RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018



Տեղադրվել է` 2018-06-05 16:46:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 5015, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՌԼԻՆՈՒՄ ԱՐԵՎ ԷՐ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին

Հայոց առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված 4 միջոցառում անցկացվեց Գերմանիայումՙ մայիսի 19-ին եւ 26-ին Բեռլինում գործող հայկական երկու համայնքների կազմակերպությամբ, այնուհետ Մայնի Ֆրանկֆուրտում մայիսի 27-ին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, առաջնորդարանի եւ դեսպանության հրավիրած հանդիսավոր երաժշտական երեկոն տոնական տրամադրություն փոխանցեց, իսկ մայիսի 28-ին երկրի մայրաքաղաքում, Բրանդենբուրգ երկրամասի ներկայացուցչության սրահում ժամը 12.30-ից 14.30-ը Բեռլինում ՀՀ դեսպանության հրավիրած ընդունելությունը կայացավ: Այն ներկայությամբ պատվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոահիմ Գաուքը, Բունդեսթագի փոխնախագահ Ձախ կուսակցության ներկայացուցիչ Փետրա Փաուն, ԳԴՀ արտգործնախարարության աշխատակիցներ, տարբեր երկրների դեսպաններ, այդ թվումՙ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իրաքի, Վրաստանի, Կիպրոսի, Էլ Սալվադորի, Խորվաթիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Չեխիայի, Լիտվայի, Էստոնիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի, Կենտրոնական Ասիայի եւ այլ երկրների դեսպանները: Ներկա էին Գերմանահայոց առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանըՙ երկրի Հյուսիսային եւ Հարավային շրջանների հոգեւոր հովիվների ուղեկցությամբ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արեւային եղանակն արդեն տոնականության իր շրջանակը տրամադրել էր, ու նրա մեջ խիստ ներդաշնակ սկսեց տեղավորվել հայ երկուՙ հասակակից երաժիշտներիՙ թավջութակահար Հայկ Սուքիասյանի, դաշնակահար Ժորա Սարգսյանիՙ Ռախմանինովի խիստ հուզական հնչյունը:

1994-ին Երեւանում ծնված, նախնական կրթությունը այնտեղ ստանալուց հետո, գերմանական տարբեր քաղաքների մասնագիտական հաստատություններում ուսումնառություն ստացած երկու երաժիշտներն ասես ռուս կոմպոզիտորի շնչառությամբ փոխանցեցին 20-րդ դարասկզբի ողջ ողբերգականությունը եւ միաժամանակՙ անհատիՙ դրա տակ չճզմվելու, ոգեղենությանն ապավինելով փրկվելու պատմությունը: Դահլիճի աջ անկյունում մեծ դիտապաստառին CNN-ի ֆիլմն էր պատմում Հայաստանի մասին, նրա անձայն տեսաշարն այնուհետ ձայնավորվեց ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի օրվան պատշաճող հակիրճ ելույթով, որ շարադրում էր ցեղասպանությունից փրկված ժողովրդի Սարդարապատում տարած հաղթանակի կարեւորությունը, այնուհետ ներկայացնում դրանից հետո պետականության պատմությունը, շեշտադրելով 1991-ից անկախությունը վերակերտած Հայաստանի ժողովրդավարացման կարեւոր հաստատումըՙ տարածաշրջանի համար օրինակելի թավշյա հեղափոխությունը:

Ամբիոնին մոտեցած ԳԴՀ արտգործնախարարության փորձառու աշխատակից Անդրեաս Պեշկեն, որ մեր տոնին ներկայացել էր վառ կարմիր փողկապով, իր ելույթը սկսեց հենց այդ վերջին բարձրակետից: Չենք կարող անշուշտ պնդել, թե հայերիս համար 100- ամյակի լավագույն նվերը դարձած հայոց ժողովրդավարության այս հաղթանակը, դրա հիշատակմամբ սկսվող գերմանացիների ելույթն իրականում մեզ ոգեւորելու հետ իրենց համար մի տեսակ փախուստ չի դառնում Առաջին աշխարհամարտի անփառունակ պատմությունը վերաշարադրելուց: Նախկինում նույն գերատեսչության Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հանձնակատար, այժմ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալն անշուշտ խոսեց նաեւ ՀՀ առաջին հանրապետության ստեղծման շրջանին նախորդած ու հաջորդած պատմական իրադարձությունների մասին, շարադրեց 1991- ի անկախությունից ի վեր դիվանագիտական հարաբերություններ հաստատած Հայաստանի եւ Գերմանիայի գործընկերային, միջպետական, տնտեսական վստահելի հարաբերությունների մասինՙ ծանրանալով դրանց թվային, առարկայական նկարագրության մանրամասն տեղեկատվության վրա: Նա վերահաստատեց, որ ԳԴՀ կառավարությունը սատարում է ԼՂՀ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին, ինչպես նաեւՙ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտության ձեւավորմանը: Ինչ էլ ասվեր ամբիոնից, իմ փնտրած բառաշերտը չէր լինելու, քանզի տարիների հետ առավել սիրելի դարձող գերմաներեն լեզուն այդ օրը թերեւս մեր պատմության ողբերգության «մեղսակցի» լեզուն էր մնում, ոգեղենության թեւեր չէր տալիս իմ ներսում տոնական, հաղթական այն տրամադրությանը, որ անկախության սերնդի հայրենակից երաժիշտներն էին ոգելով փոխանցելՙ կատարելով Ալեքսանդր Հարությունյանի վերելք խորհրդանշող երաժշտությունը: Խորհրդային Հայաստանում ուսումնառած մեծ կոմպոզիտորի ստեղծագործական սխրանքը բեռլինյան քաղաքական այս հարթակում ավելի է ընդգծումՙ արվեստի իսկական գործն անվախճան հաղթանակ է, իսկ հաջողված մեկնաբանությունըՙ կատարողների մասնագիտական որակի աներկբա վկայություն: Փառք մեր երաժիշտներին:

Սրահում ելույթներն ավարտ գտան: Դրսում հյուրասիրության գլխավոր բաղադրիչ հայկական խոհանոցն էր սպասում, որ վառ արեւի տակ իր գույնն ընդգծել էր այնպես, ասես հայ նկարչի վրձնի գործ է: Նկատել եմՙ գերմանացիները առանձնահատուկ սիրով են համտեսում մեր ճաշատեսակները: ԳԴՀ նախկին նախագահ Յոահիմ Գաուքը, որ Փետրա Փաուի հետ նույն սեղանի մոտ է կանգնել, ճաշը սկսելու հնարավորություն չունի: Չի մերժում հայ համայնքի ներկայացուցիչներիՙ իր հետ լուսանկարվելու խնդրանքը: Ես հասկանում եմ ինձ համար սիրելի մտավորականի այդ մարդկային քայլը, ընկալում նաեւ մեր համայնքայինների ուրախություն- երջանկությունը, բայց ես նրա լուսանկարը չէ, Ցեղասպանություն բառի տաբուն 2015-ին փշրած նախագահի խո՛սքն եմ փնտրում այդ օրը: Մի գերմանացի պետական գործչի, որ ինչպես վկայեց նաեւ գերմանական մամուլը, մնաց ԳԴՀ- ի եւ ՀՀ պատմության էջերում: Այսօր հարցերի չեմ պատասխանում, որեւէ statement չեմ անելու, ասաց Յոահիմ Գաուքը , երբ ես դանակ- պատառաքաղը հազիվ վերցրած նախկին նախագահին սիրաշահեցիՙ «Ձեր անունն անքակտելի կապված է հայ ժողովրդի պատմությանն այլեւս»: Հարցիս պատասխանելու պատրաստակամություն չհայտնեց նաեւ Բունդեսթագի փոխնախագահ Ձախ կուսակցության ներկայացուցիչ Փաուն: Միգուցե ճաշը խանգարելն իրոք անքաղաքավարություն է, բայց մեղավորիս այնպես է թվում, թե ինչ հայացքներ էլ դավանեն, հաղթանակած, Եվրոպայի շարժիչ դարձած գերմանացու համար անշուշտ ծանր է վերհիշել սեփական պատմությունը կամՙ պարտությունը: Այն լռել է տալիս նույնիսկ այն ժամանակ, երբ խոսում ես:

Հ. Գ. Գերմանական «Վելթ» թերթը մայիսի 29- ին անդրադարձել էր հայոց առաջին հանրապետությանըՙ մանրամասն վերլուծելով այնՙ առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական շահերն ու բախումները նկարագրելով: Տեղի սղության պատճառով չենք կարող ներկայացնել Բերթհոլդ Զեեվալդի հեղինակած հոդվածը, հուսալով, թե այն, ինչպես նաեւ հոդվածին կից լուսանկարները անտես չեն մնա հայ պատմաբան- քաղաքագետների ուշադրությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ