RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 4073, Տպվել է` 374, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Արդեն 100 տարուց ի վեր, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից ասդին, հայկական պետությունը իրեն անջատ է հռչակել եկեղեցուց, սակայն առանձնահատուկ հարաբերություններ է պահպանել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, մեկնելով այն իրականությունից, որ Հայ եկեղեցին, ի գլուխ ունենալով Մայր աթոռ Սբ. Էջմիածինը, հանդիսանում է ազգային եկեղեցի, եւ, հետեւաբար, ազգի աշխարհիկ-քաղաքական իշխանությունը չէր կարող եւ չի կարող իրեն անջատ պահել նույն ազգի հոգեւոր իշխանությունից: Առավել եւսՙ երբ Հայ եկեղեցու իշխանությունը տարածված է եղել, եւ է՛, Հայաստանի Հանրապետության սահմաններից անդինՙ ընդգրկելով գրեթե ողջ հայաշխարհը:

Զուգահեռաբար, իր հերթին, Հայ եկեղեցին միշտ ձգտել է սերտ համագործակցության մեջ լինել հայկական պետության հետ եւ, վերջինիս չգոյության պարագաներում, ինքն է ստանձնել պետականության որոշ պարտականություններ, ընդհուպՙ նպաստել դրա վերականգմանը:

Մասնագիտական պատրաստություն չունեմ պատմական էքսկուրսներ կատարելու դեպի դարերի խորքը, սակայն որպես մեր ժողովրդի պատմության ընթերցող միշտ հիացումով դիտարկել եմ, որ այն օրից, երբ Տրդատ Գ հայոց արքան, ըստ մեզ հասած ավանդապատումի, որոշել է հենց իր աչքի դիմաց, Վաղարշապատ մայրաքաղաքի իր պալատի դեմ հանդիման կառուցել Ս. Էջմիածնի մայր տաճարը, ա՛յդ օրվանից Հայոց պետականություն ու Հայ եկեղեցի սերտորեն համագործակցել են միմյանց հետ, որոշակի ընդհատումներով ու տարակարծություններով հանդերձ, եւ Մայր աթոռը միշտ տեղաշարժվել է դեպի այնտեղ, որտեղ տեղափոխվել է Հայոց պետականության կենտրոնըՙ մայրաքաղաքըՙ Դվին, Անի, Կիլիկիա, ապա, 1441-ինՙ Կիլիկյան թագավորության անկումից հետոՙ նորից հետՙ Ս. էջմիածին: Հատկանշական է, որ նույնիսկ սովետական հակակրոնական եւ հակաեկեղեցական պայքարի դաժանագույն տարիներին, որոնց ընթացքում Հայ եկեղեցին Հայաստանում շուրջ 300 զոհ տվեցՙ գլխավորությամբ կաթողիկոսի, Մայր աթոռը անխախտ եւ անսասան մնաց իր տեղում, հակառակ փաստին, որ սառը պատերազմի պայմաններում Արեւմուտքը, իրեն գործակից դարձնելով հայկական կազմակերպություններից մեկինՙ կատաղի արշավ ձեռնարկեց սովետական երկրում գտնվող Մայր աթոռը եթե ոչ արտասահման տեղափոխելու, ապա Անթիլիասի կաթողիկոսությունը հակաթոռ դարձնելու եւ վերջինիս շուրջ համախմբելու ողջ սփյուռքահայությանը: Բարեբախտաբար դա չհաջողվեց ոչ միայն ավանդական մյուս կազմակերպությունների, այլեւ Ս. Էջմիածինը որպես հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն ընդունող սփյուռքահայ անկուսակցական, բայց հայրենասեր զանգվածների ջանքերով:

Հայ եկեղեցին հայոց անկախ պետականությանՙ 3-րդ հանրապետության հիմնադրման գործում, Վազգեն Ա երջանկահիշատակ հայրապետի գլխավորությամբ, կարեւորագույն դեր կատարեց: Բավական է նշել միայն այն փաստը, որ Վազգեն Ա հայրապետը շվեյցարական բանկերից մեկում իր անձնական հաշվեհամարում եղած գրեթե ողջ գումարըՙ շուրջ 7 միլիոն դոլար, նվիրեց նորանկախ պետությանը եւ այդպիսով Մայր աթոռը հանդիսացավ 3-րդ հանրապետության առաջին խոշոր նվիրատուն:

Հետագա տարիների անցքերին եւ իրադարձություններին չեմ ցանկանում անդրադառնալ-դրանք դեռեւս թարմ են ժամանակակիցների մտքում: Բայց ուզում եմ ընդգծել, որ անցնող 3 տասնամյակների ընթացքում, հակառակ բոլոր ակնկալություններին եւ նույնիսկ ՀՀ Սահմանադրության տրամադրություններին, հաջորդական 3 նախագահները երբեմն ճնշել եւ ավելի հաճախ փորձել են թեւարկման տակ վերցնել Մայր աթոռը եւ նրա գահակալին: Առաջին նախագահը ամենակոշտ միջամտությունն է կատարել, երբ Հայ եկեղեցու Ազգային-եկեղեցական ընդհանուր ժողովին պարտադրել է Գարեգին Բ (նույնհետայնՙ Գարեգին Ա) կաթողիկոսի թեկնածությունը: Երկրորդ միջամտությունը, թեեւ ոչ համանման պայմաններում, կատարել է սպարապետ Վազգեն Սարգսյանըՙ հօգուտ ներկա կաթողիկոսիՙ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի: Իսկ 2-րդ եւ 3-րդ նախագահները, արտաքնապես խիստ հարգալիր դեպի Մայր աթոռն ու նրա գահակալըՙ հատկապես ծիսակարգային հարցերում, երբեմն անտեսել եւ ավելի հաճախ շքախմբային պատկերի մեջ են ներկայացրել նրան, չխորշելով անգամ, հատկապես վերջին տարիներին, համարժեք վերաբերում ցույց տալ Անթիլիասի գահակալին եւ բնավ չառարկել նրա երկիշխանական նկրտումներին, ինչը, նույնպես, պետական կոպիտ միջամտումն է Հայ եկեղեցու դարավոր կանոնների:

Ժամանակն է, հատկապես վերաճշտումների այս օրերին, ՀՀ Սահմանադրության համաձայն օրինակարգել Պետություն-Եկեղեցի հարաբերությունները, հանձնառու լինել միմյանց գործերին չմիջամտելու, հստակեցնել համազգային նշանակության հարցերում համագործակցության ոլորտներն ու ձեւերը եւ, առաջին հերթին, ստորագրել պրոտոկոլՙ այնտեղ ընդգրկելով նաեւ հասարակական, կրթական, մշակութային եւ արարողակարգային բոլոր խնդիրները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ