RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 4297, Տպվել է` 605, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՎԱՏՔԻ ՈՒ ՍԻՐՈ ՏՈՆՙ ՍԱՂՄՈՍԱՎԱՆՈՒՄ

ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

...Ի՞նչ կա կյանքում ավելի անարդար բան, քան ծնողների արցունքներն ու հոգու, սրտի անպատմելի ցավըՙ երկրային կյանքին անսպասելիորեն հրաժեշտ տված իրենց ջահել որդու համար: Անարդա՛ր է, այո՛, երբ ծնողներն են որդու հիշատակը խնկարկում, սակայն անքննելի են գործերն Աստծո... Երկար ժամանակ ՀԲԸ Միության եւ Ռամկավար Ազատական կուսակցության Ֆրանսիայի շրջանակի կարկառուն ղեկավար գործիչներից Լեւոն ու Նադյա Քեբաբջյանների Քրիստոֆ-Արմեն որդին հունիսի 2-ին երկնային անհաս բարձունքներից իր անձեռակերտ թագավորության Լույսն էր առաքել Սաղմոսավան, ուր չքնաղ բնության գրկում, մի փոքրիկ բարձունքի վրա ծնողները կառուցել են նրա երկրային կյանքի երազանքի տունը:

...Հունիսի 2-ը Սաղմոսավանի եւ հարակից մյուս համայնքների համար նշանավորվեց Հայորդաց գեղեցիկ, նորաոճ ու հարմարավետ տան բացումով, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, տեր եւ տիկին Քեբաբջյանները, Արագածոտնի մարզի ղեկավարությունը, Սաղմոսավանի գյուղապետը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, հարակից համայնքների բնակիչներ, հյուրերՙ արտերկրից ու Հայաստանից:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ Տերունական աղոթքով բացվեցին Քրիստոֆ-Արմեն Քեբաբջյանի անվան սրահի դռները, որտեղ ընթացավ ամբողջ միջոցառումը: Մարզի հոգեւոր հովիվ Օշին քահանա Հայրապետյանի խոսքով սկսվեց միջոցառումը, որն իր խոսքում մասնավորապես ասաց. «Եվս մի քրիստոնեական օջախ բացվեց Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում: Այս կենտրոնի բացումով մենք մեր հոգեւոր խնամքին հանձնված զավակներին ասում ենք, որ մեզ մոտ գան հե՛նց այսօրՙ բարություն տալու եւ բարություն ստանալու համար: Մշակութային այս կենտրոնն իր դռներն է բացելու ոչ միայն Սաղմոսավան համայնքի, այլեւՙ հարակից Օհանավան, Արտաշավան, Ուշի, Կարպի համայնքների բնակիչների համար: Կենտրոնն իր ուշադրությունը սեւեռելու է սոցիալապես անապահով ընտանիքների վրա, որտեղ մեծացող երեխաները չեն կարողանում օգտվել մշակութային տարբեր խմբակներից: Փորձելու ենք այնպես անել, որ այստեղ ոտք դնողները սիրեն Աստծուն եւ իրենց ընկերներին: Այս ամենը կյանքի չէր կոչվի, եթե չլինեին սրտացավ եւ հայրենասեր մարդիկ: Շնորհակալություն պետք է հայտնենք Վեհափառ Հայրապետին, Արագածոտնի թեմի առաջնորդին, Քեբաբջյան ընտանիքին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղանի հիմնադրամի տնօրենությանը, Կանադայում գործող կանադահայոց «Զեփյուռ» հիմնադրամին, բարեգործ Աշոտ Նազարյանինՙ կենտրոնին նվիրած համակարգիչների համար, Գագիկ Կարապետյանին, ճարտարապետ Մերի Դանիելյանին, Սաղմոսավան համայնքի լուսահոգի ղեկավար Ներսես Ավագյանին, Աշտարակի «Սուրբ Մարինե» սոցիալական կենտրոնին եւ ուրիշ շատերին, որ այսօր ունենք նման գեղեցիկ կառույց» :

Սրտառուչ ելույթով հանդես եկավ տիկին Նադյա Քեբաբջյանը, ով ներկայացրեց իրենց ընտանիքի բարեգործական առաքելության նախապատմությունը, որդուՙ Քրիստոֆ-Արմենի հայաստանյանՙ շատ կարճ տեւած կյանքը, նրա հայրենասեր ու ազնիվ տեսակըՙ պատգամելով հայ երեխաներին, պատանիներին ու երիտասարդությանը լինել նույնքան հայրենասեր, ազնիվ ու բարեգութ. «Քրիստոֆը կյանքը շատ էր սիրում, միշտ շնորհակալ էր, որ իրեն ծնունդ ենք տվել. նա արեւի ճառագայթների նման լուսավորել էր մեր կյանքը: Նա անչափ տաղանդավոր, ազգասեր, բարեգութ հայորդի էր. շատ ծրագրեր ուներ, սակայն նրա կյանքը շատ կարճ տեւեց: Եկե՛ք այստեղ, սիրելի՛ երիտասարդներ, սիրելի՛ երեխաներ, հայտնեք ձեր ծրագրերի, ցանկությունների մասին, միայն այդկերպ կկարողանանք վառ պահել Քրիստոֆի հիշատակը» , - ասաց բարեգործ հայուհին ու գորովագութ մայրը:

Հավատքի ու սիրո ղողանջներով լցված այդ օրն իրենց հաճելի կատարումներով ամբողջացրեցին Սաղմոսավանի «Տաթեւ» պարային համույթի գեղանի հայուհիներն ու դհոլահար, թեեւ տարիքով շատ փոքր, սակայն խրոխտ կեցվածքով փոքրիկ տղաները:

...Նոր սկսված ամռան երկրորդ օրըՙ շաղախված թավշյա կանաչի թարմ բուրմունքով, արեւի պայծառ շողերով եւ առ Աստված առաքված աղոթքի ելեւէջներով, խորին խորհուրդն էր Երկիր մոլորակն իր առանցքի վրա պահող Սիրո, Բարության, Գթասրտության եռաբանյա զորության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ