RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



ՀՈԲԵԼՅԱՆ

Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2483, Տպվել է` 171, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Յուրի Սուվարյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

Լրացավ հայ նշանավոր գիտնական, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանի 75 տարին:

Յու.Սուվարյանը քաջածանոթ անուն է Հայաստանի գիտական հասարակայնությանը, հատկապես բուհական մտավորականությանը, ինչպես եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շրջանակներին: Հիրավի` զարմանալի, բովանդակալից եւ արգասաբեր կյանքով է ապրում ակադեմիկոս Յու. Սուվարյանը, կարողանում է համատեղել գիտական եւ մանկավարժական լարված աշխատանքը վարչականի հետ, բեղուն գրչով կյանքի կոչում մեկը մյուսից խոր եւ արժեքավոր հետազոտություններ, նպաստում բազմաթիվ ասպիրանտների ու հայցորդների գիտական աճին, խորհրդատվություն իրականացնում ինչպես ՀՀ պետական զանազան մարմինների, այնպես էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների համար:

Յու. Սուվարյանը ծնվել է 1943թ. ԼՂՀ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում, 1965թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան: 1970թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1983թ.` դոկտորական ատենախոսություն: 1987-1994թթ. պրոֆեսոր Սուվարյանը, որպես Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ինչպես նաեւ տնտեսագիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահի տեղակալ, ապա նաեւ` նախագահ, մեծապես նպաստել է բուհում գիտահետազոտական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: 2006թ. դառնալով հարազատ բուհի ռեկտոր` Յու. Սուվարյանը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ կրթահամակարգի բովանդակային եւ կառուցվածքային արմատական վերափոխումների` համահունչ միջազգային պահանջներին: Նրա ղեկավարության շրջանում տնտեսագիտական համալսարանն անցավ հանրապետության օրինակելի բուհերի առաջին շարքը: 2006թ. Յու. Սուվարյանն ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2010թ.` իսկական անդամ, 2011թ.` ընտրվել ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: Բարեխղճորեն կատարելով իր պարտականություններն այդ պաշտոնում` նա որոշակի ավանդ է ներդրել «Հայագիտության զարգացման հայեցակարգի» եւ «2012-2025թթ. հայագիտության զարգացման ռազմավարության» մշակման, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի ստեղծման գործում:

Յու.Սուվարյան քաղաքացու կերպարը հասկանալու համար կարեւոր է նշել նաեւ 1991-1992թթ. նրա աշխատանքը որպես ՀՀ վարչապետի խորհրդական (համատեղության կարգով): Երկրի տնտեսության համար օրհասական այդ պայմաններում առավելագույնս պիտանի եղան Յու. Սուվարյանի համակարգային մտածելակերպը, արագ կողմնորոշվելու եւ վճռելու փորձը, տնտեսական եւ սոցիալական հիմնախնդիրների ներքին կապն զգալու ու դրանք համադրված լուծելու կարողությունը: 1994 թվականից Յու. Սուվարյանը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչն է: Նրա ջանքերով ամբիոնը վերածվել է գիտամանկավարժական հզոր կենտրոնի: Պատկառելի է հենց իր` ակադեմիկոս Սուվարյանի գիտական հրատարակությունների ցանկը. շուրջ 270 աշխատություն, որից 40-ը մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ: Նրա գիտահետազոտական աշխատանքի կարեւորագույն արդյունքներից են արտադրության արդյունավետության եւ ամբողջական աշխատանքի արտադրողականության գնահատման ու կառավարման նոր մեթոդաբանության մշակումը, գիտության կառավարման կարեւորագույն հիմնախնդիրների նոր լուծումների, հանրային կառավարման տեսության յուրօրինակ հայեցակարգի հիմնավորումը, ՀՀ վարչատարածքային նոր բաժանման եւ տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգի մշակումը, հայ կառավարչական մտքի զարգացման ընթացքի եւ միտումների բնութագրությունը, հանրապետության տնտեսական զարգացման վրա կրթության եւ գիտության ներազդեցության գնահատումը, գիտակրթական համակարգի կառավարման նոր հայեցակարգի առաջադրումը:

Յու. Սուվարյանի ղեկավարությամբ ու խմբագրմամբ լույս է տեսել «Մենեջմենթ» ` հայերեն բուհական առաջին դասագիրքը (1999, 2002, 2009, 2016), որը եղավ վերջին շրջանի հայ տեսական-մանկավարժական մտքի նվաճումներից մեկը: Բուհական ուսուցման համակարգի արդիականացման մեջ պրոֆեսոր Յու. Սուվարյանի եւ նրա համախոհների ծանրակշիռ ներդրումը եղան «Ձեռնարկության արդյունավետ կառավարում» եւ «Ծառայությունների ոլորտի արդյունավետ կառավարում» էլեկտրոնային համակարգչային գործարար խաղերի մշակումն ու ներդրումը: Ակադեմիկոս Յու. Սուվարյանի գիտական ղեկավարությամբ մշակվել են մի շարք գործնական ուղղվածության ծրագրեր, մասնավորապես` ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (1994 թ.), ՀՀ երկաթուղային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը (1998 թ.), որոնք ընդունվել են հանրապետության գործադիր իշխանությունների կողմից եւ իրագործվել: Դժվար է գերագնահատել Յու. Սուվարյանի դերը տնտեսագիտական բարձրորակ կադրերի, գիտական հերթափոխի պատրաստման ասպարեզում: Անցած տարիներին նրա ղեկավարությամբ տնտեսագիտության թեկնածուի եւ դոկտորի աստիճան են ստացել բազմաթիվ ասպիրանտներ ու հայցորդներ: Ակադեմիկոս Յու. Սուվարյանի մասնագիտական բարձր կարողությունները, գիտամանկավարժական վաստակը գնահատված են «Անանիա Շիրակացի» (2000), ԼՂՀ «Մայրական երախտագիտության» (2007), «Վաչագան Բարեպաշտ» (2013), Միջազգային փիլիսոփայական ակադեմիայի «Դավիթ Անհաղթ» (2010), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի (2011) մեդալներով եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ (2017) աստիճանի շքանշանով: 2014-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչման: Նա «Հանրային կառավարում», «Հայաստան. ֆինանսներ եւ էկոնոմիկա», «Բանբեր հայագիտության» եւ այլ հայրենական ու միջազգային գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է, ՀՊՏՀ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է, Դոնի Ռոստովի պետական տնտեսագիտական, Արցախի պետական եւ այլ համալսարանների պատվավոր պրոֆեսոր: Իր հարուստ փորձը Յու. Սուվարյանը տրամադրել է նաեւ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնների կայացմանը: Այժմ 75-ամյա մեր գործընկերը լի է եռանդով, նոր գաղափարներով ու ծրագրերով: Մաղթում ենք քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ