RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Մեր նախորդ հրապարակման մեջ (տես «Ազգ», 20.04.2018) ներկայացրել էինք Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ողջ ընթացքում ՀՅ Դաշնակցությունից հետո ամենահզոր քաղաքական կուսակցության կենտրոնական կոմիտեի Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի համառոտ պատմությունը: Ինչպես եւ խոստացել էինք, այժմ էլ ներկայացնում ենք ՀԺԿ-ի մյուս կարեւորագույն պարբերականի պատմության համառոտ տարբերակը:

Հայ Ժողովրդական կուսակցության Երեւանի կոմիտեի «Ժողուուրդ» պաշտոնաթերթը «Կեանք եւ ազատություն» ենթախորագրով սկսել է լույս տեսնել 1918 թ. օգոստոսի 1-ից` սկզբում որպես եռօրյա, ապա` երկօրյա, վերջումՙ օրաթերթ (1): Թերթն ստորագրվում էր «խմբագրական կոլլեգիա»: Խմբագրակազմի անդամներն էին ժամանակի նշանավոր մտավորականներ Երվանդ Հարությունյանը, Հովհաննես Ստեփանյանը եւ Տիգրան Հախումյանը: Պարբերականի առաջին համարում ՀԺԿ-ի Երեւանի «ճիւղի» օրգանի անդրանիկ խմբագրականում պարզաբանվում էր ընթերցողներին, որ «կարիք չկայ մի առ մի բացատրելու մեր լրագրի ուղղությունը եւ տակտիկան», քանզի այն փաստը, որ թերթը Հայ Ժող. Կուսակցության օրգանն է, արդեն ամեն ինչ հստակ է:

Թերթի խմբագրակազմի կարծիքով «Ժողովուրդը» պետք է նպաստեր խաղաղ, օրենսդրական ճանապարհով իրագործելու այն հասարակարգը, որ «գծագրւել է կուսակցութեան ծրագրումՙ քաղաքական, քաղաքացիական, օրէնսդրական, ֆինանսական, բանուորական, կրօնական, լուսաւորութեան եւ այլ հարցերի վերաբերմամբ» (2): Թերթը նաեւ կոչված էր պաշտպանելու այլ երկրներում բնակվող հայության շահերն իբրեւ փոքրամասնությունների եւ նույն կերպ նախանձախնդիր էր լինելու Հայաստանում բնակվող փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության սկզբունքին:

«Ժողովուրդի» կոչումն էր լինելու ինչպես կուսակցության կենտրոնական մարմինների, այնպես էլ տեղական մասնաճյուղերի գործունեության լուսաբանումը: Կուսակցության հիմնադիրները նախապես էին որոշել Երեւանում սեփական թերթ ունենալ: Երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը եւ Երեւանը դարձավ նրա մայրաքաղաքն ու Հայաստանի խորհրդարանի ու կառավարության նստատեղին, այսինքն` այնտեղ կենտրոնացավ հայկական քաղաքական կյանքը, կուսակցությունը, գիտակցելով, թե ինչ կարեւոր դեր է վերապահված իրեն քաղաքական կյանքում` անմիջապես ձեռնարկեց այդ գործը: Հաղթահարելով տեխնիկական որոշ դժվարություններ եւ «կանգ չառնելով նիւթական զոհաբերությունների առաջ, որպէսզի հնարաւորութիւն ունենայ պարզելու իւր տեսակէտները կեանքի յարուցած զանազան հարցերի մասին ընդարձակ աուդիտորիայի առաջ ի դէմս հայ ժողովրդի» (3), ՀԺԿ-ն հիմնեց իր պարբերականը:

«Կուսակցութեան օրգան» բառը,-բացատրում էին հոդվածի հեղինակները,- ցույց է տալիս, որ «Ժողովուրդը» որոշ գաղափարական ներհակություններ կունենա այլ կուսակցությունների օրգանների հետ եւ իրենց պարտքն էին համարում հայտարարել, որ իրենց թերթը «երբէք չպիտի իջնի գաղափարական հակառակորդի բարձրությունից մինչեւ անձնական, թշնամական, ւիրաւորիչ գռեհիկություն» (4):

«Ժողովուրդն» ուներ որոշակի կառուցվածք եւ կայուն խորագրեր: Առաջին էջում տպագրվում էին թերթի հիմնական ասելիքը բովանդակող խմբագրականներն ու կարեւորագույն հրապարակումները: Սկզբնական շրջանում թերթի առաջին էջում գովազդ եւ այլ բնույթի հայտարարություններ չկային, սակայն հետագայում ֆինանսական մշտական անբավարարությունից նեղվելով խմբագրակազմն աստիճանաբար զգալի տեղ էր հատկացնում դրանց: Առաջին մի քանի համարներից հետո, թերթի առաջին էջն ամբողջությամբ ողողված էր երկլեզու հայտարարություններով ու գովազդային զանազան առաջարկներով: «Մամուլ» խորագրի ներքո տպագրվում էին ինչպես հայրենական, այնպես էլ հարեւան երկրներում եւ Եվրոպայում լույս տեսնող լրագրերի, հատկապես հայ ժողովրդին ու Հայաստանի հանրապետությանը վերաբերող նյութեր կամ դրանց արձագանքներ: «Պատերազմ» խորագիրը պարբերաբար տեղեկատվություն էր ներկայացնում տարբեր ճակատներում տիրող իրավիճակից, հատկապես լուրեր տարածաշրջանում ընթացող պատերազմական իրադարձություններից: «Ներքին լուրեր» բաժնում տեղ էին գտնում հրապարակումներ, որոնցում ներկայացվում էր ՀՀ-ում տիրող վիճակը, մասնավորապես մոլեգնող սովն ու համաճարակները, իշխանությունների հաճախ հանդիպող անգործությունն ստեղծված իրավիճակը շտկելու համար, որոշ զինվորականների ու խմբապետների կամայականությունները եւ այլն:

Մշտական ու կարեւոր խորագրերից էր «Հայաստանի խորհրդարանը»: Այստեղ լուսաբանվում էին խորհրդարանի բոլոր նիստերը: «Քաղաքական կյանք» խորագրի ներքո տեղ գտած նյութերում ներկայացվում էին ՀԺԿ-ի պատմությանը, այլ կուսակցությունների եւ կազմակերպությունների հետ նրա առնչությունները: Մինչեւ կոալիցիոն կառավարության կազմվելը եւ հատկապես դրա քայքայումից հետո շատ են կառավարող ՀՅԴ կուսակցության ու կառավարության գործունեությունը քննադատող հրապարակումները:

«Արտաքին աշխարհ»-ում տեղ էին գտնում միջազգային իրադարձությունների, քաղաքական, դիվանագիտական եւ այլ ասպարեզների մասին հրապարակումներ: Ավելի հաճախ տպագրվում էին հարեւան Վրաստանում, Ադրբեջանում եւ Հյուսիսային Կովկասում հայերի ու այստեղ գտնվող հայ գաղթականների մասին նյութերը: Թերթի առաջին եւ վերջին էջերում գրեթե միշտ առկա էին մարդկանց մահվան մասին ծանուցումներ եւ ցավակցություններ այդ առիթով: Զգալի թիվ էին կազմում նաեւ նշանավոր գործիչներին, մտավորականներին այս կամ այն առիթներով նվիրված ծավալուն մահախոսականները: Եվ վերջապես թերթի էջերում հաճախակի տեղ են գտել նաեւ գեղարվեստական փոքրածավալ գործեր, առանձնապես շատ են ֆելիետոնները:

Թերթի լույսընծայումից անմիջապես հետո խմբագրությունն զգալի թվով նամակներ ստացավ, որոնց հեղինակները ողջունում էին թերթի ծնունդը, հղում ջերմ բարեմաղթանքներ: Նոր Բայազետից Ե.Ւ.-ն գրում էր, որ Հայ ժողովրդական կուսակցության անդրանիկ օրգանն ավելի հարմար անուն դժվար թե կրեր, քան «ժողովուրդը», քանի որ այդ վերտառությունը բնորոշում է թերթի բովանդակությունը, ուղղությունը եւ կատարելիք դերը հայ ժողովրդի զարգացման գործում. ««Ժողովուրդը» պէտք է լինի ժողովրդի համար եւ ժողովրդի մէջ, բերան հանդիսանայ հայ ժողովրդեան ցանկութեան, ըղձերի եւ յոյզերի» (5):

Նամակագրի կարծիքով թերթի ծնունդը ժամանակին էր, որպեսզի հայ ժողովրդին զգացնել տա անցյալում թույլ տված սխալները եւ դրանց հետեւանքները, որոնցից «խրատուելով» զգուշանան եւ չկրկնեն դրանք, քանի որ դրանք ճակատագրական նշանակություն են ունեցել հայ ազգի համար: Եվ քանի որ հայոց անկախ պետությունը դեռ ամրապնդված չէր եւ կանգնած էր անախորժ անակնկալների առջեւ, հայ ժողովուրդը պետք է հետեւեր այն ուղղությանն ու քաղաքական դավանանքին, որի արտահայտիչն է «Ժողովուրդ» թերթը, այն ըղձալի ապագային, որի մասին հայ ժողովուրդը երազում էր շարունակ:

«Մշակին» դերն է շարունակելու կատարել «Ժողովուրդը»,-գրում է մեկ այլ նամակագիր,-ուստի ստանձնելով այդ «դժուարին, պատասխանատու, շինարարական եւ կուլտուրական աշխատանքը», թերթի ղեկավարները պետք է իմանան, որ կանգնելու են խոչընդոտների եւ դժվարությունների հանդեպ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի համբերություն, կորով ու եռանդ: Եվ այդ ծանր աշխատանքի համար նրանց վարձատրությունը կլինի այն, որ հայ ժողովուրդը «վերջի վերջոյ կը գիտակցի իր լաւն ու վատը, օգտակարն ու վնասակարը, հեռաւորն ու մօտական, մի խօսքով կգայ ինքնաճանաչութեան եւ ըստ այնմ կտանի իր գործերը» (6):

Թերթի խմբագիրներից Ե. Հարությունյանը բնականաբար խիստ կարեւորելով «Հայոց պետականության վերածնության նշանակությունը», նշում էր, որ թեեւ Հայկական Հանրապետության ծնունդը տեղի «ունեցաւ աննօրմալ պայմաններում, թէեւ հայութեան արդի քաղաքական դրությունը վերին աստիճանի անմխիթար է, այնու ամենայնիվ հայ պետութեան վերածնութիւնը ունի եւ իր խոշոր դրական կողմերը» (7): Ամենակարեւորն այն էր, որ օտարի լծից ազատվելու եւ սեփական բախտը տնօրինելու հայ ժողովրդի դարավոր ձգտումը վերջապես իրականացել էր:

Բաթումի Հայ-Թուրքական դաշնագիրը, որով երկարդարյա ընդմիջումից հետո հայ ժողովուրդն ու նրա Հայկական Հանրապետությունը դառնում էին միջազգային իրավունքի սուբյեկտ, ունեցավ խոշոր քաղաքական-իրավական նշանակություն: Դրա գործնական նշանակությունն այն էր, որ հայ ժողովուրդն այլեւս «պէտք չի ունենայ երրորդ անձնաւորությունների միջոցով գործելու, քանի որ նրա քաղաքական ներկայացուցիչները կարող են հադէս գալ միջազգային նոյն իսկ ամենաբարձր ատեաններումՙ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար» (8):

Հայոց պետականության վերականգնումն ունեցավ մեկ այլ դրական կողմ եւս: Հայտնի է, որ XIX դարի վերջին քառորդի եւ XX դարի առաջին տասնամյակների հայ ժողովրդի քաղաքական պայքարն ընթանում էր պատմական Հայաստանի սահմաններից դուրս (Կ.Պոլսում, Թիֆլիսում եվրոպաներում եւ այլուր), այդ պատճառով էլ ունեցավ աղետաբեր հետեւանքներ: Իրականում այն քաղաքականությունը կարող է համարվել ազգային շահերի տեսակետից նպատակահարմար, որը ծավալվում է տվյալ ժողովրդի ծոցում, իսկ Հայաստանը նշված ժամանակում չուներ իր ընդհանուր մեկ կենտրոնը: Թերթի կարծիքով Հայաստանի Հանրապետության ծնունդով ստեղծվեցին այդ պայմանները, իսկ Երեւան մայրաքաղաքն «ունի ամէն տուեալներ` դառնալու այդպիսի մի կենտրոն, եւ այստեղ է որ այսուհետեւ Հայ քաղաքականությունը պիտի ձեւակերպություն ստանայ» (9):

Բոլոր նրանք Ե. Հարությունյանի կարծիքով, ովքեր կողմնակից են անհատի բազմակողմանի ազատությանն ու բարգավաճմանը, պետք է ողջունեն Հայաստանի պետականության վերածնունդը: Ավելին, յուրաքանյուր հայ պետք է ամեն ինչ անի այդ քաղաքական նվաճումը պահպանելու համար, պետականության գաղափարը բոլորի համար պետք է ավելի բարձր դասվի, քան Հայաստանի առանձին մասերի կամ դասակարգերի շահերը:

Համաշխարհային պատերազմի ուժգին հարվածների եւ ներքին հեղափոխության հետեւանքով Ռուսական կայսրության փլուզման դառնության ամենամեծ բաժակը վիճակված էր նրա մի մասնիկ Անդրկովկասին եւ «մանաւանդ պատմականօրէն բախտի խորթ զաւակ, յաւիտենական մարտիրոս հայ ժողովրդին»,- գրում էր Լ.Մարկոսյանը «Արեւածագը» հոդվածում: Մարդաջնջման այդ ահռելի սպանդանոցում հայությունը տվեց ամենաշատ զոհերը եւ «դեռ կանգնած է օրհասական ճգնաժամի, լինել թէ չլինելու մեծ պրօպլէմի դիմաց...»: Կոտորած, անտուն ու սոված գաղթականներ եւ վտանգված գոյությունը մի կողմից եւ արտաքին ուժերի խեղդող օղակը մյուս կողմից սպառնում էին բնաջնջել մնացած հայությանը: Խելակորույս ժողովուրդը հուսահատ էր եւ ապրում էր անորոշ ապագայով: Սակայն համընդհանուր այդ վհատման խավարում թերթի ասելով լույսի նշույլներ էին առկայծում: Զինադադարը, Օսմանյան կառավարության հետ հաշտությունը եւ դաշնակիցների նկատվող բարեհաճությունը հայերի առջեւ արագ ու եռանդուն գործունեության նոր հորիզոններ էին բացում:

Թերթն ուրախությամբ տեղեկացնում էր, որ օգոստոսի 1-ին հատկապես դրա համար պատրաստված քաղաքային ակումբի դահլիճում բացվել է Հայաստանի հանրապետության խորհրդարանի առաջին նիստը: Պատգամավորները նստած էին երեք շարքով. «աջակողմը Հայ Ժողովրդական կուսակցութիւնը (6), թյուրքերի 6 ներկայացուցիչները, 1 ռուս եւ 1 եզիդի: Կենդրոնը բռնել էին դաշնակցականները (18) եւ անկուսակցականները (2), իսկ ձախակողմը սոց. դեմոկրատները (6) եւ սոց. յեղափոխականները (6)» (10): Բացմանը ներկա են եղել Գերմանիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Պարսկաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Հրավիրւած է եղել նաեւ կաթողիկոսը, որ սակայն անակնկալ պատճառով չէր կարողացել մասնակցել:

Խորհրդարանի առաջին նախագահ է ընտրվում Ավետիս Սահակյանը, նախագահության անդամներ` Գրիգոր Տէր-Խաչատրյանը (ՀԺԿ) եւ Դավիթ Զուրյանը (էսեռ), ավագ քարտուղար` Պետրոս Զաքարյանը (անկուսակցական): Շենքի վրա էլ բարձրացվում է հայկական եռագույնը (կարմիր, կապույտ եւ նարնջագույն), որը ցնծություն է առաջացնում հավաքված բազմության մեջ: Նիստը փակվելուց հետո էլ կատարվում է զորահանդես, որն ընդունում են վարչապետ Հ. Քաջազնունին, զինվորական կորպուսի հրամանատար գեներալ Ավետիս Նազարբեկյանը եւ զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյանը:

Երկրորդ նիստի ընթացքում ընթերցվեց կառավարության «դեկլարացիան»: Որոշ բանավեճերից հետո ընդունվում է ՀԺԿ-ի առաջարկած «դեկլարացիային» հավանություն տալու բանաձեւը: «Ժողովուրդը» ներկայացնում էր նաեւ ՀԺԿ ծրագիրը, որն ընդունվել էր կուսակցության 1917 թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած առաջին համագումարում:

Թերթը տեղեկացնում է նաեւ, որ ՀԺԿ կենտրոնական խորհուրդը օգոստոսի 18-ին հրավիրում է համաժողով, որտեղ վերաքննվելու էր կուսակցության ծրագիրը: Բայց քանի որ Ռուսաստանից, Հյուսիսային Կովկասից եւ այլ վայրերից ընտրված պատգամավորները չեն կարող ժամանել Թիֆլիս, տեղի կունենա խորհրդակցական համաժողով:

ՀԺԿ-ն շատ երիտասարդ կուսակցություն էր, սակայն օրեցօր նրա գոյությունն ավելի կարեւոր էր դառնում երկրում: Դրանից ելնելով էլ նա ավելի շրջահայաց լրջությամբ էր կշռադատում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ անում էր քայլեր, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին հայության շահերին:

Կարեւորելով կուսակցության գործունեությունն ու դրա տեսլականներն ապագայի հարցում, «Թիֆլիսի համաժողովը» հրապարակման մեջ թերթը տեղեկացնում էր օգոստոսի 18-ին Թիֆլիսում սկսված ՀԺԿ համագումարի մասին: Սամսոն Հարությունյանի ողջույնի ճառից հետո մասնակիցները հոտնկայս հարգել են Հ.Առաքելեանի հիշատակը, ապա`ընտրել նախագահություն` Ս. Հարությունյան (նախագահ), Հ. Խոջայան եւ Ա. Բարխուդարյան, քարտուղարներ` Խ. Գանայան եւ Եր. Մինասյան, լսել կենտկոմի զեկուցումները կուսակցության գործունեության, Վրաստանի հայոց Ազգային Խորհրդի, կուսակցական ֆինանսական նախահաշվի մասին, քննարկել եւ ընդունել կուսակցության նոր ծրագիրը (11):

Ամփոփելով նշենք, որ «Ժողովուրդն» առաջնորվում էր Գրիգոր Արծրունու «Ամէն բան ժողովրդի համար, ամէն բան ժողովրդի միջոցով» նշանաբանով, որը մշտապես կրկնեց «Մշակը» եւ հետագայում օգտագործեց Քալանթարը, դարձավ միավորող շղթա, որը մոտեցրեց հայ աշխատավորին ու մտավորականին, գյուղացուն եւ վաճառականին, իր մեծ նպաստը բերելով Հայաստանի Հանրապետության զարգացմանը:

1. Թերթի խմբագրատան հասցեն էր` Երեւան, բուլվարի դեմ, Մանր վարկի ընկերության կից, իսկ տպագրվում էր` Բեհբության թող. 12 հասցեում գտնվող «Լոյս» տպարանում:

2. Տե՛ս «Ժողովուրդ», թիվ 1, 14 օգոստոսի 1918:

3. Տե՛ս նույն տեղում:

4. Տե՛ս նույն տեղում:

5. Տե՛ս «Ժողովուրդ», թիվ 4, 25 օգոստոսի 1918:

6. Տե՛ս «Ժողովուրդ», թիվ 4, 25 օգոստոսի 1918:

7. Տե՛ս «Ժողովուրդ», թիվ 1, 14 օգոստոսի 1918:

8. Տե՛ս նույն տեղում:

9. Տե՛ս նույն տեղում:

10. Տե՛ս նույն տեղում:

11. Տե՛ս «Ժողովուրդ», թիվ 5, 29 օգոստոսի 1918:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ