոր Թողրուլ Իսմայիլը հանդես եկավ Ադբեջանի եւ Թուրքիայի միութենական հանրապետություն ստեղծելու կոչով, ինչպես Ռուսաստանինը եւ Բելառուսինը: Ըստ որում նա հայտնեց, որ Բաքուն եւ անկարան ուսումնասիրում են համատեղ պաշտպանության հնարավորությունըՙ հաշվի առնելով հայ-ռուսական համատեղ ռազմական խմբավորման ստեղծման փորձը: Այսպիսով նկատելի է թուրք-ադրբեջանական հետագա մերձեցման միտումը, եւ հանդիպման վայրը Անդրկովկասն է: Իհարկե, անկարելի է հաշվի չառնել նաեւ Թուրքիայի վաղաժամկետ ընտրությունների հետ կապված որոշ իրավիճակային հայտարարություններ:

Էրդողանն ու Ալիեւը հրապարակավ դրսեւորում են գաղափարաքաղաքական, էներգետիկ, ռազմատեխնիկական եւ տնտեսական համախոհություն: Ալիեւի համար անչափ կարեւոր է Էրդողանի հաղթանակը հունիսի 24-ի ընտրություններում, որպեսզի Թուրքիային դաշնակցային հարաբերությունների մեջ պահի Հայաստանի հետ փաստական պատերազմի պայմաններում:

Պատերազմական վիճակում է նաեւ Անկարան, որը վախենում է Մերձավոր Արեւելքում քրդական պետության ի հայտ գալուց: Ալիեւը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջում է ընտրություն կատարել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, իսկ ավելի ստույգՙ Բաքվի իրավադատությանը հանձնել նրա կորցրած Լեռնային Ղարաբաղը: Իր հերթին, Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում է ընտրություն կատարել Թուրքիայի եւ քրդերի միջեւՙ նկատի ունենալով, որ քրդերը աշխարհաքաղաքական տեսակետից ավելի շատ են հետաքրքրում ԱՄՆ-ին, քան Թուրքիան:

Թուրք փորձագետներից շատերի եւ այլոց կարծիքով Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ Թուրքիայի մեծ հետաքրքրությունը առայժմ արտահայտվում է միայն ընդհանուր տարածքային քրդական խնդրի միջոցով, որն արդեն խաղարկվում է եւ այսուհետեւ էլ կխաղարկվի առաջատար տերությունների կողմից:

Մյուս կողմից, Ադրբեջանի եւ Թուրքիայի միութենական պետության նախագիծը բացասական հակազդեցություն կառաջացնի Իրանում, որտեղ ապրում են իրենց ադրբեջանցի համարող մի քանի միլիոն թյուրքեր: Անկարայում եւ Բաքվում դա հիանալի գիտակցում եւ հասկանում են: Այս հարցում Էրդողանն ու Ալիեւը մեծ ռիսկի են դիմումՙ չունենալով Արեւմուտքի աջակցությունը ինչպես քրդական, այնպես էլ ղարաբաղյան ուղղություններով:

Սակայն, ինչպես գտնում է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , Ադրբեջանը շեղվել է պատմական զարգացման ճանապարհից, իսկ Թուրքիան այդպես էլ չի գտել այնՙ աստիճանաբար հեռանալով Եվրոպայից եւ Արեւմուտքից: ԱՄՆ-ի ու Եվրոմիության հետ Անկարայի ներկայիս հարաբերությունները առաջացնում են արդիականության ամենասուր ինտրիգներից մեկը:

Արեւմուտքը, որը մինչեւ վերջերս Թուրքիային համարում էր սառը պատերազմի հավատարիմ զինակից եւ այնտեղ խրախուսում էր պանթուրքիզմի գաղափարը, սկսում է Անկարային համարել խաղացող, որը ծավալողական քաղաքականություն է վարում եւ ձգտում է ուժեղացնել սեփական ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում: Ըստ որում, Թուրքիան սկսում է դուրս գալ Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի ավանդական վերահսկողական ազդեցությունից, որոնք ի պատասխան, փորձում են զսպել նրա հավակնությունները:

Նույն նավարկուղիում է հայտնվել նաեւ Ադրբեջանը: Այդ գործոնները Բաքվի համար արգելակ դարձան ԼՂ հակամարտության կարգավորման մեջ, իսկ Թուրքիայի համարՙ նույնպիսի արգելակ է քրդական խնդրի կարգավորումը, սակայնՙ մեկ կարեւոր աշխարհաքաղաքական նրբերանգով: Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց համարում են եվրոպական երկրներ, թեեւ ամերիկացիները նրանց, որպես մահմեդականների, մշտապես դասել են Մերձավոր Արեւելքի տարածաշրջանին, մինչդեռ քրիստոնյա Վրաստանն ու Հայաստանը դիտարկում են որպես եվրոպական տարածքի մասեր: Անգլիացի գրող Ջոզեֆ Ռեդյարդ Կիպլինգի բնորոշման համաձայն, «Արեւմուտքը Արեւմուտք է, Արեւելքըՙ Արեւելք, եւ դրանք երբեք չեն միանա»: Ըստ երեւույթին հենց այս դրույթի մեջ է պարփակված Անդրկովկասում անվտանգության համակարգի պահպանման կամ նոր համակարգի ստեղծման էությունը:

Իսկ ինչ վերաբերում է Մոսկվայի հետ հարաբերություններին, հիշեցնենք, որ Անկարան եւ Բաքուն ստորագրել են ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության պայմանագիր, մինչդեռ Սիրիայում գտնվում են ռուսական օդատիեզերական ուժեր, իսկ Հայաստանում կա ռուսական ռազմակայան: Բացի դրանից, սիրիական ուղղությամբ գործում է Մոսկվա-Անկարա դաշինք: Սակայն երբեմն թվում է, թե Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Վլադիմիր Պուտինին դարձնել Լեւ Տրոցկի , որը 1920-ականներին, հանուն «Թյուրքական սոցիալիստական դաշնության ստեղծման» (որի մեջ մտնում էին Անկարան եւ Բաքուն), զոհաբերեց Ռուսաստանի ազգային շահերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ