RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-06-05 16:46:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 4772, Տպվել է` 598, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018 Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄՙ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, Քաղաքագիտության դոցենտ

Հայաստանի Եվրասիական փորձագիտական ակումբը կանոնավորապես վերլուծում է Հայաստանի տնտեսության արդի վիճակը, նպատակ ունենալով լուսաբանել տնտեսության մեջ տեղաշարժերը, այն դրական միտումներն ու դրսեւորումները, որոնք բխում են եվրասիական տնտեսական գործընթացին մեր երկրի մասնակցությունից: Ակումբի փորձագիտական եզրակացությունները քաջ հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներում:

Վերջին շաբաթներին Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ տնտեսագետներ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի եւ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորած աշխատանքային խմբերը պատրաստել են տնտեսագիտական տեղեկանքներ Հայաստանի տնտեսության վիճակի մասինՙ 2018 թ. առաջին եռամսյակում: Այդ հետազոտությունները հնարավորություն են տալիս անելու որոշ կանխատեսումներ, որոնք կհետաքրքրեն ինչպես քաղաքական ու հասարակական աշխուժացած շրջանակների ներկայացուցիչներին, այնպես էլ գործարարներին, լրագրողներին, նաեւ գիտնական-հետազոտողներին:

Արտահանման աճի միտումը շարունակական է

2018 թ. առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ շարունակվել են 2017 թ. դրական միտումները: Անցյալ տարի Հայաստանի ՀՆԱ-ն աճել էր 7,5%: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած կազմել է 10,6%: Անցյալ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատած աճել են տնտեսության բոլոր հիմնական ճյուղերը. շինարարությունըՙ 23%, ծառայությունների ոլորտըՙ 16,5%, առեւտուրըՙ 12,9%, արդյունաբերությունըՙ 8,2%, գյուղատնտեսությունըՙ 2,2% եւ էներգետիկայի համակարգըՙ 0,4%: 2018 թ. մարտին 2017 թ. մարտի համեմատությամբ տնտեսական ակտիվությունը աճել է 10,9%: Այս տարվա առաջին եռամսյակում բացարձակ մեծությամբ առաջատարը առեւտրի ոլորտն էՙ 1,2 մլրդ դոլար: 2-րդ տեղում է արդյունաբերությունըՙ 832 մլն. դոլար, 3-րդ տեղում ծառայությունների ոլորտըՙ 740,4 մլն դոլար, 4-րդ տեղումՙ գյուղատնտեսությունըՙ 166,9 մլն. դոլար, 5-րդ տեղում շինարարությունըՙ 92,5 մլն. դոլար:

2018 թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրատնտեսական շրջանառությունը կազմել է 1716,7 մլն. դոլար: Արտահանման ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 596 մլն. դոլար, ինչը 34,3% ավելի է 2017 թ. առաջին եռամսյակի ցուցանիշից: Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացել է 47,6%-ով: Նախորդ երկու տարիների ընթացքում Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ ուղղությամբ աճել է մոտ 50%-ով, ինչը հանդիսանում է երկրի մրցունակության կարեւորագույն գործոնը ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո: Հստակ ուրվագծվում է առաջնահերթ խնդիրՙ հետագա դիվերսիֆիկացիայի ենթարկել արտահանումը: Այստեղ միանշանակ իրատեսական է արտահանման ծավալները մինչեւ 3 մլրդ. դոլար ծավալի հասցնելը, օգտագործելով գլխավորապես ԵԱՏՄ-ի ընձեռող հնարավորությունները: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ պատրաստի արտադրանքի արտահանման ավելացումը տեղի է ունենում ԵԱՏՄ-ի ուղղությամբ (գլխավորապես Ռուսաստանի Դաշնություն): Եվրոպական Միության ուղղությամբ ճնշող մեծամասնություն է կազմում հումքի տարբեր տեսակների արտահանումը:

2018 թ. առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի արտահանման 25%-ը գնում է Ռուսաստան: Այս ցուցանիշով մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը վստահ առաջին տեղում է: Հայաստանից արտահանման գլխավոր ուղղությունների առաջին տասնյակը վերոհիշյալ ժամանակահատվածում ներկայանում է հետեւյալ կերպ. Շվեյցարիա (16,4%), Բուլղարիա (10,6%), Գերմանիա (6,3%), Իրաք(4,9%), Միացյալ Արաբական Էմիրություններ (4,9%), Նիդեռլանդներ (4,8%), Չինաստան (4,5%), Իրան (4,2%) եւ ԱՄՆ (3,2%):

Հարկ է նշել, որ դեպի Ռուսաստան արտահանման աճը առաջանցիկ տեմպերով է ընթանում: Արտահանման աճի մեջ առանցքային դերակատարություն ունի նրա կառուցվածքը: Այստեղ լրջորեն պետք է մտածել ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունների շրջանակներում դեպի անդամ այլ երկրներ արտահանումը մեծացնելու մասին: Եվրոպական միություն արտահանման գլխավոր ուղղություններն են գունավոր մետաղների խտանյութը, ալյումինի թիթեղը, ֆեռոձուլվածքները: 2018 թ. առաջին եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած արտահանումն ավելացել է 29,2%-ով: Շվեյցարիա, որը դարձավ մեր գլխավոր տնտեսական գործընկերը Եվրոպայում, արտահանվում են գլխավորապես թանկագին եւ կիսաթանկագին քարեր:

Ռուսաստանի դերը Հայաստանի տնտեսության համար շարունակում է մեծանալ

Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը ներդրումների ծավալով ԵԱՏՄ բոլոր երկրներում: Դեռ անցյալ տարվա վերջում պարզ դարձավ, որ 2018 թ. Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալու կայուն զարգացման ուղի: Ռուսական ներդրումները կազմում են Հայաստանի տնտեսության մեջ բոլոր ներդրումների մոտ 40%: Հարկ է սակայն ընդունել, որ պատժամիջոցների, նախկին տնտեսական հիմնախնդիրների եւ էներգակիրների գների տատանման պատճառով ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ փոխադարձ ներդրումների էական աճ դեռեւս չի արձանագրվել: Այնինչ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կոոպերացիայի համար չափազանց կարեւոր է փոխադարձ ներդրումների գործոնը, ինչը հանդիսանում է ԵԱՏՄ պայմանագրի կարեւորագույն դրույթներից մեկը: 2017 թ. զբոսաշրջությունը Հայաստանում աճել է 18,7%-ով: Անցյալ տարի Հայաստան է եկել մոտ 1,5 մլն. զբոսաշրջիկ: Պաշտոնական աղբյուրներում այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջության վերաբերյալ թվերը բացակայում են: Սակայն բոլոր հիմքերը կան պնդելու, որ տարին զբոսաշրջության առումով կարող է հաջող լինել: Անցյալ տարի ուղիղ դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 1,756 մլրդ. դոլար: Այդ ցուցանիշը նախորդ տարվա հետ համեմատած 14,6%-ով ավելի է: Տրանսֆերտների առումով առաջին տեղում է Ռուսաստանը (63%), երկրորդ տեղում է ԱՄՆ-ն (14%), երրորդ տեղում է Ուկրաինան (5,5%): Հարկ է նշել, որ անցյալ տարի ավելի քան 1 մլրդ. դոլար հոսել է Հայաստանից գլխավորապես ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ուղղություններով: Նախորդ 20 տարիներին կապիտալի արտահոսքը Հայաստանից կազմել է շուրջ 20 մլրդ. դոլար: 2018 թ. առաջին եռամսյակի թվերը ցույց են տալիս, որ ոչ միայն Հայաստան են մտնում գումարներ, գլխավորապես Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, այլ նաեւ հոսում են գումարներ դեպի ԱՄՆ եւ Ռուսաստան: Սա նշանակում է, որ հայաստանցիները մասնակցում են արտասահմանում հիմնականում փոքր եւ միջին ներդրումներին:

Հայաստանցի արտագնա աշխատողների համար Ռուսաստանը շարունակում է մնալ ամենագրավիչ երկիրը: Նույնիսկ ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանից զգալի դրամի արտահոսք կա, պարզ է, որ 2017 թ. մուտքերի եւ ելքերի տարբերությունը կազմել է ավելի քան 720 մլն. դոլար: Սա ուղիղ մասնակցություն է Հայաստանի տնտեսության կենսունակությանը:

Որոշ կանխատեսումներ կիսամյակի եւ տարվա համար

Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետներն ընդգծում են, որ առաջին եռամսյակի ուսումնասիրված ցուցանիշները հիմք են տալիս ասելու, որ առկա են թե՛ շարունակական տնտեսական աճի օգտին արվող դատողություններ, թե՛ բացասական միտումներ տնտեսական աճի տեմպերի նվազման վերաբերյալ: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ Հայաստանի ՀՆԱ-ն 2018 թ. կարող է աճել 3,8%-ով: Հայաստանի կառավարությունը այս տարվա բյուջեի մեջ դրել է տնտեսական աճի 4,5 ցուցանիշը: Անցյալ տարվա սեպտեմբերին մենք կանխատեսել էինք ՀՆԱ-ի աճ 5%-ից ավել չափով եւ, ինչպես պարզվեց, մեր կանխատեսումներն իրականացան: Այս տարվա համար անել կանխատեսումներ մեկ եռամսյակի տվյալներով հարմար չենք գտնում: Սակայն կան որոշ բաներ, որոնք անելու պարագայում լուրջ հիմքեր կդնեն տնտեսության բուռն զարգացման համար:

Առաջին եռամսյակի ցուցանիշները ուսումնասիրելիս հարկ է նկատի ունենալ, որ այդ ամենը տեղի է ունեցել նախքան համաժողովրդական բողոքի ալիքը, իշխանափոխությունը եւ նոր գործադիր իշխանության ձեւավորումը: Առաջանում է հարց. ի՞նչ կանի Հայաստանի նոր կառավարությունը, ձգտելով ապահովել նոր ներդրումներ տնտեսական աճի առկա տեմպերը չթուլացնելու մղումով: Առաջինըՙ պայքարն է կոռուպցիայի դեմ, նախկինում թույլ տրված չարաշահումների, բյուջեի եւ արտաբյուջետային միջոցների հափշտակումների, չարդարացված ծախսերի դեմ: Իմանալով, որ Համաշխարհային բանկը 2018 թ. համար կանխատեսել է տնտեսապես զարգացած երկրներից դեպի զարգացող տնտեսություններ հոսող միջոցների էական նվազում, մենք ուղղակի պարտավոր ենք գործարկել մեր պոտենցիալ ոչ այնքան մեծ, բայց մեզ համար թանկարժեք հնարավորությունները: Հետաքրքրական է իմանալ, թե ի՞նչ է մտածում Հայաստանի կառավարությունը նախկինում օֆշորներ եւ արեւմտյան բանկեր տեղափոխված հայաստանյան ծագում ունեցող գումարների համար ամնիստիա (համաներում) հայտարարելու եւ այդ գումարների գոնե մի մասը դեպի Հայաստանի տնտեսություն ուղղելու մասին: Ռուսաստանի փորձը այստեղ կարելի է հաշվի առնել: Նախագահ Պուտինը խոստացավ ներում շնորհել դեպի արտասահման փախցրած գումարներին, եւ ահա ռուս դրամատերերը սկսեցին առաջանցիկ տեմպերով անշարժ գույք եւ հող գնել Ռուսաստանում: Իհարկե, այնտեղ էլ դեռ սպասում են Արեւմուտք հեռացած 2 տրիլիոն դոլարի գոնե մի մասի վերադարձին:

Մյուս խոշոր աղբյուրըՙ սփյուռքահայ գործարարներն են: Ուղղակի անհրաժեշտ է Հայաստանի տնտեսսւթյունը գրավիչ դարձնել նրանց համար: Նրանք սպասում են գործնական քայլերի տնտեսության մեջ ստվերը նվազեցնելու, կլանայնությունը եւ հովանավորչությունը սահմանափակելու ուղղությամբ: Ուղղակի հրամայական է բացառել խոսակցություններն այն մասին, որ եթե այսինչ ոլորտը հայաստանցիներդ համարում եք հեռանկարային, ապա ինչո՞ւ ձեր խոշոր դրամատերերը այդ ներդրումներին չեն մասնակցում: Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսը պետք է համոզված լինի, որ երկրի իշխանության նպատակը ոչ թե իրեն ճնշած պահելն է, այլ որպես լուրջ գործընկեր նկատի ունենալը: Միանգամայն նորմալ է, որ հայկական գումարները սկսել են ներդրումներ դառնալ Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու եվրոպական մյուս երկրներում: Դա մեր գործարարների իրավունքն է. այստեղ վարչական սահմանափակումներ չեն կարող լինել: Բայց ճիշտ է եւ այն հանգամանքը, որ օրեցօր հզորացող ռուսական կապիտալը, այդ թվում է ունեւոր ռուսահայերը փնտրում են հնարավորություններ առկա արգելամիջոցների ու սահմանափակումների պայմաններում հաջող ներդրումներ կատարելու համար: Սա ուղղակիորեն մեզ է վերաբերում: Էլ չասած հարուստ Արեւմուտքի հայերը, որոնք նույնպես սիրում են իրենց հայրենիք Հայաստանը եւ երազում են այն մի օր չարաշահողներից, կաշառակերներից ու թալանչիներից ազատ տեսնել: Այդ հնարավորությունը նրանց համար վերջապես պետք է ստեղծել:

2018 թ. առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշները լավատեսություն են ներշնչում: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տնտեսությունները վերելքի ճանապարհին են եւ, կանխատեսվում է, որ այդ միտումը կպահպանվի նաեւ հաջորդ տարի: Մյուս կողմից, Հայաստանի վերջին անարյուն քաղաքական փոփոխությունները հուսադրում են, որ քաղաքական ելեւէջները չեն վատացնի մեր տնտեսական վիճակը: Հայաստանի քաղաքական ուժերին հարկավոր է այնպիսի երկխոսության եւ համագործակցության ոլորտ, որի պայմաններում հայ գործարարները չեն երազի իրենց ունեցվածքը արտասահման տեղափոխելու մասին, իսկ մյուս կողմից կկարողանան հայրենիքում ներդնել իրենց հնարավորություններն այնպես, որ դա չհակասի ժողովրդի բացարձակ մեծամասնության շահերին եւ սպասելիքին: Եթե գտնվեն այդպիսի իմաստուն լուծումներ, ապա քայլ առ քայլ մենք կմոտենանք մեր հավաքական երազանքի իրականացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ