RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 4657, Տպվել է` 571, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐՈՍ-Ա-ՑԱՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օրեր առաջ անազատությունից դուրս եկած գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի կարծիքով, օրեր առաջ անազատության մեջ հայտնված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ոչ թե գեներալ է, այլ կոլխոզի նախագահ: Սամվել Բաբայանն ու Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս են, երկուսն էլ: Երկուսից էլ, իրենց ասելով, թշնամին վախից փախել է մինչեւ Բաքու, երկուսն էլ, միշտ ասել են, որ պետք է հասնենք Բաքու` առնվազն թեյ խմելու, երկուսի համար էլ հանրահռչակության եւ բարեկեցության աղբյուրը պատերազմն է, երկուսն էլ չեն փայլում, օրինակ ընթերցանության կամ դասական երաժշտության հանդեպ սիրով, չնայած Բաբայանը կարողացել է ավարտել Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, իսկ 1956-ին ծնված Գրիգորյանը, առանց դպրոցն ավարտելու, 1993-ին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, որը հավանաբար չի ավարտել, քանի որ ավարտելու տարեթիվը չկա, ոչ էլ ֆակուլտետը, ապա 1998-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իսկ դրանից երկու տարի առաջ էլ` 1996-ին, ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները: Ե՛ւ Գրիգորյանը, ե՛ւ Բաբայանը ունեցել են կամ ունեն քաղաքական նկրտումներ, երկուսին էլ ձերբակալել է ԱԱԾ-ն, երկուսն էլ չեն ընդունել իրենց հանդեպ հարուցված մեղադրանքը: Բայց ամենակարեւորը` երկուսն էլ հերոս են:

Հիմա, խնդիրն այն է, որ այս երկուսից մեկը իսկական գեներալ ու հերոս է, մյուսը կոլխոզի նախագահ (ի դեպ, որն էլ կարող է լինել հերոս): Դատելով հանգամանքից, թե ԱԱԾ-ն ինչեր է գտել Մանվել Գրիգորյանի ամառանոցում, ապա ԵԿՄ տարբեր գրասենյակներում, ապաՙ Գրիգորյանի Արցախի տանը, եւ ինչեր չի գտել նույն ԱԱԾ-ն Բաբայանի տանը, ապա պարզ է, թե այս երկուսից ով է կոլխոզի նախագահը: Բայց քանի որ Բաբայանը դատապարտվել է Արցախի նախագահի դեմ մահափորձ իրականացնելու համար, իսկ նույնիսկ չճանաչված հանրապետությունների դեմ մահափորձ իրականացնողները վտանգում են տվյալ պետությունների ազգային անվտանգությունը, ինչն անելու իրավունք հատկապես գեներալները չունեն, ապա Բաբայանի առումով եւս չենք կարող վստահաբար ասել, որ գեներալը նա է, մանավանդ, որ Իգլայի գործով «նոր Հայաստանի» անկախ դատարանը նրան ամենեւին էլ չարդարացրեց, այլ միայն պատիժը մեղմացրեց եւ խափանման միջոցը փոխեց : Ստացվում է, որ ոչ Գրիգորյանը, ոչ Բաբայանը գեներալներ ու հերոսներ չեն, ուսադիրներ ունեն, շքանշաններն ունեն, բայց չեն, չպետք է լինեն, քանի որ երկուսն էլ վտանգել են ազգային անվտանգությունը:

Եւ ուրեմն, ժամանակը չէ՞ արդյոք հասկանալու, որ մեզ հերոսներ ամենեւին էլ պետք չեն եւ կամ հերոսի կոչում կարելի է շնորհել բացառապես հետմահու: Եթե այդպես լիներ, ապա, օրինակ Շուշան Պետրոսյանը` ի դեմս Մանվել Գրիգորյանի, հերոս չէր կորցնի, կամ Արմեն Աշոտյանն անձնական ողբերգություն չէր ապրի: Ո՞վ է ասել, որոշել, որ այս երկուսն ու մյուս բոլորը հերոսներ են, ինչի՞ համար, որ Արցախում կռվե՞լ են, իսկ ով Արցախում չի կռվել` այդ տարիներին ապրածներիցս, այն պարագայում, երբ յուրաքանչյուրիս ընտանիքից պատերազմին մասնակից կար ու ամենքիս տանը սրտատրոփ սպասում նրան: Անշուշտ, պատերազմին մասնակցել էլ կա, մասնակցել էլ: Օրինակՙ կարելի է գլուխը կախ հրամաններ կատարել ու զոհվել, բայց չհիշվել, կամ գլուխը բարձր բենզին գողանալ ու չզոհվել, բայց հիշվել ու հերոսանալ: Առհասարակ պատերազմում հաղթած ժողովուրդը առանձին հերոսների կարիք ունի՞, գուցե պետք է ողջ ժողովրդի՞ն հերոսի կոչում տալ ու չսխալվել եւ չհիասթափվե՞լ` առանձին սրիկաների կամ տականքների մարդակերությանը հետո ականատեսը լինելով: Լավ, հաղթած ժողովրդին հերոսն ինչո՞ւ է պետք, որ սեփական արյունաքամ հաղթանակը փաթաթի կոնկրետ ուսերի ու ճկռի՞ խաղաղության տարիներին նրանց հերոսության տակից դուրս գալու ապարդյուն փորձեր ձեռնարկելով: Որ հայտնվի անձեռնմխելիների մի բանակ, որտեղ առանց պատերազմի չեն կարող, քանի որ միայն պատերազմի՞ն են պարտական իրենց ամեն ինչի համար ու խաղաղ քաղաքներում կրակոցներ հնչեն, մարդիկ սպանվեն միայն այն բանի համար, որ կասկածել են հերոսների անառկելիությա՞նը: Լավ, մի՞թե այսքան հին, խեթերից ու ասորիներից մինչեւ կոսովար ու արեւելյան թիմորցի տեսած այս ժողովուրդը պե՞տք է տառապի հերոսացավով, պե՞տք է չկարողանա գոյություն ունենալ առանց հերոսների, պետք է բնական մղումները մշտապես շփոթի հերոսական պոռթկումների հետ, գենետիկորեն, պապից` թոռ:

Ի դեպ, գենետիկայի մասին. եթե Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ նահատակները սուրբ են, ապա արցախյան պատերազմի բոլոր մասնակիցները հերոս են: Մենք չգիտենք, թե ինչպե՞ս է յուրաքանչյուրը սպանվել մեկ դար առաջ: Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպե՞ս է յուրաքանչյուրը զոհվել գրեթե 30 տարի առաջ: Դրա համար էլ այսքան շատ սրբեր ունենք եւ հերոսներ, դրա համար էլ այսքան շատ հիասթափվում ենք, մարդուց էլ, Աստծուց էլ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ