Մանե Թանդիլյանն այն քաղաքական գործիչն է, որին միաժամանակ հարգում է ե՛ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը, ե՛ւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Համաձայնեք, որ եթե Փաշինյանը չհարգեր Թանդիլյանին, ապա տիկինը չէր դառնա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, եթե Մարուքյանը չհարգեր Թանդիլյանին, ապա վերջինս չէր դառնա ԱԺ պատգամավոր, իսկ, եթե Շարմազանովը չհարգեր Թանդիլյանին, ապա չէր ասի, որ «Մանեն սկզբունքային քաղաքական գործիչ է» եւ ինքը չի ընդունում այն գործիչներին, ովքեր ընդդիմադիր եղած ժամանակ այլ բան են ասում, իշխանության շարքերում` այլ: Մանեն, ինչպես գիտենք, ընդդիմադիր եղած ժամանակ ասում էր, որ պարտադիր կուտակային համակարգը չպետք է ներմուծվի, իսկ իշխանության շարքերում, տեսնելով, որ այդ համակարգն արդեն անցել է անդառնալիության կետը, հրաժարական ներկայացրեց, ինչն անմիջապես արժանացավ լայն զանգվածների հարգանքին:
Ես իհարկե չգիտեմ, թե լայն զանգվածները որքանով են տեղյակ Աբրահամ Լինքոլնից եւ նրա` թեւավոր դարձած որոշ արտահայտություններից, չգիտեմ նաեւ, թե պետական գործիչների ասույթներ կարդալ շատ սիրող Շարմազանովի աչքից ինչո՞ւ է վրիպել Լինքոլնի այս միտքը, ամեն պարագայում մի անգամ ԱՄՆ նախագահն ասել է. «Ես մեծ կարծիք չունեմ այն քաղաքական գործիչների մասին, որոնք այսօր առավոտյան մտածում են այնպես, ինչպես երեկ երեկոյան»: Այսինքն, եթե Լինքոլնը հիմա ապրեր ու տեսներ, թե ինչպես ու ինչու է Թանդիլյանը հրաժարական տալիս, նա մեծ կարծիք չէր ունենալու տիկնոջ մասին. բանն այն է, որ Թանդիլյանը հրաժարական տվեց, քանի որ սկզբունքային գործիչ է եւ դեմ է պարտադիր կուտակայինին` ինչպես երեկ երեկոյան, այնպես էլ այսօր առավոտյան: Սա այն պարագայում, երբ աշխարհում հանդիպում են երեկ երեկոյան իրար ինչ ասես-չասող Թրամփն ու Կիմ Չեն Ընը, սա այն դեպքում, երբ երեկ երեկոյան Հիլարի Քլինթոնն, օրինակ…. Բայց տիկին Քլինթոնին դեռ կանդրադառնանք:
Պե՞տք է քաղաքական գործիչն ունենա անփոփոխ սկզբունքներ, ըստ Շարմազանովի` պետք է, ըստ Լինքոլնի` պետք չէ: Բայց ամեն դեպքում, ի՞նչ են նշանակում մշտական սկզբունքները քաղաքական գործչի համար: Օրինակ, եթե Պուտինն ունենար մշտական քաղաքական սկզբունքներ, ապա այն բանից հետո, երբ Թուրքիան սպանեց ռուս օդաչուին, այլեւս երբեք չէր սեղմի Էրդողանի ձեռքը, Կրեմլի հեռախոսագրքից կջնջեր Թուրքիայի նախագահի հեռախոսահամարը, քանի որ հայտարարեր էլ, թե Էրդողանը գործակցում է ահաբեկիչների հետ` նրանցից նավթ գնելով, օրինակ, իսկ Ռուսաստանի գործընկերները չեն կարող լինել ահաբեկիչները, կամ նրանց հետ գործակցողները: Եւ հակառակը, Էրդողանը, եթե ունենար մշտական սկզբունքներ, ոչ մի պարագայում չէր բարեւի Պուտինին, քանի որ հայտարարում էր, թե Ռուսաստանը Թուրքիային զրպարտում է, իսկ Թուրքիան տանել չի կարողանում, երբ իրեն զրպարտում են, մանավանդ եղած բանի համար: Բայց, քանի որ մեծ քաղաքականությունը կուլ է տալիս ամենամեծ սկզբունքներն անգամ, Էրդողանն ու Պուտինը ոչ միան միմյանց ձեռք սեղմեցին, այլեւ իրականացնում են բազմաթիվ առեւտրատնտեսական, աշխարհաքաղաքական ծրագրեր` երկու երկրների օրվա, կրկնում եմ օրվա՛ շահերից ելնելով:
Կամՙ վերոհիշյալ Հիլարի Քլինթոնըՙ եթե այս տիկինն ունենար քաղաքական մշտական սկզբունքներ, ապա պետքարտուղար դառնալուն պես ինչ-որ տարվա ապրիլի 24-ին կհայտարարեր, որ Օսմանյան Թուրքիայում իրականացվել է Հայոց ցեղասպանություն, ինչի մասին ինքը բարձրաձայնել է մինչեւ պետքարտուղար դառնալը: Բայց քանի որ տիկին Քլինթոնի համար ամենակարեւորն իր երկրի օրվա շահն է, նա չարեց այդ հայտարարությունը, օրինակ նա: Այնպես որ գոնե մեծ քաղաքական գործիչները սկզբունքեր չունեն, եթե իհարկե օրվա շահին անվերապահ հավատարմությունը սկզբունք չէ: Խնդիրն այն է, որ մշտական թշնամիներ ու բարեկամներ չեն լինում (չհաշված` Հայաստան-Ադրբեջան հավերժ թշնամությունն ու Հայաստան-Ռուսաստան ավելի հավերժ բարեկամությունը), մշտական խնդիրներ չեն լինում, այն ինչը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ մենք ընդդիմադիր էինք, այլեւս արդիական չէ այսօր առավոտյան, երբ մենք իշխանություն ենք, սա գուցեեւ վատ է, բայց ո՞վ է ասել, որ քաղաքականությունը լավ բան է: Օրինակ, երբ Մանե Թանդիլյանը որոշեց մտնել քաղաքականություն, նա իրո՞ք չգիտեր, թե որտեղ է մտնում: Կամ երբ Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկեց դառնալ Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար, նա չի՞ հարցրել Փաշինյանին արդյոք` իսկ պարտադիր կուտակայինի հարցը ինչպե՞ս ենք լուծելու: Եթե չի հարցրել, ուրեմն այդ հարցը Թանդիլյանի համար ամենեւին էլ սկզբունքային չէ, եթե հարցրել է, ապա համաձայնել աշխատել նախարար, ուրեմն կա՛մ Փաշինյանը խաբել է Թանդիլյանին` ասելով, թե կկասեցնենք, կա՛մ կհետաձգենք (հետագայում կասեցնելու նպատակով), կա՛մ էլ Փաշինյանը երեկ երեկոյան ասել է, որ կկասեցնենք, իսկ այսօր առավոտյան այլ կերպ է մտածում:
Չգիտեմ` դուք ինչպես, բայց Աբրահամ Լինքոլնը բարձր կարծիք կկազմեր Փաշինյանի մասին, չնայած, որ Շարմազանովը բարձր կարծիք ունի Թանդիլյանի՛ մասին:
Բայց քանի որ այս հարցը այնքան էլ քաղաքական չէ եւ որովհետեւ Հայաստանում ավելի շատ մարդ ճանաչում է Սերժ Սարգսյանին, քան Աբրահամ Լինքոլնին, ասեմ` Նիկոլ Փաշինյանը ճիշտ է… բայց Մանե Թանդիլյանը` ավելի: