RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1951, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, տեխնիկական գիտությունների թեկնածու

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետության ծննունդը: Այն տեւեց մինչեւ 1920 թվականը:

Ստորեւ ներկայացնում եմ Երեւանի էներգետիկայի վիճակը Առաջին հանրապետության տարիներին: Հիշեցնենք, որ Երեւանում 1913 թվականին գոյություն ուներ 3 էլեկտրակայան, որոնք աշխատում էին ջրի ուժով:

Երեւանի «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 1907 թվականին: Կայանում սկզբնական շրջանում տեղադրվել են երկու «Ֆրենսիս» տեսակի հորիզոնական հիդրոտուրբին, որոնցից առաջինն ուներ 150 կՎտ հզորություն, 230 Վ լարում, 600 պտ/րոպ պտուտաթվերով, «Վոլտա» գործարանի եռաֆազ հոսանքի գեներատոր, իսկ մյուսըՙ 25 կՎտ հզորությամբ, 230 Վ լարման հաստատուն հոսանքի երկու գեներատոր:

Մի քանի տարի հետո մեքենայական սրահից դուրս տեղադրվել է եւս մեկ հիդրոտուրբին, որն ուներ մեկ աշխատանքային անիվ: Այն ժապավենային փոխանցումով միացվել է հիմնական տուրբինի գեներատորի հետ: Այս հիդրոտուրբինը փաստորեն համարվել է այսպես ասած պաշարային եւ օգտագործվել է միայն վթարային դեպքում, քանի որ հնարավոր չի եղել ապահովել նրա աշխատանքի համար անհրաժեշտ ջրի քանակ:

Կայանի ջրի մատակարարման համար օգտագործվել է գոյություն ունեցող բաց ջրանցքը, որը կառուցվել է ջրաղացի համար, ինչպես գրել էինք նախապես: Ջրի կորուստները փոքրացնելու նպատակով 1500 մետր երկարությամբ ջրանցքը վերանորոգվել է: Զանգու (Հրազդան) գետից ջրի առումը իրականացվել է հասարակ ամբարտակի (պատնեշի) միջոցով:

Կայանի օգտակար էջքը կազմում էր 13 մետր: Այն նախատեսվել է Երեւան քաղաքին էլեկտրական էներգիայով մատակարարելու համար: Արտադրված էլեկտրական էներգիան կայանում տեղադրված 200 կՎԱ հզորության եւ 230/6000Վ լարման բարձրացնող տրանսֆորմատորների միջոցով օդային գծերով հաղորդվել է քաղաքին, որտեղ ձեւափոխվել է 230 Վ լարման: 230 Վ լարման հաստատուն հոսանքը տրվում էր քաղաքին հիմնականում փողոցային լուսավորության համար, ինչպես նաեւ կայանի մոտ գտնվող սպառողներին:

Կայանի արդյունաբերական բեռնվածությունը կազմում էր հինգ էլեկտրաշարժիչ, յուրաքանչյուրը 7.5 կՎտ հզորությամբ, որոնք նախատեսված էին սեզոնային աշխատող բամբակ մշակող հաստոցների, 5 կՎտ հզորությամբ մեկ էլեկտրաշարժիչ մեխանիկական վերանորոգման արտադրամասի եւ 4 էլեկտրաշարժիչ 8 կՎտ գումարային հզորությամբ պահածոների գործարանների եւ մի շարք այլ փոքր արհեստանոցների համար:

Արդյունաբերական սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարումը իրականացվում էր երեկոյան պիկային ժամերից հետո:

Տարեկան արտադրված 375 հազար կՎտ.ժամ էլեկտրական էներգիայի մոտ 20 տոկոսը օգտագործվում էր արդյունաբերության, մնացածըՙ կոմունալ-կենցաղային նպատակների համար: Երեւան քաղաքի փողոցների ամբողջ լուսավորությունը սահմանափակված էր 24 լապտերներով եւ 50 Վատտանոց 150 լամպերով:

1926 թվականին ԵրՀԷԿ-ի շահագործումից հետո «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը ենթարկվել է ապամոնտաժման:

Առաջին հանրապետության տարիներին «Ամպեր» էլեկտրակայանի շուրջ վեճերը մեծանում են եւ նրա սեփականատեր Կիրակոսյանի եւ քաղաքային վարչության միջեւ առաջանում են մեծ տարաձայնություններ, որոնց պատճառով տեղի են ունենում «Կիրակոսյան նոր խավարումներ»:

Գաբրիել եղբայների հիդրոէլեկտրակայանը այդ տարիներին չի գործել: «Շուստով եւ որդիներ» ընկերության հԷԿ-ն աշխատել է չնչին չափով: Հիմնական էլեկտրակայանը եղել է Կիրակոսյանի կայանը եւ տարբեր պատճառաբանություներով աշխատել է անկանոն: Հիդրոագրեգատները աշխատում էին խափանումներով, պահեստամասեր չկային: Կայանի սեփականատերը փորձում էր թանկ վաճառել արտադրանքը:

Էլեկտրակայաններում աշխատելու համար մարդկանց ընտրում էին նկատի ունենալով նրանց ծանոթ լինելը փականագործության եւ հարակից մասնագիտությունների հետ: Հայաստանում չկային ոչ բարձրագույն, ոչ էլ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, նույնիսկ ուսումնարաններ, որպեսզի կադրեր պատրաստեին էլեկտրակայաններում աշխատելու համար: Էլեկտրակայանների մեծ մասում հերթափոխի ընթացքում աշխատում էր մեկ մարդ: Նա կատարում էր ե՛ւ հերթափոխի մեքենավարի, ե՛ւ էլեկտրիկի պարտականությունները: Այդ տարիներին շահագործման անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գիտելիքները դեռեւս գտնվում էին շատ ցածր մակարդակի վրա: Դրա պատճառով էլ հաճախ տեղի էին ունենում վթարներ, ինչի հետեւանքով հոսանքահարվում էին աշխատողները եւ շարքից դուրս էին գալիս էներգետիկական սարքավորումները:

Հայաստանում 1919 թվականին արտադրվել է մինչեւ 2 միլիոն կՎտ.ժամ, իսկ 1920 թվականինՙ մինչեւ մեկ միլիոն կՎտ.ժամ էլեկտրական էներգիա: 1920 թվականին Հայաստանի էլեկտրակայաններում աշխատող մարդկանց թիվը չի գերազանցել 65-ը: Այդ թվականին յուրաքանչյուր բնակչին ընկնում էր ընդամենը 3.2 կՎտ.ժամ էլեկտրական էներգիա:

Նկար 1. Էլեկտրական լամպ փայտե սյուների վրա, Երեւան, Արամի փողոց, 1920 թվական

Նկար 2. «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանի ընդհանուր տեսքը (գծանկար)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ